Հմայված հոգին
Արտաքին տեսք
«Հմայված հոգին» (ֆր.՝ L'Âme enchantée), ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի 7 գլխից բաղկացած վեպը (1922–1933)։ Հայերեն են թարգմանվել միայն 4 գլուխները (1975-1988)[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե կիրքը համակել է կնոջը, ազնվության մասին նույնիսկ ավելորդ է խոսել, դատողության մասին՝ առավել ևս։
- Մինչդեռ կյանքը հենց Գրքերի գիրքն է։ Ոչ բոլորն են ի վիճակի կարդալ այն։ Ամեն մեկն այդ գիրքն իր մեջ է կրում, և այն գրված է ամբողջությամբ՝ առաջին տողից մինչև վերջինը։ Բայց դա հնարավոր է հասկանալ այն օրը միայն, երբ դաժան ուսուցիչը՝ Փորձը կսովորեցնի նրա լեզուն։
- Սիրո մեջ մի քիչ լրջությունը լավ է։ Բայց ոչ չափից ավելի, թե չէ մի տեսակ պարտավորություն կդառնա և ոչ թե հաճույք։
- Նույնիսկ ամենաանհույս պայքարն ինքնին իր մեջ հույս է։
- Ի՞նչ է նշանկում փռխըմբնում։ Հասկանալ նշանակում է բացատրել։ Իսկ երբ սիրում ես բացատրելու կարիք չկա։
- Ես վերցնում եմ քեզ։ Վերցնում եմ քեզ այն ամենով, ինչ որ կա քո մեջ։ Վերցնում եմ քո բոլոր թերություններով, քո կրքերով, քո պահանջներով, կյանքի քո օրենքով։ Դու այն ես, ինչ որ կաս։ Քո մեջ եղած հենց ամեն ինչով էլ ես քեզ սիրում եմ։
- Սեր, մի՞թե այդ դու ես։ Սեր, որ ինձ լքեցիր այն ժամին, երբ ես երևակայում էի, թե արդեն տիրացել եմ քեզ, արդյոք դու չե՞ս հիմա իմ մեջ։ Պինդ, անսահման պինդ եմ ես քեզ բռնել, և դու չես կարող գնալ, օ՜ իմ հարազատ գերի, ես պինդ եմ բռնել քեզ, դու իմ արգանդում ես։ Վրեժ լուծի՛ր։ Կլանի՛ր ինձ։ Պստլիկ իմ, կրծիր իմ արգանդը։ Խմիր արյունս։ Դու՝ այդ ես եմ։ Դու իմ երազանքն ես։ Երկրի վրա ես քեզ չգտա և քեզ ստեղծեցի ինքս ինձանից… Ահա թե երբ, Սեր, ես տիրացա քեզ։ Ես մարմնացա նրա մեջ, ում սիրում եմ։
- Սիրով հարուստ սիրտը մեռնում է, երբ չի կարող սնել քաղցածներին։
- Սիրո մեջ տրամաբանություն չկա։
- Ու՞ր էիր կորել, զգուշացիր լռությունից։ Դու գիտե՞ս արդյոք, որ մոռացման պահը կարող է մեզ մի ակնթարթում բաժանել։ Խոսիր ինձ հետ։ Քեզ հետ եմ խոսում։ Ես բռնել եմ քեզանից։ Բռնիր ինձ ամուր։
- Երբեմն, աշխարհի երեսին ամեն ինչ մոռանալով, մարդ վստահում է իր գաղտիքները, իսկ հետո նա, ում դու վստահել ես, շուռ է տալիս դրանք հենց քո դեմ։
- Այն, ինչից մենք սարսափում ենք, միշտ ձգտում է դեպի մեզ։ Եթե որևէ բանից վախենում ես, դա դեռ ամենևին էլ չի նշանակում, որ հոգուդ խորքում այդ չես ցանկանում։ Բայց համարձակվել անել մի բան, որը քեզ սարսափեցնում է, ամենևին էլ ամեն մարդ չէ, որ ընդունակ է դրան։
- Կյանքը ղեկավարողը միայն սերը չէ։ Կյանքը ղեկավարվում է նաև փողով։
- Մարդը աշխատում է իր մեջ չհայտնաբերել այն, ինչ տագնապ է առաջացնում։
- Իմ անկատարելիության մեջ ես ավելի շատ եմ, քան դու քո կատարյալ թվացող կերպարի մեջ։
- Աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Ես նույնպես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ. թող նա հանդուժի ինձ, չէ՞ որ ես էլ իրեն եմ հանդուրժում։
- Չարաշահելը զվարճալի բան է։ Կյանքը պատերազմ է։ Հաղթողինն են բոլոր իրավունքները։ Եթե պարտվողը հաշտվեց դրա հետ, ուրեմն դա նրան ձեռնտու է։
- Վայ պաշտպանվող սրտերին։ Երբ նրանց մեջ է խուժում կիրքը, ամենաառաքինին դառնում է ամենամատչելին։
- Ամեն ոք գաղտնարան ունի, ուր թաքցնում է իր խղճուկ խաղալիքները՝ հիշողություններն ու երազանքները։
- Չի կարելի տալ այն ինչը մերը չէ, իր ազատ հոգին։ Ազատ հոգին ինձ չի պատկանում։ Ես եմ պատկանում իմ ազատ հոգուն։ Չի կարելի այն տնօրինել։ Մեր ազատությունը փրկելը ոչ միայն մեր իրավունքն է, այլև մեր սրբազան պարտքը։
- Հոգին ոչ ոքի հետ կիսել չի կարելի։ Հոգին մարդ պետք է պահի միայն իր համար։
- Մարդուն ոնց որ պետքն է ճանաչում ես միայն այն ժամանակ, երբ նրան զննում ես ամենօրյա գործունեության մեջ, որտեղ բնականոն դրսևորվում են նրա ուժերը, հակումները և ներքին մղումները։
- Որքան անհեթեթ է կառուցված կյանքը։ Անհնար է ապրել առանց փոխադարձ սիրո, իսկ առավել ևս՝ առանց անկախության։ Թե մեկը, թե մյուսը սրբություն է։ Եվ մեկը, և մյուսը անհրաժեշտ է, ինչպես օդը։ Ինչպես համադրել դրանք։ Քեզ ասում են. «Զոհաբերիր քեզ։ Իսկ եթե չես կարող զոհաբերել քեզ, ուրեմն, էլ ինչ սեր…»։ Բայց գրեթե միշտ նրանք, ովքեր ստեղծված են մեծ սիրո համար, բոլորից ավելի անզուսպ են ձգտում անկախության, քանի որ նրանց բոլոր զգացմունքները ուժեղ են։
- Չի կարելի կյանքն անցկացնել առանց սխալներ թույլ տալու։ Չէ՞ որ սխալվել՝ նշանակում է ճանաչել։
- Սերն ամբողջ կյանքի ընթացքում է, բայց ամբողջ կյանքը չի լցնում։
- Ոչ ոք իրավունք չունի ոչ զոհաբերել իր համար ուրիշի հոգին, և ոչ էլ իր հոգին՝ ուրիշի համար։ Դա հանցագործություն է։
- Կինը հաճախ լռում է, որովհետև զգում է, թե որքան քիչ է իրեն հասկանում տղամարդը։
- Բոլորի կողմից ընդունված բարոյականությունը տղամարդիկ են ստեղծել։ Նրանք դատապարտում են այն կնոջը, որը համարձակվել է երեխաներ ծնել ամուսնությունից դուրս և իր կյանքը չի նվիրաբերել այդ երեխաների հորը։ Եվ շատ կանանց համար ամուսնությունը ստրկություն է, քանի որ նրանք չեն սիրում իրենց ամուսիններին։ Նրանք նույնպես կգերադասեին միայնակ ու ազատ լինել, սակայն այդ անելու արիություն չունեն։
- Հոգեկան սիրո մեջ, ինչպես և մարմնական, ամեն մի տղամարդ, միամիտ թե խորամանկ, մտածում է միայն իր մասին, բայց ոչ երբեք սիրելի կնոջ։ Նա չի ուզում իմանալ, որ այդ կինը ապրում է իր առանձին կյանքով։ Նա կարող էր այդ հասկանալ հենց սիրո միջոցով։ Եվ սերը իսկապես դա սովորեցնում է այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր ընդունակ են յուրացնելու նրա դասերը, բայց այդ էլ միայն ի դժբախտություն իրենց և այն կանանց, ում նրանք սիրում են, որովհետև ճշմարտությունը նրանց համար բացվում է միշտ չափազանց ուշ։ Դարեր շարունակ մարդիկ միամտորեն զարմանում են և գանգատվում մարդկային հոգու անմխիթար միայնությունից, որը հասկանալի է դառնում սիրո դառը փորձից։ Սրտերի միաձուլման անիրականալի երազանքը մարդկանց վաղեմի սխալն է։ Քանի որ մի՞թե «սիրել», չի նշանակում «սիրել ուրիշին»։
