Հենրիկ Սիրավյան

Վիքիքաղվածք-ից
Հենրիկ Սիրավյանի լուսանկարը՝ ամրացված Մարտիրոս Սարյանի նվիրած ներկատուփի վրա

Հենրիկ Սիրավյան (Սիրավ, դեկտեմբերի 18, 1928, Երևան, ՀԽՍՀ — մարտի 16, 2001, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

«Գարուն», Հ. Սիրավյան, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ,
  • Մարդու դժբախտությունն անտարբերության մեջ է։
  • Ես չեմ կարող ինձ թույլ տալ որևէ բանից մինչև վերջ վհատվել։
  • Հստակությունից ավելի գեղեցիկ բան չկա։
  • Իմ ամենամեծ բաղձանքը, որ լինեմ աշխատանքով լի և առողջությամբ կայտառ և աննկատ լինեմ։
  • Միշտ հասկացել եմ մի բան, որ կյանքում ամենակարևորը մարդն է, մարդ հասկացողությունը։
  • Բարեկամությունը, բարի կամեցողությունը մեզ միշտ ուղեկցել է, միշտ էլ պահպանել է, Փառք Աստծո։
  • Մեկ է պիտի գնանք խառնվենք հին աշխարհին։ Մենք էլ մխիթարվենք, որ կարողացել ենք երազի պես թեթև տեսնել ու անցնել։ Մենք հիմա կամուրջ ենք էն հնի ու անորոշ ապագայի հետ...
  • Աշխարհում մի երկիր կա, դա մեր Հայաստանն է, մեր հայրենիքը։ Եվ ես իմ ամբողջ ուժով, ինչ որ Աստված ինձ տվել է՝ խելք, աշխատասիրություն, գիտելիքներ, այս ամենով ես միշտ երազել եմ արտահայտել իմ սերը Հայաստանի հանդեպ, որովհետև ինձ համար չկա ավելի բարձր բան, քան Հայաստանն է։ Եվ ես որդիական մեծ նվիրումով նկարել եմ իմ երկրի մասին իմ աղոթքը և տպավորություններն անմնացորդ, մինչև վերջ[1]։
Ժայռ «Շորժայի նկարիչների միության» տարածքում, որը Սիրավյանի «Ժայռը» կտավների ներշնչանքի աղբյուրն է
  • Այս ժայռն ինձ համար կախարդություն է։ Այն ինձ համար խորհրդավորության մի ամբողջ հավաքական կերպար է։ Ես չեմ կարող արտահայտել իմ վերաբերմունքը մի հասարակ քարի, անգամ ժայռի նկատմամբ, եթե նրա խորհուրդը մեծապես չկապվի իմ անձնավորությանը։ Այս ժայռն իմ տաճարն է։ Մարդուս՝ նկարչի երևակայությունն ամենակարևորն է։ Դրա մեջ ես տեսնում եմ կյանքիս ուժը և նպատակը։ Ես այս ժայռն ուսումնասիրել եմ տարբեր եղանակների, տարբեր ամիսների։ Ես այս ժայռի բազում օրինակներ եմ արել, էլի պիտի անեմ, որ այս փռված քարերի մեջ տեսնեմ նրա ոգին։ Սա կամքն է արվեստագետի, մեծ կամքը։ Ինձ համար կարևոր է նկարչական կերպարը։ Այս ժայռը միայն ինձ է հավատում, և ես իրեն եմ ապավինած։ Այստեղ ես տեսնում եմ Հայաստանի պատմությունը և ներկայի կերպարը նրա գեղանկարչական ձևերով։ Ինձ համար ամենակարևորը Հայաստանի բնության հետ ապրելն է։
Քարի արևմտյան մասը առավոտյան ինձ երևում է որպես սֆինքս, երեկոյան երևում է որպես խաչքար։ Ինչ անեմ, իր ուժն է դա։ Բայց ես նրան չեմ ենթարկվում, այլ առաջ եմ բարձրանում, որովհետև տեսնում եմ, որ նա ինձ ուզում է հարստացնել, նա ինձ ուզում է բերել մի նոր խաղի մեջ՝ հոգեբանական, պամական խաղի մեջ։ 1989 թվական։

Հենրիկ Սիրավյանի մասին[խմբագրել]

  • Մեր ժողովրդի մտահոգությունները կապված են Արցախի հետ և մարդկային կորուստների այս շրջանում մենք մի լուսավոր կետ ունենք՝ հաղորդակցվել Սիրավյանի հրաշալի նկարներին։ Նրա վառ անհատականությունը ոչ միայն նկարներում է, այլև նրա կենսակերպում ու կատակների մեջ, քանի որ Երևանի ամենամեծ սրախոսներից էր. միշտ հիշում ենք նրա կատակները։ Նա թողել է իր հետքը, ճանաչելի է իր գործերով, ինչն էլ վկայում է ինքնատիպության մասին։ Իր գեղանկարչական ձեռագրով Սիրավյանը յուրովի է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը։ Նա Հայաստանը տեսնում էր իբրև դրախտավայր[2]։
Լևոն Չուգասզյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հենրիկ Սիրավյան. Ալբոմ. Երևան 2008, հեղինակային հրատարակություն. 
  2. Հենրիկ Սիրավյանի չցուցադրված կտավներն ու ընկերների հուշերը


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հենրիկ Սիրավյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: