Մեր ժամանակի հերոսը
Արտաքին տեսք
«Մեր ժամանակի հերոսը» (ռուս.՝ Герой нашего времени), ռուս գրող Միխայիլ Լերմոնտովի վեպը։ Գրվել է 1838-1840 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում 1840 թվականին։ Առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1973 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Խոնդկարյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Առանց հիմարների աշխարհում շատ ձանձրալի կլիներ…
- - Պեչորին
- Չէ՞ որ էն տեսակ մարդիկ կան, որոնց ճակատին գրված է, թե նրանց հետ զանազան արտասովոր բաներ պետք է պատահեն։
- Այն, ինչ արտասովոր կերպով է սկսվել, նույն կերպով էլ պետք է վերջանա։
- – Ես երբեք ինքս բաց չեմ անում իմ գաղտնիքները, այլ անչափ սիրում եմ, որ գուշակեն, որովհետև այդպիսով միշտ կարող եմ առիթը եկած դեպքում ժխտել։
- - Պեչորին
- Ես սիրում եմ թշնամիներին, թեպետ ոչ քրիստոնեաբար։ Նրանք ինձ զվարճացնում են, գրգռում արյունս։ Միշտ զգաստ լինել, որսալ ամեն հայացք, ամեն մի բառի նշանակություն, կռահել հակառակորդի մտադրությունը, քանդել դավադրությունները, խաբված ձևանալ և հանկարծ մի հարվածով խորտակել խորամանկություններից ու դիտավորություններից կառուցված ահագին և մեծ աշխատանքով ստեղծված ողջ շենքը,-ահա թե ինչն եմ ես կյանք անվանում։
- Ոչ փառքը, ոչ երջանկությունը բնավ կախված չեն գիտությունից, որովհետև ամենաերջանիկ մարդիկ տգետներն են, իսկ փառքը բախտի բան է, և այն ձեռք բերելու համար հարկավոր է միայն ճարպիկ լինել։
- Կյանքն այնքան թանկ չէ, որ նրա մասին այդքան հոգաս…
- Ձեր անհաջողությունների մասին ոչ ոքի մի պատմեք, դա ընկերների կտխրեցնի, իսկ թշնամիներին կուրախացնի։
- Ես որքան էլ բուռն սիրեմ որևէ կնոջ, եթե նա լոկ զգալ տա ինձ, որ պետք է հետը ամուսնանամ-մնա՜ս բարով, սե՛ր։ Սիրտս քար կկտրի, և նրան այլևս ոչինչ նորից չի տաքացնի։ Ես պատրաստ եմ բոլոր զոհողություններին, բացի սրանից։ Քսան անգամ կյանքս, մինչև անգամ պատիվս, վտանգի կենթարկեմ… բայց ազատությունս չեմ ծախի։
- Հիշողությանս մեջ թերթում եմ իմ ամբողջ անցյալը և ակամա հարցնում ինքս ինձ՝ ինչո՞ւ եմ ապրել, ի՞նչ նպատակի համար եմ ծնվել…Իսկ նպատակ, հավանորեն, եղել է, և, հավանորեն, ինձ բարձր կոչում է վիճակված եղել, որովհետև հոգուս մեջ անընդգրկելի ուժեր եմ զգում… բայց ես չկռահեցի այդ կոչումը, տարվեցի դատարկ և ոչ ազնիվ զգացմունքների հրապույրներով։ Դրանց բովից դուրս եկա ամուր և սառը, ինչպես երկաթ, բայց առհավետ կորցրի ազնիվ ձգտումների բուռն ցանկությունը՝ կյանքի լավագույն ծաղիկը։ Եվ այդ ժամանակից ի վեր քանիցս ես կացնի դեր եմ կատարել բախտի ձեռքին։ Որպես մահապատժի զենք, իջել եմ դատապարտված զոհերի գլխին, հաճախ առանց չարամտության, միշտ առանց ափսոսանքի…
- Եվ գուցե ես վաղը մեռնեմ… ու երկրի վրա չմնա ինձ լիովին հասկացող ո՛չ մի էակ։ Ոմանք ինձ ավելի վատ են համարում, մյուսներն ավելի լավ, քան ես, իրոք, կամ…Ոմանք կասեն. «Նա բարի մարդու մեկն էր», մյուսները՝ «Սրիկա էր»։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը սխալ կլինի։ Սրանից հետո արժե՞ արդյոք ջանք թափել ապրելու համար։ Իսկ ապրում ես հետաքրքրությունից դրդված, ինչ-որ նոր բանի ես սպասում… Ծիծաղելի է և ցավալի…
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 212.