Թշվառները
Արտաքին տեսք
«Թշվառները» (ֆր.՝ Les Misérables), ֆրանսիացի գրող, դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի վեպը, որը լույս է տեսել 1862 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1987 թվականին։ Թարգմանիչ՝ Վահե Միքայելյան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]Մաս 1, Ֆանտին
[խմբագրել]- Սխալ է ընկղմվել աստվածային օրենքների մեջ այն աստիճան, որ այլևս չտեսնես մարդկային օրենքը։ Մահը միայն Աստծուն է պատկանում։ Ի՞նչ իրավունքով մարդիկ ձեռք են զարկում անծանոթ բանին (Միրիել)։
- Եթե Աստված չի պահպանել տունը, իզուր են հսկում նրան պահպանողները (Միրիել)։
- Բարեբախտաբար, նրանք, ովքեր այդ գույնն արհամարհում են գդակի վրա, այն հարգում են գլխարկի վրա (Միրիել)։
- ․․․մարդ էակը բարեբախտաբար, թե դժբախտաբար այնպես է ստեղծված, որ կարող է երկար ու շատ տառապել, բայց չմեռնել (հեղինակ)։
- -Բարեկամներս, մի մոռացեք, որ ոչ վատ խոտեր կան, ոչ էլ վատ մարդիկ։ Կան միայն վատ մշակողներ (Մադլեն)։
- Երբեք, սկսած իր մանկությունից, մորից ու քրոջից նա քաղցր խոսքի ու բարյացակամ հայացքի չէր հանդիպել։ Տառապանքից տառապանք անցնելով՝ նա քիչ-քիչ հանգեց այն համոզման, որ կյանքը պատերազմ է և այդ պատերազմում ինքը պարտվել է։ Նա իր ատելությունից զատ այլ զենք չուներ։ Եվ որոշեց այն սրել թիարանում և դուրս գալուց իր հետ տանել։
- Ով անմարդկային հասարակության անողոք երթ, որ իր ճանապարհին խորտակում է մարդկանց և հոգիներին։ Օվկիանոս, ուր ընկնում է այն ամենը, ինչ ցած է գցում օրենքը։ Օգնության չարագուշակ անհետացում։ Ով բարոյական մահ։
- Նա ուժասպառ նկավ մեծ քարի վրա՝ ձեռքերը խրած մազերի մեջ, իսկ դեմքը ծնկների արանքը և գոչեց․
- Թշվառական եմ ես։ Այդ ժամանակ նրա սիրտը հորդեց և նա սկսեց լաց լինել, տասնինը տարուց ի վեր առաջին անգամ էր լաց լինում։
- Կյանքի գերագույն երջանկությունն այն է, որ համոզված ես, թե քեզ սիրում են, սիրում են իրենց համար, ավելի ճիշտ, սիրում են հակառակ իրենց ցանկության և այդ համոզումը կույրն ունի․․․ Ոչինչ չես տեսնում, բայց զգում ես, որ պաշտում են քեզ։
- Տարիների կերպարանքից է կազմված դարերի դեմքը։
- Պետք եղավ վարժվել անուշադիր մնալուն, ինչպես որ վարժվել էր աղքատության։ Քիչ-քիչ նա վճռական դարձավ և երկու-երեք ամիս հետո դեն շպրտելով ամոթը՝ սկսեց դուրս գալ այնպիսի տեսքով, կարծես ոչինչ չէր պատահել։ Սկսեց անցուդարձ անել գլուխը բարձր, դառը ժպիտով և զգաց, որ անամոթ է դառնում։
- - Հարյուր ֆրանկ, - մտածեց Ֆանտինը։ - Կա արդյոք մի այնպիսի երկիր, որտեղ կարելի է օրական 5 ֆրանկ շահել։ Ճար չկա, - ասաց նա, - մնացածն էլ ծախենք։
Եվ դժբախտ աղջիկը դարձավ պոռնիկ։
- Գլխարկով ծնվեք, ամեն բան այդտեղ է։ Բախտ ունեցեք, մնացածը կունենաք։ Երջանիկ եղեք, կկարծեն, որ մեծ մարդ եք։
- Նա ստեց։ Ստեց երկու անգամ, իրար ետևից, առանց երկմտելու, արագ, անձնազոհություն կատարող մարդու նման։
Մաս 2, Կոզետ
[խմբագրել]- Ծերությունն ազդեցություն ունի՞ հանճարների վրա․ Դանտեների և Միքելանջելոների համար ծերանալ նշանակում է աճել, իսկ Հաննիբալների և Բոնապարտների համար դա թուլացում է։
- - Ինչ լավ է այստեղ։
Ողորմելի սենյակ էր դա, բայց նա ազատ էր զգում իրեն։ ․․․Կոզետն առանց մտահոգվելու որևէ բան հասկանալ, անպատմելիորեն երջանիկ էր իր տիկնիկի և այդ բարի ծերուկի հետ։
- Սա երկրորդ լուսավոր հայտնությունն էր նրա կյանքում։ Եպիսկոպոսը ծագեցրել էր նրա հորիզոնի վրա առաքինության լուսաբացը, Կոզետը ծագեցրեց սիրո այգաբացը։
Մաս 3, Մարիուս
[խմբագրել]- Այն, ինչ նա տեսավ, մանկական աննենգ ու պարզ աչքեր չէին․ դա մի խորհրդավոր վիհ էր, որ թեթևակի բացվել և թափով փակվել էր։
- Նրան թվում էր, որ աղջիկը ծառուղու ամբողջ վերջավորությունը լցնում էր բաց կապույտ գույնով։
Մաս 4
[խմբագրել]- Եթե ուզում են մի հայացքով սահմանել, թե ինչ աստիճան տգեղության կարող է հասնել փաստը դարերի հեռավորությունից դիտված, թող նայեն Մաքիավելիին։ Մաքիավելին բնավ էլ չար ոգի չէ, ոչ էլ դև է կամ փոքրոգի ու թշվառական գրող․ նա լոկ փաստ է։ Եվ ոչ միայն իտալական փաստ, այլ եվրոպական փաստ է, 16-րդ դարի փաստ։ Նա զզվելի է թվում և այդպես էլ կա 19-րդ դարի բարոյական գաղափարի տեսակետից։
- Հենց որ որևէ հեղափոխություն ափին չհասած կանգ է առնում, ճարպիկները շտապեցնում են նրա ձախողումը․․․Թող իսկապես չմոռանան, որ այնտեղ, որտեղ լոկ ճարպկություն կա, անհրաժեշտաբար կա նաև ոչնչություն։ Ասել ճարպիկ, նշանակում է ասել միջակ։ Ճիշտ այդպես էլ պետական գործիչ ասելը երբեմն համարժեք է դավաճան ասելուն։
- Երազուն վիճակների մեջ կան հակարծակի սառեցումներ, որ կարող է առաջ բերել լոկ մեկ բառը։ Ամբողջ մտածողությունը կենտրոնանում է մեկ գաղափարի շուրջ և այլևս ընդունակ չէ այլ բան ըմբռնեկ։
- Եվ հետո նա սիրում էր իր հորը՝ Ժան Վալժանին, իր ամբողջ հոգով, որդիական միամիտ կրքով, որը ծերունուն դարձոնում էր բաղձալի ու հրապուրիչ ընկեր։
- Կոզետը տարտամորեն էր հիշում իր մանկությունը։ Առավոտ-երեկո նա ազոթում էր իր մոր համար, որին չէր ճանաչում։ Թենարդիեները մնացել էին երազի նման որպես երկու զզվելի դեմք։
- Երբ Ժան Վալժանը նստած էր լինում, Կոզետն իր երեսը դնում էր նրա ճերմակ մազերի վրա, լռիկ մի արցունք էր գլորվում այդտեղ և մտովի ասում․ - Գուցե և իմ մայրն է այս մարդը։
- ․․․ և հոգու խորքում գոհություն էր հայտնում աստծուն, որ թույլ է տվել իրեն՝ թշվառին, այդպես սիրվել այդ անմեղ էակի կողմից։
- Ծուլություն, հաճույք․ ինչպիսի վիհեր։ Ոչինչ չանելը չափազանց սգալի որոշում է, գիտե՞ս արդյոք։ Ապրել անաշխատ՝ հասարակության ապրուստի հաշվին, լինել անօգուտ, այսինքն՝ վնասակար․ դա տանում է ուղիղ դեպի թշվառության գիրկը։ Վայ նրան, ով ուզում է մակաբույծ լինել։ Նա կդառնա գորշ ճիճու։
- Հավատա ինձ, ձեռք մի զարնի ծույլ լինելու այդ դժվարին գործին։ Սրիկա դառնալն ամենևին էլ հարմար բան չէ։ Նվազ դժվարին է ազնիվ մարդ լինելը։ Հիմա գնա և մտածիր իմ ասածների մասին։ Ի դեպ, ինչ էիր ուզում ինձնից։ Իմ քսակը։ Ահավասիկ։
- Այս աշխարհում որքան որսի կենդանիներ կան և որքան արծիվներ։ Մարմինս փշաքաղվում է դրանից։
- Երեխայի թշվառությունը հետաքրքրում է որևէ մոր, երիտասարդի թշվառությունը հետաքրքրում է որևէաղջկա, իսկծերունութշվառությունըոչոքիչի հետաքրքրում։ Բոլոր չքավորություններից ամենադառը սա է։
- Կա մի բան, որ ավելի տխուր է, քան հաց գտնելու փող չունենալը։ Դա դեղ գտնելու փող չունենալն է։
- Երբ քո աշխատանքով ես պահում քո մերձավորներին, այլևս զոհվելու իրավունք չունես։ Այդ նշանակում է լքել իր ընտանիքը։
Մաս 5, Մարիուս
[խմբագրել]- ․․․և միայն մի ներման կարիք ունեմ՝ իմ խղճի ներման։
- Երջանիկ լինելու համա՞ր․ ո՞վ, ե՞ս։ Միթե ես իրավունք ունեմ երջանիկ լինել։ Ես կյանքից դուրս եմ շպրտված, պարոն։
- - Ընտանիքո՞վ։ Ոչ, ես ոչ մի ընտանիքից չեմ։ Ես ձեր ընտանիքից չեմ։ Մարդկանց ընտանիքից չեմ։ Այն ընտանիքներում, որտեղ մարդիկ նույն ընտանիքից են, ես ավելորդ եմ։ Ընտանիքներ կան, բայց ինձ համար չեն նրանք։ Ես դժբախտ մարդ եմ, ընտանիքից դուրս։ Հայր ու մայր ունեցե՞լ եմ ես, համարյա թե կասկածում եմ․․․
- Այնժամ նրա ալեհեր, պատկառելի գլուխն ընկավ անկողնու վրա, այդ ծեր սիրտը փշրվեց, դեմքը այսպես ասած թողեց Կոզետի հագուսների մեջ և եթե այդ րոպեին մեկն անցներ սանդուղքով, սարսափելի հեկեկանք կսեր։
Այլ
[խմբագրել]- Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբումն է, մեկնելը նշանակում է մեռնել։
- Ստելը բացարձակ չարիք է։ Քիչ ստել հնարավոր չէ. ով ստում է, ողջ սուտն է ասում. ստելը նույն ինքը սատանայի դեմքն է։ Սատանան երկու անուն ունի՝ սատանա և սուտ։
- Քաղցրություն ու խորություն. այդտեղ է ամբողջովին կինը. այդտեղ է ամբողջ երկինքը։
- Նրա հոգին դուրս էր եկել իր ուղուց, պարկեշտությունը ուղիղ գծով, անդիմադրելիորեն առաջ էր նետվել ու բախվելով Աստծուն՝ փշրվել էր։
- Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում։
- Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի։
- Բաժանված սիրահարները խաբում են բացակայությունը հազարավոր ցնորական բաներով, որոնք, սակայն, իրենց իրականությունն ունեն։ Նրանց արգելում են իրար տեսնել, նրանք չեն կարող գրել միմյանց, սակայն գտնում են անհամար խորհրդավոր միջոցներ թղթակցելու համար։ Իրար են ուղարկում թռչունների երգը, ծաղիկների բույրը, երեխաների ծիծաղը, արևի լույսը, քամու հառաչանքները, աստղերի շողերը, ամբողջ արարչությունը։ Եվ ինչու՜ չէ։ Աստծո բոլոր գործերը ստեղծված են սիրուն ծառայելու համար։ Սերը բավական հզոր է՝ ամբողջ բնությանն իր հանձնարարությունները տալու համար։
- Ո՜վ գարուն, դու նամակ ես, որ գրում եմ նրան։
- Մարդու սպանածին աստված հարություն է տալիս։
- Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցնաքները ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է։
- Ամեն մի սուր երկսայր է. ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով։
- Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը։
- Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է։
- Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում։
- Մենակություն, լռություն, գիշեր։ Նա համակվում էր ինչ-որ սառնությամբ։
- Ամենագեղեցիկ տաճարը աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է։
- Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով։
- Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը։ Գուցե ավելի։
- Ողջ օրը հենց այնպես թափառել էին փողոցից փողոց և ի վերջո կանգ էին առել այդտեղ անասունների այն ընկճված համբերությամբ, որոնք այլևս չեն հասկանում մարդու արարքները, ինչպես որ մարդը չի հասկանում նախախնամության գործերը։
- Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից։ Դրանք արտաքին և փոքր վտանգներ են։ Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին։ Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն։
- Այն ամենը, ինչ ասում են մարդկանց մասին, լինեն դրանք ճիշտ կամ սուտ, նույնքան տեղ են գրավում նրանց կյանքում, որքան նրանց արարքները։
- Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել։ Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգ հաճույքներ կպատճառի։
- Օգտագործեք ձեր ես-ը, քանի նրա տերն եք։
- Ամենքս էլ, ով էլ որ լինենք, ունենք մեր տենչալի էակները։ Եթե նրանք պակասում են մեզ, պակասում է և օդը, և մենք խեղդվում ենք ու այնժամ մեռնում։ Սարսափելի է մեռնել սիրո պակասից, դա հոգու շնչահեղձություն է…
- Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես։ Ես ուտում եմ։ Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ։
- Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են։
- Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդականց, իսկ օրենքը այն ծախում է։
- Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել՝ ինչքան մարդու մեջ։ Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի։ Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է։
- Մարդիկ ինչքան հնարամիտ պետք է լինեն, որ գերեզմանն էլ օգտագործեն սնափառության համար։
- Վշտահար մարդիկ հետ չեն նայում։ Նրանք շատ լավ գիտեն, որ չար բախտն է հետևում իրենց։
- Ճամփորդել՝ նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել։ Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից։ Նայում ես, շտապում, ձեռքերդ պարզում, որ բռնես այն, ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 241.
Աղբյուրներ
[խմբագրել]- Վիկտոր Հյուգո «Թշվառները»։ grqamol.am (դեկտեմբերի 22, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։
- Վիկտոր Հյուգո, Թշվառները, Երևան, Սովետական գրող, 1987, 320։