Ասկանիո
Արտաքին տեսք
«Ասկանիո» (ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio), ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումա հոր պատմավեպը, որտեղ նկարագրված է իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը։ Վեպը լույս է տեսել 1843, իսկ հայերեն թարգմանվել՝ 1980 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Հայրապետյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սիրահարը սիրունատես աղջկա ստվերն է։
- Պահակություն անելիս ժամանակն անցկացնելու լավագույն միջոցներից մեկն ինքն իրեն խոսելն է։
- Հասկանալի է, թե երազանքի պահին սիրահարվածի երևակայությունն ուր կարող է տանել։
- 1540-ական թվականներին մարդիկ չէին վախենում մահից և իրենք էլ սպանում էին սառնասրտորեն. նրանք հանդգնության աստիճանի խիզախ էին, առատաձեռն, ամենայն անհոգությամբ կորցնում էին կյանքը, վաճառում, նվիրում և խլում։
- Ինչպիսի սոսկալի տառապանքներ, ինչպիսի տանջալից տագնապ է ապրում մարդը, երբ որոշվում է նրա ճակատագիրը։ Ամենասովորական բաներն այդ ժամին դառնում են կարևոր իրադարձություններ, ուրախացնում են նրան, կամ էլ՝ հուսահատեցնում…
- -Պարզապես զարմանալի է՝ ինչ արագ է անցնում ժամանակը, – մրմնջաց պատանին։- Իսկ եթե ժամանակն այսքան արագ է անցնում, երբ սպասում ես նրան, ապա ինչպե՜ս է թռչում այն, երբ նրա կողքին ես։ Օ՜հ, երբ նրա կողքին ես, ժամանակ գոյություն չունի. չ՞է որ դրախտ ես ընկնում։ Եթե ես նրա կողքին լինեի, անընդհատ կզմայլվեի նրա գեղեցկությամբ, և այդպես կանցնեին ժամեր, օրեր, ամիսներ, ամբողջ կյանքը։ Օ՜հ տեր Աստված, ի՜նչ երանելի կյանք կլիներ։
- Երբ ինձ մերժում են, ես պահանջում եմ. երբ դիմադրում են՝ հաղթում։
- – Օ՜, դուք խանդոտ եք, Բենվենուտո։
- – Ինչ արած, սըր, չեմ սիրում, երբ սեփականությունս յուրացնելու փորձ են անում։
- Ոչ մի բան այնպես չի հաշտեցնում վտանգի հետ, որքան ժամանակը կամ տարածությունը, որը մեզ բաժանում է այդ վտանգից։ Մտորումները մեծ օգնական են քաջակորով, կամ՝ մեծապես օժտված մարդկանց համար։ Այդպիսի մարդկանց թվին էր պատկանում և Ասկանիոն։ Այն ժամանակ նոր կյանք մտած պատանիների շրջանում դեռ մոդա չէր հուսախաբություն խաղալը… Անկեղծ էին բոլոր զգացմունքները, անկեղծ էր և դրանց արտահայտությունը. ուրախանալիս մարդիկ ծիծաղում էին, վշտանալիս՝ լաց լինում։ Շինծու համարյա ոչինչ չկար ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի մեջ, և այն ժամանակ քսանամյա գեղեցիկ երիտասարդն ամենևին ստորացած չէր համարում իրեն, խոստովանելով, որ երջանիկ է։
- Սիրահարված մարդու համար վեց օր սպասելը, ինչպես հայտնի է, հավասարազոր է վեց դարի։
- Սիրահարվածներն այնքան տարօրինակ են…
- Երկու սիրահարները միաժամանակ բարձրացրին գլուխներն ու նայեցին իրար։ Բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, պատանուն թվաց, թե հիմա կմեռնի, թեև աղջկա հայացքն անսահման քնքշություն էր արտահայտում։ Անաղարտ ու պատանի էակներն, ասես երկնքում նախապես միացած, արդեն զգում էին, որ պատկանում են միմյանց և առաջին հանդիպումից սարսափած, տագնապահար սարսռում էին, չկարողանալով անգամ մի բառ արտասանել…
- Պատանին հանդիպեց իր սիրելիին անսպասելիորեն, և բոլոր նախապես մտածված արտահայտությունները, բոցաշունչ պատկերավոր բառերը, որոնք պետք է շարժեին աղջկա սիրտն ու ապշեցնեին նրան, ջնջվեցին հիշողությունից՝ չմնաց ոչ նախադասություն, ոչ բառ, ոչ վանկ․․․
- Բարեկամի խորհուրդը միշտ օգտակար է։
- Հեռանալիս Ասկանիոն սիրած աղջկա վրա մի հայացք նետեց այն տևական հայացքներից մեկը, որոնց մեջ ամեն սիրահար կարողանում է շատ բան ներդնել. դրանք անհասկանալի են անիրազեկ մարդկանց, բայց լի են խորին իմաստով նրանց համար, ում ուղղված են։ Եվ աղջիկը, անշուշտ, հասկացավ այդ խոսուն հայացքի իմաստը, որովհետև, երբ աչքերն ակամա հանդիպեցին երիտասարդի աչքերին, հանկարծ շիկնեց, և այդ զգալով, գլուխը խոնարհեց, ձևանալով, թե զննում է ասեղնակարը և սկսեց անգթորեն ծակոտել ոչ մի մեղք չունեցող ծաղիկը… իսկ Ասկանիոյի հեռանալուց հետո աղջիկը հետ գցեց գլուխն ու խոր հառաչեց. ի դեպ, նրա հառաչանքի մեջ (այդպիսին է սրտի անբացատրելի գաղտնիքը) միախառնվել էր և՛ ափսոսանք, որ Ասկանիոն գնում է, և՛ թեթևության զգացում, որ նա արդեն չկա։
- Զվարճալի կլիներ, եթե պատերն ականջներից բացի, որ վերագրում են նրանց, ունենային նաև աչքեր ու լեզու և բոլոր անցորդներին պատմեին այն ամենի մասին, ինչ տեսել են ու լսել։
- Նա ծածուկ երազում էր երջանկության մասին, ինչպես ատելությունը հույս է փայփայում՝ երազելով վրեժխնդրության մասին։
- Պատանին չէր կարողանում պատկերացնել, որ եկել է սիրած աղջկա մոտ, և թվում էր, թե քիչ առաջ իր սիրած աղջկան տեսել է երազում։ Նա չէր հավատում, որ այդ անաղարտ տեսիլքը, որի քաղցրահնչուն ձայնը դեռ արձագանքում էր ականջներում, իսկ եթերային կերպարանքը քիչ առաջ սահեց-անցավ աչքերի առջևից, իսկապես նա էր, որի մի հայացքի համար դեռ երեկ իր կյանքը կտար…
- Ճանապարհը կիսով չափ կարճ է թվում, երբ շատախոսում ես որևէ մեկի հետ։
- Կա մի հին առած, որն անդադար պետք է կրկնի դժբախտ մարդկությունը, քանզի նրա մեջ է պարփակված կյանքի ամբողջ իմաստությունը՝ մարդը ենթադրում է, իսկ Աստված կարգադրում․․․
- Կռվի մի բռնվեք թշնամու հետ, եթե նա ձեզնից ուժեղ է։
- Միմյանց համար ապրելու մեծագույն երջանկությունից հետո բարձրագույն երջանկությունը միասին մեռնելն է։
- Հանգստացող առյուծը մնում է առյուծ։
- Երբեմն, երբ մտովի սավառնում ես առօրյա խղճուկ հոգսերից հեռու, հանկարծ, ինչպես կայծակի փայլատակման պահին, տեսնում ես ամբողջ կյանքդ, գալիքն ու անցյալը, և քեզ համակում է հոգեկան վտանգավոր հուզում, ինչ-որ տարօրինակ խորթացում։ Եվ անհամար վշտից, որոնք դու նախազգում ես, սիրտդ ցնցվելով լցվում է անբացատրելի, մահացու տագնապով, ինչ-որ սոսկալի հոգնածությամբ։
- Թերևս բավական էր, որ պատանին և աղջիկը, որոնք այդքան տառապանքներ էին կրել ու այդքան միայնակ էին, արտասանեին գեթ մի բառ, որպեսզի նրանց տխուր անցյալը միախառնվեր մի ընդհանուր ապագայի մեջ. Բայց աղջիկն այնքան մաքուր էր, իսկ պատանին այնքան էր աստվածացնում նրան, որ այդ բառը չարտասանեց։
- Չէ՞ որ բարեկամիդ լավ ես ընդունում, երբ մտածում ես թշնամուդ մասին։
- -Ի՞նչ է սովորական սերը։ Թեթև հափշտակություն, ուրախ միություն, որի մեջ տղան և աղջիկը խաբվում են և հաճախ՝ անկեղծորեն։ Եվ ողբերգություն դառնա, թե կատակերգություն, մեկ է. անցնում է ժամանակը, և մտաբերում ես այն, ինչպես մի թատերական ներկայացում։
- Երբ նա ասում է. «Ես ձեզ սիրում եմ», ասես մեղքերն է խոստովանում։ Եվ միայն տեսնեք, թե ինչքան ծիծաղելի տեսք է նա ունենում քնքուշ խոսքեր ասելիս։
- Երբ մանր գիշատիչների ոհմակը հարձակվում է մեծ գազանի վրա, բավական է, որ վերջինս մազերը փշաքաղի ու մռնչա՝ և գազանիկները կսարսռեն։
- Պարզապես անիմանալի է, թե մի վայրկյանում մարդ քանի անգամ է հուսահատությունից ուրախության անցնում։
- Եվ ի վերջո, հանդիպեցին սքանչելի անմեղ այդ արարածները, որոնք վաղուց ի վեր լուռ սիրում էին միմյանց և արդեն այնքան տառապանքներ էին պատճառել մեկ մեկու։ Իհարկե, հանդիպելով, նրանք պետք է որ անմիջապես մոռանային իրենց բաժանող տարածության մասին. չէ՞ որ երազանքներում նրանցից ամեն մեկը քայլ առ քայլ հաղթահարում էր այդ տարածությունը։ Հիմա արդեն նրանք կարող էին բացատրվել, առաջին իսկ խոսքից հասկանալ միմյանց և ուրախության պոռթկման մեջ արտահայտել իրենց զգացմունքները, որոնք, մինչև հիմա, տառապելով, զսպում էին։
- Բայց երկուսն էլ չափազանց երկչոտ էին ու, թեև հուզմունքը մատնում էր սիրահարների զգացմունքները, այնուամենայնիվ նրանց անարատ հոգիները չկարողացան միանգամից կրկին մերձենալ։
- Կոլոմբան շիկնեց և լուռ վեր թռավ տեղից։ Ասկանիոն հուզմունքից գունատվեց ու դողացող ձեռքը կրծքին սեղմելով, փորձում էր զսպել սրտի տրոփյունը․․․
- -Դուք ինձ առաջվա նման կսիրե՞ք։ Պատասխանի փոխարեն Չելլինին համբուրեց նրա ճակատը, իսկ դա ամենապերճախոս պատասխանն է, քանզի ոչինչ չի նշանակում և նշանակում է ամեն ինչ։
- Ես սիրում եմ քեզ, մի՞թե դա հանցագործություն է, կամ մոլորություն։
- Ես չեմ ցանկանում, որ ինձնով հիանան, ես ուզում եմ, որ ինձ սիրեն։
- Չէ՞ որ դուք՝ բոլոր տղամարդիկ, սիրուց գնում եք դեպի փառք և վաղ թե ուշ փառամոլ եք դառնում։
- Սիրահարների բերկրանքն անհնար է նկարագրել, անհնար է վերապատմել։ Այն կարող է հասկանալ միայն նա, ով ապրել է այդ զգացումը։ Անհնար է նկարագրել այդ անարատ ու սքանչելի պատանի էակների բառերը, հայացքները, ձեռքերի սեղմումը։ Նրանց անբիծ հոգիները միախառնվում էին, ինչպես երկու վճիտ աղբյուր, չփոխելով ոչ իրենց հատկությունները, ոչ գույնը։ Ոչ մի անհամեստ դիտավորությամբ Ասկանիոն չմթագնեց իր սիրած աղջկա պայծառ ճակատը։ Կոլոմբան վստահորեն կռթնեց փեսացուի ուսին։ Եվ եթե անհամ Մարիամ Աստվածածինը վերևից նայելու լիներ նրանց, երես չէր թեքի։
- Երբ սիրում ես, շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրած էակի հետ, պատմել կյանքիդ մասին, ներկայի, անցյալի, ապագայի մասին։ Եվ ահա, երբ Ասկանիոն ու Կոլոմբան վերագտան խոսելու ընդունակությունները, պատմեցին միմյանց վերջին օրերի իրենց բոլոր վշտերը, բոլոր հույսերը։ Այդ սքանչելի էր։ Նրանց զգացմունքներն այնքան նման էին, ասես պատմում էին մեկը մյուսի մասին։ Երկուսն էլ տառապել էին, բայց հիմա ժպիտով էին մտաբերում իրենց տառապանքները…
- Եթե քո պատճառով ես անչափ շատ տանջվեմ, թերևս կսկսեմ ատել քեզ նույնքան ուժգնորեն, որքան հիմա սիրում եմ։
- – Անհնարին է ձեզ համար, պարոն Ջորջո, ձեզ համար է անհնարին, – հարեց արձանագործը։ Բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ բառն ինձ համար գոյություն չունի։ Ես սովոր եմ անել այն, ինչ հասարակ մահկանացուների համար անհնարին է և այն էլ՝ հաջողությամբ, սիրելի տանտեր։ Ես զվարճության համար մրցության մեջ չմտա՞ արդյոք բնության հետ, ոսկուց, զմրուխտներից և ադամանդներից ստեղծելով գեղեցկագույն ծաղիկներ՝ ծածկված ցողի մարգարտյա կաթիլներով։ Թե՞ դուք կարծում եք, որ նա, ով ստեղծում է ծաղիկներ, չի կարող թևեր պատրաստել։
- Պատանեկությանը հատուկ են կտրուկ անցումներ լիակատար հուսահատությունից անսահման վստահության։ Երկինքը նրանց աչքում կամ ծածկված է գորշ ամպերով, կամ ջինջ կապույտ է։
- -Ի՞նչ կարող ես տալ սիրածդ պատանուն։ Փա՞ռք, հարստությու՞ն, իշխանությու՞ն։
- -Ոչ, ես պարզապես կաշխատեմ երջանկացնել նրան…
- Մեր օրերում քազաքակրթությունը պատիվ է անում մարդուն՝ գնելով նրան։
- Աստված ստեղծել է հրեշտակներին ոչ թե նրանց միացնելու համար, այլ՝ վատ մարդկանց ավելի լավը դարձնելու։
- – Արտասովոր մարդիկ արտասովոր ձգտումներ ունեն։ Որքան բարձր է ճախրում երկնքում հզոր արծիվը, այնքան ավելի երկար պիտի հանգստանա երկրի վրա։
- Միայնությունն ու վիշտը զարգացրել էին նրա միտքը և վսեմացրել հոգին…
- Ավելի վսեմ, ավելի սքանչելի է անկումից հետո բարձրանալ անդունդից, քան անցնել անդունդի մոտով երջանկության փաթաթանն աչքերին ու չտեսնել այն։
- Մի՞թե դժբախտ կինը պետք է պատասխան տա իր անցյալի համար, երբ իրադարձությունները, հանգամանքները համարյա միշտ ուժեղ են նրանից…
- Եթե կինը գեթ մի անգամ «զիջել» է տղամարդուն, նա առաքինի ձևանալու իրավունք չունի, բայց եթե տղամարդը, որի ցանկության առաջ նա տեղի է տվել, օրինավոր մարդ է, և եթե կինն ասում է նրան, որ ինքնատիրապետումը կորցնելով ենթարկվել է րոպեական թուլության, ապա հասկացեք, տղամարդը պետք է չչարաշահի կնոջ սխալմունքը։
- Ես դաշնակիցներին միշտ համարել եմ ավելորդ բեռ և գերադասել եմ մենակ պայքարել։ Դա, իհարկե, ավելի վտանգավոր է, սակայն հաղթանակի պատիվը էլ ոչ մեկի հետ չես կիսում։
- Պատիժը ակնհայտ է դարձնում վիրավորանքը, իսկ վրեժը ծածկում է այն։
- Մոռանանք մեզ շրջապատող ահռելի աշխարհը, հիմա մեզ համար այնքան լավ է այս փոքրիկ այգում։
- Երբեք ուշ չէ լռելը, եթե գիտես, որ ստում ես։
- Կանայք այդպես են ստեղծված. նրանք և՛ ատում, և՛ սիրում են, իրենք էլ չիմանալով ինչու։
- Ես միամիտ եմ՝ կյանքը չճանաչող երեխայի նման, բայց երբ դուք համբուրեցիք ինձ, ես ուրախության թրթիռ զգացի ու հասկացա, որ իմ պարտքն է այսուհետև պատկանել միայն ձեզ։ Ձեր շուրթերը օրհնեցին մեր միությունը։ Այո, այսուհետև ես ձեր հարսնացուն եմ ու կինը։ Ես հավատում եմ միայն Աստծո ձայնին, որը հնչում է իմ հոգում ու ասում է ինձ՝ «այո»։ Ահա իմ ձեռքը, այն պատկանում է ձեզ…
- Սերը երկնային պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից։
- Ուրախության մեջ միշտ էլ կան վշտի սաղմեր։
- Բենվենուտո Չելլինին քաջակորով է, նա երկրի վրա վարվում է այնպես, ինչպես թերևս Աստված՝ երկնքում, և կարողանում է ի կատար ածել իր բոլոր ցանկությունները։ Նա սիրում է խոչընդոտներ, և կարող է խորտակել ուզածդ արգելքները։
- – Oculus habebat et non videbat- աչք ուներ և չէր տեսնում։
- «Ես քեզ սիրում եմ». այդ չորս բառի մեջ բովանդակվում է մարդկային սրտի ամբողջ լեզուն, և ամեն մի սիրտ պետք է գեթ որևէ մեկի հետ խոսի այդ լեզվով։
- – Եթե թույլատրեք, ես բարի խորհուրդ կտամ ձեզ պարոն Չելլինի։
- - Բարի խորհու՞րդ, գրողը տանի։ Ախր դա հազվադեպ բան է, պարոն քարտուղար։
- Մարդիկ հազվադեպ են մտածում այն ամենի պաշտպանության մասին, ինչ իրենց կարծիքով անհնարին է խլել իրենցից…
- Ամեն մի տխմար ու ստոր մարդու միշտ ուրախացնում է մտերիմների անհաջողություններն ու դժբախտությունները։
- Եթե մարդ չի կարողանում փնտրել, ապա ուրիշին էլ չպետք է կշտամբի չգտնելու համար։
- Մարդուն, որը զգացնել է տվել ձեր վախկոտ ու ստոր լինելը, չես ներում երբեք։
- Մենք՝ կանայքս, ունենք մեր դիվանագիտությունը, և երբեմն ավելի նուրբ, քան քաղաքագետներինը։
- Երբ մարդու ոտքերի տակ հողը երերում է, նա պատրաստ է ձեռք քցել անգամ ծղոտին։
- – Արվեստագետը պետք է ծիծեռնակի պես ազատ լինի։
- Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում ու այնպիսի հասարակության մեջ, որտեղ սքանչելի անմեղությունը վտանգավոր է, քանզի ուժասպառ է անում ձեզ թշնամիների առաջ, և որոնց կարելի է հաղթել իրենց իսկ զենքով միայն։
- Ուժեղ մարդիկ, որոնք կարողանում են տիրապետել իրենց, լիակատար հուսահատության մեջ են ընկնում, երբ նրանց առաջ ծառանում է որևէ անհաղթահարելի ու իրեղեն մի արգելք։
- Աստծու կամքն է, թե ում կպատժի և ում ներում կշնորհի։ Մեզ մնում է միայն ապավինել նրա սուրբ կամքին։
- Ամեն ինչ վերջ ունի, և մեր երջանկության վերջն էլ եկավ…
- Որքան հեշտ է սխալվելը, եթե ուրիշի մասին դատում ես քեզնով։
- – Recte ad terminum eamus – գնանք ուղիղ դեպի նպատակակետը։
- Սիրո համար, ինչպես լույսի ամեն մի աղբյուրի, անհրաժեշտ է մթություն` ավելի պայծառ շողալու համար։
- Քունը, աղքատների այդ հարստությունը, որին հաճախ նախանձում են հարուստները, ենթակա չէ մարդու կամքին։ Երեկոները, երբ աստված երկնային դարպասից բաց է թողնում դեպի երկիր այդ քմահաճ երեխային, վերջինս շտապում է ուր խելքին փչի, ուշադրություն չդարձնելով ջերմագին աղաչանքներին, ու ներս խուժելով հենց այնտեղ, որտեղ նրան ամենևին չեն սպասում։
- Թագավորները մարդ չեն, այլ սոսկ՝ թագավոր։
- «Նա ինձ արհամարհում է։ Ոչ, նա ինձ սիրում է…» – անընդհատ ինքն իրեն կրկնում էր պատանին։ Նա նայում էր լուռ ու անշարժ նստած Կոլոմբային և չէր զգում, որ արցունքներ են հոսում իր այտերով։ Նրանց գլխավերևում, ճյուղերի մեջ, երգում էին թռչունները։ Քամին խշխշացնում էր տերևները։ Ավգուստինականների եկեղեցում զանգը կանչում էր երեկոյան ժամերգության, և մեղմ ղողանջը տարածվում էր լռության մեջ։ Հուլիսյան երեկոն զարմանալիորեն խաղաղ էր ու լուռ։ Դա այն հանդիսավոր պահերից մեկն էր, երբ հոգին վերակենդանանում է, և երբ մի րոպեն բովանդակում է ասես քսան տարի. մի պահ, որի մասին հիշում ես ամբողջ կյանքումդ։ Գեղանի պատանին ու աղջիկը կարծես ստեղծված լինեին իրար համար, կարծես նախապես նշանված լինեին, պետք էր միայն ձեռք մեկնել միմյանց։ Բայց պարզվեց, որ անդունդ է բաժանում նրանց…
- Սիրահարները սքանչելի զրույցներ էին վարում. երազում ապագա երջանկության մասին, մտաբերում առաջին հանդիպումների քաղցր պահերը։ Հաճախ նրանք բաժանվում էին՝ հանդիպման կարճատև րոպեների ընթացքում ոչ մի բառ չարտասանելով, բայց այդ տեսակցությունները շատ ավելի էին գոհացնում նրանց, քան որևէ զրույց։ Նրանք երկար ժամանակ մեն-մենակ էին լինում և սիրում էին իրար, բայց հենց այդ միայնությունը նրանց մերձեցնում էր Աստծուն, ստիպում ավելի զգալ նրա ներկայությունը և սրբության պես պահպանել իրենց սերը։
- Լավը այն հարվածն է, որից զոհը ցած է տապալվում, չհասցնելով անգամ ձայն-ծպտուն հանել։
- Ով տալիս է առանց ծանր ու թեթև անելու, տալիս է կրկնակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 187.
Աղբյուրներ
[խմբագրել]- Ալեքսանդր Դյումա «Ասկանիո»։ grqamol.am (սեպտեմբերի 19, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 30, 2015 թ․։