Հաղթական կամար

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Հաղթական Կամարից)
Jump to navigation Jump to search

Հաղթական կամար (ֆրանսերեն՝ Arc de Triomphe), Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը՝ տպագրված 1945 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Շղթայի վրա կար մի փոքրիկ թիթեղիկ՝ «Toujours Charles» մակագրությամբ և այնպես էր կպցրած, որ հնարավոր չէր ոտքից հանել. դա մի շղթա էր, որ պատմում էր Սենայի ափին գտնվող անտառներում անցկացրած հանգստյան օրերի մասին, սիրահարվածության և երիտասարդության հիմարությունների մասին։ Նեյիում ինչ-որ տեղ ծվարած փոքրիկ ոսկերչական կրպակի մասին, ձեղնահարկի սեպտեմբերյան գիշերների մասին - և հանկարծ՝ ուշացում, սպասումներ, սարսափ - հավիտյան Շարլի իզութոզը կորել է... հետո՝ հասցե տվող ընկերուհի... մանկաբարձ մի կին, մոմլաթապատ սեղան, կտրտող ցավ և արյուն, արյուն... հետո՝ պառավի շփոթահար դեմք, ինչ-որ մարդկանց ձեռքեր, որ արագ - արագ տաքսի են նստեցնում՝ գլուխներն ազատելու համար... տառապանքների օրեր, երբ գալար - գալար գալով պառկած ես քո բնում... և, վերջապես, մեքենայով փոխադրում, հիվանդանոց, վերջին 100 ֆրանկ, որ սեղմված է տաք, քրտնքոտ ափում... և արդեն ուշ է։
  • Բա՞րձր։ Ի՞նչը կարող էր հիմա շատ բարձր լինել։Միայն լռությունը։ Լռությունը, որի մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ։
  • Յուրաքանչյուր ակնթարթ հազարավոր մարդիկ են մահանում։ Դրա մեջ առանձնակի բան չկա։ Բայց այն մեկի համար, որ մեռնում էր, իր մահը ամենակարևորն էր, ավելի կարևոր, քան ամբողջ աշխարհը, որը շարունակում էր պտտվել։
  • Մոռանա՜լ։ Դրա մեջ կա և' սարսափ, և' ափսոսանք, և' խաբեություն։
  • Ռավիկը նայեց իր առջևում գտնվող կնոջ ծոծրակին, ուսերին. ինչ-որ բան շնչում է։ Օտար կյանքի մի փոքրիկ կտոր... բայց կյանքի կտոր։ Տաք կյանքի։ Ոչ թե ընդարմացած մարմին։ Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից։ Եվ ի՞նչը կարող է դրանից ավելին լինել։
  • Աչքերը կիսաբաց էին, մեկն ավելի շատ, մյուսը՝ քիչ, և դա նրա դեմքին լիակատար անտարբերության այնպիսի արտահայտություն էր տալիս, կարծես այնտեղ դրոշմված հավիտենական մի ձանձրույթ էր մնացել։
  • Մահ - ահա թե ինչի մեջ էր իսկական վեհությունը, մահվան մեջ էր, որ մարդը հասնում էր կատարելության, և այն էլ կարճ ժամանակով։
  • Եթե մեկի համար սրբազան ոչինչ չի մնում, նրա համար ամեն ինչ նորից և շատ ավելի մարդկայնորեն է դառնում սրբազան։ Նա սկսում է հարգել նույնիսկ կյանքի այն կայծը, որը նշմարվում է անձրևորդի մեջ, հարկադրելով նրան ժամանակ առ ժամանակ դուրս գալ լույս աշխարհ։
  • Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, իսկ կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել։
  • Ապրել, նշանակում է ապրել ուրիշների համար։ Մենք չափում ենք մեկս մյուսիս։ Թող որ գոնե երբեմն բարության մի կրակ առկայծի... մարդ չպետք է հրաժարվի դրանից։ Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում։
  • Այդ փոքրիկ դատարկ սենյակից անհուսության և նոյեմբերի հոտ էր գալիս։
  • Նրբաճաշակությունը լավ հանգիստ ժամանակների համար։
  • Իսկ ինչ ուրիշ բաներին է վերաբերում, ապա ես հաճախ այնպես եմ ուզել, ու մեկնումեկը խոսակցության բռնվի ինձ հետ։ Միայն թե մարդ չզգա, որ իրեն ոչնչի տեղ են դնում, քայլող ոչնչի։ Գոնե մեկնումեկի աչքերին նայես, աչքերին, և ոչ թե քարերին։ Միայն թե մարդ թշվառականի նման այս ու այն կողմ չնետվի, ինչպես ուրիշ մոլորակից ընկած մի արարած։
  • Մարդը միայնակ է՝ միշտ և երբեք։
  • Թվում էր, թե ներս է ուզում թափանցել ինչ-որ գորշ, անսփոփ, անձև մի բան, որ ավելի թախծալի է, քան ինքը թախիծը... ինչ-որ հեռավոր, անանուն հիշողություն, անվերջանալի մի ալիք, որը, խուժելով ներս, ուզում է ետ ելնել և թողնել այն, ինչ որ ժամանակ կղզի էր նետել ու մոռացել այնտեղ մարդու, լույսի և մտքի մի փոքր մասնիկ։
  • Կույս լինել դեռ չի նշանակում նաև հեռատես լինել։
  • Շախմատն ավելի կատարյալ է, քան թղթախաղը։ Թղթախաղում ամեն ինչ բախտը բերելուց կամ չբերելուց է կախված։ Եվ մարդուն չի ցրում ինչպես, որ պետք է։ Շախմատը ինքն իր մեջ մի ամբողջ աշխարհ է։ Քանի դեռ մարդ խաղում է, դրսի աշխարհը մոռացության է մատնվում։ Իսկ դրսի աշխարհը այնքան էլ կատարյալ չէ։
  • Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։
  • Այն, ինչ մարդ կարող է փողով գլուխ բերել, շատ էժան է։
  • Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ։ Դրանում է և մեր դժբախտությունը, և հմայքը։
  • Կյանքը չափազանց մեծ բան է, և չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչել։
  • Էժանագին է այն, ինչ մարդն հագնում է առանց ներքին համոզվածության։
  • Աշխարհի հիմարությունը հենց դա է։ Դու կարող ես դառնալ հրեշտակապետ, ծաղրածու, ոճրագործ - ոչ ոք դա չի նկատի։ Բայց բավական է վրայիցդ մի կոճակ պոկված լինի - իսկույն բոլորը կնկատեն։
  • Ապա նայի՛ր, այնտեղ վերևում մերկ աստղերը սառել են ցրտից։ Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ մենակ է։ Նույնիսկ շոգ ժամանակ։ Իսկ երկուսով՝ երբեք։
  • Նա ոչ թե երկաթից էր այլ ռետինից։ Երկաթը կարելի է ջարդել, ռետինը՝ երբեք։
  • Անհրաժեշտ էր միշտ անկախ մնալ։ Ամենի նչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից։ Մարդ ուշադրություն չի դարձնում դրա վրա, և ահա, հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ։ Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։ Նույնիսկ կնոջ մարմնին։
  • Աշխարհը անխոնջ ու եռանդուն ինքնասպանության է պատրաստվում, բայց ոչ մի կերպ ինքն իրեն չի ուզում խոստովանել դա։
  • Եթե մտադրվել ես մի բան անել, երբեք մի՛ հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզածդ երբեք չես անի։
  • Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկ հետ ծերանալ։
  • Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է։ Ես իմ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում ամբողջ վիշտս սպառվեց։ Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճակալը, նույնիսկ իմ զգեստները։ Ես դժբախտության այնպիսի մի կատարյալ մարմնացում էի, որ աշխարհում ոչինչ ինձ համար այլևս գոյություն չուներ։ Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտույթուն լինելուց։ Քանի ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել այդ դժբախտությունը։ Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն։ Հետո այս ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ։
  • Գոյության փաստերը պարզ են և տափակ։ Միայն մեր ֆանտազիան է, որ նրանց կենդանություն է տալիս։
  • Որքան ես գիտեմ, միայն հին հույներն էին,որ գինու և խրախճանքի աստվածներ ունեին. Դա Բաքոսն ու Դիոնիսոսն էին։ Իսկ մենք նրանց փոխարեն ունենք Ֆրոյդ, անլիարժեքության բարդույթ, փսիխոանալիզ, վախ մեծ խոսքերի հանդեպ, երբ խոսքը սիրո մասին է, և հակվածություն դեպի մեծ-մեծ խոսելը քաղաքականության մեջ։ Տխուր սերունդ է, ճիշտ չէ՞։
  • - Պահածոների՞։ Ինչու՞

Ռավիկը ցույց տվեց լրագրերը։ - Մենք այլևս կարիք չունենք մտածելու։ Ամեն ինչ նախապես մտածված է, նախապես ծամված և նախապես զգացված։ Պահածոնե՜ր։ Օրը 3 անգամ մատակարարվում է տուն։ Ոչինչ պետք չէ՝ ոչ ցանել, ոչ աճեցնել, ոչ եփել՝ հարցերի, կասկածների և կարոտի կրակի վրա։ Պահածոնե՛ր։, - Նա քմծիծաղեց,- Մենք հեշտ չենք ապրում, Բորի՛ս, մենք էժան ենք ապրում։ Մենք ապրում ենք դրամանենգերի նման։ Մորոզովը լրագրերը վեր բարձրացրեց։ - Ապա մի այստեղ նայի՛ր։ Նրանք ռազմական գործարաններ են կառուցում, որովհետև խաղաղության են ձգտում։ Համակենտրոնացման ճամբարներ են ստեղծում, որովհետև սիրում են ճշմարտությունը։ Քաղաքական անհանդուրժողականությունը հանդես է գալիս արդարության դիմակի տակ, քաղաքական գանգստերները իրենց մարդկության բարեկամներն են ձևացնում, ազատությունը ճչուն լոզունգ է դարձել իշխանություն տենչողների շուրթերին։ Կեղծ դրամ։ Հոգևոր կեղծ դրամ։ Խոհանոցային մաքիավելլիզմ։ Տականքների ձեռքում գտնվող գտնվոց վեհ գաղափարներ։ Ի՞նչպես կարելի է խոսել ազնվության մասին։

  • Բնության գրկում լրագիրը պետք գալիս միայն այն ժամանակ, երբ մարդը խարույկ է։
  • Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։ Ուրեմն՝ էլ ինչու՞ ապրել։ Մարդ կարող է նաև նույն հաջողությամբ մեռնել…
  • Հիվանդանոցը վանքի է նման. մարդը նորից սկսում է գնահատել ամենահասարակ բաները՝ քայլելը, շնչելը, տեսնելը։
  • Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել, Ժոա՛ն։ Սերը մակընթացություններ ունի և՛ տեղատվություններ, և՛ խորտակված նավերի բեկորներ, և՛ ջրի տակ մնացած քաղաքներ, և՛ ծովահրեշներ, և՛ մրրիկներ, և՛ ոսկու արկղեր, և՛ մարգարիտներ… Սակայն այդ մարգարիտները գտնվում են խորը հատակում։
  • Խաղաղությունը լավ է, երբ մարդը ինքը նույնպես խաղաղ է ներսում։
  • Մարդը հեշտությամբ կորցնում է այն, ինչ ձեռքին է, իսկ երբ ինքն է թողնում, կորուստն արդեն չի զգում։
  • Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհը այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որն հետագայում ինքն ապահովվել չի կարող։ Այդպիսի դեպքերում կինն աշխատում է նորից ապրել նման կյանքով, բայց այս անգամ արդեն այնպիսի մարդու հետ, որն ընդունակ է մշտապես ապահովվել նրան այդ կյանքը։
  • Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ այևս ոչինչ չի զգում։
  • Ժամանակն անցյալ դառնալով մարդկանց գիտակցության մեջ կորցնում է իր անհատականությունը։ Նա սփոփում, սարսափեցնում է, դարձնում անտարբեր։
  • Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում։
  • Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ, միջին դրություն գոյություն չունի։
  • Դժբախտությունները սկիզբ են առել այն օրից, երբ մարդ սկսել է մտածել։ Եթե մենք մնայինք լոկ վավաշանքի և լափելու երանությունը վայելելու աստիճանին, ոչինչ չէր պատահի։
  • Կարծես սառը դանակով մի կտրվածք արին իր վրա, որից նա ցավ չգզաց։ Որոշակիությունը երբեք ցավ չի պատճառում։ Ցավը լինում է մինչ այդ և դրանից հետո։
  • Շատ ավելի հեշտ է նորից ոտքի կանգնել հարազատ, արդեն ծանոթ հողի վրա, քան օտարության սայթաքուն սառույցի։
  • Վերջին հաշվով ի՞նչն է ավելի հուզում, եթե ոչ հենց այդ էժանագին հասկացությունները – էժանագին սիմվոլները, էժանագին զգացմունքները, էժանագին սենտիմենտալությունը։ Ի՞նչն է դրանք այդպես էժանագին դարձրել։ Նրանց անվիճելի ճշմարտությունը։ Եթե մարդու կոկորդից բռնում են, սնոբիզմից հետք անգամ չի մնում։
  • Սերը ոչ չափ է ճանաչում, ոչ՝գին։
  • Երբեք մարդ չի կարող ուրիշի սրտից ոչինչ և ոչ ոքի դուրս նետել։
  • Կնոջ հանդեպ ունեցած սիրուց ազատվելու ամենաճիշտ եղանակը ժամանակ առ ժամանակ նրա հետ քնելն է։ Երևակայությանը ազատություն չպետք է տալ։
  • Լավ է, երբ մարդ ամեն ինչ իմանում է մինչև վերջ, մանավանդ, երբ երևակայության գոլորշիներն սկսում են խավարեցնել բանականության ոսպնյակները։
  • Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ։
  • Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, որքան այն մարդը, որին մի ժամանակ սիրել ես։ Այն խորհրդավոր թելը, որ նրան կապում է քո երևակայության հետ, կտրվում է։
  • Ճակատագիրը երբեք չի կարող լինել նրան հակադրվող հանգիստ արիությունից ավելի ուժեղ։ Իսկ եթե այդ հակադրվելը ուժերից արդեն վեր է, կարելի է ինքնասպան լինել։ Լավ է, երբ մարդ դա գիտակցում է, բայց ավելի լավ է, երբ գիտակցում է նաև, որ քանի դեռ մարդ ապրում է, ոչինչ վերջնականապես կորած չէ։

Աղբյուրներ[խմբագրել]