Իոսիֆ Բրոդսկի

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Joseph Brodsky 1988.jpg

Իոսիֆ Բրոդսկի (ռուս.՝ Ио́сиф Алекса́ндрович Бро́дский, մայիսի 24, 1940, Լենինգրադ, ԽՍՀՄ — հունվարի 28, 1996, Նյու Յորք, ԱՄՆ), ազգությամբ հրեա ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թվականին արժանացել է գրականության գրականության Նոբելյան մրցանակին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Փորձեք ընդլայնել ձեր բառապաշարը և դրա հետ վարվել այնպես, ինչպես վարվում եք ձեր բանկային հաշվի հետ։ Մեծ ուշադրություն հատկացրեք ձեր բառապաշարին ու փորձեք բարձրացնել ձեր դիվիդենտները։ Նպատակն այն չէ, որ նպաստեք ձեր պերճախոսությանը ննջարանում կամ մասնագիտական ​​հաջողություններում, թեև ավելի ուշ հնարավոր է և դա, և ոչ էլ ձեզ դարձնել աշխարհի գիտակներ, այլ այն, որ հնարավորություն տաք ինքներդ ձեզ արտահայտվել որքան հնարավոր է ամբողջական ու հստակ, մի խոսքով՝ նպատակը ձեր հավասարակշռությունն է։ Ամեն նոր օրվա հետ մարդու հոգում շատ բան է փոխվում, բայց միևնույն ժամանակ, արտահայտվելու միջոցը մնում է նույնը։ Արտահայտվելու ունակությունը հետ է մնում փորձից։ Զգացմունքներ, գույներ, մտքեր, ընկալումներ, որոնք մնում են անանուն, չարտահայտված, կուտակվում են անհատի մեջ ու կարող են հանգեցնել հոգեբանական պայթյունի կամ տապալման։ Դրանից խուսափելու համար պարտադիր չէ վերածվել «գիրք կրծողի»։ Ուղղակի պետք է ձեռք բերել բառարան և այն կարդալ ամեն օր, իսկ երբեմն պետք է կարդալ նաև բանաստեղծական գրքեր։ Դրանք շատ մատչելի են, բայց նույնիսկ դրանցից ամենաթանկն ավելի մատչելի է, քան մեկ այցը հոգեբանի մոտ։
  • Փորձեք հույսներդ շատ չդնել քաղաքական գործիչների վրա ոչ այնքան նրա համար, որ նրանք խելացի չեն կամ անազնիվ են, ինչպես սովորաբար լինում է, այլ նրանց աշխատանքի մասշտաբի համար, որը բավականին մեծ է նույնիսկ նրանցից լավագույնների համար։ Լավագույն դեպքում նրանք կարող են մի փոքր մեղմացնել սոցիալական չարիքը, բայց արմատախիլ անել չեն կարող։ Որքան էլ որ իրական լինի բարելավումը, մեկ է, էթիկայի տեսանկյունից այն միշտ աննշան է լինելու, որովհետև միշտ կլինեն այնպիսիք, թեկուզ մեկ մարդ, որն օգուտ չի ստանա այդ բարելավումից։
  • Աշխարհը կատարյալ չէ. ոսկե դար երբեք էլ չի եղել ու չի լինելու։ Միակ բանը, որ կլինի աշխարհի հետ, այն է, որ այն կմեծանա, այսինքն՝ մարդիկ կշատանան՝ չմեծացնելով չափերը։ Որքան էլ արդար լինի մարդը, որին դուք ընտրել եք, մեկ է, նա չի խոստացել կիսել կարկանդակը, նա չի մեծացնի չափսերը. չափաբաժիններն ավելի փոքր կդառնան։ Դրա լույսի ներքո կամ, ավելի շուտ, դրա մթությունում, պետք է հույսներդ դնեք ձեր սեփական խոհարարության վրա, այսինքն՝ աշխարհը ղեկավարեք ինքնուրույն, համենայն դեպս, այն մասը, որը հասանելի է ձեզ։
  • Փորձեք համեստ լինել։ Հիմա արդեն մենք շատ ենք, իսկ շուտով ավելի կշատանանք։ Արևի տակ տեղ գտնելու համար այս մաքառումը կատարվում է ուրիշների հաշվին. մարդկանց, որոնք չեն պայքարում։ Այն, որ ստիպված եք լինելու կանգնել ինչ-որ մեկի ոտքի վրա, չի նշանակում, որ դուք պետք է կանգնեք նաև նրանց ուսերին։ Բացի այդ, այն ամենը, ինչ կտեսնեք այս տեսանկյունից, մարդկային ծով է, գումարած նրանց, ում դիքորոշումը նման է ձերին՝ տեսանելի, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ անհուսալի, նրանք, ում դուք անվանում եք հարուստներ ու հռչակավորներ։
  • Եթե դուք ուզում եք դառնալ հարուստ կամ հռչակավոր, կամ թե՛ մեկը, թե՛ մյուսը, շատ լավ, բայց ամբողջովին մի տարվեք դրանով։ Ցանկանալ մի բան, որն ունի ուրիշը, նշանակում է՝ կորցնել սեփական ինքնատիպությունը։ Մյուս կողմից, դա, իհարկե, խթանում է զանգվածային արտադրությունը։
  • Խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ տալուց։ Որքան էլ որ անտանելի լինի ձեր վիճակը, փորձեք արտաքին ուժերին չմեղադրել դրանում։ Օրինակ՝ պատմությանը, կառավարությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի շրջափուլերին, մանկությանը, վաղաժամ վայրէջքին և այլն։ Այն պահին, երբ մեղքը գցում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա, դուք խափանում եք ինչ-որ բան փոխելու սեփական վճռականությունը։
  • Ընդհանուր առմամբ փորձեք հարգանքով մոտենալ կյանքին՝ ոչ միայն նրա հրաշքների, այլև դժվարությունների համար։ Դա խաղի մաս է կազմում, ինչպես և դուք շուտով կհայտնաբերեք, և կասկածում եմ, թե դա խաբկանք է։ Ամեն անգամ, երբ դուք հուսահատ կամ հուսահատության եզրին եք, երբ ունեք անհաջողություններ կամ դժվարություններ, հիշեք՝ ձեզ հետ խոսում է կյանքը՝ իրեն հայտնի միակ լեզվով։
  • Այն աշխարհը, որտեղ դուք պատրաստվում եք մուտք գործել, լավ համբավ չունի։ Դա քնքուշ տեղ չէ, ինչպես դուք շուտով կհայտնաբերեք։ Կասկածում եմ, որ այն ավելի հաճելի կդառնա այն ժամանակ, երբ դուք այն լքեք։ Միևնույն ժամանակ, դա միակ աշխարհն է, որը դուք ունեք։ Այլընտրանքներ չկան, իսկ եթե լինեն էլ, ապա երաշխիք չկա, որ դրանից լավը կլինեն։
  • Փորձեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր կփորձեն ձեր կյանքը դժբախտ դարձնել։ Այդպիսիք շատ կլինեն ինչպես՝ «պաշտոնական պարտավորվածությամբ», այնպես էլ՝ ինքնանշանակմամբ։ Հանդուրժե՛ք, եթե չեք կարող խուսափել նրանցից, բայց հենց որ նրանցից ազատվեք՝ անմիջապես մոռացեք։
  • Այն, ինչ անում են ձեր թշնամիները, իր նշանակությունը կամ կարևորությունը ձեռք է բերում նրանից, թե ինչպես եք դրան արձագանքում։ Դրա համար անցեք նրանց միջով կամ կողքով, ասես նրանք դեղին լույս են, այլ ոչ թե կարմիր։ Այդպես դուք կազատեք ձեր ուղեղն անօգուտ անհանգստությունից։ Հնարավոր է, որ այդպես դուք փրկեք նաև այդ տխմարներին հենց իրենցից։ Մոռացված լինելու հեռանկարը կարճ է ներված լինելու հեռանկարից։
  • Ալիքը փոխեք. դուք չեք կարող վերջ տալ այդ ցանցի հեռարձակմանը, բայց, համենայնդեպս, ձեր ուժերի սահմաններում է իջեցնել ռեյտինգը։ Այս որոշումը դժվար թե դուր գա հրեշտակներին, բայց այն միանշանակ կհասցնի հարված չարքերին, իսկ այս պահին դա ամենակարևորն է։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իոսիֆ Բրոդսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: