Րաֆֆի

Վիքիքաղվածք-ից
Րաֆֆին

Րաֆֆի (իսկական անունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835 - ապրիլի 25, 1888), հայ գրող, հրապարակախոս, և հասարակական գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել[1]։
  • «Օրորոց... դա է առաջին դպրոցը մարդկանց որդիների։ Օրորոցի երգը... առաջին դասը, որ մայրերը խոսում իրենց երեխանների ականջին։ Մանուկը իր ընտանիքի ծոցում է ստանում կյանքի հիմնական առաջին դաստիարակությունը՝ երբ նա դեռ անխոս, մի ծծկեր երեխա է, կըդիտի իր ծնողների նիստ ու կացը, շարժ ու ձևերը, նրանց վերաբերումը և նրանցով կտպավորվի, կկերտի իր կյանքի առաջին քայլերի ընթացքը, հար և նման իր ծնողների կենցաղին։ Առաջիկայում, դպրոցի մեջ կկատարելագործվի իր ստացած ընտանեկան դաստիարակությունը, ուսյալ լինելու համար, կրթված, գիտակից ու պարտաճանաչ մեկը՝ ընտանիքին, ազգին, հայրենիքին և մարդկությանը ծառայելու պատրաստ։»[2]
  • Հայ ժողովուրդն այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը[3]։
  • Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ։ Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակություն։ Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը[4]։
  • Ոչինչ արտահայտությունն այնպես ճշտությամբ չէ թարգմանում սրտի հատկությունները, որպես երգը։ Մի ստրկացած ազգի երգը նույնպես տխուր է, որպես նրա կյանքը[5]։
  • Օտարի օգնութունից մեզ շահ չկայ։ Դժբախտ է այն ազգը և դժբախտ կը մնայ, որ օտարի օգնութեան կարօտ կլինի։ Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի։ Նա պէտք է տասը բան առնէ մեզանից, որ մի բան տայ[6]։
  • Կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունենա արդար և հավատարիմ բնության հետ[7]։
  • Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է[7]։
  • Բանաստեղծը ազատ է, նա չի պիտի լինի պատմության ստրուկը։ Եթե նա ամենայն ճշտությամբ կհետևի ճշմարտությանը, այլևս չի լինի նա ստեղծագործող, բայց միայն արտագրող։ Նա մինչև անգամ շատ դեպերում իրավունք ունի ոչնչացնելու պատմության փաստական ճշմարտությունը, որովհետև նրան պետք են գաղափարական ճշմարտություններ[7]։
  • Ռոմաններն են այն կախարդական հայելիքը, որոնց մեջ ազգերը տեսնում են իրենց դեմքը[7]։
  • Ով չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարիտ սիրել այն[7]։
  • Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց[8]։
  • Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը[8]։
  • Մի ազգի և ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշմարտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա գրքերը[8]։
  • Մենք ամեն ինչ դպրոցից ենք սպասում, բայց ժողովուրդը ինքը մի մեծ դպրոց է, որին պետք է կրթել, որին պետք է ուղղություն տալ... Իսկ դա այլ կերպ չէ կարող անել, եթե չենք տա նորա ձեռքը ընթերցանության գրքեր[8]։
  • Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ[8]։
  • Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան[8]։
  • Բանստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գործվածքները ազգի թե ոգևորողը և թե ղեկավարողը պետք է լինեն[8]։
  • Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից[8]։

«Ջալալեդդին» վիպակից[խմբագրել]

  • «Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.— եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք,— եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,— այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․— Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ․․․»
    • Դալի-Բաբայի ճառը

Քաղվածքներ Րաֆֆու մասին[խմբագրել]

Վահան Տերյան
  • Գրականությունը կյանքից կտրված լինելը պախարակելով՝ Րաֆֆին իր բոլոր երկերի մեջ հանդես է գալիս որպես բժիշկ, որ թշվառությունների դեմ դեղ է ցույց տալիս, հանդես է գալիս որպես իր ազգի դաստիարակ։ Նրա ամեն մի պատկերը լի է իրական ցավերով, որից խուսափելու միջոց չի տալիս կյանքը[7]։
Ե. Ա. Նեկրասովա
  • Ա՜յ սքանչելի, հարուստ, պարզ ու սիրուն աշխարհաբար... Կեցցե՜ս, Րաֆֆի[9]։
  • Ձեր արձակը..., ամեն կողմանե նոր երևույթ է մեր նորածին գրականության մեջ... դուք անզգալապես կզարթնեցնեք ազգի մեջ այն թմրած զգացմունքը, որ Ձեր նախորդները իզուր աշխատում էին զարթնեցնել թմբուկներով, փողերով և հազար ու մեկ լացուշիվաններով[9]։
Ռափայել Պատկանյան
  • Անմա՛հ հոգի, որ հայ բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ՝ նահատակության արյունով լվանալու և սրբելու տկարության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը[9]։
Հովհաննես Թումանյան
  • Րաֆֆին էր, որ արձակ գրականության գեղեցիկ լեզվի հիմքը դրեց[9]։
  • Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ։ Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը[9]։
  • Նա այն վիպասաններից չէր, որոնք իրենց ներշնչումը ստանում են անմիջապես բնությունից և կյանքից... Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին պատասխան տալ[9]։
Ալեքսանդր Շիրվանզադե

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 32. ISBN 99930-2-276-4. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 197-198. 
  3. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 55. ISBN 5-89700-004-2. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 80. ISBN 99930-2-263-2. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2. 
  6. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2004. 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 39։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 40։
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 38։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Րաֆֆի հոդվածը նաև Վիքիպեդիայում: