Մետաքսե

Վիքիքաղվածք-ից

Մետաքսե (Մետաքսե Պողոսյան, դեկտեմբերի 23, 1926 — օգոստոսի 10, 2014), հայ բանաստեղծուհի, գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

Մետաքսեին նվիրված հուշատախտակ Տիգրան Մեծ պողոտայում
  • Գիրքը ոչ միայն գրադարաններ է լցնում, այլև հոգիների դատարկությունը[1]։
  • Ամուսին չունեցող կինը նման է անգմբեթ եկեղեցու...[1]
  • Սիրուհին նման է հովանոցի, որի անհրաժեշտությունը զգում ես անձրև օրերին...[1]
  • Առնականությունից զուրկ տղամարդու դժբախտությունը չափվում է կանացիություն չունեցող կնոջ աղքատությամբ...[1]
  • Եթե ուզում ես ճանաչել մարդուն, տուր նրան պաշտոն...[1]
  • Կնոջ ամենասուրբ առաքինությունը մայրությունն է...[1]
  • Մարդու հարստության տարածքը չափվում է ոչ թե մարմնի, այլ՝ հոգու կապվածքներով[1]։
  • Կանացիությունը բնության պարգևած այն զենքն է, որով ամենաթույլ կինը կարող է ստրկացնել աշխարհի ամենազորեղ տղամարդուն[1]։
  • Ժամանակից պետք է օգտվել առանց պատառաքաղի[1]։
  • Կնոջ համար չկա ավելի ամոթաբեր բան, քան սեփական մարմնի զարդերով պճնել անձնական հաջողությունների տոնածառը[1]։
  • Եսասիրությունը ինքնասիրության քաղցկեղ է, որ վնասում է ուրիշների առողջությունը[1]։
  • Գիրքը կյանքի հետ շփվելու այն կայծքարն է, որը ցրում է տգիտության խավարը[1]։
  • Այնտեղ, որտեղ խոսում է շահը, այնտեղ պապանձվում է ազնվությունը[1]։
  • Ծիծաղը զգայարանների ներքին ծափահարությունների արձագանքն է, որ շուրթերի սրբագրումներով ձայնագրվում է ատամների ստեղնաշարին[1]։
  • Անսպասելի հարվածից մարդը ոչ միայն կորցնում, այլ նաև գտնում է իրեն[1]։
  • Կանայք աշխարհի ամենանուրբ ջերմաչափերն են, որոնք տղամարդու թևերի տակ միայն կարող են ցույց տալ սիրո ամենաբարձ ջերմաստիճանը[1]։
  • Հոգու և մարմնի միջև եղող անդունդը լցվում է միայն հողով[1]։
  • Կնոջ գեղեցկությունը բնության պարգևած այն հարստությունն է, որի տոկոսները վայելում են տղամարդիկ[1]։
  • Երջանկությունը երանավետ պահերի խաբկանք է՝ պարուրված լուսավոր ցնորքների հավիտենությամբ[1]։
  • Գրքի խուլ ու համրությունը պայմանավորված է ընթերցողի հոգու լսողութայմբ[1]։
  • Հեռատեսությունը ներքնատեսության ճառագումի մագնիսացումն է[1]։
  • Խիղճը Աստծու ստվերն է մարդու մեջ[1]։
  • Փառասիրությունը փողասիրությունից ծանր հիվանդություն է, որի մետաստազները քայքայում են մարդկանց հոգևոր օրգանիզմը[1]։
  • Տրամաբանությունը բանականության զենքն է[1]։
  • Հայրենապաշտությունը մարդու արյունակցական արմատների հավասարումն է, գումարած նրա զոհողությունների քառակուսին[1]::
  • Պոեզիան աստծո պարգևած այն սուրբ շնորհն է մարդկությանը, որով լցվում են սրտերն ու հոգիների դատարկությունը[2]։
  • Տարիքս զգույշ կերավ ինձ ներսից,
Դրսից ինձ կերավ կյանքը շողոքորթ[3]։
  • Ամեն փող իր շահը ունի,
Ամեն հող իր բահը ունի,
Ամեն դող իր մահը ունի...[3]
Խիղճն է աշխարհում, սիրտն է աշխարհում։
Ամենաճիշտը՝ բնությունն է միշտ...[3]
  • Ախ, կրկնվում է կյանոքւմ ամեն ինչ, բացի մեր կյանքից...[3]
  • Հիմա ձյուներիս դռանն եմ հասել
Եվ հորդորում են թե ծեր, թե ջահել,
Որ ես դիմանամ ամեն մի բանի,
Թե չէ օրերս ցուրտը կտանի...[3]
  • Կյանքի, պայքարի լուսավոր շաղով, -
Դատարկվել է պետք լցվելու համար...[3]
  • Հակառակորդներ ինչքան շատ լինեն,
Այնքան ավելի կզորեղանաս,
Այնքան ավելի կթևավորվես ճախրանքի համար[3]։
  • Ամեն մարդու մեջ կա մի արարիչ,
Բայց քանի՜ մարդ կա ամեն մարդու մեջ...[3]
  • Համբույրների մեջ շուրթեր չեն միայն
Լուռ մերվում իրար, ազգեր են ձուլվում,
Հյուսվում են իրար ճակատագրեր[4]։
  • Քամին պատռում է սավանն ամպերի,
Երկնքի փեշն է ուզում կարկատել,
Ու քաշքշում է, որ զոռով բերի
Արևի ոսկե կծիկից մի թել...[4]
  • Ձյան արցունքների կաթիլից մի զով գարուն է ծնվում...[4]
  • Սիրահարվում ես, տարվում անսահման,
Երբ որ չես թերթել, նրան չգիտես,
Մեկ էլ սիրում ես իմաստունի պես,
Երբ ճանաչում ես, լավ գիտես նրան...[4]
  • Ջահելությունս դարձավ ինձ ընկեր,
Անցանք սահմաններ, ծովեր ու ցամաք,
Մաքառումներով ինչքան ելանք վեր,
Այնքան ավելի հոգով ամրացանք[4]։

Մետաքսեի մասին[խմբագրել]

  • Շատ քիչ շնչեցի Հայաստանի օդը, սակայն շատ ապրեցի այնքան արշավանքներով լի մի պատմություն։ Եվ երբեք չեմ մոռանա, թե ինչպես նրբագեղ տիկին Մետաքսեի ձայնի շնորհիվ, նրա հողը և բոլոր եկեղեցիներն ինձ համար երգեցին հին ու մոռացված օրհներգեր։ Միշտ էլ զգալու եմ այս երկրի սուրբ քարերի կարոտը։ Հարգանք քեզ և ամբողջ Հայաստանին[1]։
Գեորգե Իստրատե, Բուխարեստ, 26.10.1974
  • Մետաքսեի էներգիան հերիք է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Խորհրդային Միությանը[1]։
Չակ Դյուլան, հունգարացի գրող

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Հակոբյան Արմինե, Մկրտչյան Սոկրատ, Հովակիմյան Լուսիկ, eds. (2006)։ Մետաքսե: Ճակատագրական կին: Հոդվածներ, նամակներ, կարծիքներ, բանաստեղծություններ, փաստեր: Կենսամատենագիտություն։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789994111428
  2. Արդի հայ քնարերգություն Հայաստան-Արցախ, Երևան, ՀԳՄ հրատ., 2008թ, 520 էջ (էջ 45)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Մետաքսե: Զգույշ, սիրտ է: «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1974:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Մետաքսե: Նվիրում: «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մետաքսե հոդվածը նաև Վիքիպեդիայում: