Միքայել Ամիրբեկյան
Արտաքին տեսք
Միքայել Ամիրբեկյան (հունվարի 30, 1923, Ղարաքիլիսա — դեկտեմբերի 28, 1983, Երևան), հայ գրող, լրագրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն մի իսկական զորավար, լավ զորավարին, թեկուզ լինի իր թշնամին, հարգելու թուլություն է ունենում[1]։
- Առանց սիրո կյանքը՝ առանց զանգի ուղտ է անապատում, որ գնում է, բայց ձայն չունի, կենդանություն չկա մեջը[2]։
- Ամպն ու աստղը շուլալված են իրար, բայց մեկը մեկելինը չի[2]։
- Քաղցը մարդկանց ոչնչացնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես։ Մարդիկ կորցնում են իրենց մարդկային նկարագիրը, վերածվում գազանների[3]։
- Սերն ու գնահատությունը հզորացնում են մարդու ուժերը, որոնք նա նվիրաբերում է իր ուխտած գործին[4]։
- Իսկական հերոսները միշտ էլ խենթի նման են լինում[5]։
- Ձին սատկում է՝ կաշին է մնում, հերոսը զոհվում է՝ անունն է մնում…[6]։
- Կյանքում լուրջ և օգտակար գործ են կատարում միայն այն մարդիկ, որոնք ունեն իրենց ինքնուրույն կարծիքները, խիզախ են և հենց այդ հատկությունների համար էլ թվում են կոպիտ, անտանելի[7]։
- Սար բարձրացողը պետք է գիտենա, որ սարում ինչ-որ թանկագին բան կա և եթե նա այդ իմանա, ավելի ևս՝ հավատա, շուտ և հեշտ կբարձրանա…(էջ 181։</ref>։
- Խայթողը շուտ է մոռանում խայթվողին, բայց խայթվածը երբեք չի մոռանում խայթողին[8]։
- Չկա ավելի սոսկալի գազան, քան բթացած մարդը[9]։
- Աթոռը չի սիրում իրեն սիրողին[10]։
- Սերը ձկնորսի ուռկանի պես է, հանկարծ ընկնում ես մեջը և …և դու այլևս ազատ ջրերում անհոգ լողացող այն ձուկը չես (էջ 33)[11]
- Ոչ մի գազան չի հոշոտում իր նմանին, նրա համար, որ ուրիշ ընտանիքից է (էջ 6)[11]։
- Ամեն մի խելոք խոսքը մի ճրագ է վառում մարդու առաջ, ամեն մի հիմար խոսքը` մի ճրագ հանգցնում (էջ 20)[11]։
- Արվեստը հապաղել չի սիրում (էջ 31)[11]։
- Ընտանիքը օտարության մեջ` քամու բերանն ընկած ծաղկաբաժակ է, որ անվերջ պոկվում են նրա ծաղկաթերթերը և կորչում եսիմ ինչ ջահանդամներում… Օտար հողը հիշողություն չունի (էջ 70)[11]։
- Տարիքոտ մարդու կյանքը չտպագրված գիրք է (էջ 71)[11]։
- Մարդու ամենալավ հաճույքը` խեղճին բարություն անելնն է… (էջ 86)[11]։
- Արվեստը վեր է նեղ ազգայնությունից և կոչված է ունիվերսալ մարդու հայացքով տեսնելու իր և իր շրջապատի գեղեցկությունները, վեր բարձրանալու ճղճիմից (էջ 90)[11]։
- Բարձր արվեստը այն է, որն անմիջականորեն արձագանքում է կյանքի բարդ երևույթներին և օգնում մարդուն ավելի լավ հասկանալու այդ երևույթները (էջ 93)[11]։
- Արվեստն ապրված զգացմունքների արձագանքն է, շնչառություն է, որ պետք է անպայման շնչած լինի արվեստագետը (էջ 104)[11]։
- Բանաստեղծին մաքուր, ազնիվ սեր է պետք, որ նրա ստեղծագործություններն էլ լինեն մաքուր, ազնիվ…(էջ 110)[11]։
- Հանճարը պետք է ծառայի մարդկանց, ոչ թե մարդիկ` հանճարին։ (էջ 111)[11]
- Հաջորդող լույսը սրբում է անցածը (էջ 115)[11]։
- Ղեկավար լինել նշանակում է ամենից առաջ ճանաչել մարդկանց, հոգատար լինել նրանց նկատմամբ (էջ 127)[11]։
- Վիշտը և ուրախությունը անբաժան են։ Դա է մարդու էությունը, նրա գեղեցկությունը։ Վիշտը միշտ կա, բայց հաղթողը միշտ ուրախությունն է` գեղեցկությամբ ապրող ուրախությունը։ Գեղեցկությամբ ուրախ ապրելու համար երբեք ուշ չէ… (էջ 41)[11]։
- Ամեն արվեստագետ պետք է ծնվի իր ժամանակին, բայց պետք է այդ ժամանակն էլ լինի հենց նրանը` այդ արվեստագետինը (էջ 67)[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Միքայել Ամիրբեկյան, Վերջին հողակտորի վրա:Վեպ, Երևան։ Սովետական գրող, 1979, գիրք 2, 408 էջ (էջ 23)։
- ↑ 2,0 2,1 Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 58։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 75։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 118։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 151։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 172։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 177։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 201։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 301։
- ↑ Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 328։
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Միքայել Ամիրբեկյան, Չանհետացող ստվերներ։ Պատմվածքներ։ Երևան, Նաիրի, 1990:-280 էջ