Ջեյն Էյր
Արտաքին տեսք
«Ջեյն Էյր» (անգլ.՝ Jane Eyre), Շառլոթ Բրոնտեի դասական վեպը։ Հայերեն է թարգմանվել 1988 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Բուդաղյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
- Դու մրսում ես, որովհետև մենակ ես՝ ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը։
- Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
- Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար։
- Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն։
- Եթե ամբողջ աշխարհն էլ քեզ ատի և չար համարի, քո խիղճը քեզ կարդարացնի և թողություն կտա մեղքերիդ, երբեք առանց բարեկամների չես մնա։
- «Մնաս բարով».- գոռաց սիրտս, երբ ես գնում էի, իսկ հուսահատությունը ավելացրեց՝ «Մնաս բարով ընդմիշտ»։
- Մարդկային էակը պետք է մի որևէ բան սիրի, և չունենալով սիրելու ավելի արժանի առարկա, ես հաճույք էի ստանում սիրելով ու փայփայելով մաշված մի կուռք, որն ավելի շատ նման էր քրքրված մի խրտվիլակի։
- – Այո միսիս Ռիդ, ես Ձեզ եմ պարտական իմ հոգեկան տառապանքների սուր նոպաներով, բայց իմ պարտքն է ներել Ձեզ, որովհետև Դուք չգիտեիք, թե ինչ էիք անում։ Ծվատելով իմ սրտի լարերը Ձեզ թվում էր, թե Դուք միայն արմատախիլ եք անում իմ վատ հակումները։
- Մի՞թե ավելի լավ է հարազատիդ հուսահատության մատնելը, քան մարդկային օրենքները տրորելը, եթե դա ոչ ոքի չի վնասի։
- Մեծ վիշտը, ինչ էլ ասեն, մեծ հանգստություն է։
- Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ էր բաժին ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»։
- Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա։
- Ավելի լավ է համբերությամբ տանել վիրավորանքը, որը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում…
- Սիրահարվածը գտնում է իր սիրածին քնած մամռապատ թմբի վրա. նա ցանկանում է դիտել նրա գեղեցիկ դեմքն առանց նրան արթնացնելու, գաղտագողի, աշխատելով չաղմկել։ Հանկարծ ուժգին թափով գրկում է մարմինը, որին մի րոպե առաջ չէր համարձակվում մատով անգամ դիպչել։ Ի՜նչ բարձրաձայն է աղաղակում Նրա անունը. կարծում էր՝ սիրածը քնած է քաղցր քնով, բայց գտավ քարի պես անշարժ՝ մեռած։ Նա պատրաստվում էր տեսնել հոյակապ մի շենք՝ տեսավ մռայլ ավերակ։
- Դու պարտավոր ես տանել այն ամենը, ինչից որ չես կարող խուսափել։ Միայն թուլակամ և հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ նրանց վիճակված է ի վերուստ։
- Փակ մարդիկ հաճախ ավելի շատ պահանջ են զգում բացահայտ կերպով քննարկելու իրենց զգացմունքներն ու վշտերը, քան անզուսպ մարդիկ։
- Ինչ երջանկություն է, որ ժամանակը խեղդում է մեր մեջ վրեժխնդրության տենչը, ու խլացնում է զայրույթի ու զզվանքի դրդապատճառները։
- Կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ։ Եվ կամ դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կամ մի որևէ հուսատու ալիք ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ։
- Եթե դուք սկսեք վախենալ մարդկանցից, նրանք Ձեզ չեն սիրի։
- Կարծես ինչ-որ բան մարեց իմ մեջ… հանգիստ լինելու ուժը չէր, որ լքեց ինձ, այլ չքացան այդ հանգստության պատճառները։
- Այս գիշեր փակվում է իմ կյանքի մի ամբողջ շրջան, վաղվանից սկսվում նորը։ Հինը նորից բաժանող այս գիշերը հնարավոր չէր քնել։ Ուզում էի տենդային վիճակում դիտել, թե ինչպես է կատարվում այդ փոփոխությունը։
- Երիտասարդությունը շատ զգայուն է՝ արտաքին աշխարհի հանդեպ։
- -Դուք իշխանություն ունեք ինձ վրա և կարող եք վիրավորել ինձ, բայց և այնպես, ես չեմ համարձակվում ասել Ձեզ, թե որն է իմ խոցելի տեղը, այլապես Դուք, ինչքան էլ հավատարիմ ու բարեկամաբար տրամադրված լինեք իմ հանդեպ, իսկույն կխոցեք ինձ։
- – Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է խանդը, այնպես չէ՞։ Կարիք էլ չկա հարցնելու, որովհետև դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է սերը։
- Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն։
- Բարեկամները միշտ մոռանում են նրանց, ում բախտը լքում է։
- -Մեր մեղրամիսը կփայլի մեր ամբողջ կյանքի ընթացքում, և նրա ճառագայթները կմարեն միայն քո և իմ գերեզմանի վրա։
- Մենք չէինք հոգնում իրարից այնպես, ինչպես չի հոգնում սրտի տրոփյունը, որ բաբախում է մեր կրծքերում։
- Շարունակ պետք է կրկնեմ, որ մենք հավիտենապես բաժանված ենք իրարից։ Բայց և այնպես, քանի դեռ շնչում ու մտածում եմ, ես պետք է սիրեմ նրան։
- – Մի՞թե կարծում եք, որ կարող եմ մնալ և դառնալ ձեզ համար ոչնչություն։ Կամ գուցե կարծում եք՝ ես ավտոմա՞տ եմ, մեքենա՞, առանց զգացմունքների և կհանդուրժեմ բերանիցս հացի կտորը խլեն և կենսատու ջրի կաթիլը բաժակիցս թափեն։ Կարծում եք, որ եթե չքավոր եմ, աննկատելի, հասարակ, հասակով փոքր ու ոչ գեղեցիկ, հոգի ու սիրտ չունե՞մ։ Դուք սխալվում եք։ Ես ունեմ նույնպիսի հոգի, որպիսին և դուք, և, իհարկե, նույնպիսի սիրտ։ Եվ եթե աստված ինձ շնորհած լիներ մի փոքր գեղեցկություն ու զգալի հարստություն, ձեզ համար նույնքան դժվար կլիներ բաժանվել ինձնից, որքան այժմ ինձ համար։ Ես հիմա ձեզ հետ չեմ խոսում ընդունված սովորության ու պայմանականությունների լեզվով. նույնիսկ խոսում եմ հաշվի չառնելով մահկանացու մարմինը, դա իմ հոգին է, որ դիմում է ձեր հոգուն, ասես երկուսս էլ գերեզմանից անցել, կանգնել ենք աստծո առաջ, իրար հավասար, ինչպես և ենք իրականում։
- Ինչքան կախարդական հմայք կա այս ժամի մեջ, որ անց եմ կացնում ձեզ հետ։ Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՝ մռայլ, ձանձրալի ու անհույս կյանք էի քաշ տալիս այստեղ ամիսներ շարունակ, ոչինչ չանելով, ոչինչ չսպասելով, շփոթելով գիշերը ցերեկվա հետ, զգալով միայն ցուրտ, երբ մարում էր օջախը, և քաղց, երբ մոռանում էի ուտելը. և հետո ինձ համակում էր անասելի թախիծ, իսկ երբեմն և իմ Ջեյնին նորից տեսնելու բուռն ցանկությունը։
- Դուք մրսում եք, որովհետև մենակ եք՝ ձեր մեջ եղած կրակը չի շփվում ուրիշ կրակի հետ։ Դուք հիվանդ եք նրանից, որ զգացմունքներից ամենադուրեկանը, ամենաբարձրն ու ամենաքաղցրը, որով օժտված է մարդը, ձեզ անհայտ է։ Դուք հիմար եք, որովհետև գերադասում եք տանջվել, բայց չեք ուզում այն ձեր կողմը գրավել և ոչ մի քայլ չեք անում, որպեսզի դիմավորեք նրան այնտեղ, որտեղ սպասում է ձեզ։
- Այժմ կուզենայի ձեզ հետ լինել մի խաղաղ կղզում, որպեսզի և՛ նեղությունը, և՛ վտանգը, և՛ սարսափելի հիշողությունները անհետ կորչեին…
- Ուզում եմ կյանք տալ և ոչ թե քայքայել, արժանանալ շնորհակալության և ոչ թե արյան կամ աղի արցունքներ թափելու պատճառ դառնալ։ Ուզում եմ հնձել ժպիտներ, ուրախություններ, քաղցրություններ՝ ահա թե ինչ եմ ուզում։
- Անասելի թշվառությամբ ու տխուր մենակության մեջ անցկացրած երիտասարդության տարիներից հետո, առաջին անգամ գտա մի էակ, որին կարող եմ իսկապես սիրել. գտա քեզ։ Իմ սիրելին ես՝ իմ ավելի լավ եսն ես, իմ բարի հրեշտակը, ես կապված եմ քեզ խոր նվիրվածությամբ։ Ես քեզ համարում եմ բարի, շնորհալի, սքանչելի. ջերմ ու խոր կիրքը բողբոջում է իմ սրտում, ձգտում է դեպի քեզ, դարձնում է իմ կյանքի կենտրոնն ու աղբյուրը, իմաստ է տալիս իմ գոյությանը, վառում է մեզ անարատ ու պայծառ բոցով և քեզ ու ինձ ձուլում իրար։
- Բանականությունն ամուր նստած, բռնել է սանձերը և թույլ չի տա, որպեսզի զգացմունքները դուրս պրծնեն ու նրան անդունդը գլորեն։ Յուրաքանչյուր դեպքում վերջին խոսքը պատկանում է դատողությանը, և միայն նա վճռական ձայն կունենա հարցերը լուծելիս…
- Ձեր ապագա կյանքում հաճախ կզգաք, որ ակամայից դարձել եք ձեզ մոտիկ մարդկանց գաղտնիքների վստահելին։ Մարդիկ բնազդորեն կզգան, ինչպես և ես, որ դուք հակում չունեք պատմելու ձեր մասին, բայց որ պատրաստ եք լսելու ուրիշների պատմածները իրենց մասին։ Նրանք կզգան նաև, որ դուք լսում եք նրանց թեթևամտության մասին ոչ թե չարախինդ արհամարհանքով, այլ ինչ-որ բնածին համակրանքով, որը ոչ պակաս կարող է սփոփել ու խրախուսել, որովհետև վերին աստիճանի զուսպ ու համեստ եք։
- Քո հոգին ինձ համար գանձ է, և եթե դու հիվանդանայիր, նորից իմ գանձը կլինեիր. եթե դու զառանցեիր, քեզ գրկումս կպահեի և զսպաշապիկ չէի հագցնի, քո շփումը, նույնիսկ կատաղած ժամանակ, ինձ կհրապուրեր։ Եթե վայրենաբար հարձակվեիր ինձ վրա, ինչպես այդ կինն արեց այս առավոտ, սիրով գրկաբաց կընդունեի քեզ։ Զզվանքով չէի խորշի քեզնից, ինչպես նրանից, և քո հանգստի րոպեներին, ինձնից բացի, ոչ մի ուրիշ պահապան չէր լինի, անխոնջ քնքշությամբ կհետևեի քեզ, եթե նույնիսկ դու ինձ քո փոխադարձ ժպիտին չարժանացնեիր, երբեք չէի հոգնի աչքերիդ նայելուց, եթե նրանք այլևս չճանաչեին ինձ…
- Աստված ամենագո է, բայց անկասկած, ամենից շատ Նրա ներկայությունը զգացվում է մեր առաջ փռված Նրա արարման վեհության մեջ. և հենց անամպ գիշերային երկնքում, որտեղ Նրա աշխարհները ընթանում են իրենց լուռ ընթացքով, ամենապարզ կերպով կարդում ենք Նրա անսահմանությունը, ամենակարողությունը, Նրա ամենագո լինելը… ես զգացի Աստծո կարողությունն ու հզորությունը։ Հավատացած էի, որ Նա հզոր է և կարող է փրկել իր ստեղծածին։ Կյանքի Աղբյուրը միաժամանակ հանդիսանում է և իր հոգիների փրկիչը։
- Կյանքը շատ կարճ է, և մենք չպետք է ժամանակ կորցնենք թշնամություն սերմանելու կամ միմյանց սխալներն արձանագրելու։ Մենք բոլորս էլ մեղքերով ծանրաբեռնված ենք այս աշխարհում, բայց շուտով կգա ժամանակ, երբ, հավատացած եմ, մեր մեղսապարտ մարմինը բեռնաթափ կլինի, երբ ստորությունն ու մեղքը մեր ծանրաբեռնված մարմնի հետ միասին կանհետանան, և կմնա միայն մաքուր հոգին՝ կյանքի ու մտածողության այդ անշոշափելի սկզբունքը, որով արարիչը կյանք ներշնչեց մարդ-արարածին։
- Մտքերս լողում էին իմ և էջերի միջև…
- Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու։
- Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ։
- Երբեմն Ձեր նկատմամբ ես ունենում եմ տարօրինակ զգացմունք, հատկապես երբ կողքիս եք, ինչպես այժմ։ Ինձ թվում է, թե իմ սրտի թելը ամուր ու պինդ կապերով կապված է Ձեր մարմնի նույն կետում եղած թելի հետ։ Եվ եթե մեր միջև ընկած լինեն փոթորկալից ծով ու 200 մղոն ցամաքային տարածություն, ես վախենում եմ, որ մեզ իրար հետ կապող թելը կտրվի։ Ինձ համար ծանր է այդ, այն ժամանակ սրտիցս արյուն կկաթի։ Ինչ վերաբերում է Ձեզ, Դուք կմոռանաք ինձ։
- Ես միջինը չգիտեմ, երբեք չեմ կարողացել լիակատար հնազանդության և վճռական ըմբոստության միջև գտնել միջինը։ Միշտ անկեղծորեն ենթարկվում եմ մինչև բռնկման պահը, որը երբեմն հասնում է հրաբխային թափի։
- Ոչ բռնությամբ կարելի է հաղթել ատելությանը և ոչ էլ վրեժխնդրությամբ որոշակի կերպով բուժել վիրավորանքը։
- Թվում էր, թե նրա ոգին ձգտում էր շատ կարճ ժամանակում վերապրել այն ամենը, ինչ որ շատերը ապրում են իրենց գոյության երկար տարիների ընթացքում։ Աշխարհը անեզրական է և հույսերի ու սարսափների, հուզումների ու վրդովմունքների բազմազան դաշտ է սպասում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն մտնել նրա ազատ տարածությունը և վտանգի մեջ փնտրել կյանքի իսկական գիտելիքները։
- Կուզենայի, որպեսզի քամին ավելի ուժգին ոռնար, որպեսզի մութը վերածվեր թանձր խավարի, իսկ շուրջս եղած խառնաշփոթությունը՝ բացահայտ բողոքի։
- Բայց ինչն է ավելի համառ, քան երիտասարդությունը, ինչն է ավելի կույր, քան անփորձությունը։
- Անարդարությունը երբեք ինձ գետնին չի տապալում։ Ես ապրում եմ խաղաղության մեջ, սպասելով վախճանին։
- Անում եմ այն, ինչ թելադրում է հակումս։ Այդպիսի լավի մեջ ոչ մի արժանիք չկա։
- Ինչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ՝ այդքան լուսավոր։
- Ես մտքերը կշռադատում եմ զայրույթիս նժարի, իսկ գործերը՝ ցասման նժարի վրա։
- Խելագար է այն կինը, որը թույլ է տալիս, որպեսզի գաղտնի սերը բորբոքվի իր սրտում, որովհետև այդ անբաժան ու անհայտ սերը կկլանի նրա կյանքը, որը սնում է այն. և եթե այդ սերը հայտնաբերվի ու փոխադարձ լինի. ապա շրջմոլիկ հուրի պես նա կքաշի այնպիսի մի վայրի ճահճուտ, որտեղից ոչ մի ելք չես գտնի։
- Եթե ամբողջ աշխարհը քեզ ատի ու արհամարհի՝ դու կգտնես ընկերներ, եթե մաքուր ես քո խղճի առաջ։
- Ամուսնանալ մի ողորմելի կույր մարդու հետ, որին պետք է ձեռքից բռնած ման ածես, մի հաշմանդամի հետ, որը քսան տարով մեծ է քեզնից և որին պետք է սպասարկես։ Ջեյնը համաձայնեց դառնալ նրա աչքն ու ձեռքը։
- Ձեր աչքերի արտահայտությունն ու ժպիտը իզուր չէ… իզուր չէ, որ ուրախությամբ լցրին սրտիս խորքերն անգամ։
- Ապականված հիշողությունը հավերժական թույն է։
- Երեխան չի կարող կռվի մեջ մտնել չափահասների հետ, չի կարող ազատ ու լրիվ չափով ցույց տալ իր կատաղած զգացմունքները, և հետո խղճի սուր խայթ ու հակազդեցության սարսուռ չզգալ։
- Ինչքան տխուր է պառկած լինել անկողնում և զգալ, որ քեզ մահվան վտանգն է սպառնում։ Այս աշխարհը սքանչելի՜ է, սարսափելի կլինի այստեղից կանչվել ու գնալ, չգիտես թե ուր…
- Առանց դատողության զգացմունքը հեղուկ է միայն, բայց զգացմունքով չմեղմացրած դատողությունը դառն ու ցամաք ուտելիք է մարդկային գործածության համար։
- Ինչո՞ւ պետք է ընկճվենք վշտից, երբ կյանքը անցողիկ է, իսկ մահը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի երջանկություն՝ դեպի փառք։
- Դա անակնկալ հանդիպում էր, և ես տանջալից կերպով խեղդեցի ուրախությունս։ Դժվարությամբ կարողացա զսպել ինձ, որպեսզի չբացականչեմ և չնետվեմ առաջ՝ դեպի նա։
- Թեման միշտ նույնն է՝ սիրահետել, իսկ վերջում նույն վախճանը՝ ամուսնություն։
- – Ունկնդրի ագահությունը աշխուժացնում է պատմողի լեզուն։
- Կրքերը կարող են փոթորկվել, ցանկությունները կարող են նկարել ամեն տեսակի դատարկ պատկերներ, բայց յուրաքանչյուր դեպքում վերջին խոսքը պատկանում է դատողությանը, և միայն նա վճռական ձայն կունենա հարցերը լուծելիս։
- Նախազգացումները տարօրինա՜կ երևույթներ են։ Տարօրինակ են և համակրանքներն ու նշանները։ Դրանք երեք մասին կազմում են մի ընդհանուր գաղտնիք, որի բանալին մարդկությունը դեռ չի գտել։ Ինչ վերաբերում է նշաններին, ապա դրանք թերևս բնության համակրանքներն են մարդու նկատմամբ։
- Ես չեմ համարձակվում ասել ձեզ, թե որն է իմ խոցելի տեղը, այլապես դուք, ինչքան էլ հավատարիմ ու բարեկամաբար տրամադրված լինեք իմ հանդեպ, իսկույն կխոցեք ինձ։
- Մի խոսքը երբեմն ավելի ջերմ կարող է հնչել, քան բազմաթիվ ուրիշ խոսքեր։
- Ինչ երջանկություն է, որ ժամանակը խեղդում է մեր մեջ վրեժխնդրության տենչը ու խլացնում է զայրույթի ու զզվանքի դրդապատճառները։
- Ոչ զգայուն բնավորությունը շուտ չի մեղմանում, և ոչ էլ բնական հակակրանքներն են անմիջապես վերանում։
- Առանց դատողության զգացմունքը հեղուկ է միայն, բայց և զգացմունքով չմեղմացրած դատողությունը դառն ու ցամաք ուտելիք է մարդկային գործածության համար։
- Լավ կլինի, եթե թեթևացնեմ սիրտս մահից առաջ։ Այն, ինչի մասին առողջ ժամանակ քիչ ենք մտածում, քարի պես հոգուդ վրա ծանրանում է այնպիսի ժամին, ինչպիսին հիմա է։
- Բայց ի՞նչն է ավելի համառ, քան երիտասարդությունը, ի՞նչն է ավելի կույր, քան անփորձությունը։
- Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
- Երբ բարեկամները բաժանման նախօրյակին են, նրանք ցանկանում են միասին անցկացնել այն քիչ ժամանակը, որը մնում է նրանց։-Ռոչեսթըր
- Տուր ինձ երջանկություն, և ես քեզ երջանիկ կդարձնեմ։
- Ավելի լավ է հոգնեցնել մարմինը, քան տանջել սիրտը։
- Բարեկամները միշտ մոռանում են նրանց, ում բախտը լքում է։
- Չկա ավելի անիմաստ բան, քան այն, երբ հասարակության մեջ եղած մրցակցությունները, երիտասարդության վավաշոտությունը, անխոհեմությունն ու կուրությունը դրդում են մարդուն անխոհեմ քայլեր կատարելու։
- – Կարեկցությունը որոշ մարդկանց կողմից ողորմության պես վնասակար ու վիրավորական մի բան է, որ ուզում ես հետ շպրտել բոլոր նրանց երեսին, ովքեր առաջարկում են այն, բայց դա կարեկցության մի տեսակն է, որ յուրահատուկ է կոպիտ, եսասիրական սրտերին. դա մի խառնուրդ է, որի մեջ տառապանքներից ստացած եսասիրական վիշտը միաձուլվում է տգետ արհամարհանքի հետ դեպի բոլոր նրանք, ովքեր տանում եյն այդ տառապանքները։ Բայց քո կարեկցությունն այդպիսին չէ, Ջեյն…
- – Սիրուհի վարձել ավելի վատ է, քան ստրուկ գնել։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը, և՛ ի ծնե, և՛ դիրքի տեսանկյունից ստոր արարածներ են, և նրանց հետ մտերմական կապեր ունենալը ստորացուցիչ բան է։
- – Ի՞նչ կարիք կա մտածելու անցյալի մասին, երբ ներկան ավելի կայուն է, իսկ ապագան կլինի շատ ավելի պայծառ։
- – Ի՞նչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ՝ այդքան լուսավոր։
- Սիրել նվիրական և մաքուր սիրով, եթե ինձ սիրում են հավատարմորեն ու անկեղծորեն։
- Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ բաժին էր ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»։
- Մենք ծնվել ենք, որպեսզի պայքարենք ու տանջվենք. ինչպես դուք, այնպես էլ ես։
- Այժմ կուզենայի ձեզ հետ լինել մի խաղաղ կղզում, որպեսզի և՛ նեղությունը, և՛ վտանգը, և՛ սարսափելի հիշողությունները անհետ կորչեին…
- Քո հոգին ինձ համար գանձ է, և եթե դու հիվանդանայիր, նորից իմ գանձը կլինեիր. եթե դու զառանցեիր, քեզ գրկումս կպահեի և զսպաշապիկ չէի հագցնի, քո շփումը, նույնիսկ կատաղած ժամանակ, ինձ կհրապուրեր։ Եթե վայրենաբար հարձակվեիր ինձ վրա, ինչպես այդ կինն արեց այս առավոտ, սիրով գրկաբաց կընդունեի քեզ։ Զզվանքով չէի խորշի քեզնից, ինչպես նրանից, և քո հանգստի րոպեներին, ինձնից բացի, ոչ մի ուրիշ պահապան չէր լինի, անխոնջ քնքշությամբ կհետևեի քեզ, եթե նույնիսկ դու ինձ քո փոխադարձ ժպիտին չարժանացնեիր, երբեք չէի հոգնի աչքերիդ նայելուց, եթե նրանք այլևս չճանաչեին ինձ…
- Մի՞թե ավելի լավ է մոտիկ մարդուն դատապարտել հուսահատության, քան խախտել մարդկային օրենքը, եթե այդ խախտումը ոչ ոքի վնաս չի պատճառի։
- Ինչքան ավելի եմ զգում, որ մենակ եմ, առանց բարեկամի, առանց պաշտպանի, այնքան ավելի եմ համոզվում, որ ինքս պետք է ինձ հարգեմ։
- Օրենքներն ու սկզբունքները այն ժամերի համար չեն, երբ գայթակղություն չկա։ Դրանք հենց այնպիսի րոպեների համար են, երբ հոգին ու մարմինը ըմբոստանում են դրանց դաժանության դեմ, բայց ինչքան էլ խիստ լինեն, դրանք չպետք է խախտվեն։
- Հոգին ունի իր մեկնիչը, հաճախ անգիտակից, բայց իսկական մեկնիչը՝ աչքերը։
- Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու։
- Այժմ չէի կարող ինձ թույլ տալ մտածել, ոչ մի հաայցք դեպի հետ և նույնիսկ՝ դեպի առաջ։ Չպետք է մտածել ոչ անցյալի և ոչ էլ ապագայի մասին։ Անցյալը երկնային երանելիության այնպիսի մի էջ էր, այնպիսի մահացու տխրություն, որ եթե մի տող անգամ կարդայի, կթուլացներ քաջությունս և կկոտրտր թափս։ Իսկ ապագան ահազդու դատարկություն էր, նման էր աշխարհին՝ ջրհեղեղից հետո։
- Նա, ով գեղատեսիլ վայրով քայլում է դեպի կառափնարան, մտածում է ոչ թե ծաղիկների, որոնք ճամփին ժպտում են նրան, այլ միայն կառափնարանի ու կացնի, ոսկորների ու երակների անջատման, գերեզմանի մասին, որոնք սպասում են նրան ճամփի վերջում։
- Ես մտքերը կշռադատում եմ զայրույթիս նժարի, իսկ գործերը՝ ցասման նժարի վրա։
- Թռչունները հավատարիմ են իրենց ընկերներին. նրանք սիրո խորհրդանիշներ են։
- Եթե ամբողջ աշխարհը քեզ ատի ու արհամարհի՝ դու կգտնես ընկերներ, եթե մաքուր ես քո խղճի առաջ։
- Ազնիվ ընթերցող, թող երբեք չզգաս այն, ինչ որ այդ պահին զգում էի ես։ Թող քո աչքերից երբևէ այնպիսի փոթորկահույզ, սրտամաշ, աղի արցունքներ չթափվեն, ինչպիսին հորդեցին իմ աչքերից։ Թող երբեք այդպիսի անհույս ու հուսահատ աղոթքներով չդիմես երկնքին, ինչպիսին այդ ժամին արտասանեցին իմ շրթունքները, և թող երբեք ինձ նման չսարսափես, որ կդժբախտացնես նրան, ում սիրում ես։
- Գիտենք, որ աստված ամենագո է, բայց, անկասկած, ամենից շատ նրա ներկայությունը զգացվում է մեր առաջ փռված նրա արարման վեհության մեջ. և հենց անամպ գիշերային երկնքում, որտեղ նրա աշխարհները ընթանում են իրենց լուռ ընթացքով, ամենապարզ կերպով կարդում ենք նրա անսահմանությունը, ամենակարողությունը, նրա ամենագո լինելը։
- Երբ օտարականները գնում են մի տեղ, որտեղ բարեկամներ չունեն, և աշխատանք են փնտրում, երբեմն խորհուրդների և օժանդակության համար դիմում են քահանային։ Քահանայի պարտականությունն էլ հենց այն է, որ օգնի՝ գոնե խորհուրդներով, բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։
- Ոմանք հավատացնում են, որ բավականություն են զգում, երբ հետադարձ հայացք են գցում անցյալի վշտալից վերապրումների վրա, սակայն այսօր ինձ համար դժվար է վերհիշել կյանքիս այդ շրջանը. բարոյական ննվաստացումը, ֆիզիկական տռապանքների հետ միասին, չափազանց տխուր հիշողություններ են, որպեսզի կարելի լինի նրանցով վերապրել։
- Ամենալավ մարդկանցից ոմանք, որ երբևէ ապրել են, նույնպես կարիքի մեջ են եղել, ինչպես և ես. և եթե դուք քրիստոնուհի եք, ապա չքավորությունը չպետք է ոճրագործություն համարեք։
- Ես միշտ հաճույք եմ զգացել հնազանդվել հեղինակությանը, եթե մայն դա եղել է խելացի հեղինակություն, ենթարկվել ուժեղ կամքին այն ժամանակ, երբ թույլ են տվել խիղճս ու արժանապատվությունս։
- – Միշտ սովորություն է եղել կարճ հարցին տալ կարճ պատասխան, ուղիղ հարցին՝ պարզ պատասխան։
- Մարդկանց բարեկեցությանը նվիրված աշխատանքը չի կարող ստորացուցիչ համարվել։
- – Դժվար է ձգտումները զսպել և կոտրել բնական հատումը, բայց որ դա հնարավոր է, ես համոզվեցի իմ անձնական փորձից։ Աստված, որոշ իմաստով, մեզ շնորհել է իշխանություն, որպեսզի մեր բախտը կերտենք, և երբ մեր ուժերը պահանջում են սնունդ, որը չենք կարող գտնել, երբ մեր կամքը ձգտում է դեպի ճանապարհ, որը փակ է մեր առաջ, մենք ուժասպառությունից չպետք է մեռնենք և ոչ էլ հուսահատվենք. պետք է մեր հոգու համար ուրիշ սնունդ որոնենք, որը լինի նույնքան ուժեղ, որքան և արգելված պտուղը, որից մեր հոգին ուզում է ճաշակել, և որը գուցե և լինի ավելի մաքուր, և մեր խիզախումների համար ճանապարհ հարթենք, որը գուցե լինի ավելի խորդուբորդ, բայց նույքան պարզ ու լայն, որքան և այն, որը բախտը փակել է մեր առաջ։
- Ապրել շրջապատված ընդհանուր հարգանքով, լինի դա թեկուզ աշխատավոր մարդկանց հարգանքը, միևնույն է, թե «նստես արևի տակ, զգաս քեզ հանգիստ ու հաճելի». խաղաղ զգացմունքները ծիլեր են տալիս և ծաղկում շողերի տակ։
- – Մեր մեղրամիսը կփայլի մեր ամբողջ կյանքի ընթացքում, և նրա ճառագայթները կմարեն միայն քո և իմ գերեզմանի վրա։
- Երեխային, որին մենք դիտում ու դաստիարակում ենք, ավելի շատ ենք կապվում, քան հասակն առած, թեկուզև գրավիչ անձնավորությանը։
- Կաթիլը ծակում է քարը։
- Որևէ բան տալ, երբ շատ ենք ստացել, նշանակում է միայն բաց անել մեր մեջ անսովոր կերպով եռացող զգացմունքների փականը։
- Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, որքան այն, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով, որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ։
- – Մենք պարտավոր ենք աշխատել, քանի դեռ ցերեկ է, որովհետև «կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող աշխատել»։-Սենտ Ջոն
- Այնտեղ, որտեղ ուժ կա հրամայելու, հնազանդությունը միշտ ենթարկվում է։
- Միասին լինել՝ նշանակում է նույնքան ազատ լինել, որքան մենակության մեջ, և նույնքան ուրախ, որքան հասարակության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 171.
Աղբյուրներ
[խմբագրել]- Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»։ grqamol.am (սեպտեմբերի 2, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։