Պարույր Սևակ
Արտաքին տեսք
(Վերահղված է Սևակ Պարույրից)
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924 — հունիսի 17, 1971), հայ գրող և բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Խոստանում եմ.
- Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար,
- Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ[1]։
- Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
- Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը։
- 26 փետրվարի 1969[3]
- Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
- Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել[4]։
- Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից[4]։
- Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը[4]։
- ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ[5]։
- Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ[6]։
- Ճշմարտություն եմ ծախում, սարքովի...
- Երբ իզուր հարց չեն տալիս՝ սուտ պատասխան չեն ստանում...
- Չի կարելի ամուսնանալ նորին պայծառափայլություն ճշմարտության հետ, ինչպես արել ու անում են բանաստեղծ շատ-շատերը՝ ընկնելով անցողիկ հաջողության ետևից, դառնալով ՕՐԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԻ ԹԱՐԳՄԱՆԸ[7]։
- Բանաստեղծը պետք է լինի խուսափող՝ ոչ թե ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-ԴԻԿՏՈՐԻ պես, այլ խուսափող ժողովրդի և դարաշրջանի[7]։
- Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել նրա ԿՇԻՌԸ և ոչ թե ԲԵՌԸ, պահել նրա ԱՐԺԵՔԸ և ոչ թե ԳԻՆԸ, ունենալ նրա ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ և ոչ թե ԱՊՐԱՆՔԸ, լինել նրա ՍՆՈՒՆԴԸ և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ԱՍՈՐՏԻՄԵՆՏԸ[7]։
- Առանց կենսագրական տարրի՝ բանաստեղծություն և, առհասարակ, գրականություն չի եղել ու չի կարող լինել։ Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ, որ խոսի միայն իր անունից. այդպես կարող են վարվել միայն միլիոնավոր հիվանդները, որոնք կոչվում են գրամոլ։ Բանաստեղծը ծնվում է խոսելու ԻՐ ԲԵՐԱՆՈՎ, բայց ԲՈԼՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի[7]։
- Նյարդերը արվեստագետի նվագարանն է, բայց ոչ երբեք դահլիճը։ Իրավ արվեստագետը նվագում է ոչ թե նյարդերի վրա, այլ նյարդերով սեփական, ոչ թե արցունք կորզելով, այլ արտասվելով ինքն իր մեջ, ոչ թե տանջելով, այլ տանջվելով ինքնին[7]։
- Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում[7]։
- Այո՛, մեր նախնիները մեզ աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել։ Բայց մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է[8]։
- Չկա ավելի խոշոր զգացում, քան հայրենասիրությունը։ Եվ սխալվում են հները՝ կարծելով, թե «սերը կույր է»։ Համենայն դեպս, չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում, այն էլ մի այնպիսի հայրենիք, որպիսին մերն է[8]։
- Մեր դարում չի կարելի լինել գրող և բանաստեղծ առանց կրթության[8]...
- Չպիտի մոռանալ, որ եթե գինին հնությունից թնդանում է, ապա պոեզիան հնությունից քաղցրանում է[8]։
- Ամեն մի ճշմարիտ ու մեծ արվեստագետի մեջ ննջում է հեղափոխականը[8]։
- Այո՛ դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարարական «խևությունը»[8]։
- Եթե նրանք՝ գիտնականները, ուզում են Աշխարհը բացատրել, բանաստեղծն ուզում է Աշխարհը գնահատել։ Իսկ գնահատելու մեկ չափ ու կշիռ կա՝ «ճշմարտությունը...»[8]։
- Ես ինձ շատ ավելի հուզական-զգացմունքային բանաստեղծ եմ համարում, քան իմ այն բանաստեղծ-ընդդիմախոսները, որոնք երդվում են հույզի ու զգացմունքի անունով[8]։
- Քննադատը... պիտի գրողից հասակով լինի՝ եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ[9]։
- Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»[9]։
- Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է[9]։
- Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
- Քան թե արվեստում լինել... տնփեսա[9]...
- Երբ կյանքն ստիպում է դավանել նոր հավատի, ապա երեկվա կուռքերին չհետևելը ոչ նրանց անտեսումն է, ոչ էլ սրբապղծություն, այլ նրանց գոյության շարունակությունը՝ նոր պայմաններում, նոր կենսընկալմամբ[9]...
- Կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը թաղված են տեսնում իրենց թաղումից առաջ։ Եվ կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը իրենց հետ գերեզման են տանում[9]։
- ...Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, որ այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածելակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով, և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն[10]։
- Ճշմարիտ արվեստագետը «նոր ձև» որոնելու նկրտում չի ունենում... Արվեստագետն ունի միայն մեկ մտահոգություն՝ իր ասելիքն արտահայտելու մտահոգություն։ Երբ կա ասելիք, ապա դա չի կարող չբերել արտահայտման իր ձևը[10]...
- Ձևի հարց, եթե ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ դատենք, չկա էլ, որովհետև կա միայն ԽՈՐՔԻ ՀԱՐՑ[10]։
- Ժխտել ավանդույթը նույնն է, ինչ ժառանգության ժխտումը, ոչ միայն հիմարություն չէ, այլև խելագարություն[10]։
- Արվեստի բնագավառ մտնել և չփնտրելը նույնն է, ինչ որ որսի գնալ ու շուրջը չնայել։ Բայց ամեն դեպքում կարևորը ՈՐՍԱԾՆ է և ոչ թե ՇՈՒՐՋԸ ՆԱՅԵԼԸ, ինչպես որ կարևորը ԳՏՆԵԼՆ է և ոչ թե ՓՆՏՐԵԼԸ[10]։
- Ճշմարիտ, իրավ բանաստեղծի մտքովն էլ չի անցնում դուր գալը, սիրողը կսիրի, այսօ՞ր, թե՞ վաղը՝ նրա հոգը չէ։
- Որքան անկեղծ է, որքան իսկապես «ինքն իր հետ» է բանաստեղծի խոսակցությունը, որքան մոռացության է տված «ականջ դնող աշխարհը», այնքան մեծ է բանաստեղծը, այնքան ավելի կգնահատվի նա՝ եթե ոչ այսօր (որ այնքան էլ կարևոր չէ), որքան վաղը (որ վճռական է)[10]։
- Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել,բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի —նա բարձր է գովքից էլ,գովաբանությունից էլ։
- Հայոց աշխարհն ունի շատ վայրեր որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է ։ Օշականում ապրելը մեր առաջին ուսուցշի անունը կրող դպրոցում սովորելը մեծ պատիվ և նույնքան էլ մեծ պարտականություն է ։ Ջանացեք արժանին դառնալ այդ մեց պատվին և ձգտեցեք հնարավորին չափ կատարել այդ մեծ պարտականությունը։
- Համաշխարհային արվեստի պատմությունը, վերջին հաշվարկով, այլ բան չէ, քան պատմությունը նորարարության։ Ըստ որում, լինել նորարար՝ չի նշանակում ասել «ոչ»։«Ոչ» են գոռում պոռոտախոսները կամ պարզապես հովկուլները։ Նորարարը «ոչ» չի գոռում, նորարարն ասում է «այո, բայց․․․»։ Եվ չի ասում «Օվսաննա», այլ հարցնում է՝ «հո՞ երթաս»։ Եվ մրմնջում՝ «փառքդ շատ, տե՜ր», այլ ասում է՝ «շօշափեցե՛ք զիս և տեսեք․․․»։
- Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր և մայրախնամ զավակերը՝սկսած Մաշտոցի ու մեր առաջին թարգմանիչների միջև․․․Վարուժան ու Չարենց։
- Գալով անհիշելի ժամանակներից, անցելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրահատուկ հանագիտարան է անհիշելի ժամանակների, բազու դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով ՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին: Նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության:
- Խաղալ գրականության հետ, նշանակում է խաղալ ժողովրդի ոչ միայն ներկայի, այլև ապագայի հետ, է՛լ առավել մի այնպիսի ժողովրդի, որպիսին է մերը, որի համար գրականությունը շատ հաճախ փոխարինել է պետությանն ու ազգային կյանքի վարչությանը:
- Կուզեի լավ գիտնական լինել, բայց դրա համար խանգարում են երկու հանգամանք, որոնցից մեկը՝ ավել լինելու պատճառով, մյուսը՝ պակաս լինելու պատճառով։ Ավել-խանգարիչս բանաստեղծ լինելս է, պակաս-խանգարիչս՝ լեզուներ չիմանալս։ Այ եթե հայերենին և ռուսերենին միանային նաև մի քանի եվրոպական և կլասիկ (արևելյան) լեզուներ, այն ժամանակ կարելի էր։
- Բայց ասենք այս երկու խանգարիչ հանգամանքները, վերջին հաշվով, միանում են․ չլինեի բանաստեղծ, ասել է թե սիրտս միասիրտ չերկփեղկված լիներ, ասել է նաև՝ իսկական համբերություն ունենայի, կնստեի և կսովորեի այն ամենը, ինչի պակաս զգացվում էր- տվյալ դեպքում լեզուները։
- Բայց դե արժե՞ բանաստեղծ չլինելու գնով լավ գիտնական լինել[11]։
- Մահը միշտ չէ և ամենքին չէ, որ գեղեցկացնում է։ Բայց ես գիտեմ, որ մեռնելուց հետո պիտի գեղեցկանամ․․․[12]
- Գոհ եմ, ըստ ամենայնի, իմ աստծուց, նա առատաձեռն է եղել հեթանոսորեն. ես, իհարկե, գիտեմ, որ այս պահը կանցնի և նորից ես բանաստեղծություններ կգրեմ (սիրում եմ բանաստեղծությունը)։ Բայց թող համը չհանեն։ Ծայրահեղ դեպքում ես կջարդեմ այն գրիչը, որով ոտանավորներ եմ գրում և մի նոր գրչածայրով վեպեր կգրեմ։ Առավել ծայրահեղ դեպքում՝ գիտությունների թեկնածուի (հավես մնա՝ դոկտորի) աստիճանի զրահով քննադատ կդառամ - դառնալու շատ բան կա։ Այսուամենայնիվ մի բան լավ է, որ ես ես եմ և որ ես ապրում եմ Սովետական Միության մեջ։ Առավել ևս ուրախալի է, որ Սովետական Միությունը Հայաստանով և Հայաստանը Գրողների միությունով չի սահմանափակվում։
- Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել։
- Ով անցյալ ունի՝ չի կարող հիշողություն չունենալ
- Բայց հիշողությունն այլ բան չէ, քան մի կուտակիչ-ակումուլյատոր, որին պիտի միացված լինի այն լուսարձակը, որն ուղղված է դեպի առաջ և լուսավորում է առջևը, հակառակ դեպքում հիշողությունը կարող է շնորհից վերածվել անեծքի։ Եվ նրա ճառագայթները կարող են լուսավորել պատմության խորշերը միայն[13]։
Պարույր Սևակի մասին
[խմբագրել]- Դու ընդամենը անհատ էիր, բայց ինչպիսի՜ անհատ։ Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում և բնության ուժն է բերում ժողովրդին։ Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել։
- Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման ոգով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը։ Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից։
- ...Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու[14]։
- Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»... Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մեկն է աշխարհի վրա[14]։
- Պարույր Սևակ բախտ է, աստղ է։ Ես հիացեր եմ անոր գրութենեն։ Սևակ թանկ է հային համար[14]։
- Նա իր մեծ հոգում ներդաշնակեց Ասիան ու Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը... Նա իր փոքրիկ սրտաչափ սենյակում հեռուներից բերեց-բնակեցրեց աշխարհի խորհող մեծերին, դարձավ նրանց թարգմանը և խնկարկուն, իսկ երբ գնաց աշխարհի հեռուները, իրենով տարավ-ներկայացրեց Հայաստանը՝ իր բիբլիական իմաստնությամբ ու իր մանուկ երազանքներով։ Նա ապրեց գեղեցիկ, հախուռն, անհաշիվ, մտքի ու զգացմունքների արքայական մի շռայլությամբ՝ իր շուրջը սփռելով սեր, դաշնություն, հրճվանք ու օրհնություն[14]։
- Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով[14]։
- Իսկական բանաստեղծները միշտ էլ առաջ են ընկնում իրենց ժամանակից, և, իմ կարծիքով, դեռ կգա Սևակի «երաժշտության» ժամանակը, և դեռ շատ կոմպոզիտորների կոգևորի նա՝ ստեղծելու իր պոեզիային համահունչ երաժշտական մեծարժեք կտավներ[14]։
- Պարույր Սևակի տաղանդը պատկանում է ժողովրդին։
- Հայաստան երկրի դարավոր տառապանքն էր իմաստավորել այդ տաղանդը։ Իր մեծ նախորդների՝ Նարեկացու ու Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա։
- Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին՝ իրենց ղողանջները փռելով ամբողջ հայ ժողովրդի հոգում՝ Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի ամենահեռավոր ծայրերը...
- ...Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու[15]։
- Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հայկական միջնադարի մյուս քնարերգուների տաղերից, ինչպես նաև Չարենցի նորարական ստեղծագործություններից[15]։
- Սիրելի՛ Պարույր, ի հեճուկս մահի, շնորհավորում եմ քեզ՝ միշտ կենդանի ու արևային բանաստեղծիդ... Դու կապրես, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն խիզախությունը, սերն ու պոեզիան[15]։
- Բարև, Պարույր։
- Ես քեզ ասում եմ «Բարև» և գիտեմ, որ ի պատասխան կլսեմ քո ձայնը։ Քո ձայնով ինձ կապտախանեն երգեցիկ, կարկաչուն գետերը Հայաստանի։ Անհագիստ, ինչպես դու։ Շռայլ, ինչպես դու, իմաստուն, ինչպես դու։ Եվ հավերժ, ինչպես դու։ ԻՆձ կպատասխանեն քո արևոտ հողի աշխատավորները՝ մարդիկ, որոնց ձեռքի ափերը կոշտ են քարի պես, իսկ սրտերը թրթռուն ու բաց, ինչպես Սևանի հարթությունը։ Ինձ կպատասխանեն հազարամյա պատմության հզոր որոտները, կյանքը հաստատող, ցնծուն ձայները, որ լսվում են ծննդատաներից։ Անցյալը կպատասխանի և ներկան։ Թռչունները և աստղերը։ Ցողի կաթիլները և անձրևի կաթիլները։ ԻՆձ կպատասխանեն այսօրվա և վաղվա սիրահարված հողերը։ Քո ձայնով կպատասխանեն։ Քո բանաստեղծություններով։ Դրա համար՝ միշտ բարև, մեր Պարո՛յր։ Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ։ (Նամակ Պարույր Սևակին՝ նրա ծննդյան 50-ամյակի օրը)[16]
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի
- Պարույր Սևակը ամենից առաջ խոր արմատներով կապված է իր ժողովրդի, նրա պատմության հետ։ Արդի հայ պոեզիան նա հարստացրեց պատմագեղարվեստական ժանրի այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն», «Եռաձայն պատարագ» պոեմները։
- Պարույր Սևակի ասելիքը չի սահմանափակվել ազգային շրջանակներում. նա դուրս է եկել և թևածել համամարդկայինի-համաշխարհայինի ոլորտներում։ Ազգայինի և համամարդկայինի ներդաշնակումը նա համարում էր մեր ժողովրդի աշխարհայեցողությանը ներհատուկ[15]։
- Նրա ստեղծագործությունն օժտված է ներգործուն հզոր ուժով, որով և հատկանշվում է մեծ արվեստը։
- Պարույր Սևակը գրավում, հմայուն է խոստովանության նման ճշմարիտ ու անկեղծ իր խոսքով, երազանքների ու իդեալների պատանեկան մաքրությամբ, փիլիսոփայական-վերլուծող մտքի անպարագիծ սլացումներով, բարի հումորով ու սարկաստիկ ծաղրով[15]։
- Պարույր Սևակը եռամեծ բանաստեղծ էր։ Նրա բանաստեղծական խոսքը մարդկային հոգու խոր ծալքերի հետ էր։ Եվ որովհետև անմահ է մարդկությունը, ապա նաև անմահ է Պարույրը։
- Պարույր Սևակը սոսկ մի լույս չէր։ Նա իր վիթխարի հոգու մեջ ամփոփում էր հազարամյակներ շարունակ բանաստեղծությամբ շքեղացած հայ ժողովրդի հազարամյակների բանաստեղծական լույսը։ Լույսը չի մարում, որովհետև ակունքն արևից է։ Պարույր Սևակն աշխարհ եկավ նախ և առաջ ապրեցնելու։ Հուսահատությունը խորթ էր նրա համար։ Նա էր ամենից առաջ հստակ տեսնում մարդ արարածի ցավը, մանավանդ հոգու արատը։ Ցավը բուժում էր նա իր բանաստեղծական կենդանացնող դարմանով, արատը վերացնում էր իր արարչական ուժով...[17]
- Պարույրի թողածը անգնահատելի ու շատ է, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին։ Նա ուներ ասելիք, լի էր ամենով։ Պարույրը ժողովրդի ծնունդ էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը։ Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայրենասեր։
- Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի, նրա պոեզիայի մեջ իր սրտի, իր հույզերի լարը կգտնի...[17]:
- Մարդիկ բնության ծնունդ են, բայց հազարից մեկն է բնության պարգև լինում։ Պարույրը բնության այդ հազարից մեկն էր։ Պարույրը ինքը բնությունն էր, ինչպես բոլոր արտակարգ մարդիկ, ինչ-որ մի տեղ զարմանալի ու անհասկանալի՝ թաքնված արտասովորություն, առեղծված անհատականություն։ Պարույրն անակնկալ էր։ Եվ այդպես էլ գնաց անականկալներով լի։
- Չարենցից հետո ոչ մի բանաստեղծ՝ ավագ թե երիտասարդ, մեր գեղարվետսական մտածողությունն այդպես չի մղել առաջ, ինչպես Պարույր Սևակը[17]։
- Պարույր Սևակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող զանգատունը շեն մնա, որ ժամհար աշխարհ կգա անպայման։
- Պարույր Սևակը այն հազվագյուտներից էր, բանաստեղծական - «ճառագայթային ախտով» հարուստ մի խառնվածք, և նրա անունը մեկընդմիշտ մտնելու է նոր ժամանակների հայ բանաստեղծության ամենամեծ երախտավորների շարքը։ Նա մեկն էր իր երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ բացում, հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալիս։
- Մեր դարավոր ժողովրդի պատմության ու մշակույթի ժառանգորդն է Սևակը, որ կամրջեց անցյալն ու ներկան՝ դեպի ապագան թռչելու համար բացած հզոր թևերով[17]։
- Չեխ ընթերցողը հայ բանաստեղծի մեջ գտնում է իր մարդուն։Պ․ Սևակին սքանչացնում է գժությունը, առանց որի «սերմերը բերք չեն դառնալու», «թաթերը ձեռք չեն դառնալու»։ Սևակի պոեզիայի քնարական հերոսը տղամարդկանց զտարյուն ցեղից է, ոչ մի բանի համար չի դավաճանի իր իդեալներին, իր սիրուն և աշխարհի իր նոր հայտնությանը։ Նրա պոեզիայուն ներբաննները միջնորմ են երկրի և մարդու միջև, իսկ արևի ճառագայթները՝ արևային ներարկումներ։ Սևակի «Հիմն լույսինը», Նեյմանի խոսքերով ասած, «լուսեղեն նյութից է» և կարող է դրականորեն ազդել մեր պոեզիայի վրա[18]։
- Միլան Բլահինկա
- ․․․ Ես հիմա պարզապես չեմ գիտակցում, որ դու չկաս։ Մեր կապը միշտ էլ եղել է առանց իրականի և անիրականի սահմանազատման։ Միշտ էլ, չհաշված մի քանի կարճատև հանդիպումներ, մենք ապրել ենք իրարից հեռու։ Բայց այդ հեռավորությունը մենք չէինք զգում, կարողանում էինք սրտի ու կամքի ուժով այն հաղթահարել։
- Լյուդմիլա Մոտալովա[18]
- Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
- Պարույր Սևակը երիտասարդության հոգու մաքրությունն է, նրա սրտի զարկերակը, բողոքը, պայքարը, հավատը և վերջնականապես ճշմարտությունը[19]։
- Սոնա Չախալյան
- ․․․Պարույր Սևակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է։ Նա կարողանում է լինել ամբողջ համաշխարհային պոեզիայի ժառանգորդը[19]։
- Միխայիլ Դուդին
- Պարույր Սևակը մեծ բանաստեղծ չէր միայն, այլև բազմակողմանիորեն զարգացած, խոր գիտելիքների տեր հետազոտող-գիտնական։
- Ինչ որ անում էր գիտության մարզում,անում էր բացառիկ նվիրումով ու խորացումով, անում էր փաստերի մի ամբողջ շտեմարան տեղից շարժելով[19]։
- Սուրեն Աղաբաբյան
- Զարմանալիորեն շռայլ է եղել բնությունը Պարույր Սևակի հանդեպ, և չկար որևէ տեղ, որին ձեռք պարզեր և ուժը չպատեր հաղթահարելու։ Նրա տաղանդի մեծությունն ու փայլը երևում են ոչ միայն պոեզիայի ամենատարբեր ժանրերում, այլև գրականագիտական ու արվեստաբանական հոդվածներում, պատմագիտական աշխատություններում, գիտական ծավալուն ուսումնասիրություններում[20]։
- Ալբերտ Արիստակեսյան
Տես նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 114. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 115. ISBN 99930-2-276-4.
- ↑ Յարութիւն վաւերական-ուսուցողական շարժանկար
- ↑ 4,0 4,1 4,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 130։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 131։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 132։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 133։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 69։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 396։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 306։
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 127:
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 128:
- ↑ Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990, էջ 171-172։
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 129։
- ↑ 18,0 18,1 Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990, էջ 172։
- ↑ 19,0 19,1 19,2 Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 301։