Կամելիազարդ տիկինը
Արտաքին տեսք
«Կամելիազարդ տիկինը» (ֆր.՝ La Dame aux Camélias), ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումա որդու վեպը, որի վրա է հիմնված Վերդիի «Տրավիատա» օպերան։ Առաջին անգամ հրատարակվել է 1848 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1962 թվականին։ Թարգմանիչ՝ Ժ․ Շիրակացի[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իմ կարծիքով հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով՝ առանց լրջորեն սովորած լինելու այն։ Չունենալով դեռևս ստեղծագործելու տարիքը, բավականանում եմ պատմելով։ Ուստի և սպասում եմ, որ ընթերցողը համոզված լինի այս պատմության իսկությանը, որի բոլոր անձերը, բացի հերոսուհուց, ապրում են դեռևս։
- Շատ մարդկանց սա, թերևս, ծիծաղելի թվա, բայց ես մի անսահման ներողամտություն եմ տածում դեպի տարփուհիները և չեմ էլ ջանում, անգամ, վիճելու այդ ներողամտության մասին։
- Եթե աշխարհը բոլորովին բարի չէ, նա առնվազն լավագույնն է։
- Տղամարդիկ, փոխանակ գոհ լինելու, որ երկար ժամանակ իրենց է շնորհվում այն, ինչ իրենք հազիվ մի անգամ ձեռք բերելու հույսն են ունեցել, իրենց սիրուհուց հաշիվ են պահանջում ներկայի, անցյալի և մինչև իսկ ապագայի համար։ Որքան վարժվում են նրան, այնքան ուզում են իշխել, և առավել պահանջկոտ են լինում, որքան ավելի գոհացում են գտնում, և նույնիսկ պահանջում են, որ երեք հատկություն ունենա իրենց սիրուհին՝ լինի վստահ, հլու և գաղտնապահ…
- Բայց պոռնիկից ճշմարիտ կերպով սիրվելը մի ուրիշ կարգի դժվարին հաղթանակ է։ Նրանց մարմինը մաշեցրել է հոգին, նրանց զգայարանները այրել են սիրտը, շվայտությունը բթացրել է նրանց զգացումները։ Նրանք վաղուց գիտեն իրենց ասված խոսքերը, գործադրված միջոցները և իրենց ներշչած սերն անգամ ծախել են։ Արհեստի բերմամբ են սիրում և ոչ թե հափշտակությամբ։ Նրանք ավելի լավ են պահպանված իրենց հաշիվներով, քան թե մի կույս աղջիկ՝ իր մորով ու իր վանքով։ Ուստի քմահաճույք բառը հնարել են այն անվճար սիրո համար, որին երբեմն անձնատուր են լինում որպես հանճարի, իբր արդարացում կամ իբր մխիթարություն, ճիշտ այն վաշխառուների նման, որոնք հազարավոր մարդկանց կողոպտում են և կարծում են, թե ամեն մեղք քավել են, երբ օրերից մի օր քաղցից մի խեղճ մարդու քսան ֆրանկ պարտք են տալիս առանց տոկոս և մուրհակ պահանջելու։
- Երկինքն ավելի է ուրախանում մի մեղավորի զղջումից, քան հարյուր արդարներից, որոնք երբեք մեղք չեն գործել։
- Բոլոր հանճարեղ մարդկանց ջանքերը միևնույն նպատակին են ձգտում, և բոլոր մեծ կամքերը միևնույն սկզբունքին են հարում, այն է՝ լինենք բարի, լինենք երիտասարդ, լինենք արդար։ Չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ունայնություն։ Բարիի հպարտություն ունենանք և, մանավանդ, չհուսահատվենք։ Չարհամարհենք այն կնոջը, որը ո՛չ մայր է, ո՛չ քույր, ո՛չ աղջիկ, ո՛չ հարս։ Չսահմանափակե՛նք հարգանքը ընտանիքով և ներողամտության մեջ եսասիրություն չմտցնե՛նք։
- Ես այնքան էի հրապուրված նրա սիրով, որ փողոցում դեմս ելնող բոլոր մարդկանց սիրում էի՝ առանց նույնիսկ նրանց ճանաչելու։
- Մարդ շատ անգամ երեխայական մի բանի վրա ուրախանում է և կարիք չկա չարությամբ ջնջել այդ երջանկությունը, երբ կարելի էր երջանիկ դարձնել այն զգացողին, թողնելով, որ ուրախության պատրանքն ունենա։
- Աղջիկը որքան ավելի հավատա բարիին, այնքան ավելի հեշտությամբ անձնատուր կլինի եթե ոչ սիրողին, գոնե սիրո։
- Օ՜, տղամարդը շատ գծուծ և շատ անարգ է, երբ նրա անձուկ կրքերից որևէ մեկը վիրավորվում է։
- Կյանքը անհրաժեշտություններ ունի, որոնք անողորմ են սրտի համար, բայց որոնց հետ պետք է համակերպվել։
- Ուրիշների կյանքն ու երջանկությունը որքա՜ն փափագ է ներշնչում նրանց, որոնք իրենց հոգու մենության ու իրենց՝ հիվանդի սենյակի ստվերների մեջ տակավին երեկ փափագում էին շուտով մեռնել։
- Ինչ էլ որ պատահի, Արմա՛ն, ես ձեզ շատ էի սիրում և վաղուց մեռած կլինեի, եթե այդ սիրո հրեշտակը և ձեզ դարձյալ ինձ մոտ տեսնելուս տարտամ հույսն ուժ չտայի՛ն ինձ։ Եվ վերջապես, մարդ պարտավոր չէ միշտ թշվառ լինել։
- Անտեղյակ չեք, իհարկե, թե մարդ ինչպես է ամեն բան մոռանում, որպես արդյունք բուռն, վստահալից ու փոխադարձ սիրո…
- Չկա մարդ, որ գեթ մի անգամ խաբված չլինի և չգիտենա, թե խաբվելը ինչ տառապանք է պատճառում…
- Կանայք անողոք են իրենք չսիրած մարդկանց նկատմամբ։
- Բավական չէ կյանքի դռան առջև երկու ձող բարձրացնել. մեկը՝ Բարիի ճանապարհ, մյուսը՝ Չարի ճանապարհ մակագրությամբ, և ներկայացնողներին ասել՝ «Ընտրեցե՛ք»։
- Մանուկը փոքրիկ է, բայց նա իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կետ, բայց նա տարածություններ է ընդգրկում…
- Օ՜, տարօրինակ մի գիշեր եղավ դա։ Մարգարիտի ամբողջ կյանքը, ասես, խտացել էր այն համբույրների մեջ, որոնցով ծածկում էր ինձ, և ես այնքան սիրում էի նրան, որ իր տենդոտ սիրո բորբոքման մեջ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք չպե՞տք է սպանեի նրան, որպեսզի որևէ մեկին չպատկաներ։ Եվ եթե մարդ մի ամիս այդպես սիրեր, սրտով ու մարմնով դիակ կդառնար։
- Կյանքը գեղեցիկ է, և ինչ ապակիով նայեք նրան, այդ գույնով էլ կերևա։
- Ի՜նչ ճանապարհներով է անցնում և ի՜նչ պատճառներ է ստեղծում մարդու սիրտը՝ իր փափագածին հասնելու համար։
- Աստված արդար է, և՝ անողոք…
- Ինչու՞ մենք Քրիստոսից ավելի խիստ պիտի լինենք։ Ինչու՞ համառորեն պիտի հարենք այս աշխարհի կարծիքներին, որոնք իրենց զորավոր ցույց տալու համար խստություն են բանեցնում, և նրանց հետ արհամարհենք այն հոգիները, որոնց արյունալի վերքերից հիվանդի ախտաժետ արյան նման հոսում է իրենց անցյալի ախտը, և որոնք մի բարեկամ ձեռքի են սպասում, որ իրենց բուժի և սրտի ապաքինում բերի։
- Խե՜ղճ արարածներ։ Եթե նրանց սիրելը հանցանք է, ապա գոնե նրանց կարեկցելը հանցանք չէ։ Դուք կարեկցում եք կույրին, որ երբեք չի տեսել արևի շողերը. խուլին, որ երբեք չի լսել բնության ներդաշնակ հնչյունները, համրին, որ երբեք չի կարողացել հաղորդել իր հոգու ձայնը, և ամոթի մի կեղծ պատրվակով անգամ չեք ուզում կարեկցել սրտի այն կուրությանը, հոգու այն խլությանը, խղճի այն համրությանը, որոնք խենթացնում են այս տարաբախտ ու վշտահար կանանց և որոնք նրանց, հակառակ իրենց կամքի, անընդունակ են դարձնում տեսնելու բարին, անսալու Աստծուն և խոսելու սիրո ու հավատի անեղծ լեզվով։
- Միշտ էլ դժվար է մխիթարել մի վիշտ, որի ինչ լինելը չգիտես։
- Մարդիկ կան, որոնք մոխրի վրա կնստեին մեզ համար առանց մեզանից որևէ բան ստանալու։ Ուրիշներն էլ կան, որ մի ծաղկեփնջով են մեզ տիրում։ Մեր սիրտը քմահաճույքներ ունի։ Նրա միակ ուրախությունն ու արդարացումը դա է։
- Մարդու կյանքում մի րոպեում այնպիսի դեպքեր կարող են տեղի ունենալ, որոնք մեկ տարի տևող սիրաբանությունից ավելի արդյունք ես ստանում։
- Հարձակումների չվարժված մի սիրտ գրավելը, պահակազորք չունեցող քաղաք մտնելուն պես բան է։
- Ճշմարիտ սերը միշտ ազնվացնում է մարդու, ինչպիսի կին էլ որ լինի այդ սեր ներշնչողը։
- Մարդիկ անպատճառ ուզում են իմանալ այն, ինչ ցավ է պատճառում իրենց…
- Քեզ շատ կներվի, որովհետև դու շատ սիրեցիր…
- Եթե երբևէ լրջորեն սիրահարված եք եղել, ապա պետք է զգացած լինեք, թե որքան անհրաժեշտ է աշխարհից մեկուսացնել այն կնոջը, որի հետ ուզում եք անցկացնել ձեր ամբողջ կյանքը։ Թվում է, թե ձեր սիրած կինը, որքան էլ անտարբեր լինի իր շուրջը գտնվողների նկատմամբ, իր բույրից ու իր ամբողջությունից մի բան կորցնում է մարդկանց և իրերի հետ շփվելով։
- Ինչ վսեմ երեխայություն է սերը։
- Պետք չէ մտածել այն կնոջ մասին, որը ձեզ չի սիրում։
- Պետք է, որ ծնվելուց առաջ շատ չարիք գործած լինենք կամ մեր մահվանից հետո մի մեծ երանություն վայելենք, որպեսզի Աստված թույլ տա, որ այս կյանքը քավության բոլոր տառապանքներն ու փորձության բոլոր վշտերն ունենա։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 307.
Աղբյուրներ
[խմբագրել]- Ալեքսանդր Դյումա-Որդի «Կամելիազարդ տիկինը»։ grqamol.am (դեկտեմբերի 27, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 26, 2015 թ․։