Փոփոխության քամին
Արտաքին տեսք
«Փոփոխության քամին», Աբել Միքայելյանի վեպը, որը հրատարակվել է 2020 թվականին:
Քաղվածքներ
[խմբագրել]- Ճանապարհը, որով անցնում են աշխարհի երկրներում ապրող ժողովուրդները, եթե անգամ նույնը չէ, միևնույն է` նույնն է: Պարզապես որոշ ժողովուրդներ այդ ճանապարհի տասներորդ կիլոմետրին են, որոշները` հիսուն, իսկ որոշներն էլ` հարյուր հիսուն: Այն, ինչ պիտի տեղի ունենա հիսուներորդ կիլոմետրին, բոլորի մոտ էլ տեղի է ունենում, գուցե տարբերվող սյուժեներով ու հերոսներով, բայց իմաստը նույնն է[1]:
- Մի բան է հստակ` աշխարհը զարգանում է, և ոչ մի ժողովուրդ չի կարող անմասն մնալ այդ զարգացումից[1]:
- «Ժուլիկները» մեծամասամբ մանր ու միջին են, խոշորները հազվադեպ են պատահում: Բայց երբ պատահում են, կարելի է միայն պատկերացնել, թե որքան մարդ կարող է տուժել նրանց պատահելուց: Եթե մանր «ժուլիկների» զոհ են դառնում անհատները, միջիններինը` տասնյակ մարդիկ, ապա խոշոր ժուլիկների գործունեությունից կարող են վնասվել ամբողջ ժողովուրդներ:
- Միշտ չէ, որ «ժուլիկները» չար մարդիկ են կամ վերջացած սրիկաներ, երբեմն նույնիսկ նրանք ընդունակ են լավ արարքների: Կարող են օգնել մեկին կամ շատերին, կամ անգամ մի ամբողջ ժողովրդի: Նրանք կարող են նորմալ ընկեր լինել, կարող են լինել հայրենասեր, բայց միևնույն է` «ժուլիկը» մնում է «ժուլիկ»: «Ժուլիկությունը» նրանց էության մեջ է, և նրանք գործում են ավելի շատ բնազդաբար[1]:
- Պատմությունը, ավա՜ղ, չի կարող ճիշտ պատասխանել որոշ հարցերի: Օրինակ` հետևյալ հարցին. իսկ ի՞նչ կլիներ, եթե «այսպես» չլիներ[1]:
- Ի՞նչ կարող է անել այգեպանը, երբ իր այգին ոռոգելու համար ջուր չունի: Ստիպված պիտի ծառերը թողնի իրենց բախտին: Կգոյատևեն` կգոյատևեն, կչորանան` կչորանան:
- Միայն թե ջուր կար: Քիչ, բայց կար: Սակայն այն բաժին էր հասնում ոչ բոլոր ծառերին: Հարյուր ծառից լավ բերք էր տալիս հինգը, ևս տասնհինգ-քսանը տալիս էին սակավ բերք, նույնքան ծառ պարզապես դիմանում էր ու չէր չորանում, իսկ մնացածը… Մնացածը չորանում էին:
- Մինչդեռ կարելի էր այնպես բաշխել ջուրը, որ բաժին հասներ բոլոր ծառերին: Եվ զուգահեռ փորել նոր առուներ[1]:
- Եթե Երևանի կենտրոնի հարյուրավոր սրճարան-ռեստորանները երեկոյան լեփ-լեցուն էին, մի՞թե դա ժողովրդի լավ ապրելու ցուցանիշ էր: Չէ՞ որ Հայաստանի հարյուրավոր գյուղեր երեկոյան և օրվա բոլոր ժամերին դափ-դատարկ էին[1]:
- ...ես ատում եմ շամպայնը: Ինչպես ցանկացած կեղծ բան: Ինչպես մանեքենուհին: Շամպայնը խմիչքների մանեքենուհին է[1]: Քսյուշա
- Մարդիկ տեսնում են այն, ինչ տեսնում են: Իսկ ես համառորեն փնտրում եմ մեկին, ով կտեսնի անտեսանելին[1]: Քսյուշա
- Կան մարդիկ, ում կյանքի նպատակը ուտելն է ու զուգարան գնալը: Նրանք ամեն ինչի ընդունակ են, եթե ինչ-որ պատճառով քչանա իրենց կերը, կամ ինչ-որ մեկը զբաղեցնի զուգարանը այն պահին, երբ իրենք են ուզում այնտեղ մտնել:
- Նման մարդկանց գոյությանը կարելի է իհարկե ուշադրություն չդարձնել` թող իրենց համար ուտեն ու զուգարան գնան, միայն թե երբեմն նրանք դառնում են վտանգավոր շրջապատի, անգամ ժողովրդի ու երկրի համար: Որովհետև այդ մարդիկ ժամանակի ընթացքում սկսում են ընկալել երկիրը որպես կերակրատաշտ և արտաքնոց:
- Այդ մարդիկ դժբախտաբար ամենուրեք են: Նրանք կարող են լինել երթուղայինի վարորդներ, ռեստորանային երգիչներ, համայնքապետեր կամ պատգամավորներ:
- Առողջ պետությունում նրանք հազիվ թե կարողանային գլուխ բարձրացնել, որովհետև առողջ պետությունն ունի առողջ հասարակություն և այդ հասարակության կողմից ընտրված առողջ իշխանություններ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը թույլ չեն տա խժռել ու կեղտոտել իրենց երկիրը:
- Բայց երբ այլևս իշխանության համար է երկիրը դառնում կերակրատաշտ ու զուգարան, իսկ հասարակությունը հարմարվում է դրան, այս դեպքում արդեն վերոնշյալ մարդիկ իրենց իրավացիորեն զգում են` ինչպես ճանճը թրիքի վրա: Եվ լինեն երթուղային վարելիս, բեմում կլկլացնելիս, համայնքով շրջելիս, թե կոճակ սեղմելիս, նրանց մտքին երկու բան է` ուտել և…
- Կա մարդկանց մեկ այլ տեսակ, որը նույնքան զզվելի է: Դա շնագայլերի տեսակն է: Այս տեսակը նույնպես շատ է ու ամենուրեք: Բայց վտանգավոր է հիմականում մի տեղ` քաղաքականության մեջ: Որովհետև եթե շնագայլ «ժեկի» պետի վրա կարելի է պարզապես գոռալ, և նա վախից կմտնի իր սեղանի տակ, ապա շնագայլ պատգամավորի դեպքում դա չի աշխատի: Որովհետև նա թաքնված է: Նա թաքնված է իր ընտրողների հետևում և սպասում է այնքան, մինչև ուտողներն ու զուգարան գնացողները նույն այդ ընտրողներից թողնեն միայն կաշին ու ոսկորը: Հետո արդեն նա կանի իր գործը[1]:
- Իմ սցենարը իմպրովիզն է…[1]: Կիրակոս
- Երևանը նման էր տեղ-տեղ անհաջող հավաքած, իսկ տեղ-տեղ էլ` չհավաքված «փազլի»: Այնպիսի տպավորություն էր, որ մի քանիսը, իրար հաջորդելով, փորձել են ճիշտ դասավորել կտորները, չեն կարողացել ու այդպես էլ թողել են թափված: Մինչդեռ եթե կարողանային հավաքել ու ճիշտ հավաքեին, ինչ-որ պատկեր կստացվեր: Գեղեցիկ, կամ պակաս գեղեցիկ, կամ գուցե տգեղ` բայց ինչ-որ պատկեր:
- Անպատկեր` ահա թե ինչպիսին էր Երևանը, անկանոն, անիմաստ ու աննկարագիր, բայց ամենասարսափելին դա չէր: Ամենասարսափելի այն էր, որ քաղաքը հոգի չուներ:
- Ո՞վ էր մեղավոր. իշխանությո՞ւնը:
- Իշխանությունը կարող է տրանսպորտի հարց լուծել, աղբահանության հարց լուծել, վերելակի հարց լուծել, որ անում է լավ կամ վատ, բայց իշխանությունը չի կարող հոգի տալ քաղաքին, որովհետև քաղաքին հոգի են տալիս մարդիկ[1]:
- Երբ մարդը կարող է իր քաղաքում թքել կամ հայհոյել, ուրեմն նա չի հարգում իր քաղաքը, ուրեմն նա չի հարգում իր Հայրենիքը:
- Սերն այստեղ սուտ է: Մարդը կարող է օրը տասն անգամ երդվել, որ սիրում է իր Հայրենիքը, կենացներ ու բանաստեղծություններ ձոնել Հայրենիքին, պատշգամբում կանգնած` երգել հայրենասիրական երգեր ու վերջացնելուց հետո թքել այդ նույն պատշգամբից ներքև: Կամ քայլել մայթով ու թքել: Այսինքն թքել իր քաղաքի վրա: Բայց չէ՞ որ մարդն իր տանը չի թքում:
- Երբ մարդու տունը իր չորս պատերի մեջ է, իսկ դրանցից դուրս ոչինչ իրենը չէ, քաղաքը դառնում է օտար նրա համար: Եվ ոչ մի իշխանություն այստեղ ոչինչ անել չի կարող[1]:
- Ժողովուրդն ուզում էր, որ փոխվեր իր կենցաղը, փոխվեր իր աշխատավարձը, փոխվեր իր հեռախոսը, հեռուստացույցն ու ավտոմեքենան: Բայց ժողովուրդն ինքը չէր ուզում փոխվել: Չէր ուզում փոխել իր մտածողությունը, չէր ուզում փոխել իր մոտեցումերը, չէր ուզում փոխել իր ճաշակը[1]:
- «Ռաբիսը»` անճաշակը, գռեհիկը այնպես է բուն դրել մեր տեսակի մեջ, որ թվում է` այլևս հանել չի լինի: Եվ ինչպե՞ս հանել, երբ այն ամենուրեք է` փողոցներում ու տներում, սրճարաններում ու ռեստորաններում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Ինչպե՞ս հանել «ռաբիսը» մեր միջից, երբ այն խրախուսվում և քարոզվում է պետական մակարդակով: Մինչդեռ մեր տունը քանդողը հենց այդ «ռաբիսն» է: Այն ավելի սարսափելի է, քան արտաքին թշնամին, որովհետև եթե թշնամին քեզ կարող է կրակելով սպանել, «ռաբիսը» քայքայում ու սպանում է ներսից` ինչպես քաղցկեղը:
- Ժողովրդի բարեկեցության մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ գիրք է նա կարդում, ինչ կինո է դիտում, ինչ երաժշտություն լսում: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող լավ ապրել, եթե անգամ տիրապետի նավթի ու ոսկու ամենամեծ պաշարներին, չի կարող ազդեցիկ լինել իր սահմաններից դուրս, եթե անգամ միջուկային հարյուր ռումբ ու մարտագլխիկ ունենա: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող արդարության համար պայքարել` ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, որովհետև այն երևույթը, որն ինքն է մղում անարդարության, ինքնին անարդարություն էԿարելի է ոտքի հանել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անել այնպես, որ ժողովուրդը հավատա, որ իր կյանքում ու իր երկրում ամեն ինչ շատ արագ փոխվելու է դեպի լավը:
- Դա այնքան էլ բարդ բան չէ: Դա բարդ բան չէ, երբ ժողովրդի կյանքում ու երկրում իսկապես ամեն ինչ լավ չէ, և ժողովուրդը, բնականաբար, փոփոխություն է ուզում: Այդ դեպքում ցանկացած մեկը կարող է օգտագործել ժողովրդի նման վիճակը ու ոտքի հանել նրան: Այլ հարց է, թե նրա մղումերը որքանո՞վ են ազնիվ և մինչև ո՞ւր է նա պատրաստ գնալ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Եթե նրա մղումերն իսկապես ազնիվ են, և նա պատրաստ է կանգ չառնել կես ճանապարհին ու գնալ մինչև վերջ, ինչպես եղավ այս դեպքում, մնում է ամենակարևոր հարցը` հնարավո՞ր է արդյոք փոխել ժողովրդի կյանքը և երկրի վիճակը[1]:
- «Գողական» մոտեցումերով կառավարվող ժողովուրդը ժամանակի ընթացքում ստիպված, պարտադրված, ուզած, թե չուզած դառնում է այդ մոտեցումերի կրողը, անկախ իրենից հավատում է ոչ թե օրենքի, այլ «գողական» ճշտին: Երբ ժողովուրդը տեսնում է, որ օրենք գրել պարտավոր պատգամավորները, օրենքով առաջնորդվել պարտավոր իրավապահները, օրենքով վճիռներ կայացնել պարտավոր դատավորները թքած ունեն օրենքի վրա և առաջնորդվում են մեկ այլ «օրենքով», ինքն էլ, կամա թե ակամա, ապրում է այնպես, որ չխախտի ոչ թե իրական, այլ այն մյուս օրենքը: Ինչպե՞ս կարող են նման իրականությունում կայանալ օրենսդիր, իրավապահ և դատական համակարգը: Եվ ո՞վ է նման իրականության թիվ մեկ պատասխանատուն, եթե ոչ երկրի ղեկավարը[1]:
- Ժողովուրդը մտածում էր, որ հրեշին հեռացնելով կբացվի իր աղբյուրը և կենսատու ջուրը կսկսի հոսել: Եվ հրեշին հաղթողը ժողովրդի համար անխուսափելիորեն պիտի դառնար կուռք:
- Կհոսեր կենսատու ջուրը, թե ոչ` ցույց պիտի տար ժամանակը, և նույն այդ ժամանակը պիտի ցույց տար, թե արդյո՞ք հրեշն էր այն փակողը, և արդյո՞ք օրվա կուռքը, ժամանակի ընթացքում, ինքը չէր դառնալու հրեշ:
- Եվ մի հարց էլ կար, որ այդ պահին ցնծացող ժողովուրդն, ավա՜ղ, չէր տալիս ինքն իրեն: Եթե այդ մարդն իսկապես հրեշ էր, ապա ինչո՞ւ չխեղդեց իրենց իր ճիրաններում:
- Հաղթեցի՜նք` գոռում էին մարդիկ, և չկար մեկը, որ հարցներ ինքն իրեն` իսկ ի՞նչ է լինելու հետո[1]:
- Կարելի է ոտքի հանել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անել այնպես, որ ժողովուրդը հավատա, որ իր կյանքում ու իր երկրում ամեն ինչ շատ արագ փոխվելու է դեպի լավը: Դա այնքան էլ բարդ բան չէ: Դա բարդ բան չէ, երբ ժողովրդի կյանքում ու երկրում իսկապես ամեն ինչ լավ չէ, և ժողովուրդը, բնականաբար, փոփոխություն է ուզում: Այդ դեպքում ցանկացած մեկը կարող է օգտագործել ժողովրդի նման վիճակը ու ոտքի հանել նրան: Այլ հարց է, թե նրա մղումերը որքանո՞վ են ազնիվ և մինչև ո՞ւր է նա պատրաստ գնալ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Եթե նրա մղումերն իսկապես ազնիվ են, և նա պատրաստ է կանգ չառնել կես ճանապարհին ու գնալ մինչև վերջ, ինչպես եղավ այս դեպքում, մնում է ամենակարևոր հարցը` հնարավո՞ր է արդյոք փոխել ժողովրդի կյանքը և երկրի վիճակը[1]:
- - Քարտուղարուհիները լինում են երեք տեսակի` քարտուղարուհիներ, ովքեր չեն քնում շեֆի հետ, քարտուղարուհիներ, ովքեր քնում են շեֆի հետ, և քարտուղարուհիներ, ովքեր քնում են ոչ միայն շեֆի հետ[1]: Կիրակոս
- Հայաստանի Հանրապետության և ոչ մի ղեկավար պաշտոնանկությունից հետո ներողություն չէր խնդրել ժողովրդից` իր արած սխալների համար: Սա նշանակում է, որ կա՛մ նրանք սխալներ չէին արել, կա՛մ չէին ընդունում իրենց սխալները, կա՛մ արժանի չէին համարում ժողովրդին իրենցից ներողություն լսելու[1]:
- Եթե պետության ղեկավարի համար համեմատելի են անկախության համար մղվող պայքարն ու իշխանության համար մղվող պայքարը, ապա այդ ղեկավարը կարող է հետագայում իր իշխանությունը պահելու համար հաղթել սեփական ժողովրդին[1]:
- Որքա՜ն լավ կլիներ, որ Երկիր մոլորակի վրա վերանային սահմանները, և մարդիկ վերջապես գային այն գիտակցության, որ ամենուրեք իրենք տանտեր են, և հավասարապես` հյուր[1]: Երիտասարդ
- Խաղաղություն կարելի է քարոզել, երբ հաղթանակել է արդարությունը: Որովհետև հակառակ դեպքում դու հենց անարդարություն ես քարոզում: Հանդուրժողականության մասին կարելի է խոսել միայն ուժեղի դիրքից, որովհետև երբ խոսողը թույլն է, դա ոչ թե հանդուրժողականություն է, այլ պարզ վախկոտություն[1]: Երիտասարդ
- Հավատը պետք է սոսկ նրա համար, որ մարդիկ անչար ապրեն: Ոչ թե վախենան, որ իրենց արած չարության համար Աստված իրենց կպատժի, այլ պարզապես իմանան, որ Աստված բարի է, հետևաբար ճիշտը բարի լինելն է[1]: Երիտասարդ
- Անգամ այն պետությունները, որոնք մարդու իրավունքների և ազատության պահպանման իրական ջատագովներն են, մեծ հաշվով հակասում են իրենք իրենց: Չէ՞ որ մարդը միայն ԱՄՆ-ի, Կանադայի կամ Եվրամիության պետություններից մեկի քաղաքացին չէ: Մարդ է նաև Կամբոջիայի, Բոտստվանայի կամ Ղրղզստանի քաղաքացին: Միայն թե, վերջինիս իրավունքներն ու ազատությունները կավարտվեն այն պահին, երբ նա փորձի հատել մարդու իրավունքների և ազատությունների պահպանման իրական ջատագով պետություններից մեկի սահմանը: Դիցուք, մի ղըրղզ, ով երբևէ չի հետաքրքրվել քաղաքականությամբ ու տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշել է շրջել այդ աշխարհով, որն իրեն է պատկանում նույնքան, որքան, ասենք, ֆրանսիացուն: Եվ ահա նա դուրս է գալիս Ղրղզստանից, անցնում Ղազախստանը, ապա Ռուսաստանն ու Ուկրաինան և հասնում Սլովակիայի սահմանին: Եվ հենց այստեղ էլ ավարտվում են նրա մարդու իրավունքներն ու ազատությունները, որովհետև պարզվում է, որ աշխարհի այս հատվածը գոց է նրա համար: Կամ կամբոջիացին նստում է իր փոքրիկ մոտորանավակը, անցնում է Սիամական ծոցը, ապա` Հարավչինական ծովը, նավարկում Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով ու հասնում ԱՄՆ-ի ափերին. և այստեղ էլ ավարտվում են նրա մարդու իրավունքներն ու ազատությունները[1]: Երիտասարդ
- - Ռուս ժողովուրդը պաշտում է երկու բան` Նորին գերազանցություն ցարին և Նորին գերազանցություն օղուն: Աստված պահպանի ցարին, և Աստված օղի տա[1]: Շնագայլ
- Ամեն ինչ չէ, որ իշխանությունները կարող են թաքցնել[1]:
- Ժողովրդի ուսերին իշխանության եկած մարդիկ, հատկապես` ժողովրդի ուսերին իշխանության եկած մարդիկ, իրավունք չունեն ավելի լավ ապրել, քան ապրում է հասարակ ժողովուրդը, միջին վիճակագրական մարդը: Ոչ մի անվտանգության նկատառում, ոչ մի արարողակարգ չի կարող արդարացնել ժողովրդի ծոցից իշխանության եկած մարդկանց` ժողովրդից կտրվելը: Յոթ պարիսպների հետևում ապրելը, զրահապատ մեքենաներով ու համհարզներով շրջելը, այդ համհարզներին իրենց մեքենաների դռները բացել տալն ու
իրենց վերարկուները բռնել թույլ տալը…
- Մի օր ժողովուրդն անպայման կհամադրի տեսանելին ու անտեսանելին ու անպայման կհասկանա, որ իրեն խաբել են: Ու սարսափելի մեծ կլինի ժողովրդի հիասթափությունը: Ո՛չ իշխանություններից: Նրանց նկատմամբ պարզապես զզվանք ու ատելություն կառաջանա, ինչպես եղել է միշտ: Ժողովուրդը կհիասթափվի ինքն իրենից[1]:
- ...օլիգարխները չեն սիրում անհաջողակ ու չկայացած մարդկանց[1]: Կիրակոս
- - Գեղեցկուհիները լինում են երկու տեսակի, նրանք, ովքեր նայում են, թե ինչպես են իրենց նայում, և նրանք, ովքեր չեն նայում, թե ինչպես են իրենց նայում[1]: Կիրակոս
- Ժողովուրդը նման է երեխայի: Նա սիրում է փուչիկներ: Ինքը փչում է այդ փուչիկը ու ինքն էլ փչելիս պայթեցնում` չհասցնելով վայելել այն: Ամբողջ հարցն այն է, թե որքան կփչվի փուչիկը[1]:
- Հավանաբար, աշխարհում չկա մի պետություն, ուր կաշառակերությունն արգելված չլինի: Բայց աշխարհում կան բազմաթիվ պետություններ, ուր կաշառք վերցնողը չի վախենում կաշառք վերցնել: Չի վախենում վերցնել, որովհետև չի վախենում բռնվել: Որովհետև, եթե անգամ բռնվի, գիտի, որ կարող է կաշառք տալ բռնողին և չպատժվել: Բռնողն էլ, իր հերթին, չի վախենում կաշառք վերցնել բռնվողից: Որովհետև նա էլ իր վերցրածից բաժին է տալիս նրան, ով կարող է պատժել իրեն: Վերջինս էլ իր հերթին և այդպես շարունակ[1]:
- ...պաշտոնյան ոչ թե պիտի կաշառք չվերցնի` վախենալով, որ կբռնվի, այլ պիտի կաշառք չվերցնի` գիտակցելով, որ ինքը վատ բան է անում: Եվ որպեսզի կաշառակերությունն իսկապես արմատախիլ արվի, հենց այս գիտակցությունն է, որ պետք է ձևավորվի պաշտոնյայի մոտ[1]: