Անլռելի զանգակատուն
«Անլռելի զանգակատուն», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1957-1958 թվականներին։ Լույս է տեսել 1959 թվականին։ Նվիրված է Կոմիտասին։
Քաղվածքներ[խմբագրել]
- Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,
Եվ այն էլ... հայոց[1]։
- ... Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,
Ինչպես չի քերվում արյունը սրտից
Կամ գույնը վարդից։
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում
Ինչպես դրացուն,
Այնպես էլ համայն մի ժողովրդի։
Չի ներվում և այն,
Ինչը կոչվում է առավելություն...[2]
- Դարդը քա՞ր կանի...
Աստված ճա՛ր կանի.
- Հորովե՜լ։
«Աստված» ինչ չանի՝
Մարդը դի՜նջ կանի....[3]
- ...Երևի այդօր-քանի՜ դար հետո-
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...
...Երևի այդօր-քանի՜ դար հետո-
«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան
«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...[4]
- Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,
Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր.
Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր,-
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր....[5]
- Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած
Գեղեցիկ Արա՜ն...[6]
- ...Ուրա՞խ է կյանքը,
Տխո՞ւր, դաժա՞ն է.
Միշտ ժողովրդից երգն անբաժան է....[7]
- Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,
Նրա վրա է աշխարքի շենը....[8]
- Մենք կայինք,
Մենք Դավիթ էինք,
Սակայն դեռ մեզ չգիտեինք.
Դեռ պառվի շաղգամի արտում
Քիչն ուտում,
Շատն էինք ջարդում՝
Մանկորեն ոտքի տակ տալիս[9]։
- Քեզ հարվածողին որպեսզի զարկես
Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,
Պիտի զարկողին իր զարկից զրկես։
Թե ոստայնի պես ստեր են հյուսում,
Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,
Պիտի սովորես ստողի լեզուն[10]։
- Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.
Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից[11]։
- Ա՜խ, եթե անգամ քարե սիրտ ճարվի՝
Մարդկային սրտում բա կրա՞կ կարվի...[12]
- Այսպես է.
Որտեղ շատ են խոստանում,
Միշտ էլ այնքան են հետո խոստանում,
Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր[13]։
- Այսպես է.
Միշտ էլ երբ համն են հանում՝
Ուղիղ հակառակ բան են ստանում[14]։
- Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում[15]։
- Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծվածքից անգամ,
Ճղակոտրումից։
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակվում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից.
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝
Ապաքինվելով բուժիչ այն խեժով,
Որ ուրիշ դեպքում կոչվում է... հանճար[16]։
- Գարուն էր։ Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես...[17]
- - Համայն աշխարհում
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,-
Ո՛վ էլ որ չասի՝
Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի
Ու կասի՝ կարդա՛:
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի[18]։
- Դե ե՜կ, Վարդապետ,
Ու մի՛ ցնորվիր...[19]
- Սակայն ոգին մեր հայության
Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.
Ելք է ճարում նո՛ր հարության,
Եվ... ո՛չ որպես փյունիկ թըռչուն,
Այլ... հայի՜ պես...[20]
- Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում[21]։
- Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն...[22]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 15:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 183։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 61։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 8։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 11։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 13։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 38։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 61-62։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 63:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 65:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 75:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 81։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 83:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 84:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 151:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 162:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 187։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 213:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 206։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 224։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 244:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 246։