Դիմանկար
Արտաքին տեսք
«Դիմանկար» (ռուս.՝ Портрет), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի վիպակը «Պետերբուրգյան վիպակներ» շարքից։ Վիպակը ստեղծվել է 1833-1834 թվականներին և առաջին անգամ տպագրվել «Արաբեսկներ․ Ն․ Գոգոլի տարբեր ստեղծագործություններ» գրքում 1835 թվականին։ Երկրորդ հրատարակությունը (բովանդակությունը զգալիորեն մշակվել է 1841 թվականի վերջին 1842 թվականի սկզբին) լույս է տեսել 1842 թվականին «Սովրեմեննիկ»-ի երրորդ գրքում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հռչակը չի կարող վայելք տալ նրան, ով գողացել է այդ հռչակը և ոչ թե արժանացել նրան. նա մշտական հույզ է առաջացնում միայն այն մարդու մեջ, որը արժանի է նրան։
- Ռուսական սրտում միշտ ապրում է ճնշվածի կողմը բռնելու սքանչելի զգացմունքը։
- Ողջը այլազան է, ինչպես բնության տեսարան. որքան էլ դա փարթամագեղ լինի, էլի ինչ-որ մի բան է պակասում։
- Հանճարը ստեղծագործում է համարձակորեն, արագ։
- Ամեն ոք յուրովի է զմայլվում։
- Ավելի լավ է այն մարդը, որն ուղղակի ասում է, թե բան չի հասկանում, քան թե այն մարդը, որը կեղծավորություն է անում, ասում, որ իբր թե գիտե այն, ինչ որ չգիտե, ու միայն կեղտոտում ու փչացնում է գործը։
- Դու արդեն տարվում ես մոդայական լուսավորությամբ, նրանով, ինչ-որ գրավում է առաջին հայացքից։
- Ստրկական, տառացի նմանությունը նատուրային՝ արդեն զանցառություն է և վառ, աններդաշնակ ճիչ է թվում։
- Պարզությունը, պարզությունը թող ավելի շատ լինի…
- Եթե առարկան վերցնում ես անտարբերությամբ, անզգայորեն, չհամակրելով այն, նա անպայման կներկայանա այն իրականությամբ, որը բացվում է այն ժամանակ, երբ ցանկանալով ըմբռնել սքանչելի մարդուն, զինվում ես անատոմիական դանակով, հերձում նրա ներքինն ու տեսնում գարշելի մարդուն։
- Ես խոստովանում եմ, արվեստ չեմ համարում այն, ինչ որ ստեղծվում է տող առ տող. այդ արդեն արհեստ է և ոչ թե արվեստ։
- Սնդուկներում շատանում էին թղթադրամների կապոցները, ու ինչպես ամեն մեկը, ում վիճակվում է այդ սարսափելի նվերը, նա սկսեց համակվել ձանձրույթով, դարձավ ամեն ինչին անմատչելի, բացի ոսկուց, առանց պատճառի ժլատ, ագահորեն հարստություն դիզող, և արդեն պատրաստ էր դառնալու այն տարօրինակ արարածներից մեկը, որոնք շատ են հանդիպում մեր անզգա հասարակության մեջ, որոնց վրա սարսափով է նայում կյանքով ու սրտով լեցուն մարդը, որին նրանք թվում են շարժվող քարե դագաղներ՝ ներսում սրտի փոխարեն դիակ։
- Եվ քանի անգամ հանդիսավոր անդորրությունը բարձր է ամեն տեսակ աշխարհային հուզումից, քանի անգամ ստեղծագործությունը բարձր է ավերածությունից, քանի անգամ հրեշտակը իր պայծառ հոգու լոկ միայն մաքուր անմեղությամբ բարձր է սատանայի բոլոր անհամար ուժերից և հպարտ մոլություններից, այնքան անգամ արվեստի ստեղծագործությունը բարձր է այն ամենից, ինչ որ կա աշխարհում…
- Ով իր մեջ տաղանդ ունի, նա հոգով բոլորից ավելի մաքուր պետք է լինի։
- Այն մարդը, որ տանից դուրս է գալիս տոնական փայլուն հագուստով, բավական է կեղտոտվի անիվի տակից թռած ցեխի մի կտորով, և արդեն բոլոր մարդիկ շրջապատում են նրան և մատնացույց անում նրան, դատողություններ անում նրա փնթիության մասին, մինչդեռ նույն մարդիկ չեն նկատում բազմաթիվ ցեխակտորները ուրիշ անցորդների վրա, որոնք առօրյա հագուստով են լինում։ Որովհետև առօրյա հագուստի վրա բծերը չեն նկատվում…
Աղբյուրներ
[խմբագրել]- Նիկոլայ Գոգոլ «Դիմանկար» (Գրքամոլ Ակումբ)։ grqamol.am (նոյեմբերի 25, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 28, 2015 թ․։