- Երբ մարդ տանջվում է, նրա մեջ պահանջ է առաջանում նաև ուրիշներին տանջել։
- Մեզանից յուրաքանչյուրը մյուսների համար փակ գիրք է։
- Ամեն մի բարեկամի մեջ թշնամի է թաքնված։
- Երբ կինն ուզում է տղամարդուն գերել, նա կարող է հայելու առաջ ոչ միայն աչքերն այնպիսին դարձնել, ինչպիսին տղամարդուն դուր է գալիս, այլև իր խելքը հարմարացնել այդ տղամարդու ճաշակին։
- Սիրո մեջ ոչ մի իրավունք չի կարող լինել։
- Խելագար է նա, ում կրծում է ապագայի հոգսը։ Դեռ մի տես լինելու՞ է արդյոք նա, այդ ապագան։ Ով հույսը դնի դրա վրա, թալանված դուրս կգա։
- Առվակին չես արգելի հոսել։ Փակիր քարով ջրի առաջը՝ ավելի ուրախ կքրքջա։
- Քո կյանքը արժի այն, ինչ դու ինքդ արժես և այն, ինչ դու տեսնում ես, դա հենց դու ինքդ ես։
- Երիտասարդությունը ինքը պետք է փորձ կուտակի։ Խելացի դառնալու լավագույն միջոցը հիմարություններն անելն է։ Դա միայն օգտակար է։ Երիտասարդությունը այնքան էլ հիմար չէ՝ գլուխկոնծի կտա և ոտքերի վրա կկանգնի։
- Անփոխարինելի մարդ չկա։ Չի ծնվել այն մարդը, առանց որի հնարավոր չէ յոլա գնալ։ Մեռածը ընկավ։ Իսկ կենդանի մնացածը ապրելու է։
- Ալեկոծված հոգու համար լավագույն դեղամիջոցն այդ հոգուն ձեռք չտալն է, որպեսզի նրա հատակը աստիճանաբար ծածկվի ավազով։
- Բոլոր կանայք՝ սպիտակ, սև, դեղին, կանաչ, իրար հետ կապված են գաղտնի խմբակցության պայմանական նշաններով։ Եթե նրանք գերադասում են դրանք չնկատել, ապա լոկ այն պատճառով, որ տասից հինգ դեպքում հանդիպում են որպես մրցակիցներ. ամեն մեկն ուզում է մյուսի ձեռքից տղամարդ խլել, նույնիսկ առանց նրան սիրելու։ Դա մի բնազդ է, որին դիմանալ կարող են միայն լավագույնները, բայց նույնիսկ լավագույններին այդ բնազդը ծանոթ է։
- Ուժին պետք է հակադրել ավելի հզոր ուժ, ոչ թե թուլություն, ոչ թե հրաժարում։
- Երբ երեխաները երջանիկ են, նրանք դուրս են հանում հիշողությունից մորը, ինչպես իր ծառայությունը վերջացրած տնտեսուհուն։
- Ամեն ինչ բռնություն է, նույնիսկ սերը։ Հատկապես սերը։ Նա մարդուն ստրուկ է դարձնում։ Ստիպում է դավաճանել իր էությանը։ Նվաստացնում է։
- Մեծ երջանկություն է սեփական հուն գտնելը։ Ըստ էության՝ հանուն դրա էլ ապրում ես։ Լոկ այն է կյանք, ինչ շարժվում է։ Կյանքը առաջ գնացողների մեջ է։
- Լինում է, որ բանականությունը ներում է, իսկ սիրտը ի վիճակի չէ համաձայնվել դրա հետ։
- Նա հիմարությունը մարդկության բնական չափանիշ էր համարում…
- Դու կդադարես սիրել այն ժամանակ, երբ դադարես ապրելուց։
- Ավելի լավ է քեզ ատեն, քան արհամարհեն, եղիր ստոր, բայց ճշմարտախոհ..
- Դու, որ կաս․․․ դու, որ գոյություն ունես լոկ մեկ անգամ․․․ ես ուզում եմ քեզանից դուրս կորզել քո գաղտնիքը։
- Իրեն զոհում է, առանց որևէ բան հաշվի առնելու միայն նա, ով կորցնելու ոչինչ չունի։
- Դա այնպիսի աշխարհ էր, որտեղ յուրաքանչյուրն ինքն էր ստեղծում իր սեփական եսը և դա ուրիշի հագից հանված չէր։
- Սիմֆոնիան հարյուրամյակների նվագախմբով կատարվող կոնցերտ է։ Մեզ վիճակված է լսել միայն մեկ հատված, որից հետո մենք ստեղն ավելի շուտ ենք հանձնում ուրիշներին, քան տարաձայն հնչյունները կհասցնեն ձուլվել մի միասնական ակորդի մեջ։ Բայց դեռ չհասցրած լսել այդ առաջին տարաձայն հնչյունները, մենք արդեն ակորդի ենք սպասում։
- Թող աղեղը ձգված լինի մինչև վերջ. ավելի հեռու կթռչի կյանքի նետը։
- Միթե մարտի դաշտում կարելի է մտածել ինքնասպանության մասին։
- Պաշտպանել անկախ հոգին ընդդեմ հանգամանքների՝ անմիտ զուգակցություն․․․
- Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, այն առաքինություն է՝ ծնված հոգեկան ուժից…
- Ազատությունից կա՛մ ծնվում են, կա՛մ՝ մեռնում…
- Եթե ուզում ես, որ քեզ սիրեն, չափից ավելի մի ցույց տուր քո սերը։
- Ճշմարտությունը միշտ կարելի է հարմար ձևով ներկայացնել։
- Մարդու առաջնագույն պարտքը փոքրագույն չլինելն է։
- Ոգին, ինչպես ժայռի եզրին կանգնած թռչուն, սպասում է վայրկյանին, որ խոյանա ներքև։
- Նրանք չափազանց մտերիմ էին միմյանց հասկանալու համար…
- Կյանքը դա նույն սիմֆոնիան է։ Նրա յուրաքանչյուր աստիճանը երգում է տարբեր ձայներով։
- Ինձ կարող են ոչնչացնել, բայց ոչ հնազանդեցնել…
- Անարդարացիությո՞ւն է։ Թուլությո՞ւն է։ Հետո՞ ինչ։ Լավ է անարդարացի լինել նրա նկատմամբ, ում սիրում ես։ Արդարացիությունը հենց դրանում է։ Այդ մասին դատողություններ չեն անում։
- Վայ այն սրտերին, որոնք սիրո կողմից չափազանցված թյուրիմացությունների պատճառով քամուն են տալիս իրենց երջանկությունը, և գիտեն այդ և հանդիմանում են իրենց, և հանդիմանելու են ամբողջ կյանքում, բայց ամուր կպչում են այն բանից, ինչը նրանց բաժանում է։
- Մեկը այն գաղտնի ճանապարհներից, որոնցով սերը դավադրորեն սողոսկում է սիրտը, հաճախ լինում է հպարտ և ուրախալի այն գիտակցությունը, որ դու պետք ես ուրիշ մարդու։ Այդպիսի զգացումը առանձնապես հեշտ նվաճում է իսկական կնոջ սիրտը, քանի որ այդ զգացումը բավարարում է, առաջինը, կնոջ բարիք գործելու պահանջը, երկրորդը՝ կնոջ փառասիրությունը։
- Կրոնը հարուստների համար շռայլանք էր և մխիթարական խաբկանք՝աղքատների աչքերի և սրտի համար, խաբկանք, որը հաստատում է գոյություն ունեցող կարգ ու կանոնը, հետևապես նաև նրանց աղքատությունը։
- Եթե բոլոր լուրջ բաների մասին մարդ լուրջ խոսի, այն ժամանակ կյանքը անտանելի կլինի։
- Բանականությունը լավ խորհրդատու է, բայց ինչ օգուտ նրա խորհուրդներից։ Սրտին կարելի է համոզել միայն սրտի փաստարկներով։
- Մի ամսվա ընթացքում տասնյակ իրադարձություններ են տեղի ունենում մեր շուրջը, բայց դրանք մեր մեջ ոչ մի կերպ արձագանք չեն գտնում, որովհետև այդ իրադարձությունները մեզ համար նշանակություն չունեն, բայց եթե դրանցից որևէ մեկը մեզ սաստիկ կերպով դիպչի, կարելի է երաշխավորել, որ մենք գնում էինք դրան ընդառաջ և հանդիպեցինք կես ճանապարհին։
- Աչքից հեռու եղար, սիրտը մոռանում է…
- Նա չէր խոստովանում իրեն, որ կողոպտում է աղքատի այգին, իսկ հետո թագավորական առատաձեռնությամբ մի քանի պտուղ է տալիս այդ աղքատին նրա իսկ այգուց։ Այդպիսի բաները մարդիկ իրենք իրենց չեն ասում, որպեսզի չխռովեն ձանձրացնող խիղճը, բայց դրա փոխարեն նրանք լռության մեջ ավելի շատ բավականություն են ստանում դրանից։
- Սիրտն ընդունակ է գնահատել հանգստի դրախտային երանությունը միայն այն բանից հետո, երբ կորցրել է այն։
- Հաղթանակներ են լինում, որոնք ավելի շատ անախորժություններ են բերում, քան օգուտ։
- Բայց սիրո շունչը նման է այն այրող քամիներին, որից մարդ հյուծվում է, այրվում է, տապալվում գետնին, զգում է ինչպես է նվաղում սիրտը, ինչպես է կորցնում ուժերը, թուլանում է, ընկնում ինչ-որ տարօրինակ խոնջության մեջ։ Վախենում է շարժվել, վախենում է մտածել։
- Դատապարտելի վարք ունեցող անձնավորությունից փող ընդունել դեռ կարելի է, բայց նրան օգնելը՝ անվայել բան է։
- Երբ տառապանքը հասնում է մինչև բարձրագույն կետին, նա անխուսափելիորեն սկսում է իջնել։ Դրանից կամ մեռնում են, կամ ընտելանում են դրան։
- Այդ կինը միշտ ստում է, այո, այո, նրա մեջ ամեն ինչ կեղծիք է, մազերի արմատներից մինչև եղունգների ծայրը… Իսկ ամենագլխավորն այն է, որ ես հենց դրա համար էլ նրա հետ ամուսնացել եմ։ Ես նրան գրեթե սիրում եմ դրա համար։ Երբ սուտը կատարելության հասցված արվեստ է, նա մի լավ թատրոն արժե։ Իսկ եթե մեր հասարակության մեջ ամեն ինչ սուտ է, ուրեմն մենք իրավունք ունենք պահանջելու, որ այդ սուտը գոնե հաճելի լինի։
- Իզուր ենք մենք փորձում նախապես պատկերացնել գալիք երջանկությունը կամ դժբախտությունը։ Եվ մեկը, և մյուսը միշտ գալիս են բոլորովին այլ, անսպասելի կերպարով։
- Հարուստները իրենց ամբողջ բարի մտադրություններով հանդերձ ընդունակ չեն հասկանալու, որ շատ ուրիշները ստիպված են լինում մշտապես փողի մասին մտածել։ Փողը աղքատների հոգսն է։
- Կյանքն ինձ սովորեցրել է արագ ճանաչել մարդկանց։ Չէ որ կյանքն անցնում է, և ոչ մի ակնթարթ չի կրկնվում։ Պետք է միանգամից որոշել, ինչ ես ուզում կամ ոչինչ չուզել։
- Ես ինձ համար նվաճել եմ անուն, հաջողություն, ես դրամ ունեմ և այն, ինչ դրամը կարող է տալ։ Բայց դուք չգիտեք, ես դա ինչպես եմ ձեռք բերել և ինչպես եմ հիմա պահում իմ ձեռքում։ Ես այդ բոլորը պոկել եմ ուժով և ուժով էլ պահում եմ։ Ես բռնություն եմ գործադրել իմ ճակատագրի վրա, եթե ճիշտ է, որ ճակատագիր գոյություն ունի։ Ես ինձ համար ճանապարհ եմ հարթել հանգամանքներին և մարդկանց կամքին հակառակ։ Եվ երբեք չեմ կարողացել բժշկել իմ կողմից ուրիշի ինքնասիրությանը հասցրած վերքերը, չեմ ջանացել, որ մարդիկ ներեն ինձ իմ հաջողությունները և իմ ընթացքի ժամանակ տրորած ուրիշի շահերը։
- Մենք իրավունք չունենք մեր կարեկցանքը փաթաթել այն մարդու վզին, ով այդ չի խնդրում…
- Ցավալի է տեսնել դաժան բնության ծաղրուծանակը, որն իրարից բաժանելով երկու սիրահարների, երբեք սերը չի սպանում երկուսի սրտերում միաժամանակ, այլ այնպես է անում, որ մեկը դադարի սիրելուց ավելի շուտ, և նա, ով ավելի թունդ է սիրում, միշտ դառնում է զոհ։
- Մարդը խելամիտ է դառնում միայն իր անխելամիտ արարքի պատճառով այրվելուց հետո։
- Աշխարհի ամենաբարի կինը ներում է նրանց, ովքեր իրեն ցավ են պատճառել, բայց երբեք այդ ցավի մասին չի մոռանում։
- Յուրաքանչյուր կին ունի իր լռության մեծ ժամերը, որոնց մասին նա իրավունք ունի ոչինչ չասել։ Ոչ ոք չի կարող օգնել նրան այդ ժամերն անցկացնելու համար – նա պետք է ինքը իրեն փրկի կամ կործանվի։
- Սիրո մեջ ես չափ չգիտեմ։ Իսկ չափից դուրս սիրել չի կարելի։ Մարդկանց դա բոլորովին պետք չէ։ Դա միայն նրանց նեղում է։
- Ինչու անհանգստանալ այն բանից, թե ինչ լինելու է։ Դա կանցնի այն ամենի նման, ինչ եղել ու անցել է։ Մենք լավ գիտենք. ինչ էլ ուզում է պատահի, կդիմանա՜նք։
- Չէ որ ոչ ոքի վրա այնպես չես զայրանում, որքան այն մարդու, որին սիրում ես։
- Միշտ չէ, որ թույլ են նրանք, ում մեզ մոտ թույլ սեռ են անվանում։ Կնոջ մեջ օրգանական ուժերն, ուժերը երկրային, ավելի շատ են լինում։ Ու, թեև նա խճճված է տղամարդու կողմից լարած ցանցի մեջ, բայց միշտ մնում է որպես չնվաճված գերի։
- Աշխարհը տարբեր ձևով է ներկայանում մեզ, կախված այն բանից, թե մենք որտեղից ենք նայում նրան՝ վերևի՞ց, թե՞ ներքևից։
- Կյանքում ամեն ինչ գնվում է տառապանքով։ Այդպես է բնության օրենքը․ երջանկությունը միշտ ավերակների վրա է կառուցվում։ Եվ ամեն ինչ վերջիվերջո ավերակների է վերածվում։
- Ամեն մի ձև ինչ-որ ներքին բովանդակության արտահայտություն է, սակայն մարդկանց մեծամասնությունը նկատում է միայն նրա արտաքին առանձնահատկությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 301.
Աղբյուրներ
[խմբագրել]- Ռոմեն Ռոլան «Հմայված հոգին»։ grqamol.am (օգոստոսի 11, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։