Jump to content

Սիդհարթա (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Սիդհարթա» (գերմ.՝ Siddhartha), Հերման Հեսսեի այլաբանական վեպ-պրիտչան, որն առաջին անգամ հրատարակվել է S. Fischer Verlag հրատարակչության կողմից 1922 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մենք գտնում ենք մխիթարություններ, սփոփանք, մենք գտնում ենք ընդարմացումներ, ուսանում հմուտ ճարտարություններ, որոնցով ինքներս մեզ խաբում ենք։ Սակայն ամենակարևորը՝ ուղիների ուղին, մենք այդպես էլ չենք գտնում:- Սիդհարթա
  • Երկար ժամանակ ինձանից պահանջվեց, և դեռ վերջին չեմ հասել այս մեն-միակ բանը հասկանալու համար, այն, որ հնարավոր չէ որևիցե բան սովորել... Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանակոչում։ Կա, գոյություն ունի, բարեկա՛մս, միայն մի՛ գիտելիք, որն ամենուր է, և դա Աթմանն է, այն իմ մեջ է և քո մեջ և յուրաքանչյուր էակի մեջ։ Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունի ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը։
  • Դու միշտ իմ ընկերն ես եղել, մշտապես ինձանից մի քայլ ետ ես քայլել։ Ես հաճախ եմ մտածել. մի՞թե մեկ անգամ էլ Գովինդան միայնակ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ` ԱՌԱՆՑ ԻՆՁ, ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳՈՒ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ։ Բայց ահա, հիմա դու տղամարդ ես դարձել և ինքդ ես քո ճանապարհն ընտրում։ Թող որ այդպես դու քո ճանապարհը մինչև վերջ գնաս, թող որ դու գտնես փրկությունը...
  • Ոչ ոք չի կարող հասնել փրկության շնորհիվ որևէ ուսմունքի:-Սիդհարթա
  • Պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը։ Միայն այդ պայմանով զգացողությունները դառնում են ճանաչողություն ու չեն կորչում, այլ էություն են ձեռք բերում և սկսում են ճառագել այն լույսը, որ պարփակված է իրենց մեջ։
  • Ի՞նչ է ինքնախորասուզումը։ Ի՞նչ ասել է մարմնից հրաժարումը։ Ի՞նչ է ծոմ պահելը կամ ի՞նչ ասել է շնչառության կանգառումը։ Դա փախուստ է եսից, դա մի կարճատև փախուստ է սեփական եսի կեցության տառապանքներից, կյանքի անիմաստության ու ցավի հանդեպ մի կարճաժամկետ ինքնաթմրեցում։
  • - Բայց իսկապես ի՞նչ էիր դու ցանկանում սովորել ուսուցիչներից ու նրանց ուսմունքներից, և այդ ի՞նչն էր, որ ինչքան էլ նրանք փորձեցին քեզ սովորեցնել, սակայն այդպես էլ չկարողացան սովորեցնել քեզ:- Եվ նա գտավ պատասխանը,- սեփական եսի, նրա իմաստի ու էության ճանաչողությունը, ահա՛ թե ինչի էի ես ձգտում, ինչ էի ցանկանում սովորել։ Ես ուզում էի ձերբազատվել նրանից, հաղթահարել իմ եսը։ Բայց այդ բանը ես չկարողացա անել, ես կարողացա լոկ մոլորեցնել նրան, փախչել նրանից, թաքնվել նրանից։ Իսկապես, աշխարհում ոչինչ այնքան չէր զբաղեցնում իմ միտքը, որքան իմ այդ եսը, այն հանելուկը, որ ես ողջ եմ, ապրում եմ, այն, որ ես բոլոր մյուսներից տարբեր ու առանձնակի մի բան եմ ինձանից ներկայացնում, որ ես Սիդհարթան եմ... Եվ աշխարհում ոչ մի բանի մասին ես այնքան ավելի քիչ չգիտեմ, որքան Սիդհարթայի մասին...
  • Սիդհարթան զմայլված իր շուրջն էր նայում, ասես առաջին անգամ էր աշխարհը տեսնում։ Ի՜նչ գեղեցիկ էր աշխարհը, բազմազան ու գունագեղ, զարմանահրաշ ու առեղծվածային էր աշխարհը... Մի տեղ կապույտ էր, մեկ այլ տեղ՝ դեղին, երրորդում՝ կանաչ, երկինքն էր հոսում ու գետը, զառիվեր խոյանում էին անտառն ու լեռը, ողջը գեղեցիկ էր, ամեն-ամեն ինչ առեղծվածային էր ու կախարդական, և այդ ողջ հրաշքի ճիշտ մեջտեղում կանգնած էր ինքը՝ Սիդհարթան, արթնացողը, ինքն իրեն վերադարձի ճանապարհին։ Այդ ամենը, բոլոր այդ դեղինն ու կապույտը, գետն ու անտառը, առաջին անգամը լինելով, մուտք էր գործում Սիդհարթայի մեջ՝ նրա աչքերի միջով։ Կապույտը կապույտ էր, գետը՝ գետ, և թեկուզ կապույտի ու գետի մեջ, Սիդհարթայի մեջ ծպտված ապրում էր միասնականն ու աստվածայինը, սակայն, չէ՞ որ հենց դրանում է աստվածայինի հատկությունն ու իմաստը. այստեղ դեղին լինել կամ կապույտ, այնտեղ՝ երկինք, ահա այնտեղ՝ անտառ, իսկ այստեղ էլ՝ Սիդհարթա։ Իմաստն ու էությունը երբեք ինչ-որ տեղ, իրերից զատ, նրանցից դուրս չեն եղել, այլ հենց նրանց մեջ ամփոփված, ամեն-ամեն ինչում, ամենագո։ Սիդհարթան միշտ մի նոր բան էր սովորում իր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, քանի որ աշխարհը փոխակերպվել էր, և իր սիրտն էլ կախարդված էր։ Նա տեսնում էր արևի ծագումը անտառոտ լեռան թիկունքից և՝ նրա մայրամուտը հեռավոր արմավենիների ծովափին նշմարվող հորիզոնի ետևում։ Գիշերները նա տեսնում էր աստղերի ընթացքը երկնքում, լուսնեղջույրը, որ լողում էր կապույտի մեջ՝ որպես մի նավակ։ Նա տեսնում էր ծառերը, աստղերը, կենդանիներին, ամպերը, ծիածանը, ժայռածերպերը, խոտասեզերը, ծաղիկները, աղբյուրն ու գետը, վաղորդայնի թփուտների մեջ փայլատակող ցողը, հեռվում երևակվող կապտաթույր ու սպիտակափառ լեռները, թռչունների երգեցողությունն ու մեղուների բզզոցը, արծաթագույն բրնձի դաշտերում թևածող քամու շշնջոցը։ Այդ ամենը, հազարածալ ու բազմաբղետ, միշտ էլ գոյություն է ունեցել, նախկիններում էլ արեգակն ու լուսինը մշտապես փայլատակել են, գետերն աղմկել ու մեղուներն իրենց բզզոցն են արձակել, սակայն այն երբեմնի ժամանակներում այդ ամենը Սիդհարթայի համար այլ բան չի եղել, քան հպանցիկ մի երևույթ, պատրանքով բուրող տեսախաբություն, որ ժամանակ առ ժամանակ երևակվում էր իր աչքերի առաջ, որոնց կասկածելի գոյության հանդեպ հարկ էր լոկ աչք փակել և որը հենց միայն այն նպատակով գոյություն ուներ, որպեսզի խզվեր ու ոչնչացվեր մտածողության կողմից, քանի որ դա էություն չէր, քանի որ էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին։ Այժմ, սակայն, նրա ազատագրված հայացքը կանգ էր առնում այն ամենի վրա, ինչն ընկած էր այս կողմում, նա տեսնում ու ճանաչում էր տեսանելին, հայրենիք էր փնտրում այս աշխարհում, իրերի էությունները չէր փնտրում, չէր ձգտում դեպի այնկողմնայինը։ Գեղեցիկ էր աշխարհը, երբ մարդս այն ընկալում է այնպես, ինչպիսին այն կա, այդպես՝ առանց որոնելու, այնպես պարզ ու մանկամտորեն։ Գեղեցիկ էին լուսինն ու աստղերը, սքանչելի էին աղբյուրն ու ծովեզերքը, անտառն ու ժայռը, այծերն ու ոսկեթև բզեզները, ծաղիկներն ու թիթեռնիկները։ Որքա՜ն հիասքանչ ու սիրելի էր քայլել այդ աշխարհով, մանկան պես, արթնացած, հոգին պարզած ամենայն մերձավորին, հաշտ ու խաղաղ, առանց տարակույսի դույզն-ինչ նշույլի։ Արևն այլ կերպ էր գլուխդ այրում, մեկ ուրիշ կերպ էին զովություն պարգևում անտառի ստվերները, ուրիշ կերպ էին բուրում աղբյուրն ու գետնափոր ջրապահեստը, սեխն ու բանանները։ Օրերն ավելի կարճ էին թվում, գիշերներն՝ ավելի շուտանցիկ, ժամերն իրար ետևից թռչում էին ու անհետանում, ինչպես ծովում լողացող առագաստը, և առագաստի ներքո նավն էր՝ գանձերով լի, հաճույքներով լեփլեցուն։ Սիդհարթան տեսավ կապիկների մի թափառախումբ, որ թրև էր գալիս անտառի բարձրաբերձ կամարի ներքո, բարձրուղեշ ճյուղերի մեջ, լսում էր նրանց վայրի, վավաշոտ երգեցողությունը։ Սիդհարթան տեսավ, թե ինչպես է խոյը հետապնդում մաքիին ու զուգավորվում նրա հետ։ Նա տեսավ, թե ինչպես էր եղեգնուտին սահմանակցող լճակում երեկոյան քաղցը հագեցնելու համար որսի դուրս եկել շնաձուկը, ինչպես էին նրա առջևից փախչում երիտասարդ ձկնիկները, որ, վախը սրտներում, ժամանակ առ ժամանակ, ամբողջ վտառներով ցատկոտում էին լճակի մակերևույթին՝ փայլեցնելով իրենց ոսկե թեփուկները։ Ուժ ու խանդավառ կիրք էր ճառագում շուրջբոլորը՝ ձկնորսի կատաղի ու ինքնամոռաց ընթացքից գոյացած ջրակոհակներից։ Այդ ամենը մշտապես եղել է, և ինքը առաջներում չի էլ նկատել դա, նա այդ ամենին ներկա կամ մասնակից չի եղել։ Հիմա ինքն այդ ամենին մասնակից է ու ներկա, ինքը պատկանում է դրան։ Իր հայացքի միջով սահում-անցնում էին լույսն ու ստվերը, իր սրտի միջով անց էին կենում աստղերն ու լուսինը...
  • - Ինչքա՜ն խուլ ու բութ էի ես,- մտածեց Սիդհարթան:- Երբ մեկը մի ձեռագիր է ընթերցում և ցանկանում է հասկանալ նրա իմաստը, նա երբեք չի արհամարհի կամ ատի նշաններն ու տառերը և նրանց չի կոչի խաբկանք, մոլորություն, պատահականություն կամ անարժեք թաղանթ, այլ նա կընթեռնի դրանք՝ տառ առ տառ, սիրով կլցվի նրանց նկատմամբ, ամեն տառի ու նշանի հանդեպ։ Մինչդեռ ես, որ ցանկանում էի ընթեռնել աշխարհի և իմ սեփական էության գիրքը, մի ինչ-որ նախապես ենթադրյալ իմաստի սիրույն արհամարհանքով էի նայում նշաններին ու տառերին, երևույթների աշխարհը ես կոչում էի մոլորություն ու խաբկանք, իմ աչքն ու իմ լեզուն անվանում էի պատահական ու արժեզուրկ երևույթներ։ Օ՜ ոչ, դա արդեն անցյալին է պատկանում, ես արդեն արթնացել եմ, ես իսկապես որ արթնացել եմ, ես հենց միայն այսօր եմ ծնվել։
  • Այդ պահից ի վեր, երբ նրան շրջապատող աշխարհն ասես հալվեց-անէացավ, երբ նա միայնակ մնաց, ինչպես երկնքի աստղը, հոգևոր սառնության ու ընդարմացման, հոգեկան անկման այդ ակնթարթին Սիդհարթան դուրս լողաց՝ առաջվանից ավելի ամուր ու կարծրացած եսով։ Նա զգաց, որ դա արթնացման վերջին ոգորումն էր, ծնվելու վերջին սարսռացող ցնցումը։ Դրանից հետո նա անմիջապես ճանապարհ ընկավ, արագացրեց քայլերը և անհամբերությամբ առաջ էր սլանում, բայց ոչ թե դեպի տուն, հոր մոտ, այլ հեռանում էր իր անցյալ կյանքից։
  • Երկուսն էլ՝ ինչպես մտքերը, այնպես էլ՝ զգացմունքները, գեղեցիկ բաներ են, որոնց թիկունքում թաքնված է ողջի ու ամենի իրական իմաստը, երկուսին էլ, թե՛ մեկին, թե մյուսին հարկավոր է ունկնդրել, խաղալ նրանց հետ, նրանց ոչ պետք է անտեսել, ոչ էլ թերագնահատել, երկուսի մեջ էլ հարկավոր է լսել նրանց խորքերում հնչող ծածուկ ձայները։
  • Նա վճռել էր ընթանալ դեպի այնտեղ, ուր իրեն առաջնորդում էր իր ներքին ձայնը և չմնալ այնտեղ, ինչից իրեն ետ էր պահում այդ նույն ներքին ձայն կոչվածը։
  • …Ամենքը վերադառնում են… Դու՛ էլ, մի օր, կվերադառնաս։
  • Բոլոր մարդիկ երախտապարտ են ու շնորհակալ, թեև իրենց նկատմամբ է պատշաճում շնորհապարտ լինել։ Բոլորը հարգանքով են լցված, բոլորը հաճույքով ցանկանում են բարեկամ լինել, հաճույքով են հնազադվում և խորհրդածում են հնարավորինս քիչ։ Մարդիկ նման են երեխաների։
  • Սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ, գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան հնարավոր չէ:-Քամալա։
  • Այն ժամանակ ես իմ առաջ համառ նպատակ դրեցի։ Եվ հենց այն նույն վայրկյանից, երբ իմ մեջ ծնվեց այդ նպատակը, ես արդեն գիտեի, որ կարողանալու եմ այն իրագործել։
  • Նայի՛ր. երբ դու ջրի մեջ քար ես նետում, ապա այն շատ արագ, ամենակարճ ճանապարհով ջրի հատակն է ընկղմվում։ Նույն կերպ է վարվում նաև Սիդհարթան, երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում։ Սիդհարթան ոչինչ չի անում, նա միայն սպասում է, մտածում, ծոմ պահում, բայց նա անցնում է աշխարհի իրերի ու գոյացությունների միջով, ինչպես որ քարն է անցնում ջրի միջով, դրա համար ոչինչ չանելով, անգամ չնչին մի շարժում։ Նա տրվում է իրեն ձգող ուժին, թողնում, որ ինքը ցած ընկնի։ Նրա նպատակն արդեն ինքնին ձգում-տանում է իրեն, քանի որ նա չի թողնում իր սրտի մեջ ներթափանցել որևիցե մի բան, ինչը կարող էր հակառակվել հետապնդվող նպատակին։ Սա այն է, ինչը տխմարները կախարդանք են անվանում և երևակայում են, թե այդ մոգական ուժը ձեռք է բերվում դևերի օգնությամբ, սակայն դևերը, որպես այդպիսիք, այստեղ դեր չունեն, դրանք իրականում գոյություն էլ չունեն։ Յուրաքանչյուր ոք կարող է հմայել, յուրաքանչյուր ոք կարող է հասնել իր նպատակին, եթե միայն նա ընդունակ է մտածելու, սպասելու ու ծոմ պահելու։
  • Գրելը լավ բան է, մտածելը ավելի լավ է։ Խելքը լավ է, համբերությունը շատ ավելի լավ բան է։
  • Չի կարելի հաճույք ստանալ՝ առանց որ ինքդ այն կտաս։
  • Սիրահարները սիրո տոնահանդեսից հետո չպետք է բաժանվեն իրարից՝ առանց փոխադարձ սքանչացում արտահայտելու միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրը պետք է հավասարապես և՛ պարտվածի և՛ հաղթողի տպավորություն թողնի, այնպես որ նրանցից ոչ ոքի մոտ չծնվի հագեցումի ու դատարկության զգացումը, և այն տհաճ զգացողությունը, թե ինքն ի չարս է գործադրել կամ օգտվել է դիմացինի թուլությունից և կամ ինքն է անթաքույց ենթարկվողականություն ցուցաբերել։
  • Նա տեսնում էր, թե ինչ երեխայական կամ զուտ կենդանական կյանքով էին ապրում մարդիկ, որոնց նա միաժամանակ և՛ սիրում, էր և՛ ատում։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք ջանքեր թափում, տառապում ու ճերմակելով ծերանում են իրերի պատճառով, իրեր, որ նրա կարծիքով, դրան չարժեին, փողի համար, մանր-մունր հաճույքների, չնչին պատիվների արժանանալու համար։
  • Սրտի խորքում, այնտեղ, ուր իր էության մշտնջենական աղբյուրն էր տրոփում, նա այս կյանքում ներկա չէր։ Այդ աղբյուրը հոսում էր մի ինչ-որ տեղ, հեռուներում, հոսում էր ու հոսում, նրան բոլորովին անտեսանելի, հոսում էր ու շարունակ հեռանում և այլևս ոչ մի ընդհանուր բան չուներ իր կյանքի հետ։ Այդ մտքերը մի քանի անգամ վախ արթնացրին նրա մեջ, և սրտի խորքում ափսոսանք առաջացավ առ այն, որ ինքն այլևս չի կարող սրտով մասնակիցը դառնալ կյանքի այդ բոլոր մանկական մանրուքներին, նրանց վերաբերվել կրքոտ խանդավառությամբ, և նրա մեջ ցանկություն արթնացավ իսկապե՛ս ապրել, աշխատել, այս կյանքի իրական հաճույքը վայելել և ոչ թե լինել նրա հասարակ հանդիսատեսը։
  • Քո մեջ, քո ներսում կա մի խաղաղ ապաստարան, ուր դու կարող ես մուտք գործել ցանկացած պահի և զգալ քեզ որպես քո տանը։ Ես նույնպես դա կարող եմ անել։ Շատ քիչ մարդիկ ունեն այդ ապաստանը, մինչդեռ բոլորն էլ կարող էին այն ունենալ։
  • Մարդկանց մեծ մասը, նման է ընկնող տերևի, նրանք ճախրում եմ օդում, պտույտներ են գործում՝ քամու բերանն ընկած, բայց վերջիվերջո գետնին են ընկնում։ Մյուսները, սակայն, շատ քչերը, նման են աստղերի, նրանք ընթանում են խիստ որոշակի և ամրակուռ ուղիով, և ոչ մի քամի չի կարող հասնել նրանց և ստիպել շեղվել ճանապարհից։ Նրանք իրենց մեջ են կրում իրենց օրենքներն ու իրենց ուղին։
  • Նա նախանձում էր նրանց այն բանի համար, ինչն իրեն պակասում էր, բայց նրանք ունեին. այն կարևորությունը, որ նրանք հատկացնելու պես վերագրում էին իրենց կյանքի բոլոր դրսևորումներին, նրանց ուրախությունների ու տագնապների կրքոտ խանդավառությանը, նրանց հավերժական սիրահարվածության հեզաբարո, բայց քաղցր երջանկությանը։ Իրենք իրենց, իրենց կանանց, իրենց երեխաներին, պատվին կամ փողին, ծրագրերին կամ հույսերին մշտապես սիրահարված էին այդ մարդիկ։ Բայց նա հենց դրանք էլ չյուրացրեց այդ մարդկանցից, հենց դրանք, այդ մանկամիտ ուրախություններն ու երեխայական խենթությունները չսովորեց նրանցից, այլ յուրացրեց միայն այն տհաճ գծերը, որոնք ինքն ատում էր նրանց մեջ։
  • Նա միայն նկատեց, որ այն վճիտ ու ինքնավստահ ներքին ձայնը, որը մի ժամանակ արթնացել էր իր մեջ և մշտապես ղեկավարել էր իրեն իր կյանքի այն շողարձակող ժամանակներում, հիմա ինչ-որ չի լսվում, լռել է։
  • Հիշի՛ր, սիրելի՛ս, ամեն ինչ անցողիկ է երևույթների աշխարհում, անցողիկ են նաև մեր հանդերձանքները, մեր մազերի սանրվածքը, անցողիկ են մազերն իրենք էլ ու մեր մարմինը։
  • Զարմանալի էր իր ճակատագիրը... Իր կյանքն արդեն զառիվայր էր ընթանում, և ինքն ահա կանգնած էր աշխարհին դեմ հանդիման՝ դատարկաձեռն, մերկանդամ ու կատարյալ անգիտության մեջ։ Բայց այդ բանի գիտակցումից նա որևէ ցավ չէր զգում, օ ոչ, նրա մեջ նույնիսկ ծիծաղելու ցանկություն առաջացավ, ծիծաղ ամեն ինչի հանդեպ՝ իր հանդեպ, այդ տարօրինակ, անհեթեթ ու խելացնոր աշխարհի հանդեպ։
  • Փաստորեն ստացվեց այնպես, որ ես կամաց-կամաց, զարտուղի ու ոլորապտույտ ճանապարհներով նորից վերադարձա դեպի իմ մանկությունը, դարձա երեխա, մտածող մարդուց վերածվեցի մեծահասակ երեխայի՝ երեխա-մարդու։ Սակայն, ամեն դեպքում այդ ճանապարհը շատ լավն էր, իմ կրծքի տակ երգող թռչունը, համենայնդեպս, չմահացավ։ Բայց ի՞նչ ճանապարհ էր դա։ Որքա՜ն հիմարությունների, արատների, մոլորությունների միջով ես ստիպված եղա անցնել, որքան նողկալի բաներ, հուսահատություններ ու տառապանքներ ես վերապրեցի, և այդ ամենը սոսկ նրա համար, որպեսզի նորից երեխա դառնամ ու ամեն ինչ սկսեմ ամենասկզբից։ Բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, իմ սիրտը հավանություն է տալիս դրան, իմ աչքերը ուրախ են դրա համար։ Ես պետք է մեծագույն հուսահատության գիրկն ընկած լինեի, պետք է գահավիժեի մինչև մտքերից ամենախելացնորի՝ ինքնասպանության գաղափարի անհատակ անդունդը, որպեսզի ընդունակ դառնայի ընդունելու ողորմությունը, որպեսզի նորից կարողանայի քնել ու արթնանալ, ինչպես որ հարկն է։ Պետք է մեղք գործեի, որպեսզի նորից ապրել կարողանայի։ Տեսնես դեռ ու՞ր է տանելու ինձ իմ ճանապարհը։ Անհեթեթ ու անմիտ է այդ ճանապարհը, այն ընթանում է ոլորապտույտներով, գուցե նույնիսկ պտտվում է շրջանի ներսում։ Թող այդպես լինի։ Ի՞նչ էլ որ նա լինի, ես ուզում եմ շարունակել իմ ճանապարհը։
  • Միայն մի լավ բան կա, որի համար ես ինձ իրավունք եմ վերապահում ինզինքս գովելու, դա այն է, որ ես դադարեցի ինքս ինձ ատել ու չարիք սերմանել իմ անձի նկատմամբ, որ ես վերջ դրեցի այդ անմիտ ու դատարկ կյանքին... Փա՜ռք քեզ ու պատիվ, Սիդհարթա, որ անգիտակից անցկացրած այդքան տարիներից հետո դու նորից խելամիտ ճանապարհ ես ընտրել և ճիշտ ես վարվել. լսել ես քո կրծքի տակ երգող թռչնակին ու հետևել նրան...
  • Լավ է, երբ ինքդ ես ճաշակում այն ամենը, ինչն անհրաժեշտ ես համարում գիտենալ։ Որ աշխարհային հաճույքներն ու հարստությունը լավ բան չեն խոստանում, ես այդ մասին արդեն իսկ երեխա ժամանակ էլ գիտեի։ Ես դա շատ վաղուց գիտեի, սակայն համոզվեցի միայն այժմ։ Հիմա ես դա գիտեմ, և գիտեմ ոչ թե սրանից-նրանից լսելով, այլ դրանում համոզվեցի ու տեսա այն իմ սեփական աչքերով, սեփական սրտով, սեփական ստամոքսով։ Երանի՜ ինձ, որ ես դա գիտեմ հիմա...
  • Նա տարիներ շարունակ պետք է հանդուրժեր այդ նողկալի գոյությունը, գարշանքով կրեր դատարկ ու անիմաստ կյանքի ողջ ձանձրույթը, կրեր այն մինչև վերջ, մինչև դառը հուսահատությունը, մինչև որ նրա մեջ չմահանար հեշտասեր Սիդհարթան, ընչաքաղց Սիդհարթան։ Նա մահացավ վերջապես և մի նոր Սիդհարթա արթնացավ այն խորախոր քնից։
  • Ով որ կկարողանա հասկանալ գետին ու նրա գաղտնիքները, նա կհասկանա նաև շատ ուրիշ բաներ, նրա առաջ կբացվեն շատուշատ գաղտնիքներ, բոլոր գաղտնիքները։ Այդ գետի գաղտնիքներից, սակայն, նա այսօր միայն մեկը տեսավ, որը և ցնցեց նրա հոգին։ Նա տեսավ, որ այդ գետը հոսում էր ու հոսում, այն հոսում էր հարատև և առանց կանգառի, և, սակայն, մշտապես այստեղ էր, մշտապես և բոլոր ժամանակներում նույնն էր ու այնուհանդերձ ամեն վայրկյան նոր էր։ Նա գետից անդադար սովորում էր։ Նախ և առաջ Սիդհարթան նրանից սովորեց լսել, ունկնդրել խաղաղ սրտով, բացազատ և սպասումով լի սրտով, առանց կրքի, առանց ցանկության, առանց դատողության ու կարծիքի։

Գետն ամենուր և ամեն անգամ նույնն էր՝ իր ակունքում ու գետաբերանին, վարար ջրվեժի հատվածում, գետանցումին, ծովին հանդիպելիս, լեռներում, ամենայն պահի ու ամեն տեղ նույնն էր, քանի որ նրա համար միայն ներկան գոյություն ունի, ոչ թե անցյալի ստվերները կամ ապագայի ստվերները։

  • Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր լսել գիտեն։
  • Ոչինչ չի եղել, ոչինչ չի լինելու, ողջը է՛, ամեն-ամենայն ինչ իրական է, միայն ու միայն ներկա գոյություն ունի։
  • Ոչ մի ուսմունք չի կարող ընդունել ճշմարիտ որոնողը, նա, որ ճշմարտապես գտնել է ցանկանում։ Սակայն նա, ով արդեն գտել է, նա կարող է ամենայն ուսմունք ընդունել, ամեն ճանապարհ, յուրաքանչյուր նպատակ, իրեն այլևս ոչինչ չի բաժանում բոլոր այն հազարավոր մյուսներից, որոնք հավերժի մեջ են ապրում, որոնք աստվածայինն են ներշնչում։
  • Բայց նա սիրում էր նրան, և իր համար ավելի սիրելի էր իր սիրուց ծնված ցավն ու հոգսը, քան երջանկությունն ու խաղաղությունը՝ առանց իր որդու։
  • Դու նրա վրա չես բռնանում, չես ծեծում նրան, նրան չես կարգադրում, քանի որ դու գիտես, որ փափուկն ավելի ամուր է, քան կոշտը, ջուրն ավելի ուժեղ է ժայռից, սերն ուժեղ է բռնությունից։
  • Չլինի՞ թե դու իսկապես մտածում ես, թե քո բաժին հիմարություններն ու սխալները գործելով դու կարող ես ետ պահել քո որդուն նույնը կրկնելուց։ Ինչպե՞ս։ Ուսմա՞մբ, աղոթքո՞վ, խրատներով կամ հորդորներո՞վ։ Մի՞թե այն ժամանակ քեզ ետ պահեցին քո հոր բարեպաշտությունը, քո ուսուցիչների հորդորները, քո սեփական գիտելիքները, սեփական որոնումները։ Այդ ո՞ր հայրը, ո՞ր ուսուցիչը քեզ ետ պահեց դրանից, քո սեփական կյանքը վերապրելուց, քո կյանքով կենաց աղտեղությունն ընդունելուց, քո սեփական մեղքերը գործելուց, ինքդ քո սեփական ձեռքով դառը ըմպելիքն ընդունելուց, քո սեփական ճանապարհը գտնելուց։ Մի՞թե դու կարծում ես, թե այդ նույն ճանապարհն անցնելը ինչ-որ մեկի համար բացառություն է լինելու, ինչ-որ մեկը խուսափելու է դառնության թասը պարպելուց։ Եվ որ այդ բացառությունը քո որդի՞ն է լինելու, հենց միայն նրա համար, որովհետև դու նրան սիրու՞մ ես, որովհետև դու ցանկանում ես նրան ե՞տ պահել ցավից ու տառապանքից, այլև հուսախաբությունից։ Բայց եթե նույնիսկ տասնյակ անգամներ հանուն նրա դու մահն ընդունես, միևնույն է՝ դու դրանով չես կարողանա նրան սպասվող ճակատագրի դույզն-ինչ մի մասնիկից ազատել նրան։
  • Պատահե՞լ է արդյոք, որ ինքը որևէ մեկին այդ աստիճան իր սիրտը նվիրաբերի, պատահե՞լ է արդյոք, որ ինքը այնքան շատ սիրի մի մարդու, այնպես կուրորեն, այնպես տառապագին, առանց փոխադարձության նշույլի և սակայն իրեն այնքա՜ն երջանիկ զգա։
  • Նա տառապում էր մեկ ուրիշի պատճառով, մեկ ուրիշին էր սիրում՝ ամբողջությամբ տրվելով այդ սիրույն, նույն այդ սիրո պատճառով խենթություններ կատարելով։ Հիմա նա ինքն էլ զգում էր, թեև ուշացած, իր կյանքում առաջին անգամը լինելով, այդ ամենահզոր ու արտասովոր, այդ տարօրինակ կիրքը, տառապում էր նրա պատճառով, անասելիորեն տառապում, և սակայն իրեն երջանիկ էր զգում, մի տեսակ ասես նորացված, մի ինչ-որ բանով ավելի հարստացած։
  • Ես տեսնում եմ քո տառապանքը, բայց դու տառապում ես ցավերից, որոնց առթիվ ծիծաղել կարելի է միայն, որոնց կապակցությամբ ինքդ էլ շատ շուտով ծիծաղելու ես։
  • Արդյոք այդ գիտելիքը, այդ միտք կոչվածը ավելի բարձր արժեք է իրենից ներկայացնում, գուցե այդ գիտելիք կոչվածն էլ զուտ մտածող-մարդկանց մանկամտության արդյունքն է, մտածող-երեխաների մանկական խաղերից մեկը։ Մնացած ամեն ինչում աշխարհի մարդիկ հավասար էին իմաստուններին, հաճախ էլ՝ ավելի բարձր, ինչպես որ գազաններն են իրենց անհրաժեշտ կարիքներին հետամուտ համառ ու անկասելի ձգտման մեջ երբեմն-երբեմն մարդկանց շատ ավելի գերազանցող թվում։ Սիդհարթայի մեջ աստիճանաբար ծաղկում ու կամաց-կամաց հասունանում էր այն գիտակցությունը, թե ինչ էր արդյոք գիտելիքը, ինչ էր իմաստությունը, որն իր երկար տարիների որոնումների նպատակն էր եղել։ Դա այլ բան չէր, քան հոգու պատրաստականություն, ընդունակություն, գաղտնի մի արվեստ՝ ամեն պահ, կյանքի կենտրոնում գտնվելով, միասնության գաղափարն առմտածելու, զգալու ու ներշնչելու միասնությունը։
  • Ամենը, ինչը մինչև վերջ չես տառապել ու չես ապաշխարել, վերստին կրկնվում է, մի և նույն տառապանքներն անընդմեջ կրկնվում են։
  • Դու չափից շատ ես որոնում։ Եվ որ մշտապես որոնումների մեջ լինելով՝ դու քո փնտրածը չես գտնում։ Երբ մեկը մշտապես որոնումների մեջ է, ապա պատահում է, որ նրա աչքը միայն այն է տեսնում, ինչ փնտրում է ինքը, նա ուրիշ ոչինչ չի նկատում, չի կարողանում ոչինչ ընկալել, որովհետև նա մշտապես իր որոնածի մասին է մտածում, քանի որ նա իր առջև դրված նպատակ ունի, քանի որ համակված է այդ նպատակով։ Որոնել՝ նշանակում է նպատակ ունենալ։ Իսկ գտնել ասածը՝ նշանակում է լինել ազատ, բաց լինել ամեն ինչի համար, նպատակ չունենալ։ Դու, պատվարժա՛ն, գուցե իսկապես այդ որոնողներից մեկն ես, քանի որ քո նպատակին ձգտելով, նրանով կլանված՝ շատ բան չես նկատում, այն, որ ուղղակի քո աչքերի առաջ է։
  • Իմաստնությունն անհաղորդելի է։ Իմաստնությունը, որ իմաստունը փորձում է հաղորդել մեկ ուրիշին, հնչում է որպես հիմարություն։ Գիտելիքը կարելի է մեկ ուրիշին հաղորդել, իմաստնությունը, սակայն, ոչ։ Այն կարելի է գտնել, կարելի է ապրել նրանով, կարելի է նրա կողմից առաջնորդվել, նրանով կարելի է հրաշքներ գործել, սակայն արտաբերել, հաղորդել այն կամ մեկ ուրիշին սովորեցնել հնարավոր չէ։
  • Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է... Բանն այն է, որ ճշմարտությունն արտաբերել, բառերով արտահայտել կարելի է միայն, երբ այն միակողմանի է։ Միակողմանի է այն ամենը, ինչը մտածվում է մտքով և արտահայտվում է բառերով, միակողմանի ամբողջ է, կիսատ ամբողջություն, զուրկ՝ ամբողջականությունից, շրջանակայնությունից, միասնականությունից։ Երբ վսեմագույն Գոթաման իր ուսմունքում ու քարոզներում խոսում էր աշխարհի մասին, նա այն պետք է բաժաներ սանսարայի ու նիրվանայի, մոլորության ու ճշմարտության, տառապանքի ու փրկության։ Այլ կերպ հնարավոր էլ չէ, այլ ճանապարհ չկա նրա համար, ով ցանկանում է ուսուցանել ուրիշներին։ Սակայն աշխարհն ինքը, մեր շուրջը և մեր մեջ եղող գոյը բնավ միակողմանի չէ։ Երբեք չի լինում, որ մարդը կամ արարքն ամբողջապես կամ բացառապես սանսարա կամ նիրվանա լինի, մարդս երբեք չի լինում կատարելապես սուրբ կամ կատարելապես մեղսավոր։ Մեզ միայն այդպես թվում է, այդպես է պատկերանում, քանի որ մենք ենթակա ենք այն մոլորությանը, թե ժամանակը մի ինչ-որ իսկապես գոյություն ունեցող բան է։ Ժամանակը գոյություն չունի, ես հաճախ, շատ հաճախ եմ դրա փորձառությունն ունեցել ու հասկացել դա։ Իսկ եթե ժամանակն իրական չէ, իրապես գոյություն չունի, այդժամ նաև սահմանաբաժանը աշխարհի ու հավերժության միջև, տառապանքի ու երանության միջև, չարի ու բարու միջև անջրպետը նույնպես մոլորություն է ներկայանում։
  • Աշխարհը մի ինչ-որ անկատար բան չէ, կամ մի գոյացություն, որ դանդաղորեն շարժվում է առաջ՝ կատարելության ճանապարհով։ Բնավ ոչ, յուրաքանչյուր պահի այն կատարյալ է, յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածիններն իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները՝ հավերժական կյանքը։
  • Ոչ մի մարդ ի վիճակի չէ տեսնելու, թե որքան է մյուսը առաջադիմել իր ճանապարհին։
  • Ողջ գոյություն ունեցողը պատկերանում է ինձ որպես բարի ու կատարյալ, մահը՝ որպես և կյանքը, մեղքը՝ որպես սրբությունն ու իմաստնությունը, նույնպես և հիմարությունը, ողջը հենց այդպես էլ պետք է լինի, դրա համար անհրաժեշտ է լոկ իմ համաձայնությունը, իմ բարի կամքը, իմ սիրահոժար վերաբերմունքը, այդժամ ամեն ինչ ինձ համար բարի է, օգտակար է ինձ համար, չի կարող ինձ բնավ վնաս պատճառել։
  • Ես իմ սեփական մարմնի ու սեփական հոգու փորձառությամբ եմ համոզվել, որ ես կարիքն եմ ունեցել մեղքի, ես կարիքն եմ ունեցել ցանկասեր վարքի, երկրային բարիքների ձգտման, սնափառության, ինչպես որ կարիքն եմ ունեցել այն ամոթալի հուսահատության, որպեսզի ի վերջո ընտելանամ հրաժարվելու աշխարհին հակառակվելու մտքից, որպեսզի սովորեմ սիրել աշխարհն այնպես, ինչպիսին այն կա՝ չհամեմատելով այն մի ինչ-որ իմ կողմից ցանկալիի հետ, իմ երևակայությամբ ստեղծված աշխարհի, իմ ուղեղում հորինաստեղծված կատարելատիպի հետ, այլ այն թողնել այնպես, ինչպիսին որ կա, սիրել աշխարհը ու նրան պատկանել։
  • Բառերը չեն նպաստում գաղտնի իմաստների ըմբռնմանը, խանգարում են դրան։ Հենց որ մի միտք ես ուզում բարձրաձայն արտաբերել, այն արդեն փոքր-ինչ այլ իմաստ է ձեռք բերում, հնչում է ավելի կեղծ, ավելի անհեթեթ։
  • Ես ոչ մի առարկություն չունեմ այն բանի հանդեպ, որ որևէ մարդու կողմից իր համար գանձ ու իմաստնություն համարվողը մյուսի ականջին որպես անմտություն է հնչում։
  • Ես հավասարապես սիրում եմ և քարը, և գետը, և բոլոր այս բաները, որոնց մենք նայում ենք և որոնցից ինչ-որ բան ենք սովորում։ Ես կարող եմ սիրել քարը, ինչպես որ կարող եմ ծառը սիրել կամ կեղևի մի կտորը։ Դրանք իրեր են, իսկ իրերը կարելի է սիրել։ Բառերը, սակայն, ես չեմ կարող սիրել։ Դրա համար էլ ուսմունք կոչվածներն ինձ համար արժեք չունեն, նրանք չունեն ոչ կարծրություն, ոչ փափկություն, ոչ բռնելու տեղ, ոչ եզրեր, ոչ գույն ունեն, ոչ հոտ կամ բույր, նրանք ոչինչ են, բացի բառեր լինելուց։ Գուցե հենց դա է, որ խանգարում է քեզ խաղաղություն գտնել, բառերի այդ լիությունը։
  • Սերը ամենակարևոր բանն է աշխարհում։ Աշխարհը ճանաչել, բացատրել այն, քամահրել և ուրանալ այն, ես դա թողնում եմ մեծ մտածողներին, դա նրանց գործն է։ Ինձ համար, սակայն, կարևոր է միայն մի բան՝ կարողանալ աշխարհը սիրել, չարհամարել այն, չատել այդ աշխարհը և ինձ, նրան, ինչպես և ինձ ու բոլոր էակներին նայել սիրով, հիացումով ու հարգանքով։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիդհարթա (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: