Ռաֆայել Արամյան
Արտաքին տեսք
Ռաֆայել Գևորգի Արամյան (1921, նոյեմբերի 29, Վաղարշապատ - 1978, օգոստոսի 7, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1950)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երեխաները, որքան էլ երեխա են, ինչ-որ բանով նման են մեզ, նրանք էլ գիտեն իրենց սահմանը, գիտեն, թե որտեղից պետք է ետ վերադառնան, իսկ եթե անցնում են սահմանը, վերջում պատժվում են համարձակության համար՝ այնպես, ինչպես մենք[1]։
- Նա, ով լքում է իր հայրենիքը, նա աղքատացնում է իրեն և հայրենիքը[1]։
- Ծառ չկա, որի միջով քամի չանցնի[1]։
- Երբ մեջքդ էլ չի ուղղվում, և ծունկդ էլ չի ծալվում, գալիս է ժամը տխուր երգերի[1]։
- Ասում են մի չար մարդ է եղել և որքան չարություններ, վատություններ է արել, այնքան մեխ է խփել իր տան առջև ծառի բնին։ Մեկ օր էլ տեսել է, որ էլ տեղ չի մնացել ու մեխը մեխին անհնարին է խփել, գնացել է իմաստունի մոտ ու ասել.
- -Իմաստուն, իմաստուն, ես իմ ամեն մի չարությունից հետո մի մեխ եմ խփում ծառի բնին, և հիմա էլ տեղ չի մնացել, ի՞նչ անեմ։
- Եվ իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, ասել է.
- -Գնա և հիմա միայն լավություններ ու բարություններ արա, ու ամեն բարությունից հետո մի մեխ դուրս քաշիր ծառի բնից և երբ բոլոր մեխերը կհանես, արի ինձ մոտ։
- Անցել են տարիներ։ Չար մարդը բարություններ է արել և մեկ օր նորից գնացել է իմաստունի մոտ, հիշեցրել նրան, թե ով է ինքը ու ասել.
- -Հիմա ծառի բնին էլ մեխ չկա, տեղ բացվեց։
- Իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, տխրել է, և ասել.
- -Մարդ, ես քեզ այս ամենն ասացի, ոչ թե տեղ բացելու համար, այլ որ տեսնես ու հասկանաս, թե որքան էլ բարություն անես, չարություններիդ հետքերը միշտ մնալու են ծառի բնին։
- -Իսկ ես հենց դրա համար էլ ուզում եմ նորից մեխեր խփել, որ հետքերը չմնան, - ասել է չար մարդը։
- Եվ իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, հանկարծ հասկացել է, որ ինքն այնքան էլ իմաստուն չէ ու լռել, ոչինչ չի պատասխանել[1]։
- Ավելի լավ է առյուծի կեր լինեմ հայրենիքում, քան թե աղվեսի շուքի տակ ապրեմ[1]։
- Շրջող աղվեսն ավելի շատ բան գիտի, քան քնած առյուծը[1]։
- Գայլը փարախում ձագեր է բերել, և դա մեր շների հեզությունից է[1]։
- Մեզանից ով էլ իր շալվարին այսքան կարկատան ունենա, պարզապես կմնա նստարանին կպած ու երբեք չի շարժվի տեղից[1]։
- Բաներ կան, որ չես կանխի, ու նրանք գալու են, երբ պետք է գան, և ամենից լավը պատրաստ լինելն է...[1]: