Աբել Միքայելյան
Արտաքին տեսք
Աբել Միքայելյան (1973, դեկտեմբերի 18), հայ արձակագիր:
Քաղվածքներ «Փոփոխության քամին» գրքից
[խմբագրել]- Ճանապարհը, որով անցնում են աշխարհի երկրներում ապրող ժողովուրդները, եթե անգամ նույնը չէ, միևնույն է` նույնն է: Պարզապես որոշ ժողովուրդներ այդ ճանապարհի տասներորդ կիլոմետրին են, որոշները` հիսուն, իսկ որոշներն էլ` հարյուր հիսուն: Այն, ինչ պիտի տեղի ունենա հիսուներորդ կիլոմետրին, բոլորի մոտ էլ տեղի է ունենում, գուցե տարբերվող սյուժեներով ու հերոսներով, բայց իմաստը նույնն է[1]:
- Մի բան է հստակ` աշխարհը զարգանում է, և ոչ մի ժողովուրդ չի կարող անմասն մնալ այդ զարգացումից[1]:
- «Ժուլիկները» մեծամասամբ մանր ու միջին են, խոշորները հազվադեպ են պատահում: Բայց երբ պատահում են, կարելի է միայն պատկերացնել, թե որքան մարդ կարող է տուժել նրանց պատահելուց: Եթե մանր «ժուլիկների» զոհ են դառնում անհատները, միջիններինը` տասնյակ մարդիկ, ապա խոշոր ժուլիկների գործունեությունից կարող են վնասվել ամբողջ ժողովուրդներ:
- Միշտ չէ, որ «ժուլիկները» չար մարդիկ են կամ վերջացած սրիկաներ, երբեմն նույնիսկ նրանք ընդունակ են լավ արարքների: Կարող են օգնել մեկին կամ շատերին, կամ անգամ մի ամբողջ ժողովրդի: Նրանք կարող են նորմալ ընկեր լինել, կարող են լինել հայրենասեր, բայց միևնույն է` «ժուլիկը» մնում է «ժուլիկ»: «Ժուլիկությունը» նրանց էության մեջ է, և նրանք գործում են ավելի շատ բնազդաբար[1]:
- Պատմությունը, ավա՜ղ, չի կարող ճիշտ պատասխանել որոշ հարցերի: Օրինակ` հետևյալ հարցին. իսկ ի՞նչ կլիներ, եթե «այսպես» չլիներ[1]:
- Ի՞նչ կարող է անել այգեպանը, երբ իր այգին ոռոգելու համար ջուր չունի: Ստիպված պիտի ծառերը թողնի իրենց բախտին: Կգոյատևեն` կգոյատևեն, կչորանան` կչորանան:
- Միայն թե ջուր կար: Քիչ, բայց կար: Սակայն այն բաժին էր հասնում ոչ բոլոր ծառերին: Հարյուր ծառից լավ բերք էր տալիս հինգը, ևս տասնհինգ-քսանը տալիս էին սակավ բերք, նույնքան ծառ պարզապես դիմանում էր ու չէր չորանում, իսկ մնացածը… Մնացածը չորանում էին:
- Մինչդեռ կարելի էր այնպես բաշխել ջուրը, որ բաժին հասներ բոլոր ծառերին: Եվ զուգահեռ փորել նոր առուներ[1]:
- Եթե Երևանի կենտրոնի հարյուրավոր սրճարան-ռեստորանները երեկոյան լեփ-լեցուն էին, մի՞թե դա ժողովրդի լավ ապրելու ցուցանիշ էր: Չէ՞ որ Հայաստանի հարյուրավոր գյուղեր երեկոյան և օրվա բոլոր ժամերին դափ-դատարկ էին[1]:
- ...ես ատում եմ շամպայնը: Ինչպես ցանկացած կեղծ բան: Ինչպես մանեքենուհին: Շամպայնը խմիչքների մանեքենուհին է[1]: Քսյուշա
- Մարդիկ տեսնում են այն, ինչ տեսնում են: Իսկ ես համառորեն փնտրում եմ մեկին, ով կտեսնի անտեսանելին[1]: Քսյուշա
- Կան մարդիկ, ում կյանքի նպատակը ուտելն է ու զուգարան գնալը: Նրանք ամեն ինչի ընդունակ են, եթե ինչ-որ պատճառով քչանա իրենց կերը, կամ ինչ-որ մեկը զբաղեցնի զուգարանը այն պահին, երբ իրենք են ուզում այնտեղ մտնել:
- Նման մարդկանց գոյությանը կարելի է իհարկե ուշադրություն չդարձնել` թող իրենց համար ուտեն ու զուգարան գնան, միայն թե երբեմն նրանք դառնում են վտանգավոր շրջապատի, անգամ ժողովրդի ու երկրի համար: Որովհետև այդ մարդիկ ժամանակի ընթացքում սկսում են ընկալել երկիրը որպես կերակրատաշտ և արտաքնոց:
- Այդ մարդիկ դժբախտաբար ամենուրեք են: Նրանք կարող են լինել երթուղայինի վարորդներ, ռեստորանային երգիչներ, համայնքապետեր կամ պատգամավորներ:
- Առողջ պետությունում նրանք հազիվ թե կարողանային գլուխ բարձրացնել, որովհետև առողջ պետությունն ունի առողջ հասարակություն և այդ հասարակության կողմից ընտրված առողջ իշխանություններ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը թույլ չեն տա խժռել ու կեղտոտել իրենց երկիրը:
- Բայց երբ այլևս իշխանության համար է երկիրը դառնում կերակրատաշտ ու զուգարան, իսկ հասարակությունը հարմարվում է դրան, այս դեպքում արդեն վերոնշյալ մարդիկ իրենց իրավացիորեն զգում են` ինչպես ճանճը թրիքի վրա: Եվ լինեն երթուղային վարելիս, բեմում կլկլացնելիս, համայնքով շրջելիս, թե կոճակ սեղմելիս, նրանց մտքին երկու բան է` ուտել և…
- Կա մարդկանց մեկ այլ տեսակ, որը նույնքան զզվելի է: Դա շնագայլերի տեսակն է: Այս տեսակը նույնպես շատ է ու ամենուրեք: Բայց վտանգավոր է հիմականում մի տեղ` քաղաքականության մեջ: Որովհետև եթե շնագայլ «ժեկի» պետի վրա կարելի է պարզապես գոռալ, և նա վախից կմտնի իր սեղանի տակ, ապա շնագայլ պատգամավորի դեպքում դա չի աշխատի: Որովհետև նա թաքնված է: Նա թաքնված է իր ընտրողների հետևում և սպասում է այնքան, մինչև ուտողներն ու զուգարան գնացողները նույն այդ ընտրողներից թողնեն միայն կաշին ու ոսկորը: Հետո արդեն նա կանի իր գործը[1]:
- Իմ սցենարը իմպրովիզն է…[1]: Կիրակոս
- Երևանը նման էր տեղ-տեղ անհաջող հավաքած, իսկ տեղ-տեղ էլ` չհավաքված «փազլի»: Այնպիսի տպավորություն էր, որ մի քանիսը, իրար հաջորդելով, փորձել են ճիշտ դասավորել կտորները, չեն կարողացել ու այդպես էլ թողել են թափված: Մինչդեռ եթե կարողանային հավաքել ու ճիշտ հավաքեին, ինչ-որ պատկեր կստացվեր: Գեղեցիկ, կամ պակաս գեղեցիկ, կամ գուցե տգեղ` բայց ինչ-որ պատկեր:
- Անպատկեր` ահա թե ինչպիսին էր Երևանը, անկանոն, անիմաստ ու աննկարագիր, բայց ամենասարսափելին դա չէր: Ամենասարսափելի այն էր, որ քաղաքը հոգի չուներ:
- Ո՞վ էր մեղավոր. իշխանությո՞ւնը:
- Իշխանությունը կարող է տրանսպորտի հարց լուծել, աղբահանության հարց լուծել, վերելակի հարց լուծել, որ անում է լավ կամ վատ, բայց իշխանությունը չի կարող հոգի տալ քաղաքին, որովհետև քաղաքին հոգի են տալիս մարդիկ[1]:
- Երբ մարդը կարող է իր քաղաքում թքել կամ հայհոյել, ուրեմն նա չի հարգում իր քաղաքը, ուրեմն նա չի հարգում իր Հայրենիքը:
- Սերն այստեղ սուտ է: Մարդը կարող է օրը տասն անգամ երդվել, որ սիրում է իր Հայրենիքը, կենացներ ու բանաստեղծություններ ձոնել Հայրենիքին, պատշգամբում կանգնած` երգել հայրենասիրական երգեր ու վերջացնելուց հետո թքել այդ նույն պատշգամբից ներքև: Կամ քայլել մայթով ու թքել: Այսինքն թքել իր քաղաքի վրա: Բայց չէ՞ որ մարդն իր տանը չի թքում:
- Երբ մարդու տունը իր չորս պատերի մեջ է, իսկ դրանցից դուրս ոչինչ իրենը չէ, քաղաքը դառնում է օտար նրա համար: Եվ ոչ մի իշխանություն այստեղ ոչինչ անել չի կարող[1]:
- Ժողովուրդն ուզում էր, որ փոխվեր իր կենցաղը, փոխվեր իր աշխատավարձը, փոխվեր իր հեռախոսը, հեռուստացույցն ու ավտոմեքենան: Բայց ժողովուրդն ինքը չէր ուզում փոխվել: Չէր ուզում փոխել իր մտածողությունը, չէր ուզում փոխել իր մոտեցումերը, չէր ուզում փոխել իր ճաշակը[1]:
- «Ռաբիսը»` անճաշակը, գռեհիկը այնպես է բուն դրել մեր տեսակի մեջ, որ թվում է` այլևս հանել չի լինի: Եվ ինչպե՞ս հանել, երբ այն ամենուրեք է` փողոցներում ու տներում, սրճարաններում ու ռեստորաններում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Ինչպե՞ս հանել «ռաբիսը» մեր միջից, երբ այն խրախուսվում և քարոզվում է պետական մակարդակով: Մինչդեռ մեր տունը քանդողը հենց այդ «ռաբիսն» է: Այն ավելի սարսափելի է, քան արտաքին թշնամին, որովհետև եթե թշնամին քեզ կարող է կրակելով սպանել, «ռաբիսը» քայքայում ու սպանում է ներսից` ինչպես քաղցկեղը:
- Ժողովրդի բարեկեցության մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ գիրք է նա կարդում, ինչ կինո է դիտում, ինչ երաժշտություն լսում: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող լավ ապրել, եթե անգամ տիրապետի նավթի ու ոսկու ամենամեծ պաշարներին, չի կարող ազդեցիկ լինել իր սահմաններից դուրս, եթե անգամ միջուկային հարյուր ռումբ ու մարտագլխիկ ունենա: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող արդարության համար պայքարել` ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, որովհետև այն երևույթը, որն ինքն է մղում անարդարության, ինքնին անարդարություն էԿարելի է ոտքի հանել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անել այնպես, որ ժողովուրդը հավատա, որ իր կյանքում ու իր երկրում ամեն ինչ շատ արագ փոխվելու է դեպի լավը:
- Դա այնքան էլ բարդ բան չէ: Դա բարդ բան չէ, երբ ժողովրդի կյանքում ու երկրում իսկապես ամեն ինչ լավ չէ, և ժողովուրդը, բնականաբար, փոփոխություն է ուզում: Այդ դեպքում ցանկացած մեկը կարող է օգտագործել ժողովրդի նման վիճակը ու ոտքի հանել նրան: Այլ հարց է, թե նրա մղումերը որքանո՞վ են ազնիվ և մինչև ո՞ւր է նա պատրաստ գնալ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Եթե նրա մղումերն իսկապես ազնիվ են, և նա պատրաստ է կանգ չառնել կես ճանապարհին ու գնալ մինչև վերջ, ինչպես եղավ այս դեպքում, մնում է ամենակարևոր հարցը` հնարավո՞ր է արդյոք փոխել ժողովրդի կյանքը և երկրի վիճակը[1]:
- «Գողական» մոտեցումերով կառավարվող ժողովուրդը ժամանակի ընթացքում ստիպված, պարտադրված, ուզած, թե չուզած դառնում է այդ մոտեցումերի կրողը, անկախ իրենից հավատում է ոչ թե օրենքի, այլ «գողական» ճշտին: Երբ ժողովուրդը տեսնում է, որ օրենք գրել պարտավոր պատգամավորները, օրենքով առաջնորդվել պարտավոր իրավապահները, օրենքով վճիռներ կայացնել պարտավոր դատավորները թքած ունեն օրենքի վրա և առաջնորդվում են մեկ այլ «օրենքով», ինքն էլ, կամա թե ակամա, ապրում է այնպես, որ չխախտի ոչ թե իրական, այլ այն մյուս օրենքը: Ինչպե՞ս կարող են նման իրականությունում կայանալ օրենսդիր, իրավապահ և դատական համակարգը: Եվ ո՞վ է նման իրականության թիվ մեկ պատասխանատուն, եթե ոչ երկրի ղեկավարը[1]:
- Ժողովուրդը մտածում էր, որ հրեշին հեռացնելով կբացվի իր աղբյուրը և կենսատու ջուրը կսկսի հոսել: Եվ հրեշին հաղթողը ժողովրդի համար անխուսափելիորեն պիտի դառնար կուռք:
- Կհոսեր կենսատու ջուրը, թե ոչ` ցույց պիտի տար ժամանակը, և նույն այդ ժամանակը պիտի ցույց տար, թե արդյո՞ք հրեշն էր այն փակողը, և արդյո՞ք օրվա կուռքը, ժամանակի ընթացքում, ինքը չէր դառնալու հրեշ:
- Եվ մի հարց էլ կար, որ այդ պահին ցնծացող ժողովուրդն, ավա՜ղ, չէր տալիս ինքն իրեն: Եթե այդ մարդն իսկապես հրեշ էր, ապա ինչո՞ւ չխեղդեց իրենց իր ճիրաններում:
- Հաղթեցի՜նք` գոռում էին մարդիկ, և չկար մեկը, որ հարցներ ինքն իրեն` իսկ ի՞նչ է լինելու հետո[1]:
- Կարելի է ոտքի հանել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անել այնպես, որ ժողովուրդը հավատա, որ իր կյանքում ու իր երկրում ամեն ինչ շատ արագ փոխվելու է դեպի լավը: Դա այնքան էլ բարդ բան չէ: Դա բարդ բան չէ, երբ ժողովրդի կյանքում ու երկրում իսկապես ամեն ինչ լավ չէ, և ժողովուրդը, բնականաբար, փոփոխություն է ուզում: Այդ դեպքում ցանկացած մեկը կարող է օգտագործել ժողովրդի նման վիճակը ու ոտքի հանել նրան: Այլ հարց է, թե նրա մղումերը որքանո՞վ են ազնիվ և մինչև ո՞ւր է նա պատրաստ գնալ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Եթե նրա մղումերն իսկապես ազնիվ են, և նա պատրաստ է կանգ չառնել կես ճանապարհին ու գնալ մինչև վերջ, ինչպես եղավ այս դեպքում, մնում է ամենակարևոր հարցը` հնարավո՞ր է արդյոք փոխել ժողովրդի կյանքը և երկրի վիճակը[1]:
- - Քարտուղարուհիները լինում են երեք տեսակի` քարտուղարուհիներ, ովքեր չեն քնում շեֆի հետ, քարտուղարուհիներ, ովքեր քնում են շեֆի հետ, և քարտուղարուհիներ, ովքեր քնում են ոչ միայն շեֆի հետ[1]: Կիրակոս
- Հայաստանի Հանրապետության և ոչ մի ղեկավար պաշտոնանկությունից հետո ներողություն չէր խնդրել ժողովրդից` իր արած սխալների համար: Սա նշանակում է, որ կա՛մ նրանք սխալներ չէին արել, կա՛մ չէին ընդունում իրենց սխալները, կա՛մ արժանի չէին համարում ժողովրդին իրենցից ներողություն լսելու[1]:
- Եթե պետության ղեկավարի համար համեմատելի են անկախության համար մղվող պայքարն ու իշխանության համար մղվող պայքարը, ապա այդ ղեկավարը կարող է հետագայում իր իշխանությունը պահելու համար հաղթել սեփական ժողովրդին[1]:
- Որքա՜ն լավ կլիներ, որ Երկիր մոլորակի վրա վերանային սահմանները, և մարդիկ վերջապես գային այն գիտակցության, որ ամենուրեք իրենք տանտեր են, և հավասարապես` հյուր[1]: Երիտասարդ
- Խաղաղություն կարելի է քարոզել, երբ հաղթանակել է արդարությունը: Որովհետև հակառակ դեպքում դու հենց անարդարություն ես քարոզում: Հանդուրժողականության մասին կարելի է խոսել միայն ուժեղի դիրքից, որովհետև երբ խոսողը թույլն է, դա ոչ թե հանդուրժողականություն է, այլ պարզ վախկոտություն[1]: Երիտասարդ
- Հավատը պետք է սոսկ նրա համար, որ մարդիկ անչար ապրեն: Ոչ թե վախենան, որ իրենց արած չարության համար Աստված իրենց կպատժի, այլ պարզապես իմանան, որ Աստված բարի է, հետևաբար ճիշտը բարի լինելն է[1]: Երիտասարդ
- Անգամ այն պետությունները, որոնք մարդու իրավունքների և ազատության պահպանման իրական ջատագովներն են, մեծ հաշվով հակասում են իրենք իրենց: Չէ՞ որ մարդը միայն ԱՄՆ-ի, Կանադայի կամ Եվրամիության պետություններից մեկի քաղաքացին չէ: Մարդ է նաև Կամբոջիայի, Բոտստվանայի կամ Ղրղզստանի քաղաքացին: Միայն թե, վերջինիս իրավունքներն ու ազատությունները կավարտվեն այն պահին, երբ նա փորձի հատել մարդու իրավունքների և ազատությունների պահպանման իրական ջատագով պետություններից մեկի սահմանը: Դիցուք, մի ղըրղզ, ով երբևէ չի հետաքրքրվել քաղաքականությամբ ու տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշել է շրջել այդ աշխարհով, որն իրեն է պատկանում նույնքան, որքան, ասենք, ֆրանսիացուն: Եվ ահա նա դուրս է գալիս Ղրղզստանից, անցնում Ղազախստանը, ապա Ռուսաստանն ու Ուկրաինան և հասնում Սլովակիայի սահմանին: Եվ հենց այստեղ էլ ավարտվում են նրա մարդու իրավունքներն ու ազատությունները, որովհետև պարզվում է, որ աշխարհի այս հատվածը գոց է նրա համար: Կամ կամբոջիացին նստում է իր փոքրիկ մոտորանավակը, անցնում է Սիամական ծոցը, ապա` Հարավչինական ծովը, նավարկում Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով ու հասնում ԱՄՆ-ի ափերին. և այստեղ էլ ավարտվում են նրա մարդու իրավունքներն ու ազատությունները[1]: Երիտասարդ
- - Ռուս ժողովուրդը պաշտում է երկու բան` Նորին գերազանցություն ցարին և Նորին գերազանցություն օղուն: Աստված պահպանի ցարին, և Աստված օղի տա[1]: Շնագայլ
- Ամեն ինչ չէ, որ իշխանությունները կարող են թաքցնել[1]:
- Ժողովրդի ուսերին իշխանության եկած մարդիկ, հատկապես` ժողովրդի ուսերին իշխանության եկած մարդիկ, իրավունք չունեն ավելի լավ ապրել, քան ապրում է հասարակ ժողովուրդը, միջին վիճակագրական մարդը: Ոչ մի անվտանգության նկատառում, ոչ մի արարողակարգ չի կարող արդարացնել ժողովրդի ծոցից իշխանության եկած մարդկանց` ժողովրդից կտրվելը: Յոթ պարիսպների հետևում ապրելը, զրահապատ մեքենաներով ու համհարզներով շրջելը, այդ համհարզներին իրենց մեքենաների դռները բացել տալն ու
իրենց վերարկուները բռնել թույլ տալը…
- Մի օր ժողովուրդն անպայման կհամադրի տեսանելին ու անտեսանելին ու անպայման կհասկանա, որ իրեն խաբել են: Ու սարսափելի մեծ կլինի ժողովրդի հիասթափությունը: Ո՛չ իշխանություններից: Նրանց նկատմամբ պարզապես զզվանք ու ատելություն կառաջանա, ինչպես եղել է միշտ: Ժողովուրդը կհիասթափվի ինքն իրենից[1]:
- ...օլիգարխները չեն սիրում անհաջողակ ու չկայացած մարդկանց[1]: Կիրակոս
- - Գեղեցկուհիները լինում են երկու տեսակի, նրանք, ովքեր նայում են, թե ինչպես են իրենց նայում, և նրանք, ովքեր չեն նայում, թե ինչպես են իրենց նայում[1]: Կիրակոս
- Ժողովուրդը նման է երեխայի: Նա սիրում է փուչիկներ: Ինքը փչում է այդ փուչիկը ու ինքն էլ փչելիս պայթեցնում` չհասցնելով վայելել այն: Ամբողջ հարցն այն է, թե որքան կփչվի փուչիկը[1]:
- Հավանաբար, աշխարհում չկա մի պետություն, ուր կաշառակերությունն արգելված չլինի: Բայց աշխարհում կան բազմաթիվ պետություններ, ուր կաշառք վերցնողը չի վախենում կաշառք վերցնել: Չի վախենում վերցնել, որովհետև չի վախենում բռնվել: Որովհետև, եթե անգամ բռնվի, գիտի, որ կարող է կաշառք տալ բռնողին և չպատժվել: Բռնողն էլ, իր հերթին, չի վախենում կաշառք վերցնել բռնվողից: Որովհետև նա էլ իր վերցրածից բաժին է տալիս նրան, ով կարող է պատժել իրեն: Վերջինս էլ իր հերթին և այդպես շարունակ[1]:
- ...պաշտոնյան ոչ թե պիտի կաշառք չվերցնի` վախենալով, որ կբռնվի, այլ պիտի կաշառք չվերցնի` գիտակցելով, որ ինքը վատ բան է անում: Եվ որպեսզի կաշառակերությունն իսկապես արմատախիլ արվի, հենց այս գիտակցությունն է, որ պետք է ձևավորվի պաշտոնյայի մոտ[1]:
Քաղվածքներ «Մշկո Մշկոյանի արկածները» վեպից
[խմբագրել]- Երբ մեկը քարոզում է մի բան, բայց անում է հակառակը, երբ իբր պայքարում է մի բանի դեմ, բայց հենց դա է անում, ինչի՞ են բերելու նրա քարոզն ու պայքարը: Եվ երբ այդպիսիք մեծամասնություն են կազմում՝ իրար նայելով, իրարից քաշվելով, իրարից վախենալով անում են նույնը, ինչի՞ է վարածվում հասարակությունը: Ինչպե՞ս կարող է շիտակ հասարակություն լինել, երբ կեղծիքը հասարակության մեջ այսչափ շատ է, պարզապես խեղդում է, չի թողնում շնչել: Խեղդում է և չի թողնում շնչել նույն այդ հասարակությանը[2]:
- Հետաքրքիր բան են օդանավակայանները: Թերևս մենք հասկանում ենք միայն դրանց հիմնական նշանակությունը: Մինչդեռ բացի այդ հիմնական նշանակությունից օդանավակայաններն ունեն մի կարևոր առանձնահատկություն, որի մասին մենք հաճախ չենք մտածում: Սա փաստորեն այն վերջին կետն է, ուր մենք դնում ենք մեր ոտքը հողի վրա՝ աշխարհի մի հատվածում: Հաջորդ կետը, ուր դարձյալ ոտք կդնենք հողի վրա, աշխարհի մեկ այլ հատվածում է, հազար կամ տասը հազար կիլոմետր այն կողմ: Եվ այդ երկու կետերից մեզ բաժանում է ընդամենը մեկ քայլ: Մի՞թե հետաքրքիր չէ: Եվ, առհասարակ, ես սիրում եմ օդանավակայանները, մանավանդ միջազգային խոշոր օդանավակայանները, որոնք իրար են կապում աշխարհի մի ծայրը մյուս ծայրի հետ, և որտեղ կարելի է հանդիպել տասնյակ, գուցե հարյուրավոր ազգությունների մարդկանց[2]:
- Որովհետև կյանքի հանդեպ հարգանք նշանակում է հարգանք քաղաքացու ու պետության հանդեպ, հարգանք գյուղի ու քաղաքի հանդեպ, հարգանք ծառի ու անտառի հանդեպ: Եվ միայն այդ սիրո և հարգանքի համադրության դեպքում է, որ կարելի է սեփական երկրում ապրել ոչ միայն երկար, այլև՝ երջանիկ[2]: Գեորգի Լազարով
- Ցանկացած ժողովրդի ու պետության հանդեպ պատմության որևէ փուլում անարդարություն է եղել: Եվ որպեսզի կարողանաս վերականգնել արդարությունը պիտի համբերատար ու հետևողականորեն ուժեղանաս[2]: Գեորգի Լազարով
- Որքա՜ն նման ու միևնույն ժամանակ որքա՜ն տարբեր են լեռները աշխարհի տարբեր հատվածներում: Եվ որքա՜ն նման ու տարբեր բաներ են տեսել՝ իրենց բարձրունքներից նայելով ներքև:
- Տեսել են կյանք ու այդ կյանքի համար կռիվ, տեսել են օջախի ծուխ ու արկերի պայթյուն, տեսել են հողագործ և զինվոր, տեսել են խաղաղություն և պատերազմ:
- Որքա՜ն տարբեր են լեռների լանջերին ու ստորոտներին ապրող մարդիկ ու ժողովուրդները: Ստեղծարար ու կործանարար, խաղաղասեր ու ռազմատենչ, կենսախինդ ու արյունարբու:
- Ինչպե՞ս որոշ ժողովուրդներ հասան նրան, որ կարողանում են խաղաղ ու երջանիկ ապրել ու արարել իրենց լեռների հայացքի ներքո, իսկ որոշ ժողովուրդների սիրտը դեռ արյուն է ուզում: Ինչո՞ւ որոշ ժողովուրդներ լեռնային աղբյուրներից բխող կենարար ջուրն օգտագործում են կյանքը ծաղկեցնելու համար, իսկ որոշ ժողովուրդներ՝ տիրանալով այդ աղբյուրներին՝ ջուրը խառնում են արյունով: Ինչո՞ւ են որոշ ժողովուրդներ շռայլորեն տալիս իրենց լեռների հավերժությունն ուրիշներին, իսկ որոշ ժողովուրդներ ստիպված են հավերժորեն պաշտպանել իրենց լեռները[2]…
- Մի՞թե այդպես լինում է, որ ապրես ողջ կյանքդ արմատներիդ կառչած ու մի օր քեզ թվա, թե դրանք փտել են ու անկարող են այլևս քեզ ամուր պահել հողիդ վրա: Ու թողնես, որ քամին քեզ սերմնացուի պես քշի տանի դեպի ուրիշ հողեր: Կամ գուցե չթողնես, այլ պարզապես չկարողանաս ընդդիմանալ: Մի՞թե այդպես լինում է:
- Լինում է, եթե դու ծառ ես[2]:
- Հիասթափությունը վատ բան է, հուսալքությունը՝ սարսափելի[2]:
- Գաղափարական մարդիկ քիչ են ամենուրեք: Նկարիչ, ուսուցիչ, զինվորական կամ դարբին՝ ի՞նչ է նրանց ասածը. մարդը կարող է ապրել արժանապատվորեն միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն է ապրում արժանապատվորեն: Սակայն նրանց այս ասածն հասկացողները, քիչ են: Ու քանի որ քիչ են, երբեմն լինում է այնպես, որ գաղափարական մարդը դառնում է գաղափարի մարտիկ: Երբ նա տեսնում է, որ ժողովուրդը գլուխ է խոնարհում արտաքին և ներքին անարդարությունների դեմ, ընդդիմանում է դրան ու փորձում ժողովրդին հանել սխալ ընթացքից[2]:
- Եվրոպական արժեքները՝ լավ կամ վատ, ափսոս են: Համաձայն ենք, թե համաձայն չենք դրանց հետ՝ հանգիստ թողնենք դրանք, որովհետև հաճախ մենք անում ենք այնպես, որ այդ արժեքները կորցնեն իրենց արժեքը, եթե անգամ չունեն այն:
- Սակայն կա նաև մյուս ավելի վտանգավոր պահը: Երբ «եվրոպական արժեքները» ընդօրինակվում են և ներմուծվում այնտեղ, ուր դեռ նոր է հասունանում դրանց պահանջը կամ դեռ ընդհանրապես չի էլ սկսել հասունանալ, որովհետև այդտեղ շատ ավելի արդիական և կարևոր խնդիրներ կան:
- Առհասարկ, ճի՞շտ է արդյոք որևէ բան ընդօրինակելը առավել ևս՝ առանց հարմարեցնելու այն քո տեսակին ու ժամանակին: Թե՞ յուրաքանչյուր արժեք այդպիսին է այնտեղ, ուր այն ձևավորվել է ու էություն ստացել[2]:
- Ինչպե՞ս կարելի է պաշտպանել ու զարգացնել այն ամենը, ինչ քոնն է, եթե դու չես կարողանում պաշտպանել քո մշակույթը: Ոչ միայն չես կարողանում պաշտպանել, այլ, կարծես թե՝ դիտմամբ, խառնում ես քո մշակույթը այն ժողովուրդների մշակույթների հետ, որոնք քեզանից խլել են այն հողը, որի վրա ստեղծվել է քո մշակույթը:
- Ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որ ունենաս սեփական պետությունդ և այսպես սրիկայաբար վարվես սեփական մշակույթիդ հետ: Սրիկայություն չէ՞ արդյոք ստիպել ժողովրդին լսել ու տեսնել այն էժանությունը, որ հեռարձակվում է պետական ու մասնավոր հեռուստաալիքներով վերջին երկուս ու կես տասնամյակներում: Սրիկայություն չէ՞ արդյոք թույլ տալը, այնպիսի վիճակի հասցնելը, որ իրական արժեք ստեղծողը՝ երաժիշտ կամ նկարիչ, բանաստեղծ կամ ռեժիսոր, ստիպված լինի հեռանալ և ստեղծագործել դրսում[2]:
- Հավանաբար ամենասիրուն բանն այն է, երբ արժանապատիվ կյանքն ավարտվում է արժանապատիվ ծերությամբ: Ու երջանիկ է այն պետությունը, ուր երջանիկ են ծերերը[2]:
- Երանի այն բժիշկներին, ովքեր արժանի են աղոթքների[2]:
- Յուրաքանչյուր ժողովուրդ և երկիր պիտի ինքնուրույն հաղթահարի այն ճանապարհը, որը տանում է դեպի քաղաքակրթություն: Դեպի բարեկեցիկ և արդար կյանք: Այդ ճանապարհը տարբեր ժողովուրդների մոտ կարող է լինել տարբեր երկարության ու բարդության, բայց միևնույն է, այն պետք է անցնել համբերատար ու ինքնուրույն: Սակայն լինում է այնպես, որ ճանապարհն այդ ընդհատվում է: Ընդհատում են ներսից կամ դրսից և երբեմն տարիներով, երբեմն տասնամյակներով շեղում ժողովրդին իր բնականոն ընթացքից: Հետո, երբ ժողովուրդը դուրս է գալիս շեղումից, միևնույն է, բնականոն ընթացքին վերադառնալը տևում է երկար, գրեթե նույնքան, որքան շեղումն էր[2]:
- Պարտադրանքը երբեք լավ տեղ չի տանում՝ լինեն պարտադրողները կոմունիստները, թե՝ դեմոկրատները, իսլամիստ ծայրահեղականները, թե՝ խաչակիրները[2]:
- Չէ՞ որ հայացքն էլ շունչ ունի, և ո՞ւմ է պետք անշունչ միտքը[2]:
- Ցանկացած երկրի մասին կարելի է պատկերացում կազմել՝ երբ հենց նոր ես մտել այդ երկիրը: Եթե օդանավակայանի շենքում քեզ են մոտենում տաքսիստները, ուրեմն այդ երկրում արդեն իսկ ինչ-որ բան այն չէ: Բայց միայն մոտենալը չէ խնդիրը: Նայած՝ թե ինչպե՞ս են մոտենում և նայած՝ թե ի՞նչ տեսք ունեն նրանք: Դրանից կարելի է դատել, թե որքան վատ է այդ երկրի վիճակը: Չէ որ տհաճ է, երբ քեզ են մոտենում մարդիկ, ինչ-որ բան են առաջարկում, դու մերժում ես, հետո մոտենում են ուրիշները և այդպես շարունակ: Ու այս ամենը տեսնում են օդանավակայանի աշխատողները և ոստիկանները: Ու եթե ոչ մի բան չեն ձեռնարկում այս երևույթի դեմ՝ նշանակում է նրանց մատն էլ է խառը և գուցե նրանք էլ օգուտ ունեն: Այլ խոսքով՝ եթե երկրի հենց դարպասների մոտ բացակայում է կարգ ու կանոնը, հանրության շահերը բախվում են ինչ-որ խմբերի շահերի, ապա դու նորմալ երկիր չես եկել: Ավա՜ղ, իմ հայրենիքում էլ այս երևույթը լայնորեն տարածված է: Մինչդեռ նորմալ երկրի օդանավակայանում ոչ մի տաքսիստ չես տեսնի. նրանք դրսում են՝ իրենց մեքենաների մեջ սպասում են իրենց հերթին[2]:
- Քաղաքացին կարող է իրեն ապահով ու պաշտպանված զգալ երկու դեպքում։ Երբ պետությունն ունի ուժեղ բանակ և արդար ոստիկանություն։ Մեկն առանց մյուսի չի աշխատի․ երբ պետությունն ունի ուժեղ բանակ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, բայց անարդար ոստիկանություն, քաղաքացին կարող է վստահ լինել, որ թեև դրսից իրեն վտանգ չի սպառնում, բայց ներսից իրեն կարող են անհանգստացնել։ Երբ պետությունն ունի արդար ոստիկանություն, ինչպես օրինակ Կիպրոսը, բայց չունի ուժեղ բանակ, քաղաքացին կարող է վստահ լինել, որ իրեն չեն անհանգստացնի ներսում, բայց երբեք չգիտի, թե ինչի կհանգեցնեն սպառնալիքները դրսից։
- Անշուշտ, շատ ավելի դժվար է ունենալ ուժեղ բանակ, քան արդար ոստիկանություն։ Որովհետև ուժեղ բանակը միայն զինվորի ու սպայի հայրենասիրությունը, կարգապահությունն ու պատասխանատվությունը չէ, եթե անգամ այն կա ու կա լիարժեք։ Ուժեղ բանակը նախևառաջ ուժեղ ու ժամանակակից սպառազինություն է, որն, ավա՜ղ, ամեն պետություն չէ, որ կարող է ունենալ։
- Իսկ ի՞նչն է խանգարում ունենալ արդար ոստիկանություն։ Միայն մեկ բան՝ օրվա իշխանությունը։ Եթե իշխանության ղեկին արդար մարդիկ են, առողջ քաղաքական ուժ, որն այդ իշխանությունը ստացել է առանց կեղծիքների, ուժի ու խաբեության, այն անպայմանորեն ամեն ինչ կանի, որ ոստիկանությունը առանց կեղծիքների ու խաբեության կատարի իր անմիջական գործառույթները, այն է՝ պաշտպանի ժողովրդին հանցագործներից և ոչ թե պաշտպանի իշխանությանը ժողովրդից։ Եվ ուժ կիրառի միայն ու միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է։ Մինչդեռ երբ իշխանությանը անհրաժեշտ է ոստիկանությունը ինքզինքը պաշտպանելու համար, ապա ոստիկանությունը, ինքնաբերաբար, ստանում է արտոնություններ և, առանց վարանելու, խախտում է այն օրենքները, որոնք պաշտպանելուն է կոչված։ Եվ այդպիսով համակարգը գնալով փտում է և դառնում վտանգավոր։ Ոստիկանը հանցագործին բռնելու փոխարեն գումար է շորթում նրանից և ազատ արձակում՝ այդպիսով վտանգելով օրինապաշտ քաղաքացու կյանքը։ Օրինապաշտ քաղաքացին էլ ավելի հաճախ ձեռնպահ է մնում ոստիկանին դիմելուց, քանի որ կորցրել է վստահությունը[2]։
- Մարդկությունն, անշուշտ, ժամանակի ընթացքում ուղղում է անձերի գործած սխալները, միայն թե այդ ժամանակը չափազանց թանկ է նստում մարդկության վրա։ Ժողովուրդներն իրենք նույնպես ուղղում են իրենց անհաջող առաջնորդների թույլ տված սխալները, բայց որքա՜ն տառապանքների և ողբերգությունների գնով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 Աբել Միքայելյան, Փոփոխության քամին, Ե., Դարակ, 2020:
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Մշկո Մշկոյանի արկածները, Ե., Դարակ, 2022: