Jump to content

Վազգեն Սարգսյան

Վիքիքաղվածք-ից
Վազգեն Սարգսյանը

Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959 — հոկտեմբերի 27, 1999), հայ պետական, ռազմական գործիչ, 1999 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, սպանվել է ՀՀ ԱԺ-ում ահաբեկիչների հարձակման ժամանակ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում[1]։
  • Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով։ Շատ սիրողական բան եմ ասելու։ Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին։ Մեզ հրաշալի շանս է տված։ Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների։ Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ։
    Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։
    • Երկրապահ, 3/21, 8 մայիսի 2008, էջ 4
  • Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել[2][3]։
  • Մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է։
  • Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա։ Ու՞մ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով։
  • Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։
  • Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Մեղրին քո տան դուռն է, հայ։ Մեղրին քո հացի այան է։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ։ Քանի բանալի կար կախված 1915 թվից։ Քանիսը կորավ։ Քանիսը մնաց։ Իսկ դռները՝ բաց... Տանը հայ չկա, Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը։ Մենք վախենում ենք մեր ուժից։ Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին։ Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ։ Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես։ Քո ուրիշը դու ես։ Ու ոչինչ, որ սկզբից, քո հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որր մեղավոր կա։ Ոչինչ, բայց թող դա արագ անցնի։ Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես։
  • Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է։ Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է։
  • Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում։ Չեն տա։ Եթե տան, ավելի վատ։ Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզանից ուժեղ են։ Տվեցին, գալու են ու մեզ ուտեն։ Իրենց թվով։ Իրենց տնտեսությամբ։ Իրենց փողով։ Իրենց խելքով։ Իրենց Շահով։
Ես չեմ վախենում։ Ես ոչ մեկից չեմ վախենում։
Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով։ Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի։ Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում։
  • Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ։ Ձեր հոգու մեռելներին թաղեք։ Թս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է։ Սիրտը։ Ես ձեզ չեմ հասկանում։ Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի։ Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք...

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 129. ISBN 99930-2-276-4. 
  2. Յուրաքանչյուր ժողովուրդ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել. Վազգեն Սարգսյան
  3. «ՀԵՐՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ…»
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վազգեն Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: