Jump to content

Ֆերենց Շանտա

Վիքիքաղվածք-ից
Ֆերենց Շանտայի գերեզմանը

Ֆերենց Շանտա (հունգարերեն՝ Sánta Ferenc, սեպտեմբերի 4, 1927, Բրաշով - հուլիսի 6, 2008, Բուդապեշտ), հունգարացի վիպասան, սցենարիստ։ Կոշութի անվան պետական մրցանակի դափնեկիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ընթերցանությունը հաճույք է պատճառում հոգուն, որը ձգտում է մաքրվել, ազատվել այն սարսափելի ապականությունից, որ շրջապատում է մեզ կյանքում[1]։
  • Կյանքը բնավ իմաստ չէր ունենա, եթե բոլորը նույն ճաշակն ունենային[1]։
  • Եթե սեփական կարծիքների պաշտպանության համար մարդ ի վիճակի է ուրիշին վիրավորել, դա ոչ ազնիվ մարդ է և ոչ էլ, իհարկե, օրինավոր[1]։
  • Մարդ նույնիսկ իր կյանքը կարող է տալ հանուն նրա, որ ոչ միայն իր համար լավ լինի, այլ նաև իրականանան իր խոհերը մարդկության մասին[1]։
  • Եթե մարդ սեփական կարծիք ունի աշխարհի և մնացած բաների մասին, ապա նա այլևս այդ մասին խորհրդածելու կարիք չունի։ Եթե մարդն արդեն գիտեր՝ ինչպիսին է իր կարծիքը, ուրեմն պետք է նաև իմանա՝ ինչպիսի ընտրություն կատարել[1]։
  • Այս աշխարհում ամեն ինչ գլխիվայր է։ Եվ դա միակ հավաստի ճշմարտությունն է, որում կարելի է միանգամայն համոզված լինել[1]։
  • Եթե մենք թեկուզ ինչ-որ բան կարող ենք՝ դա միմյանց հավատալն է, որ մեզնից յուրաքանչյուրը թեկուզ ինքն իր համար կուզենար բարի դառնալ[1]։
  • Մենք բոլորս կապված ենք ուրիշ մարդկանց կյանքի հետ և չենք կարող որոշել այնպես, ինչպես մեր սիրտն է թելադրում։ Երբեմն հանուն նրանց մենք ընդունակ ենք ուժեղ լինել, իսկ երբեմն էլ հենց նրանց համար մենք դառնում ենք շատ թույլ[1]։
  • Դժվար օրերին միայն թուլամորթներն ու անմիտներն են վախենում[1]::
  • Ամեն մեկն իր համար է պատասխան տալիս, եթե իրեն չի վերաբերում, ինքը գործ չունի։ Այդպես է օրենքը։ Ապրում ենք, և ամեն մեկն իր համար է պատասխան տալիս[1]։
  • Այն, ինչին չես հասնի ուժով, կարելի է ճարպկությամբ հասնել[1]։
  • Ով շատ է տառապում, ով իր կյանքի ընթացքում մահվան հետ կողք-կողքի մեկ անգամ չի քայլել, նա գիտի՝ ոչ մի բան այնպես չի փրկում չարից և մեղքից, ինչպես տառապանքը։ Մահվան կողքին մեղքն ու չարությունը կորցնում են իրենց գաղթակղությունը, զուր և սին է դառնում այն ամենը, ինչի համար մենք մեղք ենք գործում[1]։
  • Եթե տառապանքին երբեմն պակասում է գեղեցկությունը, ապա միայն այն պատճառով, որ մարդիկ դրան այնքան էլ ուշադիր չեն նայում։ Մեր տառապանքները մնում են թաքնված, և մարդիկ անցնում են մեր կողքով ոչինչ չկռահելով։ Բայց չէ որ նրանք պետք է մեր կողմը շրջվեն և հարգանքով գլուխները խոնարհեն։ Աշխարհը, որը չի հարգում տառապանքներն ու հոգեկան տանջանքները, արժանի չէ մարդուն[1]։
  • Ընտրյալն իրավունք ունի տնօրինել իր կյանքը միայն մի իմաստով՝ նա պետք է պահպանի իրեն որպես մեծագույն հարստություն, որը բնավ էլ իր սեփականությունը չէ, այլ այն հասարակության սեփականությունը, որտեղ ինքն ապրում է, ամբողջ աշխարհի սեփականությունը...Նրա վրա հույսեր է դնում ինքը՝ աստվածը, ինքը՝ ճակատագիրը...Ոչ ոք պարտավոր չէ ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իր կյանքին, քան հերոսը[1]։
  • Երբ կյանքը վտանգի տակ է, մարդ ամեն ինչ մոռանում է, նրա մեջ միայն բնազդն է խոսում, թելադրում է՝ ինչ անել։ Մարդու ապրելու ցանկությունն ամեն ինչից վեր է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Ֆերենց Շանտա, «Հինգերորդ կնիքը», Երևան, Սովետական գրող, 1988


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆերենց Շանտա հոդվածը նաև Վիքիպեդիայում: