Ինդիանա
Արտաքին տեսք
«Ինդիանա» (ֆր.՝ Indiana), ֆրանսիացի գրող Ժորժ Սանդի առաջին վեպը, որը լույս է տեսել 1832 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1990 թվականին։ Թարգմանիչ՝ Վ․ Նալբանդյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սովորականի պես. դա պատասխան չէ կամ, ավելի ճիշտ, կանացի խուսափողական պատասխան է, որը ոչինչ չի ասում. ոչ այո, ոչ էլ ոչ, ոչ լավ, ոչ վատ։
- Կան այնպիսի զգացմունքներ` հզոր և ահարկու, որոնք արհեստական միջոցների չեն ենթարկվում։
- Բնույթով բոլոր կանայք ստախոս են և խորամանկ։
- -Քո սերը վաստակելու համար պետք է աստվածացնեմ քեզ։
- Մարդ վարժվում է սարսափելի մտքերի հետ. բավական է մեկ անգամ ընդունել՝ և դրանք նույնիսկ հաճելի են դառնում։
- Ուժեղ բնավորության տեր, միաժամանակ զգացմունքային մարդիկ վճռական պահերին իրենց առողջ են զգում և հրաշքներ գործում, իսկ թուլակամ և անտարբեր անձնավորությունները անկարող են գերբնական ուժ ստանալ։
- Ոչ մի բան այնքան չի ամրապնդում եսասիրությունը, որքան՝ տրամաբանությունը։
- Սրտից բխող սիրո մեջ ավելի հանկարծակի առաջացած հզորություն կա, քան վաղանցիկ ցանկասիրության պոռթկումի մեջ…
- Զգայուն հոգում ծնված առաջին սերը միշտ մաքուր ու փխրուն է լինում։
- Փառասիրություն բառը չեմ կապում ոչ նյութականի, ոչ էլ փառամոլության հետ։
- Թույլ մարդիկ միշտ վախով ու նախազգուշացումներով են ապրում։
- Եսասիրությունը մեզ մղում է մարդկանց լավություն անել, որպեսզի թույլ չտանք՝ նրանք մեզ վատություն անեն։ Բոլորին հայտնի է՝ ես եսասեր եմ։ Վարժվել եմ այդ բառին, այլևս չեմ ամաչում, ուսումնասիրել եմ ամեն տեսակի առաքինություն և հանգել եմ այն եզրակացության, որ ամեն ինչի հիմքում ընկած է անձնական շահը։ Սերն ու բարեպաշտությունը, որոնք արտաքուստ վեհ զգացմունքներ են, գուցե ամենից շատ են հիմնված շահի վրա, հայրենասիրությունը նրանցից հետ չի մնում, հավատացեք։
- Կարևոր չէ, թե ինչու են մեզ սիրում, այլ` ինչպես են սիրում։ Երջանիկ է այն մարդը, որին սիրում են, ինչ պատճառով էլ լինի։
- Չեմ ուզում ձեր կյանքում խղճի խայթ առաջացնել, ստիպելով ձեզ մտածել, թե կործանել եք իմ կյանքը։ Երջանիկ եղեք և անվրդով, մոռացեք ինձ, ես դեռ ապրում եմ և գուցե երկար կապրեմ… Իրականում դուք մեղավոր չեք, այդ ե՛ս անմիտ վարվեցի։ Դուք սիրտ ունեք, պարզապես այն փակ էր ինձ համար։ Դուք ոչինչ չպարտադրեցիք, ես խաբվեցի։ Ոչ երդմնազանց եղաք, ոչ անզգա գտնվեցիք, պարզապես ինձ չէիք սիրում։
- Հասարակությունը դատապարտում է միայն իրեն վնասող արարքները` անձնական կյանքը նրա իրավասությունից դուրս է։
- Եթե դուք ինձ ատում եք, նշանակում է մեղավոր եմ, եթե սիրում եք, ուրեմն մեղք չունեմ և բնավ մեղավոր չեմ եղել։
- Սիրո վերաբերյալ երդումները պատվի հետ ոչ մի առնչություն չունեն, դարձյալ ի բարեբախտություն մեր հասարակության։
- Բարձրագույն սիրո զառանցանքին ենթարկված կինը ավելի զգայացունց է դառնում, ավելի համոզիչ, քան նա, որին կրթությունը սովորեցրել է ինքնատիրապետում և զսպվածություն…
- Երբ երեխա էի ավելի շատ բնազդով էի սիրում նրան, քան սրտով, իսկ նա հասուն մարդ դառնալուց հետո ավելի քիչ սրտով է սիրում, քան բնազդով։ Ես անհրաժեշտություն եմ դարձել նրա համար, որովհետև համարյա միայն ես եմ սիրում նրան։
- Տղամարդիկ, հատկապես սիրեկանները, միամիտ մի ցանկություն ունեն. պաշտպան կանգնել թույլ կանանց և ոչ թե հիանալ նրանց քաջությամբ։
- Հազարավոր նուրբ ու ազնիվ զգացմունքներ միախառնվում են սիրուն և ուժ ներարկում սրտին։
- Քեզնից ոչինչ չեմ պահանջի… Իսկ դո՞ւ, դաժան արարած, ոչինչ չե՞ս ուզում շնորհել ինձ։ Ինքդ քեզնի՞ց ես վախենում։
- Կանայք ստեղծված են հնազանդվելու և ոչ խորհուրդներ տալու համար։
- Կնոջ թերությունները արժանիքների հետևանքով են առաջացել, իսկ ամուսնու արժանիքները` թերության։
- Դուք կարող եք կապկպել իմ մարմինը, ձեռնակապեր հագցնել, իշխել իմ գործողությունների վրա։ Ուժի իրավունքը ձեր կողմն է, և հասարակությունը ձեզ թույլ է տալիս այդ անել։ Բայց իմ կամքի վրա չեք կարող բռնանալ։ Միայն աստված կարող է այն ընկճել կամ բարձրացնել։ Ուրեմն, փնտրեք մի օրենք, մի բանտախուց, տանջանքի մի գործիք, որ կարողանա տիրել իմ հոգուն։ Դա նման է այն բանին, որ ցանկանաք օդը շոշափել կամ դատարկ տարածությունը բռնել։ Կարող եք լռություն պարտադրել, բայց ստիպել չմտածել՝ չեք կարող։
- Յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ զգալու համար հասարակական կյանքում և անձնական կյանքում անհրաժեշտաբար պետք է հաջողություն ունենա, բարձրաշխարհիկ կյանքում պետք է հաղթանակներ ձեռք բերի և ընտանիքի գրկում հաճույք վայելի։
- Տարօրինակ արդարություն է, երբ պահանջում են թաքցնել մեկի հանցանքը, այնինչ վերջինս իրեն իրավունք է վերապահում անխղճաբար ոտնահարել մյուսի պատիվը։
- Նայեցեք ձեզ շրջապատող մարդկանց և կտեսնեք, որ շատ-շատերը իրավամբ նախանձում են ձեզ։
- Երբեմն խիստ օգտակար է կանանց վրա ուժ բանեցնել։
- Միակողմանի սերը տարբերվում է փոխադարձ սիրուց այնպես, ինչպես սխալը ճշմարտությունից։ Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել։
- Կնոջը վտանգ չի սպառնա այնքան ժամանակ, որքան հնարավորություն ունի անպատվություն ընդունելուց առաջ ինքնասպանություն գործել։
- Աստված, որին պաշտում ենք, մարդուն տառապանքի ենթարկելով, հնարավորություն է տվել միաժամանակ բնազդով ազատվել դրանից։ Կենդանական աշխարհի հետ համեմատած, մարդու առավելությունն այն է, որ կարող է բուժել իր ցավերը։ Այդ միջոցը ինքնասպանությունն է։
- Սիրո մեջ միշտ առկա է եսասիրությունը, քանի որ իմ սիրո մեջ էլ ի հայտ եկավ։
- Հիշողություններ կան, որ պատմելու ժամանակ գեղեցկությունը խամրում է։
- Եթե կան ցավեր, որ երբեք չեն մատնում իրենց և պատանքի նման պարուրում են հոգին, կան նաև ուրախություններ, որոնք մարդու սրտի մեջ են պարփակվում, որովհետև երկրային ոչ մի ձայն չի կարող դրանք արտաբերել։
- Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա։
- Հասարակությունը երբեմն սիրում է անտեսվել, բայց միաժամանակ չի հիանում նրանցով, ովքեր զարտուղի ճանապարհներ են ընտրում։ Մեր ժամանակներում հասարակության կարծիքը մտրակի հարվածներով պետք է ղեկավարել։
- Սերը նույնպիսի դաշինք է, ինչպիսին ամուսնությունը։
- Հասարակությունը միայն մանր և ընդհանուր բնույթի արատներն է դատապարտում, իսկ հազվագյուտ համարձակ քայլից զարմանում է, բացառիկ դժբախտությունից զինաթափ է լինում։
- Եթե հանկարծ մեկնումեկիս աչքերին արտասուք է երևում, պատճառն այն է, որ մեծ երջանկության մեջ էլ են դրանք երևան գալիս, մեծ վշտի մեջ արցունքներ չկան։
- Մեր երջանկությունը մեր առաքինության արգասիքն է, իսկ մարդկանց համար դա մեր գլխավոր հանցանքն է։
- Մենակությունը լավ բան է, իսկ մարդկանցից հեռու գտնվելու համար չպետք է ափսոսալ։
- Այն մարդիկ, ովքեր զգայունակությունից զուրկ են, երբեմն ընդունակ են որոշ առիթների դեպքում ավելի խոր և ավելի անկեղծորեն զգալ։
- Կյանքը կառուցված է սառը հաշիվների վրա, իսկ երջանկությունը միամիտ պատրանք է, որից հարկավոր է պաշտպանվել, ինչպես զավեշտական թուլությունից։
- Ինքնասպանության գաղափարը նրա մոտ մի տեսակ գայթակղիչ հմայք էր ձեռք բերել և միայն մեկ միտք՝ հանցավոր լինելու միտքն էր կանխում նրա վերջնական մտադրությունն իրագործելուն։
- Ասում են, առանց մարդկային հարգանքի երջանկություն լինել չի կարող, ովքեր հավատում են դրան, պետք է հավատան նաև հասարակական կարծիքին։ Իսկ ես անկեղծորեն խղճում եմ այն կարգի երջանկությունը, որ նրա կամավոր շնչի տակ բարձրանում կամ իջնում է։
- Հասարակությունը ոչինչ չպետք է պահանջի այն մարդուց, որից ինքը ոչ մի սպասելիք չունի։
- Կամքի կամ մեծ ուժ է հարկավոր՝ հասարակությունից կապերը խզելու համար, շատ վշտեր պետք է կրել՝ այդ կամքի ուժը ձեռք բերելու համար։
- Երջանկությունը մեզնից է կախված, այն միշտ մեր կողքին է, հաճախ բավական է ձեռք մեկնել, ու այն քոնը կլինի։
- Այն ինչ հերոսություն է համարվում մեկի կողմից, ամբարտավանություն է մյուսի համար։
- Օ՜, խորամանկություն, որ ի ծնե բույն ես դրել կանանց հոգում…
- Սովորաբար կնոջ արցունքի մեջ ավելի շատ հանդիմանություն կա, քան այլոց հայհոյանքներում։
- Այն տղամարդը, որ իր զգացմունքները փոքրիշատե վատնել է, ավելի շատ աճապարում է դուր գալ, քան սիրել։
- Բառերն ավելի մեծ ներգործություն ունեն, քան բուն գործը։
- Այդպիսին է մարդ արարածը. միշտ ձգտում է ձեռք բերել այն, ինչ չունի․․․
- Նա երբեք չէր սիրահարվել. իսկ սիրտը վաղուց էր հասունացել սիրո համար, բայց ոչ մի տղամարդու չէր հաջողվել այդ զգացմունքը ներշնչել նրան…
- Ինքնասիրությունը երևան է գալիս սիրո առկայությամբ, ինչպես անձնական շահագրգռվածությունը՝ բարեկամությամբ։
- Հնարավոր է խելացի մարդ լինել և գնահատել աշխարհիկ կյանքը, ինչպես նաև հնարավոր է լինել հիմար և արհամարհել այն։
- Տղամարդիկ, հատկապես սիրեկանները, միամիտ մի ցանկություն ունեն, պաշտպան կանգնել թույլ կանանց և ոչ թե հիանալ նրանց քաջությամբ։
- Հաճախ այնպես է պատահում, որ ցանկանում ես լավ գործ կատարել, բայց հակառակն է ստացվում։
- Սիրիր ինձ, և ես անխոցելի կլինեմ…
- Անհանգստությունը դատողություն չի ընդունում, իսկ սերը հղի է վտանգավոր սարսափներով։
- Մարդ անկարող է իր նմանից հեռու մնալ։
- Կան աններելի սխալներ և չմոռացվող դժբախտություններ։
- Դժբախտները կարող են հաջողությամբ մարդատյաց դառնալ, բայց նրանք, ովքեր սիրված են՝ հազվադեպ են ապերախտ լինում…
- Սիրահարվածները միշտ խանդոտ են լինում։
- Եթե մարդ իր սիրեցյալի ներկայությամբ ձանձրանում է, նշանակում է կորցրել է հետաքրքրությունը ու նշանակությունը։
- Հուզումնախառը պահերին անհնար է կատարյալ պայծառ ուղեղով տրամաբանել և արտահայտել մտքերը հանգիստ ու մտածված։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 304.
Աղբյուրներ
[խմբագրել]- Ժորժ Սանդ «Ինդիանա»։ grqamol.am (դեկտեմբերի 19, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։