Էդուարդ Իսաբեկյան

Վիքիքաղվածք-ից

Էդուարդ Իսաբեկյան (նոյեմբերի 8, 1914, Ցոլակերտ - օգոստոսի 17, 2007, Երևան և Աշտարակ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես սիրում եմ, որ հայ եմ։ Ես չէի ուզի ուրիշ ոչ մի ազգի պատկանել։ Աստված չանի՝ ուրիշ ազգից լինեի…Ախր լավ ժողովուրդ է հայը։ Մի քիչ վատ է ապրում, բայց կարող է լավ ապրել, եթե իրեն չխանգարեն։ Որովհետև հայ ժողովուրդը անհավատ աշխատելու ձև գիտի։ Եկեք չխանգարենք, որ հայ ժողովուրդը լավ ապրի[1]։
  • Միշտ մտածում էի, որ կնկարեմ էլի։ Բայց մեկ էլ մի օր տեսա, որ էլ արդեն չեմ տեսնում ոչինչ։ Որ լույս իջնի աչքերիս՝ մենակ պեյզաժ եմ նկարելու[1]։
  • Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերում խաչաձևվում են, սինթեզվում կերպարվեստի բոլոր ժանրերը։ Դա նկարչության սիմֆոնիզմն է…[2]
  • Ես մեծ հավատով եմ լի մեր կերպարվեստի վաղվա նկատմամբ։ Մեր շուրջն աճել, ստվարացել է երիտասարդ նկարիչների մի պատկառելի ջոկատ…Միայն կյանքի ու արվեստի դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելու, ինքնաճանաչման, ինքնահաստատման ճանապարհին նրանք կհասկանան ու կհաստատեն իրենց «եսը», որը նշանակում է՝ աշխարհայացք, ասելիք, ոճ, դեմք, ձեռագիր, անհատականություն[2]։
  • Նկարչությունը զարմացնելու համար չէ, այլ կյանքի պահանջ, այդ կյանքը, ժամանակը արտահայտելու միջոց[2]։
  • Նստակյաց ազգի համար, որը գրեթե իսպառ զրկվել է իր հողերից, կարոտախտը սովորական հոգեվիճակ է։ Կարծում եմ, որ մեր ազգը առողջ է հենց նրանով, որ տառապում է այդ հիվանդությամբ[3]։
  • Թագավորություն չենք ունեցել, պետականություն չենք ունեցել (վերջինը՝ Կիլիկիան), այդ ինչպե՞ս ենք գոյատևել, ինչպե՞ս ենք դիմակայել պատմության փորձություններին։ Միա՛յն հավատով։ Հավատո՛վ…(2001)[4] :
  • Հիշողությունը ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է մեզ։ Մեծ դժբախտություն է հիշողությունը կորցնելը։ Ամենից շատ հիշողություն հայերին է հարկավոր։ Մենք շատ բան ենք կորցրել, եթե հիշողությունն էլ կորցնենք, ամեն ինչ կկորցնենք։ Իմ ստեղծագործությունները հենց հիշողության վրա էլ շինված են[5] :
  • Գիտեք, ըստ իս, պայմանականորեն ասած, կա երկու տիպի նկարչություն՝ աչքի և մտքի, երևակայության։ Ես երկրորդ խմբին եմ պատկանում, թեև բնավ էլ հակված չեմ թերագնահատելու առաջին ուղղությանը պատկանող նկարիչների վաստակն ու ջանքը, նրանց ստեղծագործության կարևորությունը։ Պարզապես ինձ գրավում է իրականության սիմվոլիկ, ընդհանրացված վերարտադրությունը[6]։

Օրագրերից[խմբագրել]

  • Նկարչությունը, երաժշտությունը մարդ չեն դաստիարակում, նրանք մարդկանց հիացնում են, ազնվացնում, գեղեցկացնում են։ Մարդուն դաստիարակում է իմաստուն գրականությունը
  • Իմ աստվածները` կնքահայրերս, ինձ ոչ միայն մարդ դարձրին, այլև հայ դարձրին…
  • Նույն դժվարությունն է մարդ կամ հայ լինել, գուցե և հայ լինելն ավելի դժվար է։ Ում գլխին Թումանյանի ձեռքը չի դիպել, հնարավոր բան չի, որ լիարժեք հայ լինի, իսկ ոչ լիաժեք հայը տանելու բան չի, եթե չասենք անտանելի է։
  • Սեփական անարժեքավորումը շատ է վտանգավոր, երբ շուրջդ մեծամասամբ գերագնահատվող հավակնություններ են։
  • Անկեղծ մարդը պիտի որ ունենա շատ մոտ ընկեր, որպեսզի նրա մոտ «դատարկվի», իսկ շրջապատում «պատյանավորվի» ծիծաղելի չլինելու համար։
  • Կյանքը առանց ժիվոպիսի մի բանի նման չի... թե չէ դուրս է գալիս, որ մարդ ծնվում է... սպասում մեռնելուն... իսկ ժիվոպիսի համար մենակ կյանքը, ապրելը չի´ հերիքի (04.01.1940):
  • Կարդում եմ Լևի օրագիրը… Ես Բալզակին պատկերացնում եմ որպես հանճարեղ մարդ, իսկ Տոլստոյին խառնում եմ սրբերի հետ:(27.09.1943)
  • Հետաքրքիր է, խորամանկ մարդիկ, գոնե երբ առանձին են մնում, ի՞նչ են մտածում իրենց մասին, իրե՞նց էլ են խորամանկում, թե՞ խղճի հետ մնալով` լսում են նրա մոլորած ձայնը (10.01.1962):
  • Բոլոր հիշողությունները, ի վերջո, տխուր են…անցած կյանք է (28.01.1979):
  • Ոչ մի տեղ «անմահության» մասին ավելի «ռեալ» չես, չես կարող մտածել, ինչպես թանգարանում և գերեզմանոցում…
  • Մի որևէ բանի մասին պատմելը մի քիչ նման է առանց շրջանակի նկարի…
  • Ինչպիսին ուզում է լինի կիրառական «արվեստը», եթե չես կարող գործածել, հաշվիր, որ չես տեսել։
  • Երբ հավատում ես արածիդ, ասածիդ, հեշտանում է ամենածանր գործը… Հավատը հոգու թեթևություն է և ամենակարևոր իմաստը մարդու գոյի։
  • Հիշողությունը մարդու ամենահզոր զգայարանն է, ուղեղից էլ, խելքից էլ հզոր։
  • Սրամտություն։ Սրամտել կնշանակի տրամաբանել հակասություններով, պարզել հասկացության էությունը, «շարժել» միտքը քարացումից, ժխտել արդեն «ճշմարտություն» համարվող հասկացությունը…(բոլորը չասեցի), 1979։
  • Երբ չես կարող «իրերը» անվանել «իրենց անուններով», ծնվում են հեքիաթներ, առակներ և ամեն տեսակի այլաբանություններ (05.01.1984):
  • «Ընդհանուրին», այսինքն` մեծարգո հայ ժողովրդին ծառայելը պիտի լինի, կարծեմ որ, ներքին պահանջ` հոգուց ու սրտից թելադրած (30.06.1984):
  • Մարդը ամեն ինչ կարող է իրականացնել։ Իրեն հավասար ուժ չկա բնության մեջ (19.05.1986):
  • Ոչ մի ուժ, բացի երկրաշարժից, չի կարող քարը տեղից շարժել, իսկ մարդը ոչ միայն կարող է տեղից շարժել, այլև շալակել, տանել և կարող է այդ քարով նաև մեկի գլուխը ջնջխել։
  • Կարո՞ղ է մարդը հասկանալ` ինչ է ազատությունը, եթե նա չունի հայրենիք, տուն, մայր... Ազատությունը ոչինչ չարժի, ոչ մի իմաստ չունի, եթե նրա համար չպիտի պայքարես և նվաճես։ Ազատությունը պայքար է։ Միայն կռվող, պայքարող մարդը կարող է զգալ ազատության արբեցումի`ոչ մի նմանը չունեցող քաղցրությունը....(13.09.1975)
  • Ամենաազատ արարածները խելագարներն են. ազա՞տ են...
  • Նկարչի մեծությունը ոչ միայն նրանում է, որ չհավատա ամեն գույնի վայրահաչոցների, այլև ավելի շատ հավատա իր արածի ճշմարիտ լինելուն, այսինքն` հավատա իր ներքին ձայնի թելադրանքին, որ եղեգնի նման չճոճվի (23.12.1968):

Իսաբեկյանի մասին[խմբագրել]

  • «Դուք երբեք տուրք չեք տալիս խրթինությանը, խճողումներին և ոչ էլ հակվում եք դեպի պարզունակությունը։ Ձեր արվեստի հաղթանակի գաղտնիքը Ձեր տաղանդն է ու անկեղծությունը»[7]։

Այդպես է գնահատում Էդուարդ Իսաբեկյան նկարչին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ շնորհավորանքի ուղերձում ։

  • «Իր ստեղծագործական բուռն հասունության մեջ ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացած արվեստագետը, որ այնքան շատ բան է արել հայրենի կերպարվեստի զարգացման համար, իր ստեղծագործական սկզբունքներին վստահ, ձև ու գույն է տալիս իր նոր մտահղացումներին, որոնց ակունքը ժողովրդական կյանքն է, հայրենի բնությունը, հայ ժողովրդի հերոսական պատմությունը» ։
Վահագն Դավթյան
  • «… Հանձին Էդ.Իսաբեկյանի հայ գեղանկարչությունն այսօր ունի մի վարպետ, որ խորապես հայրենասեր է, հայրենաշունչ, որ նա ժողովրդի նկատմամբ պարտքի խոր զգացում ունեցող արվեստագետ է և այդ զգացումը միշտ գեղարվեստական խնդիր է դարձնում իր համար»[8] :
Վահագն Դավթյան (1965)
  • «Ընդվզող և անհանգիստ թափ, անմիջականություն, պոետական աչք ու ասպետական հոգի.այս տվյալները Է.Իսաբեկյանին դարձրել են անչափ ինքնատիպ նկարիչ, նրա ներկապնակը հարստացրել ծիածանի բազմերանգությամբ ու ծովի խորությամբ…Իրոք որ ժողովրդական նկարիչ…Իրոք որ ժողովրդական նկարիչ…Նա ապրում է ժողովրդի կյանքով, նրա կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե՛ երեկվա, և թե՛ վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը։ Հայ ժողովրդի ոգու ամրությունն ու գեղեցկությունը, անընկճելի ժողովրդի վեհությունն ու նրա հարստագույն պատմության դրվագներն են արտացոլում Է.Իսաբեկյանի բազմաթիվ կտավները»[9]։
Մորիս Փոցխիշվիլի
  • «Էդ.Իսաբեկյանի արվեստը մի կիզակետ ունի, որից բխում են նրա մտածողության ու զգացողության և՛ ծուխը, և՛ բոցը. դա հայ ժողովուրդն է՝ իր ճակատագրով, իր ճանապարհի փուլերով, իր հայտնի և շարքային դեմքերով, իր բնապատկերով ու պատմությամբ»[10]։
Հրաչյա Հովհաննիսյան
  • «Ես անչափ սիրում եմ Իսաբեկյանի ձիերը։ Թվում է, թե ինքը՝ Էդվարդը, ահա հեծել է հռչակավոր Քուռկիկ Ջալալին ու սլանում է դեպի արվեստի նոր հեռուները»[11]։
Սերո Խանզադյան
  • «Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ։ Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է։ Արվեստը պետք է ապրեցնի։ Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»։
Սերո Խանզադյան
  • «Մենք վաղուց արդեն ապրում ենք դասականի կողքին, և երբ իր անունը լսում եմ, երբ շփվում եմ նրա հետ, հայոց հողի համն ու բուրմունքն եմ զգում և երջանիկ եմ, որ ինքը կա ու այսօր մեծարվում է»[12]։
Սոս Սարգսյան
  • Ուշագրավ է, իր առաջին իսկ գործերում երիտասարդ նկարիչը կարողացել է գեղարվեստորեն ըմբռնել և ընդգրկել շրջապատը, ճշտել իր վերաբերմունքը դեպի արտաքին աշխարհը, ինչպես ասում են «իր անհատական մոտեցումն ունենալ։
Սուրեն Ստեփանյան, 1947
  • Երիտասարդ նկարիչ Է.Իսաբեկյանը կրքոտ կերպով սիրում է իր արվեստը, նրա ստեղծագործությունը հուզական է, ծայր աստիճան անկեղծ և վկայում է նրա ազնիվ սերը դեպի Սովետական հայրենիքը, դեպի կոմունիստական պարտիան և նրա առաջնորդները։
Միխայիլ Օվչիննիկով, 1949
  • Լայն հետաքրքրությունների ու ստեղծագործական հնարավորությունների տեր արվեստագետ է Իսաբեկյանը։ Ժամանակակից կյանքն ու հեռավոր պատմական անցյալը, մարդկային տարբեր բնավորություններն ու հայրենի երկրի յուրատիպ գեղեցկությունը նրա վարպետ վրձնի ուժով ստանում են նոր կյանք, վերածվում հուզող ու դաստիարակող գեղարվեստական պատկերների։
Ռուբեն Պարսամյան, 1964
  • Մեր հին ու հազարամյա ժողովրդի հին ու նոր հերոսական պատմության սքանչելի գույների ասքը – այս է մեծ տաղանդով լեցուն, ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործության բուն և յուրահատուկ էությունը։
Սերո Խանզադյան, 1965
  • Իսաբեկյանը նկարիչ-կոմպոզիտոր է, պատմանկարիչ է, ռոմանտիկ է, և, ամենագլխավորը՝ հայրենասեր է։
Արմեն Վարդանյան, 1965

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էդուարդ Իսաբեկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: