Jump to content

Նար-Դոս

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Միքայել Հովհաննիսյանից)
Նար-Դոսը

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, մարտի 1, 1867 — հուլիսի 13, 1933), հայ գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու[1]։ Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է նա ցույց տա և ա՛յն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի[2]։
  • Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ[3]։
  • Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...[4]
  • Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ[5]։
  • Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների...[5]
  • Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է[5]։
  • Բավական չէ, որ գրականությունը ցույց տա այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի[5]։
  • Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես որ է և մարդու հոգին... կյանքի ճշմարտությունը և հոգեբանական անալիզը[5]։

Մեջբերումներ Նար-Դոսի մասին

[խմբագրել]
  • Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող[6]։
  • Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետներից մեկն էր։ Նա... ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը։
Իր ոճը իրեն պես էր։ Իրեն պես անկեղծ, պարզ, լուրջ, զուսպ, ճշգրիտ։
Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից էր և մեր գրականության հարատև փառքերից մեկը[7]։
  • Ամենանուրբ արվեստագետի վարպետությամբ կարողանում էր նա իր համակրանքն ու հակակրանքն այս կամ այն տիպարի կամ երևույթի հանդեպ գաղտնաբար ներարկել ընթերցողի մեջ։ Եվ ընթերցողը հեղինակի հետ միասին սիրում է նրա սիրած տիպարը և ատում նրա ատած կերպարը։ Նա կատարում էր հասարակական կրթիչի դեր, որը, վերջին հաշվով, ամեն գրողի և՛ թաքուն նպատակն է, և՛ գրականության իմաստը[8]։
  • Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը։ Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ[8]։
Ստեփան Զորյան
  • Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր...[8] :
Ստեփան Զորյան
  • Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին։
Եվ փառքը, սակայն, ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո անձեռագործ արձան «կանգնում»[8]։
Ստեփան Զորյան
  • Ժամանակակիցների համեմատ՝ նա ծայրահեղորեն համեստ էր, սակավախոս, ինքնամփոփ։ Երբեք չէր խոսի իր անձի մասին, երբեք զգալ չէր տա, որ ինքը վիպասան է կամ գրականությամբ զբաղվող մարդ։
Չեմ հանդիպել և չեմ հիշում նման ճշտապահ մարդ ու բարեխիղճ աշխատող։ Խմբագրատուն էր գալիս բոլորից շուտ և հեռանում ամենից ուշ։
Համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ անօրինակ մի երևույթ։ Ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես, նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ փայլն ու ճռճռոցը[8]։
Ստեփան Զորյան
  • Նա լռակյաց և ինքնամփոփ անձնավորություն էր։ Նրա մոտ նստած, նրա հետ զրուցելիս չէիր իմանա նրա դեմքից, շարժումներից նրա հոգու տրամադրությունը. ուրա՞խ է, թե տխուր, բարկացե՞լ է, թե արհամարհանք է տածում։ Չեմ հիշում մի դեպք, երբ նա բարձրաձայն ծիծաղեր... մի թեթև ժպիտ էր երևում նրա աչքերի մեջ, ուրիշ ոչինչ։
Իր ծնված օրից մինչև մեռնելը Թիֆլիսից դուրս չի գնացել... Նրա առաջ բերած տիպերը համարյա միևնույն միջավայրից են՝ Նար-Դոսի տեսած աշխարհից, կամ իր լեզվով ասենք՝ «Մեր թաղից»։ Բայց այդ «Մեր թաղի» տիպերը լավ ուսումնասիրված, չափազանց ռեալ գույներով նկարագրված[9]։
Պողոս Հովվյան

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 177. 
  2. [https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:Nar-Dos,_Collected_works,_vol._4_(%D5%86%D5%A1%D6%80-%D4%B4%D5%B8%D5%BD,_%D4%B5%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82,_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80_4-%D6%80%D5%A4).djvu/123 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ, Երևան, Նաիրի, 1990։
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152. 
  4. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 63։
  6. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։
  7. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 62:
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61։
  9. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61-62:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նար-Դոս հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