Խարան

Վիքիքաղվածք-ից

«Խարան», Հենրիկ Շաթիրյանի (1937-2006) միակ գիրքը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Խելացի մարդկանց ասույթները քիչ արժեք ունեն կյանքի ճանաչողության հարցում և հետո, խելացի մարդիկ ասույթներով չեն սնվում, ոչ էլ կարդալիս զարմանում են, քանզի լավ գիտեն, որ եթե կան խելացի մարդիկ, ապա յուրաքանչյուր հանճարեղ միտք, տարբեր ժամանակներում, տարբեր մարդկանց կողմից արծարծվում է միլիոնավոր անգամ։ (էջ 17)
  • Բոլոր մտածողներն էլ ճիշտ են, բայց իրենց կյանքի դեպքերի նկատմամբ նաև սխալ են, որովհետև միտքը ծնվում է կենսափորձից։ (էջ 17)
  • Հաջողությունը միշտ էլ պահն է որոշել։ (էջ 27)
  • Համարձակ, քաջ մարդիկ ավելի շատ կատակում են վտանգի պահին, քան վտանգն անցնելուց հետո, որովհետև վտանգի հետ է սկսվում նրանց կյանքի իմաստը. վտանգը նրանց տարերքն է։ (էջ 30)
  • Երբ բախվում ենք վտանգների, ոչ մարդու ով լինելն ենք հաշվի առնում, ոչ էլ` նրա անցյալը, այլ ներքին զգացողությամբ ենթարկվում ենք նրան, ով դրսևորում է խելք ու համարձակություն։ (էջ 38)
  • Մարդուն քաջության օրինակը քաջ է դարձնում, որքան էլ նա իր բնույթով վախկոտ լինի ծնված։ (էջ 41)
  • Խելքը միակ բանն է, որ անխելքներն էլ են գնահատում։ (էջ 47)
  • Ճակատագիրը հասնում է մարդուն նրա ամենաանելանելի դրության մեջ։ (էջ 55)
  • Մոլորվածների ճանապարհը շատ կարճ է Աստծուն ճանաչելու համար։ (էջ 57)
  • Անվճռականության պատճառներից մեկն էլ խղճի դրսևորումն է։ (էջ 65)
  • Երբեմն մարդիկ հասնում են հաղթանակի ոչ թե քաջության, այլ համառության շնորհիվ, այդպիսի հաղթանակները քչերն են գնահատում, որովհետև ձեռք չի բերվում քաջության միջոցով։ (էջ 87)
  • Գերբնականը դրսևորվում է այնտեղ, ուր նրա պահանջը կա։ (էջ 89)
  • Խելացի հարցից է պարզ դառնում խելացի լսողը։ (էջ 91)
  • Մտածող մարդու զգայարաններն էլ են մտածում։ (էջ 107)
  • Զգայուն հոգիները դուրս են ազգային շրջանակներից։ Նրանք բոլորը պատկանում են միևնույն ազգության, այն է մարդկությանը։ (էջ 116)
  • Հանճարը մտքի առավելագույն դրսևորումն է. կարող ես լինել հանճարեղ, բայց չկողմնորոշվել արժեքների խնդրում։ (էջ 116)
  • Ովքեր համակրում են դահիճներին, մարդ համարվել չեն կարող։ (էջ 117)
  • Բնազդն ավելի կարևոր գործոն է վտանգի ժամանակ, քան տրամաբանությունը. այն մարդուն ճիշտ ժամանակին է օգնության հասնում, քան իրավիճակի տրամաբանական վերլուծությունը։ (էջ 121)
  • Ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ յուրաքանչյուր պետության պետք է ճանաչել նրա գործադրած պատժանիջոցներով. այդ դեպքում նոր պարզ կդառնա մարդու կամ պետության բարոյական ոգին։ (էջ 123)
  • Մարդասիրությունն էլ է պարտավորեցնում մարդ սպանել, եթե այդ մարդը Չարի ծնունդ է։ (էջ 126)
  • Բազմափորձ մարդիկ միշտ էլ այլոց վիճակի մեջ փորձում են տեսնել իրենց. գուցե դա է պատճառը, որ այդ մարդկանց սրտերում ատելության սերմերը չեն աճում։ (էջ 129)
  • Միջոցները երբեք չեն ավելացրել մարդու մեջ եղած հաստությունը, այլ միայն որոշակիորեն օգնում են դրսևորելու ի ծնե եղածը` ի շահ մարդկանց կամ իրենց կյանքում անմնացորդ արտահայտելու։ (էջ 131)
  • Մինչև խավարը չտեսնես, լույսին չես դառնա։ (էջ 138)
  • Անվճռականությունը խորտակում է բոլոր լավ առիթները, ինչպես որ չափազանց բարությունն է փչացնում ռիսկը։ (էջ 141)
  • Մարդը իր գործած մեղքը զգում է այն դեպքում, երբ գթության կարոտ է նրա սիրտը։ (էջ 143)
  • Մարդկանց վախը կրկնապատկվում է, երբ զգում են իրենց մեղավոր լինելը։ (էջ 143)
  • Հանդարտաբարո մարդկանց հազվադեպ զայրույթը երբեմն պատճառ է դառնում համարձակներին ի գործ դնելու։ (էջ 148)
  • Մարդն այնժամ է նմանվում մարդու, երբ նրան հավատում են ու վստահում։ (էջ 151)
  • Վեհանձն մարդիկ, լինելով դրության տերը, ավելի են տառապում խղճմտանքից, քան իրենցից փրկություն աղերսողը։ (էջ 158)
  • Ազատության համը զգացած ստրուկն ավելի հզոր է իր համառության մեջ, քան նրան իր ձեռքը գցել ցանկացող բռնակալը։ (էջ 159)
  • Ապահովությունը զգուշություն է սիրում։ (էջ 172)
  • Լավ ընկերը նման է խոշոր ադամանդի, լավ կինը` ոսկու, քանի որ նա ամենուր է զարնում մեր աչքին, իսկ անձնուրաց ընկերը հազվադեպ է, ինչպես հազվադեպ է խոշոր ադամանդը։ (էջ 176)
  • Ոչ մի իսկական տղամարդ իր զգացմունքներն «աճուրդի» չի հանում։ (էջ 176)
  • Պատահական երջանկություն գտնողը կուրանում է, կորցնում հստակատեսությունը։ (էջ 178)
  • Ուշացած ազատությունն առավել կործանարար է, քան չսպասված դժբախտությունը։ (էջ 183)
  • Մարդը միշտ էլ կկորցնի մտքի զգոնությունը, երբ ենթարկվի էմոցիաներին։ (էջ 183)
  • Կալանավայրը պայքարելու միջավայր է, հաղթելու համար կոնկրետ մեկ միջոց կա` ինքդ քեզ չխաբես, մնաս հավատարիմ քո խառնվածքին։ (էջ 185)
  • Ով ոչինչ չի ստեղծում` քանդում է։ (էջ 190)
  • Պայմաններն ավելի հաճախ են մարդկանց ծիծաղելի դարձնում, քան արարքները։ (էջ 191)
  • Երբ թշնամուդ բարեկամ դարձնես, երկու մարդ կդառնաս։ (էջ 196)
  • Մի ընկածի բարձրացնելն ավելի վեհ է, քան մի քանիսի կյանքը փրկելը։ (էջ 196)

Աղբյուրներ[խմբագրել]

  • Խարան։ Վեպ - Երևան։ Փրինթինֆո, 2006-198 էջ