Վերք Հայաստանի
Արտաքին տեսք
Վերք Հայաստանին, Խաչատուր Աբովյանի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
- Ա՜խ, լեզուն, լեզուն․ լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։
- Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլաչիթսա չի՛ ըլում և այլն։ Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ։
- Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։
- Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։
- Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց։ Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց։
- Դու էլ գլուխդ խփիր պատին՝ թե կարաս, տեսնիմ արին դուս կգա՞, թե մեկ անկաջ էլ կավելանա։
- Սե՛րը, սուրբ սե՛րը, որ բալասանի պես կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պես կտրատում, սե՛րը, ի՞նչ ասես, որ չանի։ Ի՞նչ կրակ կարա անսեր սիրտը տաքացնիլ. ի՞նչ ջուր կարա սիրով վառված հոգին դինջացնիլ, հանգցնիլ։ Սիրով վիրավորված սիրտը ո՛չ հողից կվախենա, ո՛չ գողից. ո՛ չ ահ գիտե, ո՛ չ վախ. ո՛չ սրից երեսը կդարձնի, ո՛չ ջրից։ Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը։ Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա։ Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ։
Վեպի մասին
[խմբագրել]- Եթէ Աբովեանի "Վէրք Հայաստանի"ն ունի արժանաւորութիւն, եւ եթէ այդ արժանաւորութիւնը կարելի է գնահատել, ապա ուրեմն մի միայն եւրոպական կանոններով, որ նայում է միշտ գործի խորհրդին եւ թէ հեղինակը մինչեւ որ աստիճան կարողացել է հասկնալ լուծանել իր առջեւ դրած խնդիրը։
- Աբովյանի «Վերք Հայաստանի» անունով գործն է ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկա վիճակը, ազգի հասկացությունը[1]։
- Այդ գիրքը («Վերք Հայաստանի») թորում է ամեն մի հայի աչքից արտասուք, երբեմն շարժում է նոցա ծիծաղը, իսկ շատ անգամ ուռեցնում է նոցա կուրծքերը մի վսեմ ազգասիրական հպարտությամբ։ Ինչու՞։- Որովհետև ազգի հոգին է խոսում այդ գրքի խորքից[1]։
- 1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք՝ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն Խ. Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր գրականության առաջին հիմնաքարն է ընդունված[1]։
- «Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է[2]։
- «Վերք Հայաստանին»... Որքա՜ն հրաշալի բան է, որքա՜ն սրբազան ոգևորությամբ է լցվում կարդացողի սիրտը. ահա ձեզ մի գրվածք, որ ամբողջովին բանաստեղծության և անկեղծ ոգևորության արտահայտություն է[1]։
- Քիչ բան կա որևէ գրականության մեջ այնքան հզոր, այնքան ջղուտ, այնքան ինքնատիպ ու ցեղադրոշմ, որքան «Վերք Հայաստանիին» կարգ մը կտորները[2]։
«Վերք Հայաստանին» սովորական առումով գիրք չէ, իհարկե. նա վերք է իրոք՝ հայ մեծադժբախտ ժողովրդի դարավոր վերքը... Նա գիրք չէ. նա սիրտ է՝ տարերային զգացմունքներով զեղուն. ահագին սիրտ՝ ըմբոստ, զայրալից և վշտագին, վառվող, մխացող սիրտ...[3]
Աղբյուրներ
[խմբագրել]