Jump to content

Ֆրիդրիխ Նիցշե

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Nietzscheից)

Ֆրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Nietzsche, հոկտեմբերի 15, 1844 — օգոստոսի 25, 1900), գերմանացի փիլիսոփա և բանասեր։

Թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի

[խմբագրել]
Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։
  • Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։
  • Երկարատև ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալին։
  • Թե ինչպես և ինչ ես մեծարում՝ դրանով շուրջդ միշտ դիստանցիա ես քաշում։
  • Ես կարող էի կործանվել յուրաքանչյուր առանձին գրգիռից, որը հատուկ է ինձ։ Ես դրանք միշտ բախման եմ տարել իրար հետ։ Իմ ամենաուժեղ հատկությունը՝ ինքնահաղթահարումն է։ Բայց դա էլ մեծ մասամբ նաև իմ պահանջն է - ես միշտ կանգնած եմ անդունդի եզրին։
  • Ես պետք է հրեշտակ լինեմ, եթե միայն ուզում եմ ապրել, իսկ դուք ապրում եք ուրիշ պայմաններում։
  • Ի՞նչն է ինձ պահել։ Միշտ միայն հղիությունը։ Եվ ամեն անգամ ստեղծագործության ծնվելով իմ կյանքը մազից է կախված եղել։
  • Ես ինձ թալանել կողոպտել թույլ տալու հակում ունեմ։ Բայց հենց որ նկատել եմ, որ ամեն ինչ գնացել է ինձ խաբելուն, ես իսկույն ընկել եմ եսասիրության մեջ։
  • Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։
  • Ես մարդկանց հետ երբեք ինձ կատարելապես լավ չեմ զգում։ Ես իմ թշնամու վրա ամեն անգամ ավելի շուտ եմ ծիծաղում, քան նա ստիպված է լինում քավել իմ հանդեպ իր մեղքը։ Բայց ես հեշտությամբ կարող եմ մարդասպանություն գործել գրգռվածության վիճակում։
  • Ես երբևիցե խղճի խայթ զգացե՞լ եմ. իմ հիշողությունը այդ հարցադրումը լռության է մատնում։
  • Ես քաղքենիությունը շատ ավելի եմ ատում, քան մեղքը։
  • Ինձ համար չպետք է լինի այնպիսի մի մարդ, ում հանդեպ ես նողկանք կամ զզվանք զգամ։
  • Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր ներել չգիտեն։
  • Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց։
  • Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է՝ որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
  • Այդ ազնիվ բան է՝ ամաչել քո մեջ եղած լավագույնի համար, քանի որ միայն ինքդ ես դրան տիրում։
  • Տարօրինա՛կ է։ Հենց որ ես ինչ-որ միտք ուզում եմ լռության տալ և ինձնից հեռու պահել՝ նույն այդ միտքը ինձ ընդառաջ է գալիս մարմնավորված կերպարանքով, իբրև մարդ, և ես այժմ ստիպված եմ սիրալիրություններ անել այդ «Աստծո հրեշտակի» հետ։
  • Ինչ ես տեսել եմ փոթորկալից ծովը և մաքուր լուսավոր երկինքը նրա վրա՝ այլևս չեմ հանդուրժում բոլոր անարև, ամպամած կրքերը, որոնք այլ լույս չգիտեն, քան կայծակը։
  • Իմ աչքը տեսնում է ուրիշ մարդկանց իդեալները, և այդ տեսարանը ինձ հաճախ հիացմունք է պատճառում, իսկ դուք, կարճատեսներ, մտածում եք, թե այդ - իմ իդեալներն են։
  • «Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
  • Իմաստունի վտանգն այն է, որ նա բոլորից շատ է ենթակա անհեթեթին սիրահարվելու գայթակղությանը։
  • Իմ զգացմունքների սանդուղքը բարձր է, և ես ամենևին էլ առանց հաճույքի չեմ նստում նրա ամենացածր աստիճաններին, հենց որովհետև ես հաճախ չափազանց երկար ստիպված եմ լինում նստել ամենաբարձրներին, իսկ այնտեղ քամին փչում է կտրուկ, և լույսը հաճախ չափազանց պայծառ է լինում։
  • «Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենություն է քշում»։
  • Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց - ես միշտ միայն ինքս ինձ գտա - և այլևս չե՜մ տենչում ինձ։
  • Ճգնակեցության Նպատակը։- Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։
  • Ես ուզում էի լինել տհաճ ճշմարտությունների փիլիսոփան,- վեց տարի շարունակ։
  • Որևէ մեկը իր ճանապարհին երբևէ արդեն որոնե՞լ է ճշմարտությունը, ինչպես այդ մինչ օրս ես եմ արել,- հակադրվելով և հակառակվելով այն ամենին, ինչը նպաստում էր իմ անմիջական զգացմունքին։
  • Կար ժամանակ, երբ ես համակված էի ինքս իմ հանդեպ նողկանքով. 1876 թ.-ի ամռանը։ Մոլորության վտանգ, անմաքուր գիտական խիղճ մետաֆիզիկայի խառնուրդի կապակցությամբ, ինչ-որ ուռճացրած բանի զգացում, «դատավորության» ծիծաղաշարժ հավակնության։- Եվ այսպես, խելք հավաքել ու փորձել ապրել մեծագույն սթափությամբ, առանց մետաֆիզիկական նախադրյալների։ Ինձ օգնության հասավ «ազատ մի՜տքը» - սառույցով թրջոցներ։

Իմ նողկանքը մարդու հանդեպ չափազանց մեծացավ։ Նույն կերպ՝ հակադարձ նողկանքը իմ իդեալիզմի բարոյական ամբարտավանության հանդեպ։ Ես մոտեցա ողջ արհամարհելիին, ես իմ մեջ փնտրում էի հենց այն, ինչը արժանի է արհամարհանքի, ես ուզում էի չափավորել իմ խանդավառությունը։ Ես հանդես եկա մարդկության բոլոր մեղադրողների դեմ- ես նրանց և ինձ զրկեցի վերամբարձության իրավունքից։ Քննադատական պոռթկումը կյանք էր փնտրում։- Հերոսականությունը այդուհետև հանգում էր ամենափոքրով բավարարվելուն, անապատով։ Հերոսականությունը դարձավ՝ ինքդ հենց քո մեջ ինաելեկտուալ պոռթկումը նվազեցնելու, այն իբրև գրգիռ պատկերացնելը։ Ես տանում էի գրգիռը, որպեսզի այնուհետև ասեի, ինձ այլևս օգուտ չկա՜ գրգիռից։ Կյանքը բարոյականության ուղեկցությամբ անտանելի է (Վագների ճնշումը այդպիսին էր դարձել արդեն դրանից առաջ)։

  • Ինչ վերաբերում է հերոսին՝ ես այնքան էլ լավ կարծիքի չեմ նրա մասին.- և, այնուամենայնիվ, գոյության ամենաընդունելի ձևը նա է, առանձնապես երբ այլ ընտրություն չկա։
  • Հերոսականություն - սա է նպատակին ձգտող մարդու տրամադրվածությունը, նպատակ, որի դիմաց նա այլևս բնավ խնդրո առարկա չէ։ Հերոսականությունը բացարձակ ինքնակործանման բարի կամքն է։
  • Հերոսական իդեայի հակադրությունը ներդաշնակ ամենագարգացածության իդեալն է՝ գեղեցիկ մի հակադրություն և հույժ ցանկալի՜։ Բայց այն վավերական է միայն հիմքից լավ մարդկանց համար (օրինակ՝ Գյոթեի
  • Դու քաջություն չունես, որ ինքդ քեզ այրես և կործանվես, և այդ պատճառով դու երբեք նորը չես իմանա։ Իսկ ինձ համար - այն, ինչը այսօր թևեր է, գույն, զգեստ և ուժ, վաղը սոսկ մոխիր կդառնա։
  • Վսեմ մարդը, տեսնելով վսեմը, դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, բայց կատարյալ գեղեցիկը իր տեսքով ցնցում է նրան և դիտապաստ է անում, նրա առջև նա ժխտում է ինքն իրեն։
  • Ով վսեմի մեջ իր տանը չէ՝ նա վսեմը զգում է իբրև սարսափելի և կեղծ մի բան։
  • Մեծության ձգտող մարդիկ սովորաբար չար մարդիկ են. այդ է իրենք իրենց տանելու նրանց միակ ձևը։
  • Մեծության ձգտումը միանգամայն մատնիչ է. ով տիրապետում է մեծության՝ նա ձգտում է բարության։
  • Ով ձգտում է մեծության՝ նա հիմքեր ունի իր կատարելությունը և բավարարումը ունենալ քանակի մեջ։ Որակի մարդիկ ձգտում են քչին։
  • Թեժ պայքարի մեջ կարելի է կյանքը զոհաբերել, բայց հաղթողին կրծում է իր կյանքը իրենից դեն նետելու գայթակղությունը։ Ամեն հաղթանակի հատուկ է կյանքի հանդեպ արհամարհանքը։
  • Ամենայն հիացում իր մեջ վախի և ինքն իրենից փախուստի պես մի բան է պարունակում,- երբեմն անգամ ինքնա-մերժում, ինքնա-ժխտում։
  • Ինչ-որ բան ցանկանալ և հասնել դրան՝ համարվում է ուժեղ բնավորության նշանը։ Բայց ինչ-որ բան անգամ չցանկանալով՝ համենայն դեպս հասնել դրան - հատուկ է ամենաուժեղներին, որոնք իրենց զգում են իբրև մարմնավորյալ ճակատագիր։
  • Վերապրել շատ բան, ըստ որում ապրումակից լինել բազմաթիվ անցած բաների, վերապրել բազմաթիվ սեփական և օտար ապրումներ համատեղ - սա է ստեղծում բարձրագույն մարդկանց. ես նրանց համարում եմ «հանրագումարներ»։
  • Շողշողալ երեք հարյուր տարի անց - փառքի իմ տենչը։
  • Նրանք, ովքեր ցայժմ ամենաշատն են սիրել մարդուն, նրան միշտ ամենասաստիկ ցավն են պատճառել. բոլոր սիրողների նման՝ նրանք նրանից պահանջել են անհնարինը։
  • Եթե դու նախ և առաջ և բոլոր պարագաներում վախ չես ներշնչում՝ ապա ոչ ոք քեզ այնքան լուրջ չի ընդունի, որ ի վերջո սիրի քեզ։
  • Ով ուզում է մարդկանց առաջնորդ դառնալ՝ պետք է ուզենա մի ողջ ժամանակահատված նրանց ամենավտանգավոր թշնամու համբավն ունենալ։
  • Ապրած և ապրող բոլոր եվրոպացիներից՝ Պլատոն, Վոլտեր, Գյոթե,- ես տիրապետում եմ ամենալայն ընդգրկման հոգուն։ Դա կախված է հանգամանքներից, որոնք ոչ այնքան ինձ հետ կապ ունեն, որքան «իրերի էության», ես կարող էի դառնալ Եվրոպայի Բուդդան. ինչը, իհարկե, հնդկականի հակոտնյան կլիներ։
  • Այժմ իմ մեջ Եվրոպայում ողջ բարոյական դատողության և աշխատանքի սայրն է։
  • Քանի դեռ քեզ թշնամաբար են վերաբերվում՝ դու դեռ քո ժամանակը չես հաղթահարել, նրան չի տրված տեսնել քեզ - այնքան որ բարձր ու հեռու պետք է լինես դու նրա համար։
  • Ով հարձակումների է ենթարկվում իր ժամանակի կողմից՝ նա դեռևս բավականաչափ առաջ չի ընկել նրանից - կամ հետ է մնացել նրանից։
  • Պատմության բոլոր մեծ մարդկանցից տասներկուսից տասնմեկը լոկ որևէ մեծ գործի ներկայացուցիչներն են։
  • Եթե մութ մնալու երջանկությունն ունես՝ ապա կարող ես օգտվել նաև մթության ընձեռած արտոնություններից և առանձնապես «ամեն ինչ դուրս տալ»։
  • Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա, անգամ երբ նրանք վազ են տալիս քո հետևից։
  • Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
  • Նաև ճշմարտությունն է պահանջում, բոլոր կանանց նման, որ իր սիրեկանը հանուն իրեն ստախոս դառնա,- բայց այդ ոչ թե նրա փառասիրությունն է պահանջում, այլ նրա դաժանությունը։
  • Նաև ճշմարտացիությունն է ճանաչողություն տանող միջոցներից լոկ մեկը, մի աստիճանը,- բայց ոչ հենց սանդուղքը։
  • Կյանքը հանուն ճանաչողության, ինչ խոսք, խելահեղ բան է. և, համենայն դեպս, այն զվարթամտության նշան է։ Այդ կամքի մարդը նույնքան զվարճալի է երևում, որքան փիղը, որ ջանում է կանգնել գլխի վրա։
  • Ճանաչողի համար սեփականության ամենայն իրավունք կորցնում է ուժը, կամ՝ ամեն ինչ կողոպուտ է և գողություն։
  • Սոսկ ճաշակի պակասով կարելի է բացատրել, երբ ճանաչողության մարդը դեռևս զուգվում է «բարոյական մարդու», եթե նրա մեջ մի ակնհայտ բան կա, ապա՝ որ նա բարոյականության «կարիք չունի»։
  • Ստված է նաև ճանաչման հենց արժեքը, ճանաչողները նրա մասին խոսել են միշտ ի պաշտպանություն իրենց - նրանք միշտ չափազանց բացառություններ են եղել և գրեթե հանցագործներ։
  • Դուք, ճանաչողության սիրահարնե՜ր։ Իսկ դուք մինչ այժմ ճանաչողության համար սիրուց ի՞նչ եք արել։ Դուք արդեն կողոպուտ կամ սպանություն գործե՞լ եք, որպեսզի իմանաք, թե ինչ կա գողի կամ մարդասպանի հոգում։
  • Տեսնել և, համենայն դեպս, չհավատալ,- ճանաչողի առաջին առաքինությունը, առերևույթությունը նրա մեծագույն գայթակղիչն է։
  • Որքան ավելի ես մոտենում քո կողմից ցայժմ արժևորվածի հանդեպ կատարելապես սառչելուն՝ նաև այնքան ավելի ես մոտենում մի նոր տաքացման։
  • Հոգնության մեջ մեզ տիրում են նաև վաղուց հաղթահարված գաղափարները։
  • Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
  • Այդ սիրտն է, որ ոգեշնչում է. և այդ ոգին է, որ սրտապնդում է և վտանգի մեջ դարձնում սառնասիրտ։ Ախ, այս լեզո՛ւն։
  • Սոսկ մարդն է աշխարհը մտածելի դարձնում - մենք տակավին զբաղված ենք դրանով, և եթե նա մի անգամ այն հասկացել է՝ նա զգում է, որ այն այնուհետև իր ա ր ա ր ու մ ն է- ախ, և ահա նա ստիպված է ս ի ր ե լ իր արարչագործությունը, ինչպես ցանկացած արարիչ։
  • Ճանաչողի գերագույն արիությունը ի հայտ է գալիս ոչ այնտեղ, որտեղ նա զարմանք և սարսափ է հարուցում,- այլ այնտեղ, որտեղ ճանաչողությունից հեռու մարդիկ նրան ստիպված են ը ն կ ա լե լ իբրև մակերեսային, ցածր, վախկոտ, անտարբեր մի բան։
  • Ճանաչմանը հատուկ այդ լավ, սրբին, խիստ զգացումը, ինչից դուք ամենևին չեք ուզում ձեզ համար ոչ մի առաքինություն ստեղծել, շատ առաքինությունների ծաղիկն է. Բայց «դու պետք է»-ն, որից այն ծլարձակելէ, այլևս հնարավոր չէ տեսնել, նրա արմատը հողի տակ է։
  • Տենդով հիվանդները տեսնում են սոսկ իրերի ուրուները, իսկ տենդից ազատները՝ սոսկ իրերի ստվերները, և երկուսն էլ նույն բառերի կարիքն ունեն։
  • Դուք ինչ գիտեք, թե ինչպե՜ս է խելագարը սիրում բանականությունը,- թե ինչպե՜ս է ջերմողը սիրում սառույցը։
  • Ով ի վիճակի է ուժեղ զգալ մտածողի աչքը՝ նա ըստ այդմ այնպիսի սոսկալի տպավորություն է ունենում, որը թողնում են այն կենդանիները, որոնց աչքերը դանդաղ, ասես ցողունի վրա, չռվում են գլխից և նայում են չորսբոլորը։
  • Նա միայնակ է և ոչինչ չունի, բացի իր մտքերից, ի՛նչ կա զարմանալի, որ նա հաճախ նրանց հետ տրվում է գրգանքի և չարաճճիություններ է անում և քաշում է նրանց ականջները։- Իսկ դուք, անտաշնե՛ր, ասում եք՝ նա թերահավատ է։
  • Ում հատուկ է նողկանքը վսեմի հանդեպ՝ նրան ոչ միայն ա յո-ն, այլև ոչ-ն է արդեն չափազանց պաթետիկ թվում.- նա չի պատկանում ժխտող մտքերին և, բան է, եթե հայտնվում է նրանց ճանապարհներին՝ ապա մի օր հանկարծակի կանգ է առնում և փախչում է հեռու,- թերահավատության մացառուտների մեջ։
  • Երբ բեղմնավորվում են թերահավատությանն ու թախիծը՝ ծնվում է միստիկան։
  • Ում միտքը մի անգամ անցել է միստիկա տանող կամուրջը՝ նա այնտեղից չի վերադառնում առանց իր բոլոր մտքերի վրա գամերի վերքերի (Stigma)։
  • Պատճառի և հետևանքի հանդեպ հավատը հիմնված է բնազդներից ամենաուժեղի վրա. վրեժի բնազդի։
Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է։
  • Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է։
  • Անհրաժեշտության կատարյալ իմացությունը կվերացներ ամենայն «պետք է»,- բայց նաև կընկալեր «պետք է»-ի անհրաժեշտությունը, իբրև չիմացության արդյունք։
  • Բոլոր հարության առածների հավատը։- Ով մի անգամ վաղ մեռել է, երկար ժամանակ երկրորդ անգամ չի մեռնում։
  • Կյանք մահվանից հետո։ Ով հիմքեր ունի հավատալու իր «մահվանից հետո կյանքին», պետք է սովորի իր մահը կյանքի ընթացքում կրել։
  • Ես փիփսոփայողների մեջ տարբերում եմ երկու տեսակի մարդկանց, մեկը միշտ մտածում է իր պաշտպանության մասին, մյուսը՝ իր թշնամիների վրա հարձակման։
  • Քո ոսկին չդրամահատված հետդ կրելը կապված է անհարմարությունների հետ. այդպես է անում ձևակերպումներից զուրկ

մտածողը։

  • Հովիվը հոտի ոսկեզօծ մի զործիք է։
  • Իսկ եթե դու ուզում ես արդարացնել գոյությունը՝ ուրեմն դու պետք է ոչ միայն սատանայի դատապաշտպանը լինես, այլ նաև Աստծո դատապաշտպանը սատանայի առջև։
  • Հասել է ժամանակը, երբ սատանան պետք է Աստծո դատապաշտպանը լինի, եթե միայն նա ինքն ուզում է շարունակել իր գոյությունը։
  • Աստծուն, որը սիրում է, պատիվ չի բերում ստիպել, որ Իրեն սիրեն. Նա ավելի շուտ կուզենա ատելի լինել։
  • Ամեն մի եկեղեցի քար է Աստվածամարդու գերեզմանի վրա. այն անպայմանորեն ուզում է, որ Նա այլևս հարություն չառնի։
  • Հավատացյալը իր բնական թշնամուն տեսնում է ոչ թե ազատամիտի, այլ կրոնական մարդու մեջ։
  • Հավատացյալին ամենասաստիկը ատելի է ոչ թե ազատ միտքը, այլ նոր միտքը, որը նոր հավատի է տիրապետում։
  • Ինչը սիրուց է արվում՝ ոչ թե բարոյական է, այլ կրոնական։
  • Ով մեծությունն իբրև այդպիսին այլևս Աստծո մեջ չի գտնում՝ ընդհանրապես այլևս ոչ մի տեղ չի գտնի - նա այն կամ պետք է ժխտի, կամ արարի։
  • Երբ մենք սիրում ենք՝ մենք մարդկանց ստեղծում ենք մեր Աստծո պատկերով, և միայն դրանից հետո ենք մենք հիմնովին ատում մեր սատանային։
  • Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար - և սեր արարյալի հանդեպ։
  • Դուք դա կոչում եք Աստծո ինքնաքայքայումը, բայց դա սոսկ նրա մաշկափոխվելն է.- նա դե՜ն է նետում իր բարոյական խորխը։Եվ դուք շուտով նորից կտեսնեք Նրան՝ չարից ու բարուց անդին։
  • Տիրել - և այլևս Աստծո ստրուկը չլինել, միայն այս միջոցն է մնացել մարդկանց ազնվացնելու համար։
  • Բարոյականությունը մարդու կարևորին տալն է բնության առջև։
  • «Ոչ մի մարդ էլ չկա, քանզի ոչ մի աոաջին մարդ չկա»,- այսպես են եզրակացնում կենդանիները։
  • «Հավանաբար ինչ-որ դև է հայտնագործել բարոյականությունը, որպեսզի մարդկանց չարչարի հպարտությամբ, իսկ մի ուրիշ դև այն մի օր կվերցնի նրանցից, որպեսզի նրանց տանջի ինքնարհամարհանքով»։
  • Բարոյականությունը այժմ պատրվակ է ավելորդների և պատահականների համար, հոգով և ուժով աղքատ զեռունի համար, ինչը չ պ ե տ ք է ապրեր,- բարոյականությունը այդքանով գթասրտություն է. քանզի այն ասում է յուրաքանչյուրին՝ «դու, համենայն դեպս, ինչ-որ միանգամայն կարևոր բան ես»,- ինչը, իհարկե, կեղծիք է։
  • Որևէ էակի գոյության պայմանները, որքանով որ դրանք մի «պիտի» են ներկայացնում, նրա բարոյականությունն են։
  • Երբ բարոյախոսում են բարիները՝ նրանք նողկանք են հարուցում, երբ բարոյախոսում են չարերը՝ նրանք վախ են հարուցում։
  • Ամենայն բարոյականության մեջ բանը կյանքի բարձրագույն վիճակները բացելը կամ փնտրելն է, որտեղ ցայժմ բաժանված կարողությունները կարողանան միանալ։
  • Իմ մտքում ուրիշ ոչինչ չկա, բացի անձնական բարոյականությունից, և ինձ համար դրա իրավունքը ստեղծելն է, որ կազմում է բարոյականության մասին իմ բոլոր պատմական հարցերի իմաստը։ Այդ սոսկալի դժվար բան է՝ քեզ համար նման իրավունք ստեղծել։
  • Տարածությունը կանգնած է՝ պինդ ուսերով հենված Ոչնչին։ Որտեղ տարածություն՝ այնտեղ գոյություն։
  • Դուք ասում եք՝ «մութ է»։ Եվ իրոք, ես ձեզ համար մի ամպ եմ դրել արևի դեմ։ Բայց դուք չե՞ք տեսնում, թե ինչպես են ամպի եզրերը արդեն շառագունում և լուսավորվում։
  • «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
  • Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը օրենքն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն մտքերում օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին։
  • Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական օրենքը հարյուրապատիկ խախտված է։
  • Ձեզ բարոյականության կործանիչներ կհամարեն, բայց դուք լոկ ինքներդ ձեր բացահայտողներն եք։
  • «Եթե դու գիտես՝ ինչ ես անում, դու Երանելի ես։ Բայց եթե դու չգիտես այդ՝ նզովված ես և օրենքի հանցագործ»,- ասաց Հիսուսը շաբաթը խախտած մի մարդու, խոսք բոլոր խախտողների և հանցագործների համար։
  • Հիսուս Նազովրեցին սիրում էր չարերին և ոչ բարիներին, նրանց բարոյական վրդովմունքի հայացքը անգամ Նրան նզովքի էր հասցնում։ Ամենուրեք, որտեղ դատում էին, Նա հանդես էր գալիս դատողների դեմ. Նա ուզում էր բարոյականության կործանիչ լինել։
  • «Բարի և չար՝ Աստծո նախապաշարմունքներն են»,- ասաց օձը։ Բայց նաև ինքը՝ օձն էր Աստծո նախապաշարմունքը։
  • «Կրոնական մարդ», «հիմար», «հանճար», «հանցագործ», «բռնակալ» - այս ամենը վատ անուններ են և մասնավորություններ ինչ-որ անանվանելու տեղակ։
  • Հավատացյալ մարդը կրոնական մարդու հակադրությունն է։
  • Աստված խեղդվեց աստվածաբանության մեջ։ Իսկ բարոյականությունը՝ բարոյախոսության։
  • Ով սիրում է Աստծուն՝ նա կոփում է Նրան։
  • Ով իբրև աստված բարին նորից է ստեղծում, նրան հին բարու պահապանները միշտ սատանա են հռչակում։
  • Ինչո՞ւ այդպես մի կողմ քաշված։- «Ես ոչ ոքի չգտա, ում կարողանայի հնազանդվել, և ոչ մեկին, ում ուզենայի հրամայել»։
  • Իդեալ կերտել՝ նշանակում է. քո սատանային վերաձնել քո Աստծուն։ Իսկ դրա համար նախ հարկավոր է քո սատանային ստեղծել։
  • Հարկավոր է պահպանել չարը, ինչպես պահպանում են անտառը։ ճիշտ է, որ անտառի նոսրացման և արմատախիլ արվելու հետևանքով երկիրը տաքացել է - -
  • Պատերազմի մեջ լռում է անձի վրեժը անձի դեմ։
  • Մի նայեք արևին։ Լուսինն էլ չափազանց պայծառ է ձեր գիշերային աչքերի համար։
  • Չարը և մեծ էֆեկտը ցնցում են մեգ և ցիրուցան են անում ամեն ինչ, որ մեր մեջ կա հեղգ ու չնչին, ձեզ հարկավոր է նախ փորձել, թե դուք չե՞ք կարող արդյոք մեծ դառնալ։
  • Չի կարելի արհամարհելի մարդուն մ ի բառով կապել սարսափելի մարդու հետ։
  • Որպեսզի արգելակի հարկ լինի՝ նախ և առաջ անի՛վ է հարկավոր։ Բարիները արգելակն են. նրանք պահում են, նրանք կանգնեցնում են։
  • Անմաքուր խիղճը - հարկատեսակ է, որը մաքուր խղճի հայտնագործումը դրել է մարդկանց վրա։
  • Գոյություն ունի մոլեռանդ խաբեության մի աստիճան, որը կոչում են «մաքուր խիղճ»։
  • Բարոյական մարդիկ ինքնագոհություն են ապրում խղճի խայթից։
  • Բարոյական վրդովմունքը վրեժի ամենանենգ տեսակն է։
  • Զգուշացեք բարոյապես վրդովված մարդկանցից, նրանց հատուկ է վախկոտ, իրենցից իսկ թաքնված չարության խայթը։
  • Ես բոլոր մարտիրոսներին խորհուրդ եմ տալիս խորհել, թե այդ վրեժի ծարավը չէ՞, որ նրանց հասցրել է ծայրահեղության։
  • Հարկավոր չէ բարոյականություն (առավել ևս՝ բարոյագիտություն) փնտրել այն գրողների մոտ, որոնք բարոյական թեմաներով են գրում. բ ա ր ո յ ա խ ո ս ն ե ր ը մեծավ մասամբ մոռացված, տառապող, անզոր, վրեժխնդիր մարդիկ են,- նրանց միտումը ուղղված է մի կտոր երջանկության. հիվանդներ, որոնք երևակայում են, թե առողջացման մեջ են։
  • «Լուրջ», «խիստ», «բարոյական» - դուք այսպես եք կոչում նըրան։ Ինձ նա թվում է չար և անարդար ինքն իր հանդեպ՝ միշտ պատրաստ մեզ պատժելու դրա համար և մեզ առջև դահճին խաղալու - և դժգոհելով, որ մենք այդ նրան թույլ չենք տալիս։
  • Շահախնդրությունը և կիրքը կապված են ամուսնական կապով. այդ ամուսնությունը կոչում են ինքնասիրություն. այդ դըժբախտ ամուսնությունը։
  • Մարդկանց մեծամասնությունը չափազանց հիմար է շահախնդիր լինելու համար։
  • Գողերի, ավազակների, վաշխառուների և չարաշահորդների մոտ ինքնասիրությունը, ըստ էության, բավականին անհավակնոտ և համեստ է. չէ՞ որ այդպես հեշտությամբ չես կարող մարդկանցից ավելի քիչ բան ուզել, քան երբ լոկ նրանց փողն ես ուզում։
  • Երբ ինքնասիրությունը մի օր կդառնա ավելի մեծ, խելոք, նուրբ, հնարամիտ՝ միայն այդ ժամանակ աշխարհը ավելի ինքնուրաց կերևա։
  • Մոծակների և լվերի հանդեպ ոչ մի կարեկցանք էլ պետք չէ։ ճիշտ կլիներ կախաղան հանել մանր գողերին, մանր բանսարկուներին և զրպարտիչներին։
  • Մենք գովում ենք լոկ այն, ինչը մեր ճաշակով է,- ուրեմն՝ երբ մենք գովում ենք՝ մենք միշտ գովում ենք մեր ճաշակը - ինչն էլ դեմ է ամենայն լավ ճաշակի։
  • Պետք չէ ամաչել քո գրգիռներից, նրանք դրա համար չափազանց անբանական են։
  • Նրա համար, ով շատ է ծանրաբեռնված իր բանականությամբ, գրգիռը հանգիստ է. հենց իբրև անբանականություն։
  • Խոսում են գրգիռների պատճառների մասին և նկատի են ունենում դրանց առիթները։
  • Գրգիռի մեջ բացվում է ոչ թե մարդը, այլ նրա գրգիռը։
  • Որոշ հանգամանքներում ընդհանուր վնասը ավելի չնչին է, երբ մեկը իր գրգիռները թափում է ուրիշների վրա, քան ինքն իր. սա առանձնապես վերաբերվում է ստեղծագործական մարդկանց, որոնց օգուտը հեռուն է հասնում։
  • Հաղթահարել քո գրգիռը՝ նշանակում է մեծավ մասամբ ժամանակավորապես խոչընդոտել նրան և կուտակել, ուրեմն՝ ավելի վտանգավոր դարձնել։
  • Սենք տարբեր մարդկանց մոտ գտնում ենք կրքերի միևնույն քանակությունը, բայց տարբեր անվանումներով, գնահատումներով և դրանով իսկ տարբեր ուղղորդումներով։ Բարին և չարը միմյանցից տարբերվում են կրքերի տարբեր աստիճանակարգով և նպատակների տիրապետմանը։
  • Պատվելն ինքն արդեն կիրք է - ինչպես և վիրավորելը։ Պատվելու միջոցով «կրքերը» դառնում են առաքինություններ։
  • Ձգտելը երջանկություն է. բավարարումը, որ ապրվում է իբրև երջանկություն, ձգտման միայն վերջին պահն է։ Երջանկությունը՝ լինել համակ ցանկություն և կատարման փոխարեն՝ էլի նոր ցանկություն։
  • Ասում են «հաճույք» և մտածում են հեշտանքների մասին, ասում են «զգացմունք» և մտածում են զգայականության մասին, ասում են «մարմին» և մտածում են նրա մասին, ինչը «փորից ներքև» է,- և ահա այսպես պատվի է արժանացել լավ բաների երրրորդությունը։
  • Միայն այն արատավոր մարդն է դժբախտ, ում մոտ արատի պահանջը աճում է արատի հանդեպ նողկանքի հետ միասին - և երբեք աճելով այն չի ծածկում։
  • Չխառնել ինքնասիրությանը հատուկ խիզախությունն ու արժանապատվության զգացումը օրգանապես հատուկ խիզախությանը. դա հարկադրանք է, որի դեպքում քիչ վնաս չես կրում սեփական օժտվածության մեջ։
  • Եթե ես պատվում եմ ինչ-որ զգացմունք՝ ապա պատվելը ներաճում է իր՝ զգացմունքի մեջ։
  • Վրեժով՝ պետք է անգիտանաս նաև երախտագիտությանը,- սակայն ոչ սիրուն։
  • Ինչքան ավելի ենք մենք բարձրանում՝ այնքան ավելի փոքր ենք երևում նրանց, ովքեր թռչել չգիտեն։
  • Խորունկ ատելությունը նույնպես իդեալիստ է. ըստ այդմ մենք մեր հակառակորդից աստված թե սատանա ենք սարքում՝ երկու դեպքում էլ նրան դրանով չափազանց մեծ պատիվ ենք անում։
  • Նախասկզբնապես սուտը բարոյական էր։ Արդարացվում էին հոտի կարծիքները։
  • Ճշմարտացի մարդը ի վերջո գալիս է այն ընկալմանը, որ ինքը միշտ ստում է։
  • Ով կարիք չունի ստելու՝ նա իր օգուտը քաղում է նրանով, որ չի ստում։
  • «Կասկած չկա՝ այսինչ բանին հավատացողները շատ են ստում և խաբում, հետևաբար, դրա մեջ ամեն ինչ սուտ և խաբեություն է»՝ այսպես են եզրակացնում մակերեսայինները։ Ով մարդկանց ավելի խոր գիտի՝ հակառակ եզրակացության կհանգի՝ «հետևաբար, դրա մեջ ինչ-որ ճշմարիտ բան կա. դրան հավատացողները այդպես մատնում են, թե որքան վստահ են նրանք իրենց զգում, և թե որքան լավ է թվում նրանց ամենայն խայծ, որքանով այն որևէ մեկին հրապուրում է դեպի այդ»։
  • Սեփական հակումները և հակակրանքները մեկնաբանել իբրև իր պարտքը - «բարիների» մեծ անմաքրությո՜ւնը։
  • Կարելի է պատկերացնել վսեմաբարո մի ստություն, որի մեջ մարդը իր սեռական հակումը գիտակցում է սոսկ իբրև երեխաներ բեղմնավորելու պ ա ր տ ք։
  • Յուրաքանչյուր ողբի մեջ առկա է վրեժը։
Սեփական հակումները և հակակրանքները մեկնաբանել իբրև իր պարտքը - «բարիների» մեծ անմաքրությո՜ւնը։։
  • Ամեն արարք շարունակում է արարել հենց մ ե զ, այն հյուսում է մեր գույնզգույն զգեստը։ Ամեն արարք ազատ է, սակայն զգեստն անհրաժեշտ է։ Մեր վերապրումը - ահա մեր զգեստը։
  • Բավական է մենք միայն մի քայլ անցնենք մարդկային բարության միջին չափը, և մեր արարքները անվստահություն են առաջացնում։ Առաքինությունը ընկած է հենց «մեջտեղում»։
  • Ինչո՞ւ մարդը չի տեսնում իրերը։ Նա կանգնած է ինքն իր ճանապարհին. նա ծածկում է իրերը։
  • Մեր ինքնասպաններն են վարկաբեկում ինքնասպանությունը, ոչ թե հակառակը։
  • Մենք պետք է գրեթե նույնքան դաժան լինենք, որքան և կարեկից. զգուշանանք ավելի աղքատ դառնալուց, քան բնությունն ինքն է։
  • Անզգա մարդու դաժանությունը կարեկցության հակապատկերն է. զգայունի դաժանությունը՝ կարեկցանքի առավել բարձր ներունակությունը։
  • Մերձավորների հանդեպ կարեկցանքը և զգացմունքի նրբանկատությունը բարոյականության շարքը դասելը (կամ անգամ բուն բարոյականությունը համարելը) սնափառության նշան է, եթե ընդունենք, որ դու բնույթով կարեկից և նրբանկատ ես,- ուրեմն՝ հպարտության և հոգու ազնվականության պակաս։
  • Որ դուք կարեկից եք՝ ես ընդունում եմ. ապրել առանց կարեկցանքի՝ կնշանակեր հոգով և մարմնով հիվանդ լինել։ Սակայն կարեկից լինելու հ ա ն դ գ ն ու թ յ ու ն ունենալու համար հարկավոր է մեծ միտք և ոգի ունենալ։ Քանզի ձեր կարեկցանքը վնասակար է ձեզ համար։
  • Գոյություն ունեն շատ դաժան մարդիկ, որոնք լոկ չափազանց վախկոտ են դաժանության համար։
  • Որտեղ իրենց վրա մշտապես տառապանքներ են կամավոր վերցնում՝ այնտեղ դրանով կարողանում են իրենց նաև բավականություն պատճառել։
  • Եթե տիրում ես առ տառապանք կամքին՝ ապա դա սոսկ մի քայլ է դեպի նաև առ դաժանություն կամքը ձեռք բերելը»- և այն էլ ինչպես իբրև իրավունք, այդպես էլ իբրև պարտք։
  • Օգնության, կարեկցանքի, ենթարկման, անձնական հավակնություններից հրաժարման բարի կամքով անգամ աննշան և մակերեսային մարդիկ արտաքնապես դառնում են օգտակար և տանելի։ Միայն թե պետք չէ նրանց համոզել նրան, որ այդ կամքը «ինքը առաքինությունն» է։
  • Ամենագեղեցիկ գույները, որոնցով շոշողում են առաքինությունները, նրանց հորինվածքն են, ում դրանք պակասել են։ Որտեղի՞ց է, օրինակ, ծագում բարության և կարեկցանքի թավշյա փայլը։- Անշուշտ, ոչ բարիներից և կարեկիցներից։
  • Ամեն մեկին իրենը տալ՝ կնշանակեր՝ արդարություն ցանկանալ և քաոսի հասնել։
  • Եթե կրող ես՝ բեռ ես կապում։
  • Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
  • Շարունակ վարժվելով ամեն կարգի մերձավորներին հանդուրժելու արվեստի մեջ՝ մենք անգիտակցականորեն վարժվում ենք ինքներս մեզ հանդուրժելուն,- ինչը, ըստ էության, մարդու ամենաանհասկանալի նվաճումն է։
  • «Սիրիր մերձավորիդ» - սա նախ և առաջ նշանակում է՝ «մերձավորիդ հանգի՜ստ թող»։- Եվ առաքինության հենց այս մասն է ամենադժվարը։
  • Ես չեմ հասկանում՝ ինչի՞ համար զրպարտել։ Եթե ուզում ես ինչ-որ մեկին վնաս տալ՝ ապա չէ՞ որ բավական է նրա մասին միայն ինչ-որ ճշմարտություն ասել։
  • Անգամ երբ ժողովուրդը հետ է գնում՝ նա վազում է իդեալի հետևից, նա միշտ հավատում է ինչ-որ «առաջ»-ի։
  • Միայն մարդն է դիմադրում ձգողականության ուղղությանը. նա մշտապես ուզում է ընկնել - վերև։
  • Կինն ու հանճարը չեն աշխատում։ Կինը ցայժմ եղել է մարդկության գերագույն շքեղությունը։ Այն բոլոր պահերին, երբ մենք մեր լավագույնն ենք անում, մենք չենք աշխատում։ Աշխատանքը սոսկ միջոց է, որը տանում է այդ պահերին։
  • Իմ ուղղությունը արվեստում, շարունակել ստեղծել ոչ թե այնտեղ, որտեղով ձգվում են սահմանները, այլ այնտեղ, որտեղ տարածվում է մարդու գ ա լ ի ք ը։ Հարկավոր են կ ե ր պ ա ր ն ե ր, որոնցով հնարավոր լինի ապրե՜լ։
  • Խե՜ղճ արվեստագետներ։ Ի՞նչ է ուզում այս խաժամուժը ձեզնից։ Ոչ թե քար-քարի վրա կառուցվելով խոյանալ, այլ փուլ գալ և փռվել։
  • Աստվածներին պետք է հարցեր տալ միայն այն դեպքում, երբ միայն աստվածները կարող են պատասխանել։
  • Ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի։
  • Հմայիչ ստեղծագործությո՜ւն։ Բայց ինչ անտանելի է, որ նրա հեղինակը մշտապես հիշեցնում է մեզ, որ դա ի ր ստեղծագործությունն է։
  • Նա սովորել է արտահայտվել,- բայց այդ պահից ի վեր նրան այլևս չեն հավատում։ Հավատում են միայն կակազողին։
  • Պետք է կարողանալ մթագնել քո լույսը՝ մոծակներից և երկրպագուներից ազատվելու համար։
  • Ամեն վարպետ միայն մի աշակերտ է ունենում, և հենց նա էլ դավաճանում է նրան։ Քանզի նա նույնպես սահմանված է վարպետության։
  • Հնարավոր չէ հեշտությամբ գտնել մի գիրք, որը մեզ ավելի շատ բան է սովորեցրել, քան մեր իսկ գրած գիրքը։
  • Նա երգում է. նա թռե՞լ է իր դժբախտությունից, թռչո՛ւն։ Ախ, դժբախտները լռո՜ւմ են։
  • Կրքոտ, սակայն անսիրտ և դերասանական, այսպիսին էին հույները, այսպիսին էին անգամ հույն փիլիսոփաները, ինչպես Պլատոնը։
  • Բնավ ամենացանկալի բանը չէ անցյալի ստեղծած ամեն ինչը մարսելու կարողությունը, այսպես, ես կուզենայի, որ Դանտեն հիմնովին հակասեր մեր ճաշակին և ստամոքսին։
  • Մեծագույն ողբերգական մոտիվները ցայսօր մնացել են չօգտագործված. Քանզի, փորձից ելնելով, ի՛նչ գիտի ոմն բանաստեղծ խղճի հարյուրավոր ողբերգությունների մասին։
Ֆաուստը՝ ճանաչողության ողբերգությո՞ւնը։ Իրո՞ք։ Ես ծիծաղում եմ Ֆաուստի վրա։
  • «Հերոսը զվարթ է», սա ցայժմ խույս է տվել ողբերգության հեղինակներից։
  • Ֆաուստը՝ ճանաչողության ողբերգությո՞ւնը։ Իրո՞ք։ Ես ծիծաղում եմ Ֆաուստի վրա։
  • Համլետ-ի մեջ տեսնել մարդկային ոգու գագաթը - ըստ իս՝ նշանակում է համեստություն անել ոգու և գագաթի հանդեպ։ Ամենից առաջ այդ չհաջողված ստեղծագործություն է. նրա հեղինակը, ըստ երևույթին, ծիծաղելով կհամաձայնվեր ինձ հետ, եթե ես դա ասեի նրա երեսին։
  • Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
  • Գոյություն ունեն անհամեմատ ավելի շատ լեզուներ, քան կարծում են, և մարդը ավելի հաճախ է իրեն մատնում, քան կուզենար։ Ի՞նչը միայն չի տիրապետում խոսքին։- Բայց ունկնդիրները միշտ ավելի քիչ են լինում, այնպես որ մարդը ասես իր խոստովանությունները դուրս է տալիս դատարկ տարածության մեջ. նա սփռում է իր «ճշմարտությունները», արևի նման, սփռում է իր լույսը։- Եվ մի՞թե ցավալի չէ, որ դատարկ տարածությունը ականջներ չունի։
  • Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
  • Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
  • Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։
  • Լավ մտքերը, երբ չափազանց արագ են հաջորդում միմյանց, փչացնում են միմյանց «տեսարանը»։
  • Երբ քո ստեղծագործությունը բերանը բացում է՝ դու ինքդ պետք է լեզուդ քեզ քաշես։
  • Առավել համոզիչը լեզվի մեջ ոչ թե ինքը՝ բառն է, այլ տոնը, ուժը, ելևէջումը, տեմպը, որոնցով արտահայտվում է բառերի շարքը- կարճ՝ երաժշտությունը բառերի հետևում, կիրքը այդ երաժշտության հետևում, անձը այդ կրքի հետևում, ուրեմն՝ այն ամենը, ինչը չի կարող գրի առնվել։ Այդ պատճառով՝ ո՛չ մի գործ գրող- գրող խաղալու հետ։

Ոճի ուսմունքի շուրջ

[խմբագրել]

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ

Առաջինը, ինչն այստեղ անհրաժեշտ է, կյանքն է. ոճը պետք է ա պ ր ի։

Ոճը պետք է համաչափ լինի ք ե զ՝ նկատի ունենալով այն միանգամայն որոշակի անձնավորությանը, ում դու ուզում ես վստահել։ (Կրկնակի հարաբերակցության օրենքը)։

Նախքան գրելու իրավունքը պետք է ճշգրիտ իմանալ՝ «սա ես կարտահայտեի և կկատարեի այսպես և այսպես»։ Գրելը պետք է ընդօրինակություն լինի։

Կյանքի հարստությունը իրեն մատնում է շարժումների հարստությամբ։ Պետք է ամեն ինչ, նախադասության երկարություն ու կարճություն, կետադրական նշանները, բառերի ընտրությունը, դադարները, փաստարկների հերթականությունը - սովորել զգալ իբրև շարժումներ։

Զգո՜ւյշ եղեք պարբերության հետ։ Պարբերության իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք նաև խոսքի մեջ երկար շնչառություն ունեն։ Մեծամասնության համար պարբերությունը սեթևեթանք է։

Ոճը պետք է ապացուցի, որ հ ա վ ա տ ու մ ես քո մտքերին և դրանք ոչ միայն մտածում, այլև զգում ե ս։

Որքան վերացական է ճշմարտությունը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ զգացմունքները դրանց գայթակղես։

Իր միջոցների ընտրության մեջ լավ արձակագրի տակտն այն է, որ ընդհուպ մոտենա բանաստեղծությանը, բայց երբեք նրա կողմը չանցնի։ Առանց իր՝ բանաստեղծականի նրբենագույն զգացողության և օժտվածության՝ անհնարին է տիրապետել այդ տակտին։

Հարգալից և խելոք չէ՝ կանխել քո ընթերցողի թեթև առարկությունները։ Շատ հարգալից և շատ խելոք է քո ընթերցողին թույլ տալ, որ քո իմաստնության վերջին բուն էությունը ինքը արտահայտի։

Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։

  • Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
  • Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
  • Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
  • Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
  • Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
  • Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
  • Սկզբում մի վտքրիկ նախանձ - և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
  • Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
  • Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
  • Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
  • Որոշ տղամարդիկ ողբացել են իրենց կանանց հափշտակության վրա, իսկ շատերը՝ որ ոչ ոք չի ուզեցել նրանց հափշտակել իրենցից։
  • Նախքան որևէ մեկը «մարդ կփնտրի», պետք է լապտեր գտած լինի։
  • «Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» - այսպես է մտածում սիրողը։
  • Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
  • Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
  • Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
  • Միշտ հետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
  • Հրամայական բնավորությունները կհրամայեն անգամ իրենց Աստծուն, որքան էլ նրանց թվա, թե ծառայում են Նրան։
  • Ինձ ի՛նչ, ճշմարտությունը օգուտ կբերի, թե վնաս կտա,- ինձ կամ ձեզ։ Եկեք մենք այնպիսի մարդիկ ստեղծենք, որոնց - ճշմարտությունը օգուտ տա։
  • Խավարի մեջ ժամանակը այլ կերպ ես զգում, քան լույսի։
  • Արուն դաժան է նրա հանդեպ, ինչը սիրում է,- ոչ թե չարությունից, այլ նրանից, որ նա չափազանց բուռն է զգում իրեն սիրո մեջ և միանգամայն զուրկ է ուրիշի զգացմունքի հանդեպ որևէ զգացմունքից։
  • Մեծերի մեջ մեծագունը՝ մայրականն է։ Հայրը - միշտ սոսկ պատահականություն է։
  • Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
  • Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն» - իր առջև և ուրիշների։
  • Կանայք շատ ավեյի զգայուն են, քան տղամարդիկ, հենց որովհետև նրանք ամենևին էլ այնպես չեն գիտակցում զգայականությունն իբրև այդպիսին, ինչպես տղամարդիկ։
Բոլոր կանաց համար, որոնց բարքը և ամոթը արգելում են սեռական հակման բավարարումը, կրոնը, իբրև էրոտիկական պահանջի հոգևոր շղթայազերծում, ինչ-որ անփոխարինելի բան է։
  • Բոլոր կանաց համար, որոնց բարքը և ամոթը արգելում են սեռական հակման բավարարումը, կրոնը, իբրև էրոտիկական պահանջի հոգևոր շղթայազերծում, ինչ-որ անփոխարինելի բան է։
  • Սրտային կարիք։- Կենդանիները կտղուցի ժամանակ նույն թեթևությամբ չեն խառնում իրենց սիրտն ու իրենց տռփանքը, ինչպես այդ անում են մարդիկ և առանձնապես կինարմատները։
  • Երբ կինը հարձակվում է տղամարդու վրա՝ ապա սոսկ կնոջից պաշտպանվելու համար։ Երբ տղամարդը կնոջ հետ բարեկամություն է հաստատում՝ ապա կինը կարծում է, թե նա այդ անում է, որովհետև ի վիճակի չէ հասնել ավելիին։
  • Մեր դարը հակում ունի ամենախելոք տղամարդկանց ճաշակ ներշնչելու տհաս, թուլամիտ ու հլու պարզամիտ կանանց հանդեպ, Ֆաուստի ճաշակը Գրեթխենի հանդեպ, դա վկայության է իր՝ դարի և նրա ամենախելոք տղամարդկանց ճաշակի դեմ։
  • Շատ կանանց մոտ, ինչպես հիպնոսային խառնվածքների, միտքը ի հայտ է գալիս սոսկ հանկարծակիորեն և ցնցումներով, ըստ որում անսպասելի ուժով, ոգին է փչում այդժամ «նրանց վրա» և ոչ նրանցից, ինչպես երևում է։ Այստեղից էլ նրանց եռաչքանի խելամտությունը խառնակ բաների մեջ,- այստեղից էլ ներշնչման նրանց հավատը։
  • Կանանց մանկականությունից զրկում է այն, որ նրանք մշտապես անցկացնում են երեխաների հետ, իբրև նրանց դաստիարակչուհիները։
  • Ի՜նչ վատ է։ Ամուսնության ժամանակը հասնում է անհամեմատ վաղ, քան սիրո ժամանակը, վերջինս մտածված իբրև հասունության վկայությունը, թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ։
  • Սեռական հարաբերության վսեմ և ազնիվ ձևը՝ կրքի ձևը, դեռ հիմա էլ համակված է անմաքուր խղճով։ Իսկ ամենաստորը և ամենաանաzնիվը՝ մաքուր խղճով։
  • Ամուսնությունը սեռերի հարաբերության ամենաստված ձևն է, և հենց դրա համար իրենով է արել մաքուր խիղճը։
  • Ամուսնությունը կարող է հարմար դուրս գալ այնպիսի մարդկանց, ովքեր ո՛չ սիրո են ընդունակ, ո՛չ բարեկամաթյան և հաճույքով ձգտում են իրենց և մյուսներին մոլորության մեջ գցել այդ պակասի հարցում,- ովքեր, ոչ մի փորձ չունենալով ո՛չ սիրո մեջ, ո՛չ բարեկամության՝ չեն կարող հիասթափված լինել նաև իրենով՝ ամուսնությամբ։
  • Ամուսնությունը մտածված է միջակ մարդկանց համար, ովքեր ո՛չ մեծ սիրո, ո՛չ էլ մեծ բարեկամության են ընդունակ, ուրեմն, մեծամասնության համար, բայց նաև՝ այն միանգամայն հազվագյուտների, ովքեր ընդունակ են ինչպես սիրո, այդպես էլ բարեկամության։
  • Ով ընդունակ չէ ո՛չ սիրո, ո՛չ էլ բարեկամության, նա ամենահուսալին է իր խաղադրույքն անում ամուսնության վրա։
  • Ով սաստիկ տառապում է՝ նրան նախանձում է սատանան և նրան վռնդում է - երկինք։
  • Հարկավոր է հպարտ երկրպագել, երբ չես կարող կուռք լինել։
  • Ծաղրական մարդու մոտ զգացմունքը հազվադեպ է դուրս հորդում, բայց միշտ շատ բարձր։
  • Լաբիրինթոսային մարդը երբեք ճշմարտություն չի փնտրում, այլ միշտ միայն Արիադնեին,- ինչ էլ որ նա ինքը ասի մեզ այդ մասին։
  • Որ բարձունքում եմ ես ապրո՞ւմ։ Ինքս ինձ բարձրանալով՝ ես երբեք չեմ հաշվել դեպի ինձ տանող սանդուղքների թիվը։ Որտեղ վերջանում են բոլոր սանդուղքները՝ այնտեղ սկսվում է իմ տունը։
  • Կան տվող բնավորություններ, կան հետ տվողներ։
  • Անգամ մարդու իրենց սովով նախ և առաջ հարմար կերակուր են փնտրում, թեկուզ և այն լինի քիչ սննդարար, կարտոֆիլի նման։
  • Շատ փոքր երջանկությունը մեզ նվիրում է շատ փոքր թշվառություն, և դրանով փչացնում է բնավորությունը։
  • Ամենայն հարմարավետությունից պետք է օգտվել այնպես, ինչպես հիվանդը՝ անկողնուց, առողջացման համար - և ոչ մի դեպքում այլ կերպ։
  • Սարսափ ես զգում այն մտքից, որ հանկարծակի սարսափ ես զգում։
  • Հաղթանակով արբենալուց հետո միշտ առաջ է գալիս մեծ կորուստի զգացումը, մեր թշնամին, մեր թշնամին մեռա՜ծ է։ Անգամ ընկերոջ կորուստը մենք այդքան խորունկ չենք ողբում - և այդ պատճառով՝ ավելի՜ բարձր։
  • Հոգու պահանջը չպետք է խառնել հոգի պահանջելու հետ. վերջինս որոշ շատ սառը անձինք է, որ ունեն։
  • Անտես թելերը ամենաամուրն են կապում։
  • Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։
  • Ի՞նչ։ Դու ուզում ես ոչ թե ըստ քո գործողությունների, այլ ըստ քո մտահղացումների՞ չափվել։ Բայց քո մտահղացումներն իրենք ծագում են քո գործողություններից։
  • Միայն աննկունը կարող է լռել ինքն իր մասին։
  • Մենք սկսում ենք իբրև ընդօրինակողներ և ավարտում ենք նրանով, որ ընդօրինակում ենք ինքներս մեզ,- դա վերջնական մանկությունն է։
  • «Ես այդ արդարացնում եմ, քանզի ե ս էլ նույն կերպ կվարվեի» - ահա պատմական ուսուցումը։ Ես սարսափո՜ւմ եմ։ Այդ նշանակում է՝ «ես հանդուրժում եմ ինքս ինձ - եթե այդպե՜ս է»։
  • Այն անձանց, որոնց օգնությունից օգտվել ես մի ձեռնարկի ժամանակ, որը չի հաջողվել, հարկավոր է կրկնակի վարձատրել։
  • Մեր թերությունները մեր լավագույն ուսուցիչներն են. բայց լավագույն ուսուցիչների հանդեպ միշտ ապերախտ ես լինում։
  • Մեր հանկարծակի ծագող նողկանքը ինքներս մեր հանդեպ կարող է հավասարապես ինչպես նրբենացված ճաշակի արտահայտությունը լինել,- այդպես էլ փչացած ճաշակի։
  • Վախկոտը չգիտի, թե ինչ բան է մենությունը. նրա աթոռի հետևում միշտ մի թշնամի է կանգնած։
  • Քանի դեռ մեկը կրունկը չի դրել մեզ վրա՝ չես իմանա, որ օձի ժանիք ունես։
  • Ամենայն ուժեղ սպասում ավելի երկար է ապրում իր իրականացումից, եթե վերջինս հասնում է ավելի վաղ, քան սպասել են։
  • Շատ մենակի համար աղմուկն արդեն սփոփանք է։
  • Մենությունը մեզ ավելի խիստ է սարքում ինքներս մեր և ավելի կարոտյալ՝ մարդկանց հանդեպ. երկուսով էլ այն բարելավում է բնավորությունը։
  • Ոմանք իրենց սիրտը գտնում են իրենց գլուխը կորցնելուց ոչ շուտ։
  • Կա մի խստություն, որը կուզենար հասկացված լինել իբրև ուժ։
  • Մարդ երբեք չի ունենում, քանզի մարդ երբեք չ կ ա։ Մարդ շարունակ շահում է կամ կորցնում։
  • Ով գիտի, թե ուր է գնում, նաև գիտի, թե որն է իր համընթաց քամին։
  • Երկու նոր առաքինությունները - իմաստուն մոռացությունը և առագաստները քամուն պարզերու արվեստը։
  • Ամեն ինչ երկու երես ունի, մեկը ծաղկում է, մյուսը՝ թոռոմում։
  • Կարելի է մեկի հետ այնքան հարազատանալ, որ նրան երազում տեսնես անելիս և հանդուրժելիս այն ամենը, ինչը նա անում և հանդուրժում է հարթմնի,- որովհետև դու ինքդ կարող էիր անել և հանդուրժել այդ։
  • «Ավելի լավ է պառկել անկողնում և քեզ հիվանդ զգալ, քան ստիպված լինել ինչ-որ բան անել»- ըստ այս թաքուն դրույթի են ապրում բոլոր ինքնախոշտանգիչները։
  • Մարդիկ, որ անվստահ են իրենք իրենց հանդեպ, ավելի շատ ուզում են սիրված լինել, քան սիրել որպեսզի մի անգամ, թեկուզ և մի պահ, հավատան իրենք իրենց։
  • Այս երկուսն ահա, ըստ էության, միևնույն վատ ճաշակն ունեն, բայց նրանցից մեկը կուզենար իրեն ու մեզ համոզել, որ դա լավագույն ճաշակն է։ Իսկ մյուսը ամաչում է իր ճաշակից և կուզենար իրեն ու մեգ համոզել, որ ինքը մեկ ուրիշը և ավելի լավն ունի - մեր ճաշակը։ Այս երկու տիպերից մեկնումեկին են պատկանում կրթության բոլոր ֆիլիստերները։
  • Նա դա կոչում է հավատարմություն իր կուսակցությանը, բայց այդ միայն նրա հարմարավետությունն է, որը նրան թույլ չի տալիս այլևս ելնել այդ անկողնուց։
  • Մարսման համար, առողջության նպատակներով, կարիք կա մի տեսակ ծուլության։ Անգամ ապրումի մարսման համար։
  • Գրեթե յուրաքանչյուր ապրողի մեջ նստած է մակաբույծը։
  • Խորամանկ մարդիկ սովորաբար պարզ և ոչ բարդ մարդիկ են։
  • Որպեսզի սեփական հիմարության տհաճ հետևանքները բարդես հենց հիմարությանդ վրա, և ոչ թե խառնվածքիդ,- դրա համար ավելի շատ խառնվածք է պահանջվում, քան ունի մարդկանց մեծամասնությունը։
  • Այնտեղ, որտեղ բանը մեծ բարեկեցությունն է, հարկավոր է համբավ կուտակել։
  • Ստենդալը, իբրև կուլիսային սենտենցիա, մեջբերում է. «Telle trouve a se, qui neut pas trouve a se donne». «Ոչ ոք նրան ձրի չի ուզում, դրա համար նա ստիպված է վաճառվե՜լ» - կասեի ես։
  • Նախ պետք է օձը վիշապ դառնա, որպեսզի որևէ մեկը նրանով կարողանա հերոս դառնալ։
  • Կան անձինք, ովքեր յուրաքանչյուրին կուզենային ստիպել իրենց ողջ անձի ընդունմանը կամ ժխտմանը. նմաններին էր պատկանում Ռուսսոն. մեծության նրանց տաժանալից զառանցանքը բխում է իրենք իրենց հանդեպ խելագար անվստահությունից։
  • Բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարող այլևս հակառակորդ լինել նրան, ինչը իրենք սիրում են, ես ընկալում եմ իբրև վնասակար մի բան. նրանք դրանով փչացնում են լավ բաները ե լավ մարդկանց։
  • Ես ուզում եմ իմանալ՝ դու ստեղծագործ թե փոխադրող մարդ ես, ցանկացած նկատառմամբ. իբրև ստեղծագործոզ՝ դու պատկանում ես ազատներին, իբրև փոխադրող՝ դու նրանց ստրուկն ու գործիքն ես։
  • «Չխոսե՞նք այդ մասին»։- «Ընկեր, այդ մասին մենք իրավունք չունենք անգամ լռել»։
  • Զգուշացիր նրանից, նա խոսում է միայն նրա համար, որպեսզի այնուհետև լսելու իրավունք ստանա, իսկ դու, իրականում, լսում ես միայն նրա համար, որ հնարավոր չէ միշտ խոսել - ուրեմն՝ դու վատ ես լսում, իսկ նա լսում է լավ։
  • Այլ կերպ է սիրում աշակերտը, այլ կերպ՝ վարպետը վարպետին։
  • Լավ գիրքը մտքով և ոգով հարստացնում է նաև իր հակառակորդին։
  • Նա ինձ հետ անարդարացի է վարվել - դա նողկալի է։ Բայց որ հիմա էլ ուզում է թախանձագին խնդրելով ինձնից ներում ստանալ իր անարդարության համար՝ դա էլ արդեն կաշվից-դուրս-գալու մասով է։
  • Գժտությունից հետո։ «Թող ինձ ցավ պատճառելու համար ասեն, ինչ ուզում են. ինձ չափազանց քիչ գիտեն, որպեսզի իմանան, թե ինչն է ինձ ամենաշատը ցավ պատճառում»։
  • Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր ընկերոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։
  • Մակերեսայինները պետք է միշտ ստեն, քանզի ոչ մի բովանդակություն չունեն։
  • Այս մարդուն ստած-կպցրած է ոչ թե նրա արտաքինը, այլ նրա ներսը. նա դույզն ինչ չի ուզում արտաքին և մակերես երևալ, ինչպիսին նա, համենայն դեպս, կա։
  • Հղկել ոճը՝ նշանակում է հղկել մտքերը - և ոչ ավելին։
  • Ամենայն անցյալ մի գիր է՝ հարյուրավոր իմաստներով և մեկնություններով և, արդարև, մի ճանապարհ դեպի բ ա զ ու մ գալիքները, սակայն ով գալիքին մի իմաստ է տալիս՝ նա նաև անցյալին է մ ի մեկնություն սահմանում։
  • Չոր է կարեկցանքը մեծի, ինչպես ձեռքսեղմումը հսկայի։
  • Մեծ դերասանները, ովքեր չեն գիտակցում իրենց դերասանությունը, ներգործում են իբրև իսկական մեծություններ և անգամ գերազանցում են նրանց փայլով։
  • Մենության մեջ մենակին հոշոտողն ինքն է, բազմության մեջ նրան հոշոտողները բազում են։ Դե ընտրի՛ր։
  • Չխառնե՛ք, դերասանները կործանվում են գովքի պակասից, իսկական մարդիկ՝ սիրո պակասից։
  • Այսպես կոչված սիրալիրները կարողանում են մեզ մանրը վերադարձնել նաև սիրո գրոշներով։
  • Մենք գովում ենք այն, ինչը մեր ճաշակով է. դա նշանակում է՝ երբ մենք գովում ենք՝ մենք գովում ենք մեր սեփական ճաշակը - սա չի՞ մեղանչում ամենայն լավ ճաշակի դեմ։
  • Գովելով՝ միշտ գովում ես ինքդ քեզ. ժխտելով՝ միշտ ժխտում ես ուրիշներին։
  • Դու ասում ես՝ «սա ինձ դուր է գալիս» - և կարծում ես, թե դրանով իսկ գովում ես ինձ։ Բայց ինձ դուր չես գալիս դու։
  • Մարդկանց ողջ հարաբերության մեջ բանը սոսկ հղիությունն է։
  • Ով մեզ բեղմնավոր չի դարձնում՝ մեզ համար վստահաբար միևնույն է դառնում։ Ում մենք ենք բեղմնավոր դարձում՝ այդ պատճառով մենք նրան դեռ չենք սիրում։
  • Ուրիշ մարդկանց քո ողջ ճանաչողությամբ դու քեզանից դուրս չես ելնում, այլ ավելի ու ավելի ես քաշվում քո մեջ։
  • Մենք ավելի անկեղծ ենք ուրիշների հանդեպ, քան ինքներս մեր։
  • Երբ հարյուր մարդ կանգնած են կողք-կողքի՝ յուրաքանչյուրը կորցնում է իր բանականությունը և ինչ-որ մեկ ուրիշն է ստանում։
  • Շունն իր հանդեպ բարեհաճությունը վճարում է հնազանդությամբ։ Կատուն ըստ այդմ վայելում է իրեն և ուժի հեշտալից զգացում է ունենում. նա ոչինչ հետ չի վերադարձնում։
  • Մեզ գերազանցող մարդու մտերմավարությունը մեզ կատաղեցնում է, քանզի չի կարող փոխադարձվել։ Ընդհակառակը, նրան կարելի է խորհուրդ տալ հարգալից լինել, այսինքն՝ այնպիսի տեսք ընդունել, որ իբր նա ինչ-որ բան հարգում է։
  • Որ ինչ-որ մեկը մեր սրտով է՝ դա մենք հաճույքով հաշվում ենք նրա և մեր սեփական բարոյականության օգտին։
  • Ով աղքատ է սիրով՝ նա ժլատ է անգամ իր հարգալիցությամբ։
  • «Ես»-ը և «ինձ»-ը երկու տարբեր անձինք են։
  • Երբ մենք ուզում ենք որևէ մարդուց հեռանալ՝ մեզ հարկ է սոսկ մեզ ստորացնել նրա առջև - դա իսկույն կշոյի նրա փառասիրությունը, և նա ինքն իր գործին կգնա։
  • Քաղքենիական ե ասպետական առաքինությունները չեն հասկանում միմյանց և սևացնում են միմյանց։
  • Լավագույն դիմակը, որը մենք կարող ենք դնել, մեր սեփական դեմքն է։
  • Ինչ-որ մարդու հանդեպ քո չարացածությունից քեզ համար սարքում ես քո բարոյական դժգոհությունը - և ապա քեզնով հիանում ես. իսկ ատելության հոգնությամբ՝ ներումը - և դարձյալ հիանում ես քեզնով։
  • Այն, ինչը մենք ճանաչում ենք որևէ մարդու մեջ՝ դա էլ բորբոքում ենք նրա մեջ. իսկ ով մարդու միայն ցածր հատկություններն է ճանաչում՝ տիրապետում է նաև դրանց խթանիչ ուժին և դրանք հասցնում է պարպման։ Քո մերձավորների գրգիռները քո դեմ՝ քո ճանաչողության քննադատությունն են՝ ըստ բարձրության և ցածրության։
  • Ինձ չի անհանգստացնում այն, ինչը նա անում է նյութում է իմ դեմ ցերեկով, բայց որ ես գիշերը հայտնվում եմ նրա երազներում՝ ինձ սարսափի մեջ է գցում։
«Ես»-ը և «ինձ»-ը երկու տարբեր անձինք են։
  • Մշակույթը լոկ խնձորի բարակ մաշկն է շիկացած քաոսի վրա։
  • Նա իր համար ձեռք է բերել իր սեփական Աստծուն, բայց երբ ես նայեցի նրան՝ նրա մեջ միայն Աստծո կապիկին տեսա։
  • Սատանան, որ ճանաչողության բարեկամն է, իրեն հեռու է պահում Աստծուց, միայն հեռվից է Աստծո համար հայացքը տրվում։
  • Այս երկու կանայք՝ անցյալն ու ապագան, այժմ այնպիսի աղմուկ են սարքում, որ ներկան փախչում է նրանցից հեռու։
  • Մեծագույն իրադարձությունների դարաշրջանը, հակառակ ամեն ինչին, փոքրագույն ազդեցությունների դարաշրջանը կդառնա, եթե մարդիկ ռեզինից են և չափազանց առաձգական։
  • Այժմ իմ հույսը լիքն է ծայրեծայր, այն դադարել է հուսալ։
  • Ես եկել եմ ձեզ օգնելու, իսկ դուք գանգատվում եք, որ ես չեմ ուզում ձեզ հետ լաց լինել։
  • Այժմ այդ միայն արձագանքն է, որի միջոցով իրադարձությունները «մեծություն» են ձեռք բերում, թերթերի արձագանքը։
  • Ոմանք լոկ մահվանից հետո են մեծ դառնում - արձագանքի միջոցով։
  • Այս սահմանադրական թագավորներին տվել են առաքինությունը. այդ պահից նրանք այլևս չեն կարողանում «անարդարացիություն գործել»,- բայց ախր դրա համար նրանցից նաև վերցրել են իշխանությունը։
  • Ես արագ անցնում եմ ձեր վրայով, ինչպես հայացքը՝ կեղտի։
  • Ամբոխին ավելի վաղ օվսաննա աղաղակելուն չես հասցնի, քանի դեռ քաղաք չես մտել էշով։
  • Մեծ մարդու կողմնակիցները սովորություն ունեն կուրացնել իրենց՝ որ կարողանան նրա գովքը ավելի լավ երգել, խե՜ղճ երգող թռչուններ։
  • Կեղծ մի խոսք է շրջում՝ «ով ինքն իրեն չի կարող փրկել, ինչպե՞ս պիտի փրկի ուրիշներին»։ Բայց եթե ես ունեմ քո շղթայի բանալին՝ ինչո՞ւ պետք է քո և իմ կողպեքը միևնույնը լինեն։
  • Քո կյանքը փորձ է և քո փորձի հուշարձանը։
  • Մարդիկ մղվում են դեպի լույսը ո՛չ թե ավելի լավ տեսնելու, այլ ավելի լավ փայլելու համար։
  • Ես սիրում եմ մարդուն։ Եվ ամենաշատը՝ երբ ես դիմադրում եմ այդ սիրուն։
  • Շատ բաների չեն հավատում միայն նրա համար, որ չեն հավատում տարածված բացատրություններին։
  • Չխաբվե՜ք։ Ամենագործունյա ժողովուրդները իրենց մեջ ամենամեծ հոգնությունն են կրում, նրանց անհանգստությունը թուլություն է,- նրանք սպասելու և ծուլության համար այլևս բավականաչափ բովանդակություն չունեն։
  • Գերմանիայում անհամեմատ ավելի շատ են պատվում ցանկությանը, քան կարողությունը, դա ամենահարմար երկիրն է անկատար և հավակնոտ մարդկանց համար։
  • Մարդիկ կան, որոնց վսեմ շարժուձևերով կհամոզես, սակայն հիմնավորումներով կդարձնես կասկածոտ։
  • Ստոր խառնվածքները սխալվում են ազնիվների հարցում, նրանք չե՜ն գուշակում նրանց դրդապատճառները։
  • Մեծ բանաստեղծները իրենց մեջ բազմաթիվ անձինք են կրում, ոմանք միայն մի, սակայն մե՜ծ։-
  • Հակադրությունները միմյանց հետ տղամարդու և կնոջ պես զուգավորել՝ ինչ-որ երրորդ բանի բեղմնավորման համար - ահա՜ հանճարի ստեղծագործության ծննդաբանությունը։
  • Սպառազինել ժողովրդին - ի վերջո նշանակում է սպառազինել ամբոխին։
  • Թող բանաստեղծուկներին և անբաններին սա ասված լինի. ով ոչինչ չունի ստեղծելու, նրան ոչինչն է ստեղծել տալիս։
  • Յոթներորդ մենությունը։- Եվ երբ ես մի անգամ պետք է ոռնայի գայլերի հետ, ես դա այնքան լավ արեցի, և այդժամ մի գայլ ասաց՝ «դու ավելի լավ ես ոռնում, քան մենք՝ գայլերս»։
  • Գոյություն ունի այնքան կորած դժբախտություն, այնքան կորած, ինչպես արևի ջերմության մեծ մասը տիեզերքում։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրիդրիխ Նիցշե հոդվածը նաև Վիքիպեդիայում: