Կոմիտաս

Վիքիքաղվածք-ից
Կոմիտաս Վարդապետ

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869 - հոկտեմբերի 22, 1935), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից[1]:
  • Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում[1]:
  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[2]:
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[2]:
  • Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի[4]:

Քաղվածքներ Կոմիտասի մասին[խմբագրել]

Կոմիտաս Վարդապետ, հեղինակ՝ Փանոս Թերլեմեզյան, 1913
  • Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:
Գարեգին Լևոնյան
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիված ճեմարանի մեծեն ու փոքրեն:
Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում: Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...:
Հրաչյա Աճառյան
  • Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր: Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում:
Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ:
Փանոս Թերլեմեզյան
  • Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:
Ավետիք Իսահակյան
  • Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ:
Արամ Խաչատրյան
  • Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (Փարիզ, 1906) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ[5]::
Լուի Լալուա[6]
  • Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից:
Միխայիլ Գնեսին
  • Հայ ժողովրդական երգը, հանձին Կոմիտասի, գտել է իր ամենացայտուն վարպետին: Նա ուսանելի է շատ տեսակետներից: Եվ հայ երաժշտության զարգացման նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին և ապա միայն սկսի ստեղծագործել[5]::
Թոմաս Հարտման
  • Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ:
Երբ լսում եմ Լոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ[7]::
Արամ Խաչատրյան
  • Կոմիտասը վեմն է հայ երաժշտության, հիմնաքարը: Կոմիտասը այն իմաստուն ստղծագործողն է, որ մեծապես հասկացավ ժողովրդական աղբյուրների կենսալից ուժը և իր նյութը վերցրեց այնտեղից: Եվ այսօր Կոմիտասն այն երաժիշտը չէ, որին մենք սոսկական «արժանավորների հարկը» մատուցանելու համար միայն հարգանքի խոսք ասենք: Այսօր արդեն պարզ է ամեն երաժշտի համար, որ մեր ժողովրդական երգի վրա հիմնվող նրա երաժշտությունը Կոմիտասից է սկսվում[7]:
Դերենիկ Դեմիրճյան
  • Կոմիտասը աննման վարպետ է. նրա դաշնակումը աներևակայելի դժվար ու գունավոր է. նրա մեներգերի ու խմբերգերի շարահյուսումները անկարելի է գերազանցել[7]:
Ա. Մելիշար (գերմանացի երաժշտագետ, խմբավար)
  • Կոմիտասը՝ այդ ամենատաղանդավոր երգահանը, ժողովրդական ստեղծագործության անխոնջ հավաքողը, մեզանից յուրաքանչյուրի համար կարող է լինել իր ժողովրդին, իր արվեստին բոլորանվեր ծառայելու, կյանքի, մարդու նկատմամբ սիրո օրինակ[7]:
Դ. Կաբալևսկի
  • Զարմանում եմ Կոմիտասի արտակարգ ընդունակությունների վրա: Շատ լավ իմանալով ժողովրդական երգը՝ նա այդ երգերը ներդաշնակել է հազվագյուտ ճաշակով և ճշտորեն: Բոլոր այն երգերը, որոնք ես անձամբ եմ լսել Կոմիտասից և կամ ուսումնասիրել եմ, ամենից առաջ ապացուցում են, թե եզակի մի դեմք է՝ որպես ներդաշնակող և որպես պոլիֆոնիստ[8]:
Վ. Եգոն (Վիեննայի համալսարանի դասախոս)
  • Անցյալ երեկո Ալհամպրայի վրա հայ ժողովրդի հոգին էր, որ ամբողջովին թրթռաց, մի հոգի, որը համակ եռանդ է, որին ոչ մի ուժ չի կարող բանտել կամ մարել: Գիշերային սարսուռի մեջ ներդաշնակ խոսքեր, ժողովրդի զգացմունքներովն արյունած ու շառագույն իջնում են խազ առ խազ, մի ժողովրդի, որն իր հպարտությունը պահում էր և իր փոքրիկ համայնքից իսկ ճոխություններ էր պարգևում մարդկությանը[5]:
Ժ. Սիտաու
  • 1914 թ. Փարիզի երաժշտական կոնգրեսում, ուր հավաքվել էին աշխարհի գլխավոր երաժշտագետները, Կոմիտասը հայ ժողովրդական ու հոգևոր երգերից մի համերգ տվեց՝ հիացնելով ներկա եղեղ կոմպոզիտորներին:
Ժողովրդական երաժշտությունը, ինչպես և արորի, խոփի, գութանի երգերի մասին տված դասախոսությունները, պիտի ասել, համագումարի նիստերից թանկագինը եղան: Երբ Կոմիտասը դաշնամուրի մոտ նստեց՝ մեղմորեն երգելու հայկական երգ, ունկնդիր հասարակությունը քարացած մնացել էր լուռ, և այնտեղ տիրեց այն վեհապանծ հմայքը, այն գերագույն պարզությունը, որ բխում է հայկական երաժշտությունից[9]:
Ֆ. Մակլեր (Սորբոնի համալսարանի պրոֆեսոր)
  • Կոմիտասի ծառայությունները հայ երաժշտությանը հսկայական են: Նրա գեղեցիկ ստեղծագործությունները դուրս եկան իր հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը: Կոմիտասը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է: Նա նաև ականավոր երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ և այս բնագավառում նրա ծառայությունները դժվար է գերագնահատել:
Սովետական երաժիշտները, երաժշտասերները, սովետական ժողովուրդը սրբությամբ են հարգում Կոմիտասի հիշատակը: Սովետահայ կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում հետևում են ու կհետևեն Կոմիտասի հիանալի ավանդույթներին:
Նրա երաժշտությունը ապրում է և հավերժ կապրի սովետական մեծ երաժշտության հետ[10]:
Դմիտրի Շոստակովիչ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  2. 2,0 2,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 175. ISBN 99930-2-263-2. 
  4. Գայանե Դանիելյան (2011-03-31)։ Կոմիտասագետը վերծանել է Կոմիտասի խազագրությունները։ Վերստացված է՝ 2011-12-27։
  5. 5,0 5,1 5,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 139:
  6. Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ
  7. 7,0 7,1 7,2 7,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 138:
  8. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 138-139:
  9. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 139-140:
  10. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 140:


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կոմիտաս հոդվածը նաև Վիքիպեդիայում: