Ալինա
Արտաքին տեսք
«Ալինա», հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի պատմվածքներից։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եվ օրհնում էր մտքում բնության հանճարը, որ կարողացել էր ստեղծագործել այդպիսի հրաշալիք իմ անիմաստ, խելառ տվայտանքների համար…
- Սովորաբար այն տղամարդիկ են շատ խոսում կանանց մասին, որոնք քիչ են արժանացել կամ բնավ չեն արժանացել նրանց ուշադրությանը։
- Մարդու նախազգացումներն երբեմն այնպես ճշտորեն իրականանում են, որ կամա-ակամա ուզում ես հավատալ, թե կա մի գաղտնի ուժ, որ ղեկավարում է մեր ճակատագիրը։
- Ես այն ինքնագոհներից չէի, որոնք այնքան մեծ համարում ունեին իրենց մասին, որ երևակայում են, թե ոչ մի կին չի կարող իրենց մոտով անցնել անտարբեր։ Բայց այնքան էլ տկար չէի, որ ինձ, համարեի ոչնչություն։
- Չէ՞ որ ինքնքասպանություն է երազել մի կնոջ մասին, որի գոյությունը երազ է։ Մի կնոջ, որ բնության դաժան ձեռքով պոկվել է երկրից և այրվում է ցնորքների բովում։ Բայց, զարմանալի բան, այդ պահից ես այդ կնոջը սիրեցի կրկնակի սիրով։ Գուցե՞ դա մի դեռահաս հոգու կարեկցությունն էր դեպի մի թշվառ։ Չգիտեմ…
- Միջահասակ էր նա, նազելի կազմվածքով։ Նրա մութ սև մազերը թանձր խուրձերով արձակված էին կիսով չափ բաց ուսերի վրա։ Մի բարակ մանիշակագույն ժապավեն հարդարում էր այդ մազերը բարձր ճակատից վեր։ Մի ուրիշ սևագույն ժապավեն գրկել էր նրա կարապյա սպիտակ պարանոցը։ Նրա բաց գույնի խոշոր աչքերը նուրբ ունքերի տակից նայում էին դեպի անորոշ տարածություն։ Նայում էին անշարժ, անթարթ, անկիրք՝ որպես արձան։ Տարօրինակ էր այն աչքերի փայլը։ Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլք ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ պահը այն ժամանակից դրոշմվել է այնտեղ առմիշտ, ինչպես լույսը՝ լուսանկարչական ապակու վրա։
- Ես ուրախ էի, որ կինն ինձ չի նկատում և կարող եմ անարգել հիանալ նրանով, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործով։
- Իմ պատանեկան անարատ երևակայությունն արդեն բարձրացրել էր այդ խորհրդավոր էակին եթերը, և բոլոր խոհերը, բոլոր զգացումները թռչում էին դեպի նա։ Ես ոչինչ չէի նշմարում շուրջս, ոչինչ չէի զգում, ո՛չ վշտերը մարդկային, ո՛չ ուրախությունները։ Աշխարհը և համայն տիեզերքն ինձ համար ամփոփված էին նրա մեջ։ Նրանով էի միայն ապրում, նրանով շնչում։ Ես մի ագահ էի, որ հանկարծակի գտել էի մի գաղտնի գանձ և դողում էի նրա մասին։ Նա ինքը չի կարող այդ գանձը վերցնել, բայց չի էլ ուզում, որ մի ուրիշը գիտենա նրա տեղը, վախենալով միգուցե հափշտակեն նրան։ Խոսել նրա մասին որևէ մեկի հետ ես համարում էի և՛ հանցանք, և՛ տխմարություն։ Հանցանք, որովհետև մարդիկ, մանավանդ իմ մտերիմ ընկերները կարող էին այս կամ այն ակնարկով վիրավորել իմ սրբությունը։ Տխմարություն, որովհետև ես կարող էի դառնալ ծաղրելի հենց միայն, այն պարզ պատճառով, որ խելագարի պես սիրահարվել էի մի կնոջ վրա, որի ով և ինչ լինելը տակավին չգիտեի և որի հետ մի բառ անգամ չէի փոխանակել։
- …Գուցե կարողանայի նրա քայքայված հոգու մեջ գտնել մի առողջ թել, շոշոփեի նրան իմ սիրո ջերմությամբ…
- Ես սիրեցի Ալինային կրկնակի սիրով։ Ես զգացի, որ այլևս իմ հոգին հավիտյան շաղկապված է այդ հիվանդ հոգու հետ, որ այլևս ոչ մի գերբնական զորություն չի կարող ինձ բաժանել նրանից՝ առանց իմ սրտից արյունաշաղախ կտոր պոկելու։ Զգացի նույնպես, որ իմ դրությունը ողբերգական լինելով հանդերձ երեխայական է ու ծիծաղելի։ Ողբերգական ինձ համար, ծիծաղելի ուրիշների համար։ Սիրում էի մեկին, որ իրապես գոյուրյուն չուներ այս աշխարհում, որ մի ուրվական էր, մի ծանր երազ։ Տանջվում էի մեկի համար, որ ոչ ոքի տանջանքը հասկանալ ու զգալ չէր կարող, որովհետև նա ինքն էր մարմնացած տանջանք։
- …Վոլդեմարը սիրեց Ալինային, Ալինան ասաց չի կարելի։ Գազանը տեսավ, կատաղեց, սպանեց, սպանեց, սպանեց…
- Ալինան հետզհետե ընտելացել էր չսիրած ամուսնու կենակցությանը, ճիշտ այնպես, ինչպես ընտելանում է հարյուրից իննսունինը աշխարհի բոլոր կանանց։
- Նա գրկել էր իմ գլուխն ու շոյում էր նրան ձեռքերով։ Ահ, որքան քնքուշ էին, որքան մայրական այդ աշխատավոր կոշտացած ձեռքերն ինձ համար այդ պահին և որքան կփափագեի, որ նրանք անվերջ շոյեն իմ գլուխը։Զգում էի իմ խելառությունը, զգում էի իմ ծիծաղելի լինելը, բայց չէի ամչում այդ օտար ու օտարոտի կնոջից։
- Տարօրինակ էր այն աչքերի փայլը։ Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլ ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ ահը այն ժամանակից դրոշմվել է առմիշտ, ինչպես լույսը՝լուսանկարչական ապակու վրա։
- Ի՞նչ էր նվագում– չգիտեմ։ Ամբողջ եղանակը բաղկացած էր երեք անփոփոխ նոտաներից, որ կրկնվում էին մի անգամ բարձր, մյուս անգամ ցածր, հիվանդոտ, ներվային, սիրտ, մորմոքող նոտաներ, որ այնուհետև կրկնվում էին ամեն օր մի քանի անգամ։ Այսօր էլ հիշում եմ այդ նոտաները և միշտ պիտի հիշեմ, մինչև մահ։ Այդպես չեն նվագում առողջ մարդիկ-լինեն վարպետներ, թե աշակերտներ։ Այդ երեք անփոփոխ նոտաների մեջ կա ինչ-որ անձկություն, անբացատրելի, անըմբռնելի թախիծ հիվանդ հոգու։ Ես կարող եմ ցնորվել այդ տարօրինակ հնչյուններից։ Նրանք գալիս են մի քայքայված հոգու խորքերից և զարկում են իմ օր-օրի վրա նրբացող ու զգայնացող ներվերին ասեղների պես։ Ախ, գիտե արդյոք այդ կինը, որ եթե ոչինչ էլ չլիներ, միայն այդ խելագար հնչյունները բավական են ինձ տանջելու համար։ Գիտե՞, որ ես երբեմն պատրաստ եմ դուրս բերել գլուխս լուսամուտից և գոռալ. — բավական է, անողոք էակ, բավական է, ես չեմ կարող լսել այդ խելառ հնչյունները։
- Երբ ես ինքս բժիշկ դարձա, հետո միայն հասկացա, թե մեր արհեստը նույնն է, ինչ որ քահանայի արհեստը։ Ժամանակի ընթացքում նա կոպտացնում է մեր սրտերը և դարձնում մեզ անտարբեր դեպի մահը։
- Ես սիրում էի անսահման մի ցնորվածի և ինքս մերձ էի խելագարության։
- Վիրավորի վերքն ավելի է կսկծում, երբ նրա աչքերի առջև է դաշույնը։
- Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում։ Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել։ Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը։ Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար։ Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք։ Ոչ, դա սեր չէ։ Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան։ Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի։ Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում։ Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օ՜, օ՜, անսահման հաճելի և անսահման թունավոր – պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար։ Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան։ Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների։ Նա ունի միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
- – Իսկական սերն Ալինա է, – ավարտեց բժիշկ Ախուրյանը և ոտքի կանգնեց:-Ես վերջացրի։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ալեքսանդր Շիրվանզադե «Ալինա» (Գրքամոլ Ակումբ)։ grqamol.am (հոկտեմբերի 1, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 29, 2015 թ․։