Էդուարդ Իսաբեկյան
Արտաքին տեսք
Էդուարդ Իսաբեկյան (նոյեմբերի 8, 1914, Ցոլակերտ - օգոստոսի 17, 2007, Երևան և Աշտարակ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես սիրում եմ, որ հայ եմ։ Ես չէի ուզի ուրիշ ոչ մի ազգի պատկանել։ Աստված չանի՝ ուրիշ ազգից լինեի…Ախր լավ ժողովուրդ է հայը։ Մի քիչ վատ է ապրում, բայց կարող է լավ ապրել, եթե իրեն չխանգարեն։ Որովհետև հայ ժողովուրդը անհավատ աշխատելու ձև գիտի։ Եկեք չխանգարենք, որ հայ ժողովուրդը լավ ապրի[1]։
- Միշտ մտածում էի, որ կնկարեմ էլի։ Բայց մեկ էլ մի օր տեսա, որ էլ արդեն չեմ տեսնում ոչինչ։ Որ լույս իջնի աչքերիս՝ մենակ պեյզաժ եմ նկարելու[1]։
- Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերում խաչաձևվում են, սինթեզվում կերպարվեստի բոլոր ժանրերը։ Դա նկարչության սիմֆոնիզմն է…[2]
- Ես մեծ հավատով եմ լի մեր կերպարվեստի վաղվա նկատմամբ։ Մեր շուրջն աճել, ստվարացել է երիտասարդ նկարիչների մի պատկառելի ջոկատ…Միայն կյանքի ու արվեստի դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելու, ինքնաճանաչման, ինքնահաստատման ճանապարհին նրանք կհասկանան ու կհաստատեն իրենց «եսը», որը նշանակում է՝ աշխարհայացք, ասելիք, ոճ, դեմք, ձեռագիր, անհատականություն[2]։
- Նկարչությունը զարմացնելու համար չէ, այլ կյանքի պահանջ, այդ կյանքը, ժամանակը արտահայտելու միջոց[2]։
- Նստակյաց ազգի համար, որը գրեթե իսպառ զրկվել է իր հողերից, կարոտախտը սովորական հոգեվիճակ է։ Կարծում եմ, որ մեր ազգը առողջ է հենց նրանով, որ տառապում է այդ հիվանդությամբ[3]։
- Թագավորություն չենք ունեցել, պետականություն չենք ունեցել (վերջինը՝ Կիլիկիան), այդ ինչպե՞ս ենք գոյատևել, ինչպե՞ս ենք դիմակայել պատմության փորձություններին։ Միա՛յն հավատով։ Հավատո՛վ…(2001)[4] :
- Հիշողությունը ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է մեզ։ Մեծ դժբախտություն է հիշողությունը կորցնելը։ Ամենից շատ հիշողություն հայերին է հարկավոր։ Մենք շատ բան ենք կորցրել, եթե հիշողությունն էլ կորցնենք, ամեն ինչ կկորցնենք։ Իմ ստեղծագործությունները հենց հիշողության վրա էլ շինված են[5] :
- Գիտեք, ըստ իս, պայմանականորեն ասած, կա երկու տիպի նկարչություն՝ աչքի և մտքի, երևակայության։ Ես երկրորդ խմբին եմ պատկանում, թեև բնավ էլ հակված չեմ թերագնահատելու առաջին ուղղությանը պատկանող նկարիչների վաստակն ու ջանքը, նրանց ստեղծագործության կարևորությունը։ Պարզապես ինձ գրավում է իրականության սիմվոլիկ, ընդհանրացված վերարտադրությունը[6]։
Օրագրերից
[խմբագրել]- Նկարչությունը, երաժշտությունը մարդ չեն դաստիարակում, նրանք մարդկանց հիացնում են, ազնվացնում, գեղեցկացնում են։ Մարդուն դաստիարակում է իմաստուն գրականությունը…
- Իմ աստվածները` կնքահայրերս, ինձ ոչ միայն մարդ դարձրին, այլև հայ դարձրին…
- Նույն դժվարությունն է մարդ կամ հայ լինել, գուցե և հայ լինելն ավելի դժվար է։ Ում գլխին Թումանյանի ձեռքը չի դիպել, հնարավոր բան չի, որ լիարժեք հայ լինի, իսկ ոչ լիաժեք հայը տանելու բան չի, եթե չասենք անտանելի է։
- Սեփական անարժեքավորումը շատ է վտանգավոր, երբ շուրջդ մեծամասամբ գերագնահատվող հավակնություններ են։
- Անկեղծ մարդը պիտի որ ունենա շատ մոտ ընկեր, որպեսզի նրա մոտ «դատարկվի», իսկ շրջապատում «պատյանավորվի» ծիծաղելի չլինելու համար։
- Կյանքը առանց ժիվոպիսի մի բանի նման չի... թե չէ դուրս է գալիս, որ մարդ ծնվում է... սպասում մեռնելուն... իսկ ժիվոպիսի համար մենակ կյանքը, ապրելը չի´ հերիքի (04.01.1940):
- Կարդում եմ Լևի օրագիրը… Ես Բալզակին պատկերացնում եմ որպես հանճարեղ մարդ, իսկ Տոլստոյին խառնում եմ սրբերի հետ:(27.09.1943)
- Հետաքրքիր է, խորամանկ մարդիկ, գոնե երբ առանձին են մնում, ի՞նչ են մտածում իրենց մասին, իրե՞նց էլ են խորամանկում, թե՞ խղճի հետ մնալով` լսում են նրա մոլորած ձայնը (10.01.1962):
- Բոլոր հիշողությունները, ի վերջո, տխուր են…անցած կյանք է (28.01.1979):
- Ոչ մի տեղ «անմահության» մասին ավելի «ռեալ» չես, չես կարող մտածել, ինչպես թանգարանում և գերեզմանոցում…
- Մի որևէ բանի մասին պատմելը մի քիչ նման է առանց շրջանակի նկարի…
- Ինչպիսին ուզում է լինի կիրառական «արվեստը», եթե չես կարող գործածել, հաշվիր, որ չես տեսել։
- Երբ հավատում ես արածիդ, ասածիդ, հեշտանում է ամենածանր գործը… Հավատը հոգու թեթևություն է և ամենակարևոր իմաստը մարդու գոյի։
- Հիշողությունը մարդու ամենահզոր զգայարանն է, ուղեղից էլ, խելքից էլ հզոր։
- Սրամտություն։ Սրամտել կնշանակի տրամաբանել հակասություններով, պարզել հասկացության էությունը, «շարժել» միտքը քարացումից, ժխտել արդեն «ճշմարտություն» համարվող հասկացությունը…(բոլորը չասեցի), 1979։
- Երբ չես կարող «իրերը» անվանել «իրենց անուններով», ծնվում են հեքիաթներ, առակներ և ամեն տեսակի այլաբանություններ (05.01.1984):
- «Ընդհանուրին», այսինքն` մեծարգո հայ ժողովրդին ծառայելը պիտի լինի, կարծեմ որ, ներքին պահանջ` հոգուց ու սրտից թելադրած (30.06.1984):
- Մարդը ամեն ինչ կարող է իրականացնել։ Իրեն հավասար ուժ չկա բնության մեջ (19.05.1986):
- Ոչ մի ուժ, բացի երկրաշարժից, չի կարող քարը տեղից շարժել, իսկ մարդը ոչ միայն կարող է տեղից շարժել, այլև շալակել, տանել և կարող է այդ քարով նաև մեկի գլուխը ջնջխել։
- Կարո՞ղ է մարդը հասկանալ` ինչ է ազատությունը, եթե նա չունի հայրենիք, տուն, մայր... Ազատությունը ոչինչ չարժի, ոչ մի իմաստ չունի, եթե նրա համար չպիտի պայքարես և նվաճես։ Ազատությունը պայքար է։ Միայն կռվող, պայքարող մարդը կարող է զգալ ազատության արբեցումի`ոչ մի նմանը չունեցող քաղցրությունը....(13.09.1975)
- Ամենաազատ արարածները խելագարներն են. ազա՞տ են...
- Նկարչի մեծությունը ոչ միայն նրանում է, որ չհավատա ամեն գույնի վայրահաչոցների, այլև ավելի շատ հավատա իր արածի ճշմարիտ լինելուն, այսինքն` հավատա իր ներքին ձայնի թելադրանքին, որ եղեգնի նման չճոճվի (23.12.1968):
Իսաբեկյանի մասին
[խմբագրել]- «Դուք երբեք տուրք չեք տալիս խրթինությանը, խճողումներին և ոչ էլ հակվում եք դեպի պարզունակությունը։ Ձեր արվեստի հաղթանակի գաղտնիքը Ձեր տաղանդն է ու անկեղծությունը»[7]։
Այդպես է գնահատում Էդուարդ Իսաբեկյան նկարչին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ շնորհավորանքի ուղերձում ։
- «Իր ստեղծագործական բուռն հասունության մեջ ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացած արվեստագետը, որ այնքան շատ բան է արել հայրենի կերպարվեստի զարգացման համար, իր ստեղծագործական սկզբունքներին վստահ, ձև ու գույն է տալիս իր նոր մտահղացումներին, որոնց ակունքը ժողովրդական կյանքն է, հայրենի բնությունը, հայ ժողովրդի հերոսական պատմությունը» ։
- «… Հանձին Էդ.Իսաբեկյանի հայ գեղանկարչությունն այսօր ունի մի վարպետ, որ խորապես հայրենասեր է, հայրենաշունչ, որ նա ժողովրդի նկատմամբ պարտքի խոր զգացում ունեցող արվեստագետ է և այդ զգացումը միշտ գեղարվեստական խնդիր է դարձնում իր համար»[8] :
- Վահագն Դավթյան (1965)
- «Ընդվզող և անհանգիստ թափ, անմիջականություն, պոետական աչք ու ասպետական հոգի.այս տվյալները Է.Իսաբեկյանին դարձրել են անչափ ինքնատիպ նկարիչ, նրա ներկապնակը հարստացրել ծիածանի բազմերանգությամբ ու ծովի խորությամբ…Իրոք որ ժողովրդական նկարիչ…Իրոք որ ժողովրդական նկարիչ…Նա ապրում է ժողովրդի կյանքով, նրա կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե՛ երեկվա, և թե՛ վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը։ Հայ ժողովրդի ոգու ամրությունն ու գեղեցկությունը, անընկճելի ժողովրդի վեհությունն ու նրա հարստագույն պատմության դրվագներն են արտացոլում Է.Իսաբեկյանի բազմաթիվ կտավները»[9]։
- Մորիս Փոցխիշվիլի
- «Էդ.Իսաբեկյանի արվեստը մի կիզակետ ունի, որից բխում են նրա մտածողության ու զգացողության և՛ ծուխը, և՛ բոցը. դա հայ ժողովուրդն է՝ իր ճակատագրով, իր ճանապարհի փուլերով, իր հայտնի և շարքային դեմքերով, իր բնապատկերով ու պատմությամբ»[10]։
- Հրաչյա Հովհաննիսյան
- «Ես անչափ սիրում եմ Իսաբեկյանի ձիերը։ Թվում է, թե ինքը՝ Էդվարդը, ահա հեծել է հռչակավոր Քուռկիկ Ջալալին ու սլանում է դեպի արվեստի նոր հեռուները»[11]։
- «Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ։ Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է։ Արվեստը պետք է ապրեցնի։ Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»։
- Սերո Խանզադյան
- «Մենք վաղուց արդեն ապրում ենք դասականի կողքին, և երբ իր անունը լսում եմ, երբ շփվում եմ նրա հետ, հայոց հողի համն ու բուրմունքն եմ զգում և երջանիկ եմ, որ ինքը կա ու այսօր մեծարվում է»[12]։
- Ուշագրավ է, իր առաջին իսկ գործերում երիտասարդ նկարիչը կարողացել է գեղարվեստորեն ըմբռնել և ընդգրկել շրջապատը, ճշտել իր վերաբերմունքը դեպի արտաքին աշխարհը, ինչպես ասում են «իր անհատական մոտեցումն ունենալ։
- Սուրեն Ստեփանյան, 1947
- Երիտասարդ նկարիչ Է.Իսաբեկյանը կրքոտ կերպով սիրում է իր արվեստը, նրա ստեղծագործությունը հուզական է, ծայր աստիճան անկեղծ և վկայում է նրա ազնիվ սերը դեպի Սովետական հայրենիքը, դեպի կոմունիստական պարտիան և նրա առաջնորդները։
- Միխայիլ Օվչիննիկով, 1949
- Լայն հետաքրքրությունների ու ստեղծագործական հնարավորությունների տեր արվեստագետ է Իսաբեկյանը։ Ժամանակակից կյանքն ու հեռավոր պատմական անցյալը, մարդկային տարբեր բնավորություններն ու հայրենի երկրի յուրատիպ գեղեցկությունը նրա վարպետ վրձնի ուժով ստանում են նոր կյանք, վերածվում հուզող ու դաստիարակող գեղարվեստական պատկերների։
- Ռուբեն Պարսամյան, 1964
- Մեր հին ու հազարամյա ժողովրդի հին ու նոր հերոսական պատմության սքանչելի գույների ասքը – այս է մեծ տաղանդով լեցուն, ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործության բուն և յուրահատուկ էությունը։
- Սերո Խանզադյան, 1965
- Իսաբեկյանը նկարիչ-կոմպոզիտոր է, պատմանկարիչ է, ռոմանտիկ է, և, ամենագլխավորը՝ հայրենասեր է։
- Արմեն Վարդանյան, 1965
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Որ լույս իջնի աչքերիս՝ մենակ պեյզաժ եմ նկարելու
- ↑ 2,0 2,1 2,2 Նկարչի հետ արվեստանաոցում
- ↑ «Կարոտախտը սովորական հոգեվիճակ է» | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Էդվարդ Իսաբեկյան | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Նկարիչներին քիչ են ծափահարում | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Նկարչի հետ արվեստանոցում | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ «Որ լույս իջնի աչքերիս՝ միայն պեյզաժ եմ նկարելու» | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Ժողովրդական կյանքի ակունքից | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Էդ. Իսաբեկյանի ցուցահանդեսի Թբիլիսիում | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Հայրենաշունչ արվեստ: Նկարչի ավանդը | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Ազնվաբարո արվեստ, անմնացորդ նվիրում | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։
- ↑ Ծափողջյուններ պատվավոր քաղաքացուն | Eduard Isabekyan (en-US)։ Վերստացված է՝ 2017-05-25։