Jump to content

Խաչատուր Աբովյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Խաչատուր Աբովեանից)
Խաչատուր Աբովյանի դիմանկարը

Խաչատուր Աբովյանը (հոկտեմբերի 15, 1809 — անհետացել է 1848), հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Քո գործը, քո գործը միայն քո անունը կպահե[1]։
  • Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք[2]։
  • Հոգևոր անշարժություն, ասել է բարոյական մահ[3]։
  • Հազար անգամ թուքումուր
    Բայց մեկ անգամ օրինակ տուր...[4]
  • Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք
    Մի՜ տուր թշնամյաց [5]
  • Մարդս մեկ անգամ է աշխարհ գալիս. էնպես պետք է անի, որ անունը հիշվի[6]։
  • Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից[7]։
  • Առանց լեզվի ոչ անհատը, ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին և հատկապես ապագա սերնդին[7]։
  • Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն...
Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի[8]։
  • Լեզուն, անշուշտ, ամենաազնիվ գործիքն է, որի միջոցով մի մարդ իր ներքին հոգեվիճակն է արտահայտում այլ մարդկանց՝ առանց որի անհատը, ոչ էլ մանավանդ ժողովուրդը ի վիճակի չէ մտքերն ու զգացմունքները հաղորդելու ուրիշներին, մանավանդ ավանդելու հաջորդ սերունդներին[8]։
  • Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սանի սրտում բորբոքել սրբազան և ազնիվ, կրոնական և բարոյական զգացմունքներ և օգնի նրան՝ ունենալու ճիշտ հայացք շրջապատի մասին և ըստ հնարին, լրիվ գաղափար այն մասին, ինչ ինքը անում է[8]։
  • Լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ ցոլանում է մի ազգի առանձնահատկությունը, նրա կուլտուրան, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը[8]։
  • Որքան էլ հին հայերենը իր արտակարգ հարստության, իր կատարելության և իր դրական արժեքի կողմից բարձր լինի, այնուամենայնիվ այդ լեզուն է միակ արգելակող պատճառը, որ խեղճ ժողովուրդը մինչև հիմա զուրկ է մնացել զարգացման միջոցներից[8]։
  • Ով ականջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի[9]։
  • Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
  • Ա՜խ, լեզուն, լեզուն․ լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։
  • Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլաչիթսա չի՛ ըլում և այլն։ Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ։
  • Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։
  • Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։
  • Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց։ Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց։

Քաղվածքներ Խաչատուր Աբովյանի մասին

[խմբագրել]
  • Աբովյանի «Վերք Հայաստանի» անունով գործն է ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկա վիճակը, ազգի հասկացությունը[10]։
Միքայել Նալբանդյան
  • Այդ գիրքը («Վերք Հայաստանի») թորում է ամեն մի հայի աչքից արտասուք, երբեմն շարժում է նոցա ծիծաղը, իսկ շատ անգամ ուռեցնում է նոցա կուրծքերը մի վսեմ ազգասիրական հպարտությամբ։ Ինչու՞։- Որովհետև ազգի հոգին է խոսում այդ գրքի խորքից[10]։
Րաֆֆի
  • 1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք՝ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն Խ. Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր գրականության առաջին հիմնաքարն է ընդունված[10]։
Հովհաննես Թումանյան
  • «Վերք Հայաստանին»... Որքա՜ն հրաշալի բան է, որքա՜ն սրբազան ոգևորությամբ է լցվում կարդացողի սիրտը. ահա ձեզ մի գրվածք, որ ամբողջովին բանաստեղծության և անկեղծ ոգևորության արտահայտություն է[10]։
Ստեփան Շահումյան
  • Աբովյանը, լինելով չափահաս աշակերտներից մեկը, գուցե և ավելի մտախոհը, յուր ընկերների մեջ, նշանավոր էր իր շատ զորավոր հիշողությամբ, ու ինչքան սակավ կարողացել էր ուսումնարանը տալ իրեն, այնքան ևս կարոտ ու սոված սրտով դուրս գնաց նա...[10]
  • Սրա ամեն մի բառը բանաստեղծություն է. ժողովրդից է խոսում, ապրել է նրա ծոցում, կենդանի կերպով պատկերել տեսածը, լսածը, զգացածը. երանի լուսահոգի Խաչատուրին[10]։
Ստեփանոս Նազարյանց
  • Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը[10]։
Ֆրիդրիխ Պարրոտ
  • Աբովյանը մեկն էր այն ազնիվ, բանիմաց և արդարամիտ մարդկանցից, որոնց մենք կյանքում սակավ ենք պատահում[11]։
Ավգուստ Հաքստհաուզեն
  • Աբովյանը մի տեսակ հանճար է։ Ձեզ համար հետաքրքրական կլիներ մի նամակ կարդալ նրանից, որև թերևս ըստ ասիականի՝ հիպերբոլիկ է, բայց և այնպես թույլ է տալիս նայել այդ բացառիկ մարդու արտասովոր հոգուն... Ասիացին չափազանց հարգանք է տածում դեպի ճշմարիտը, իսկականը, ցու՛յց տվեք դա նրան, ստիպեցե՛ք նրան հավատալ դրա գոյությանը, և դուք նրան գրավեցիք[11]։
Հերման Աբիխ
  • Եվ ահա հայտնվել է մի անհատ, որն առաքելություն է ստանձնել լուսավորելու իր ազգը, որն իր բովանդակ ջերմեռանդությամբ նվիրվել է այդ գործին, և որին չեն կասեցրել հալածանքն ու հակառակությունները[11]։
Մարիոն Բրոսսե
  • Մեր նախորդներից ո՞րը, մեր հայրենասերներից, դասականներից ո՞րը կարող էր ավելի ուժեղ կերպով արտահայտել հայրենիքի դեմ իր սերն այնպես, ինչպես արտահայտել է Աբովյանը[11]։
  • Դարի խորքից մենք լսում ենք Աբովյանի ձայնը՝ օրհնեցե՛ք ռուսների գալուստը, ինքնե՛րդ ապրեք եղբոր նման, սիրեցե՛ք միմյանց[11]։
Պավլո Տիչինա
  • «Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է[11]։
Հովհաննես Թումանյան
  • Քիչ բան կա որևէ գրականության մեջ այնքան հզոր, այնքան ջղուտ, այնքան ինքնատիպ ու ցեղադրոշմ, որքան «Վերք Հայաստանիին» կարգ մը կտորները[11]։
  • Աբովյանը եղավ մինը այն հայերին, որ ամենեն ավելի խանդով, հավատքով ու հանճարով երազեցին, ցանկացան ու պատրաստեցին ազատագրումը հայ մտքին, և իր գործը... հայկական պանթեոնին մեջ պիտի կանգնի հավիտենապես կենդանի ու հաղթական՝ իբրև մեծագույն հիշատակներեն մին՝ հայ հանճարին բարձրության ու հայ սրտին գեղեցկության[12]։
Արշակ Չոպանյան
  • Դժվարին, բարդ ու հիրավի հերոսական էր Խաչատուր Աբովյանի կյանքի ուղին։
Աբովյանը և նրա ստեղծագործությունը միանգամայն յուրահատուկ, անկրկնելի երևույթ են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ մարդկության մշակույթի պատմության մեջ։
Մտքով մտնում ենք Քանաքեռ և խոնարհ գլուխ տալիս նրա այն հինավուրց քարերին, դարավոր հողին, որ ծնել է այդպիսի ազնիվ, անարատ, իմաստուն մարդ[12]։
Վերա Զվյագինցևա
  • Խաչատուր Աբովյանը ամեն ինչ էր մեզ համար։ Նա ուսուցիչ էր ու դաստիարակ, նա հայրենասիրության մեր ներշնչարանն էր։ Նա հայության ապագայի խանդավառ պատգամախոսն էր։
Ինչ որ նրանից հետո եղել է մեծ բան մեր կյանքում, եղել է նրա զարկով, նրա շնչով՝ ազատագրական պայքար, ազգային ինքնագիտակցության զարթոնք, նոր, կենսաբողբոջ լեզու և մեր նոր լիրիկան։ Նա՝ Աբովյանը, մեր նոր պատմության ամենամեծ նահատակն է՝ անթառամ լուսապսակով զարդարված։ Նա մեր նոր առասպելն է, ազգային նոր միֆը... բազմախորհուրդ[12]։
  • «Վերք Հայաստանին» սովորական առումով գիրք չէ, իհարկե. նա վերք է իրոք՝ հայ մեծադժբախտ ժողովրդի դարավոր վերքը... Նա գիրք չէ. նա սիրտ է՝ տարերային զգացմունքներով զեղուն. ահագին սիրտ՝ ըմբոստ, զայրալից և վշտագին, վառվող, մխացող սիրտ...[13]
  • Աբովյանը խտացումն եղավ հայ ժողովրդի երազանքների, ձգտումների, ցավերի ու տառապանքի, նրա հոգու և իմաստության. նա եղավ հայ ժողովրդի լեզուն, սրտագին լեզուն[13]։
Ավետիք Իսահակյան
  • Անկասկած, մինչև հիմա Անդրկովկասը չի տեսել այնպիսի մի ուսուցիչ, որը նման սիրով ու այնպիսի համբերությամբ, նվիրված լիներ մանուկների դաստիարակության գործին, ինչպիսին Աբովյանն է[12]։
Կառլ Կու
  • Քո պատվանդանը փոքր է չափազանց,
Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,
Որի բարգավաճ գալիքին ընծա,
Դու հանճարը քո, և կյանքը բերիր[13]։
Եղիշե Չարենց
  • Գրիգոր Նարեկացվույն հետ Աբովյան ամենեն զուտ ու հզոր ներկայացուցիչն է հայ գրականության, հայ քնարերգության... Բառական կուտակումը, կրկնությանց, անհագ ընդլայնմանց ձգտումը, զգացման ծայրահեղ ջղայնությունը, բացատրությանց վայրենի ուժգնությունը, կոշտության և փափկության տարօրինակ խառնուրդը, ծանր ու դանդաղ երկարաբանությունը և միանգամայն՝ երբեմն փայլակնահանգույն արագությունն ու փայլը. ահավասիկ ինչ որ կգտնեք Նարեկացիին «Ողբերգության մատյան»-ին և Աբովյանի «Հայրենասերի ողբ»-ին մեջ. երկու ամենեն հայ գրքերը, և որոնցմե միայն պիտի կրնա ծնիլ հայ ճշմարիտ բանաստեղծություն մը[13]։
Արշակ Չոպանյան
  • 1959 թ. լույս տեսավ առաջին նկարազարդ «Վերք Հայաստանին», և այդ օրվանից մեծ լուսավորչի գիրքը՝ հայրենասերի ողբը, դարձավ իմ ստեղծագործական կյանքի հիմնաքարերից մեկը։ Նա ինձ դաս տվեց հայրենասիրության և հերոսության, նա իր հրեղեն խոսքով ինձ տարավ հայ ժողովրդի հույզերի ու երազների աշխարհը։ Նա ինձ սովորեցրեց ճանաչել մեր ժողովրդին, սիրել նրա նիստուկացը, հիանալ նրա իմաստությամբ ու կենսունակությամբ[13]։
Գրիգոր Խանջյան
  • Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը։
Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է։ Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը[14]։
Համո Սահյան
  • Աբովյանը հայոց գրերի գյուտի ու Ավարայրի ճակատամարտի շարունակությունն էր նոր ժամանակներում։ Սոսկ անհատ չէր նա, ժողովրդի հոգեկան ներքին ուժերի խտացումն էր, որ բռնկվեց, բոցավառվեց և դարձավ մեր պատմության աստեղային ժամերից մեկը[7]։
Վահագն Դավթյան

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97. 
  2. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 48. ISBN 978-99930-4-9203-3. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 124. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 94. ISBN 99930-2-276-4. 
  5. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 9. ISBN 5-89700-004-2. 
  6. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  7. 7,0 7,1 7,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 19։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 20:
  9. Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 15։
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 16։
  12. 12,0 12,1 12,2 12,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 17։
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 18։
  14. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 18-19:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խաչատուր Աբովյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: