Օրհան Փամուկ

Վիքիքաղվածք-ից
Օրհան Փամուկը

Ֆերիթ Օրհան Փամուկ (թուրքերեն՝ Ferit Orhan Pamuk) (ծնվ.է՝ հունիսի 7, 1952 թ.), թուրք պոստմոդեռնիստ վիպասան։ Նա դարձել է Թուրքիայի ամենանշանավոր վիպասաններից մեկը։ 2005 թվականին սկսել է հետապնդվել Թուրքիայում այն բանից հետո, երբ պնդել է, որ 1915 թվականի հայերի սպանդը ցեղասպանության հետևանք է եղել։ 2006 թվականին Օրհան Փամուկը ստացել է գրականության Նոբելյան մրցանակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեզ՝ գրողներիս ամենահաճախ տրվող, սիրելի հարցը հետևյալն է. ինչո՞ւ եք գրում։ Ես գրում եմ, որովհետև բնածին կարիք ունեմ գրելու։ Գրում եմ, որովհետև չեմ կարող նորմալ գործ անել, ինչպես ուրիշներն են անում։ Գրում եմ, որովհետև ուզում եմ այնպիսի գրքեր կարդալ, ինչպիսին որ ես եմ գրում։ Գրում եմ, որովհետև ես բարկացած եմ բոլորի վրա։ Գրում եմ, որովհետև սիրում եմ ողջ օրը նստել սենյակում և գրել։ Գրում եմ, որովհետև կարող եմ իրական կյանքին մասնակցել միայն այն փոխելով։ Գրում եմ, որովհետև ուզում եմ, որ ուրիշները, ողջ աշխարհն իմանա, թե մենք ինչ տեսակ կյանք ենք ապրել և շարունակում ենք ապրել Ստամբուլում, Թուրքիայում։ Գրում եմ, որովհետև ես սիրում եմ թղթի, գրչի և թանաքի հոտը։ Գրում եմ, որովհետև հավատում եմ գրականությանը, վեպի արվեստին ավելի, քան որևէ այլ բանի։ Գրում եմ, որովհետև դա սովորություն է, կիրք։ Գրում եմ, որովհետև վախենում եմ մոռացվելուց։ Գրում եմ, որովհետև սիրում եմ այն փառքն ու հետաքրքրությունը, որ գրելը բերում է։ Գրում եմ, որ մենակ լինեմ։ Գուցե գրում եմ, որովհետև հույս ունեմ, որ կհասկանամ, թե ինչու եմ այսքան շատ բարկացած բոլորի վրա։ Գրում եմ, որովհետև սիրում եմ, երբ գրածներս կարդում են։ Գրում եմ, որովհետև եթե մի վեպ, մի ակնարկ կամ մի էջ արդեն սկսել եմ, ուզում եմ այն վերջացնել։ Գրում եմ, որովհետև բոլորն ինձնից սպասում են, որ գրեմ։ Գրում եմ, որովհետև մանկական հավատ եմ տածում գրադարանների անմահության և գրադարակներում գրքերիս նստելու ձևի հանդեպ։ Գրում եմ, որովհետև հուզիչ է կյանքի բոլոր գեղեցկություններն ու հարստությունները բառերի վերածելը։ Ես գրում եմ ոչ թե պատմվածք պատմելու, այլ ստեղծելու համար։ Գրում եմ, որովհետև հույս ունեմ եմ փախչելու այն կանխազգացումից, որ մի տեղ կա, ուր պիտի գնամ, բայց ինչպես երազում, այդպես էլ չեմ կարողանում հասնել։ Ես գրում եմ, որովհետև երբեք չեմ կարողացել երջանիկ լինել։ Գրում եմ, որ երջանիկ լինեմ։
«Հորս Ճամպրուկը», Գրականական Նոբելյան մրցանակի դասախոսություն, դեկտեմբեր 7, 2006[1]
  • Լինել լավ ընթերցող չի նշանակում կարդալ և ամրագրել տեքստը. հարկավոր է ամբողջ հոգով ընկղմվել նրա մեջ։ Ամբողջ կյանքում շատ քիչ գրքերի ենք մենք սիրահարվում։ Լավ անձնական գրադարանը կազմված պետք է լինի հենց հազվագյուտ և իսկական գրքերից։ Ֆլոբերը ճիշտ էր, երբ ասում էր՝ եթե մարդն ուշադրությամբ տաս գիրք ընթերցի, իմաստուն կդառնա։ Մինչդեռ մարդիկ սովորաբար տաս գիրք անգամ չեն կարդում. դրա համար են գրքեր հավաքում և պարծենում գրադարանով։ Ես արդարացում ունեմ, քանի որ ապրում եմ մի երկրում, ուր գրեթե գիրք և գրադարան չկա։ Գրադարանիս տասներկուհազար գրքերն իմ ստեղծագործական աշխատանքի ներշնչանքի աղբյուրն են։Հնարավոր է, տասներկուհազարից իրականում սիրում եմ տաս տասնհինգը, բայց ես սիրահարված եմ իմ գրադարանին։ Գրքերը ես առարկաների նման չեմ սիրում։ Ես երջանիկ եմ, որ նրանք իմ շուրջն են, ես ճանաչում եմ նրանց և ցանկացած պահի կարող եմ ընթերցել ուզածս գիրքը. այդպես երջանիկ ենք լինում, երբ գիտենք, որ կան կանայք, որոնք մշտապես պատրաստ են սիրել մեզ։ Եվ քանի որ խուսափում եմ այդ կապվածությունից, այնպես ինչպես վախենում եմ սիրուց, ցանկացած պատրվակով ուրախ եմ ազատվել գրքերից։ Վերջին տաս տարիների ընթացքում գրքերից ազատվելու նոր առիթ եմ գտել, որ մտքովս մինչ այդ չէր անցել։ Գրողները, որոնց գրքերը «մեր ազգայինը» լինելու համար եմ գնել, հավաքել և երբեմն՝  նույնիսկ կարդացել, վերջին տարիներին համառորեն փորձում են ապացուցել, թե որքան վատն են իմ գրքերը։ Սկզբում ուրախանում էի, որ նրանք ստեղծագործությանս այդպիսի մեծ նշանակություն են տալիս։ Հիմա ուրախանում եմ, որ գրադարանս մաքրելու համար ավելի են պակասում հիմար, միջակ շնորհազուրկ, ծնված օրվանից իսկ դժբախտ, քիչ հայտնի հիսուն-յոթանասունականների հնաբույր թուրք գրողների գրքերը։
«Ինչպես եմ ազատվում որոշ գրքերից» էսսեից [2]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Նոբելյան լեկցիա(անգլերեն)։ Վերստացված է՝ 2009-1-1։
  2. Կանոն գրչության. Օրհան Փամուկ (Թարգմանությունը՝ Հրաչյա Սարիբեկյանի)։ Hraparak.am (հոկտեմբերի 14, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 23, 2015 թ.։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օրհան Փամուկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: