Մշկո Մշկոյանի արկածները
Արտաքին տեսք
Մշկո Մշկոյանի արկածները, Աբել Միքայելյանի վեպը, որը հրատարակվել է 2022 թվականին:
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբ մեկը քարոզում է մի բան, բայց անում է հակառակը, երբ իբր պայքարում է մի բանի դեմ, բայց հենց դա է անում, ինչի՞ են բերելու նրա քարոզն ու պայքարը: Եվ երբ այդպիսիք մեծամասնություն են կազմում՝ իրար նայելով, իրարից քաշվելով, իրարից վախենալով անում են նույնը, ինչի՞ է վարածվում հասարակությունը: Ինչպե՞ս կարող է շիտակ հասարակություն լինել, երբ կեղծիքը հասարակության մեջ այսչափ շատ է, պարզապես խեղդում է, չի թողնում շնչել: Խեղդում է և չի թողնում շնչել նույն այդ հասարակությանը[1]:
- Հետաքրքիր բան են օդանավակայանները: Թերևս մենք հասկանում ենք միայն դրանց հիմնական նշանակությունը: Մինչդեռ բացի այդ հիմնական նշանակությունից օդանավակայաններն ունեն մի կարևոր առանձնահատկություն, որի մասին մենք հաճախ չենք մտածում: Սա փաստորեն այն վերջին կետն է, ուր մենք դնում ենք մեր ոտքը հողի վրա՝ աշխարհի մի հատվածում: Հաջորդ կետը, ուր դարձյալ ոտք կդնենք հողի վրա, աշխարհի մեկ այլ հատվածում է, հազար կամ տասը հազար կիլոմետր այն կողմ: Եվ այդ երկու կետերից մեզ բաժանում է ընդամենը մեկ քայլ: Մի՞թե հետաքրքիր չէ: Եվ, առհասարակ, ես սիրում եմ օդանավակայանները, մանավանդ միջազգային խոշոր օդանավակայանները, որոնք իրար են կապում աշխարհի մի ծայրը մյուս ծայրի հետ, և որտեղ կարելի է հանդիպել տասնյակ, գուցե հարյուրավոր ազգությունների մարդկանց[1]:
- Որովհետև կյանքի հանդեպ հարգանք նշանակում է հարգանք քաղաքացու ու պետության հանդեպ, հարգանք գյուղի ու քաղաքի հանդեպ, հարգանք ծառի ու անտառի հանդեպ: Եվ միայն այդ սիրո և հարգանքի համադրության դեպքում է, որ կարելի է սեփական երկրում ապրել ոչ միայն երկար, այլև՝ երջանիկ[1]: Գեորգի Լազարով
- Ցանկացած ժողովրդի ու պետության հանդեպ պատմության որևէ փուլում անարդարություն է եղել: Եվ որպեսզի կարողանաս վերականգնել արդարությունը պիտի համբերատար ու հետևողականորեն ուժեղանաս[1]: Գեորգի Լազարով
- Որքա՜ն նման ու միևնույն ժամանակ որքա՜ն տարբեր են լեռները աշխարհի տարբեր հատվածներում: Եվ որքա՜ն նման ու տարբեր բաներ են տեսել՝ իրենց բարձրունքներից նայելով ներքև:
- Տեսել են կյանք ու այդ կյանքի համար կռիվ, տեսել են օջախի ծուխ ու արկերի պայթյուն, տեսել են հողագործ և զինվոր, տեսել են խաղաղություն և պատերազմ:
- Որքա՜ն տարբեր են լեռների լանջերին ու ստորոտներին ապրող մարդիկ ու ժողովուրդները: Ստեղծարար ու կործանարար, խաղաղասեր ու ռազմատենչ, կենսախինդ ու արյունարբու:
- Ինչպե՞ս որոշ ժողովուրդներ հասան նրան, որ կարողանում են խաղաղ ու երջանիկ ապրել ու արարել իրենց լեռների հայացքի ներքո, իսկ որոշ ժողովուրդների սիրտը դեռ արյուն է ուզում: Ինչո՞ւ որոշ ժողովուրդներ լեռնային աղբյուրներից բխող կենարար ջուրն օգտագործում են կյանքը ծաղկեցնելու համար, իսկ որոշ ժողովուրդներ՝ տիրանալով այդ աղբյուրներին՝ ջուրը խառնում են արյունով: Ինչո՞ւ են որոշ ժողովուրդներ շռայլորեն տալիս իրենց լեռների հավերժությունն ուրիշներին, իսկ որոշ ժողովուրդներ ստիպված են հավերժորեն պաշտպանել իրենց լեռները[1]…
- Մի՞թե այդպես լինում է, որ ապրես ողջ կյանքդ արմատներիդ կառչած ու մի օր քեզ թվա, թե դրանք փտել են ու անկարող են այլևս քեզ ամուր պահել հողիդ վրա: Ու թողնես, որ քամին քեզ սերմնացուի պես քշի տանի դեպի ուրիշ հողեր: Կամ գուցե չթողնես, այլ պարզապես չկարողանաս ընդդիմանալ: Մի՞թե այդպես լինում է:
- Լինում է, եթե դու ծառ ես[1]:
- Հիասթափությունը վատ բան է, հուսալքությունը՝ սարսափելի[1]:
- Գաղափարական մարդիկ քիչ են ամենուրեք: Նկարիչ, ուսուցիչ, զինվորական կամ դարբին՝ ի՞նչ է նրանց ասածը. մարդը կարող է ապրել արժանապատվորեն միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն է ապրում արժանապատվորեն: Սակայն նրանց այս ասածն հասկացողները, քիչ են: Ու քանի որ քիչ են, երբեմն լինում է այնպես, որ գաղափարական մարդը դառնում է գաղափարի մարտիկ: Երբ նա տեսնում է, որ ժողովուրդը գլուխ է խոնարհում արտաքին և ներքին անարդարությունների դեմ, ընդդիմանում է դրան ու փորձում ժողովրդին հանել սխալ ընթացքից[1]:
- Եվրոպական արժեքները՝ լավ կամ վատ, ափսոս են: Համաձայն ենք, թե համաձայն չենք դրանց հետ՝ հանգիստ թողնենք դրանք, որովհետև հաճախ մենք անում ենք այնպես, որ այդ արժեքները կորցնեն իրենց արժեքը, եթե անգամ չունեն այն:
- Սակայն կա նաև մյուս ավելի վտանգավոր պահը: Երբ «եվրոպական արժեքները» ընդօրինակվում են և ներմուծվում այնտեղ, ուր դեռ նոր է հասունանում դրանց պահանջը կամ դեռ ընդհանրապես չի էլ սկսել հասունանալ, որովհետև այդտեղ շատ ավելի արդիական և կարևոր խնդիրներ կան:
- Առհասարկ, ճի՞շտ է արդյոք որևէ բան ընդօրինակելը առավել ևս՝ առանց հարմարեցնելու այն քո տեսակին ու ժամանակին: Թե՞ յուրաքանչյուր արժեք այդպիսին է այնտեղ, ուր այն ձևավորվել է ու էություն ստացել[1]:
- Ինչպե՞ս կարելի է պաշտպանել ու զարգացնել այն ամենը, ինչ քոնն է, եթե դու չես կարողանում պաշտպանել քո մշակույթը: Ոչ միայն չես կարողանում պաշտպանել, այլ, կարծես թե՝ դիտմամբ, խառնում ես քո մշակույթը այն ժողովուրդների մշակույթների հետ, որոնք քեզանից խլել են այն հողը, որի վրա ստեղծվել է քո մշակույթը:
- Ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որ ունենաս սեփական պետությունդ և այսպես սրիկայաբար վարվես սեփական մշակույթիդ հետ: Սրիկայություն չէ՞ արդյոք ստիպել ժողովրդին լսել ու տեսնել այն էժանությունը, որ հեռարձակվում է պետական ու մասնավոր հեռուստաալիքներով վերջին երկուս ու կես տասնամյակներում: Սրիկայություն չէ՞ արդյոք թույլ տալը, այնպիսի վիճակի հասցնելը, որ իրական արժեք ստեղծողը՝ երաժիշտ կամ նկարիչ, բանաստեղծ կամ ռեժիսոր, ստիպված լինի հեռանալ և ստեղծագործել դրսում[1]:
- Հավանաբար ամենասիրուն բանն այն է, երբ արժանապատիվ կյանքն ավարտվում է արժանապատիվ ծերությամբ: Ու երջանիկ է այն պետությունը, ուր երջանիկ են ծերերը[1]:
- Երանի այն բժիշկներին, ովքեր արժանի են աղոթքների[1]:
- Յուրաքանչյուր ժողովուրդ և երկիր պիտի ինքնուրույն հաղթահարի այն ճանապարհը, որը տանում է դեպի քաղաքակրթություն: Դեպի բարեկեցիկ և արդար կյանք: Այդ ճանապարհը տարբեր ժողովուրդների մոտ կարող է լինել տարբեր երկարության ու բարդության, բայց միևնույն է, այն պետք է անցնել համբերատար ու ինքնուրույն: Սակայն լինում է այնպես, որ ճանապարհն այդ ընդհատվում է: Ընդհատում են ներսից կամ դրսից և երբեմն տարիներով, երբեմն տասնամյակներով շեղում ժողովրդին իր բնականոն ընթացքից: Հետո, երբ ժողովուրդը դուրս է գալիս շեղումից, միևնույն է, բնականոն ընթացքին վերադառնալը տևում է երկար, գրեթե նույնքան, որքան շեղումն էր[1]:
- Պարտադրանքը երբեք լավ տեղ չի տանում՝ լինեն պարտադրողները կոմունիստները, թե՝ դեմոկրատները, իսլամիստ ծայրահեղականները, թե՝ խաչակիրները[1]:
- Չէ՞ որ հայացքն էլ շունչ ունի, և ո՞ւմ է պետք անշունչ միտքը[1]:
- Ցանկացած երկրի մասին կարելի է պատկերացում կազմել՝ երբ հենց նոր ես մտել այդ երկիրը: Եթե օդանավակայանի շենքում քեզ են մոտենում տաքսիստները, ուրեմն այդ երկրում արդեն իսկ ինչ-որ բան այն չէ: Բայց միայն մոտենալը չէ խնդիրը: Նայած՝ թե ինչպե՞ս են մոտենում և նայած՝ թե ի՞նչ տեսք ունեն նրանք: Դրանից կարելի է դատել, թե որքան վատ է այդ երկրի վիճակը: Չէ որ տհաճ է, երբ քեզ են մոտենում մարդիկ, ինչ-որ բան են առաջարկում, դու մերժում ես, հետո մոտենում են ուրիշները և այդպես շարունակ: Ու այս ամենը տեսնում են օդանավակայանի աշխատողները և ոստիկանները: Ու եթե ոչ մի բան չեն ձեռնարկում այս երևույթի դեմ՝ նշանակում է նրանց մատն էլ է խառը և գուցե նրանք էլ օգուտ ունեն: Այլ խոսքով՝ եթե երկրի հենց դարպասների մոտ բացակայում է կարգ ու կանոնը, հանրության շահերը բախվում են ինչ-որ խմբերի շահերի, ապա դու նորմալ երկիր չես եկել: Ավա՜ղ, իմ հայրենիքում էլ այս երևույթը լայնորեն տարածված է: Մինչդեռ նորմալ երկրի օդանավակայանում ոչ մի տաքսիստ չես տեսնի. նրանք դրսում են՝ իրենց մեքենաների մեջ սպասում են իրենց հերթին[1]:
- Քաղաքացին կարող է իրեն ապահով ու պաշտպանված զգալ երկու դեպքում։ Երբ պետությունն ունի ուժեղ բանակ և արդար ոստիկանություն։ Մեկն առանց մյուսի չի աշխատի․ երբ պետությունն ունի ուժեղ բանակ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, բայց անարդար ոստիկանություն, քաղաքացին կարող է վստահ լինել, որ թեև դրսից իրեն վտանգ չի սպառնում, բայց ներսից իրեն կարող են անհանգստացնել։ Երբ պետությունն ունի արդար ոստիկանություն, ինչպես օրինակ Կիպրոսը, բայց չունի ուժեղ բանակ, քաղաքացին կարող է վստահ լինել, որ իրեն չեն անհանգստացնի ներսում, բայց երբեք չգիտի, թե ինչի կհանգեցնեն սպառնալիքները դրսից։
- Անշուշտ, շատ ավելի դժվար է ունենալ ուժեղ բանակ, քան արդար ոստիկանություն։ Որովհետև ուժեղ բանակը միայն զինվորի ու սպայի հայրենասիրությունը, կարգապահությունն ու պատասխանատվությունը չէ, եթե անգամ այն կա ու կա լիարժեք։ Ուժեղ բանակը նախևառաջ ուժեղ ու ժամանակակից սպառազինություն է, որն, ավա՜ղ, ամեն պետություն չէ, որ կարող է ունենալ։
- Իսկ ի՞նչն է խանգարում ունենալ արդար ոստիկանություն։ Միայն մեկ բան՝ օրվա իշխանությունը։ Եթե իշխանության ղեկին արդար մարդիկ են, առողջ քաղաքական ուժ, որն այդ իշխանությունը ստացել է առանց կեղծիքների, ուժի ու խաբեության, այն անպայմանորեն ամեն ինչ կանի, որ ոստիկանությունը առանց կեղծիքների ու խաբեության կատարի իր անմիջական գործառույթները, այն է՝ պաշտպանի ժողովրդին հանցագործներից և ոչ թե պաշտպանի իշխանությանը ժողովրդից։ Եվ ուժ կիրառի միայն ու միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է։ Մինչդեռ երբ իշխանությանը անհրաժեշտ է ոստիկանությունը ինքզինքը պաշտպանելու համար, ապա ոստիկանությունը, ինքնաբերաբար, ստանում է արտոնություններ և, առանց վարանելու, խախտում է այն օրենքները, որոնք պաշտպանելուն է կոչված։ Եվ այդպիսով համակարգը գնալով փտում է և դառնում վտանգավոր։ Ոստիկանը հանցագործին բռնելու փոխարեն գումար է շորթում նրանից և ազատ արձակում՝ այդպիսով վտանգելով օրինապաշտ քաղաքացու կյանքը։ Օրինապաշտ քաղաքացին էլ ավելի հաճախ ձեռնպահ է մնում ոստիկանին դիմելուց, քանի որ կորցրել է վստահությունը[1]։
- Մարդկությունն, անշուշտ, ժամանակի ընթացքում ուղղում է անձերի գործած սխալները, միայն թե այդ ժամանակը չափազանց թանկ է նստում մարդկության վրա։ Ժողովուրդներն իրենք նույնպես ուղղում են իրենց անհաջող առաջնորդների թույլ տված սխալները, բայց որքա՜ն տառապանքների և ողբերգությունների գնով[1]։