Վազգեն Սարգսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Սարգսյան Վազգենից)
Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959 — հոկտեմբերի 27, 1999), հայ պետական, ռազմական գործիչ, 1999 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, սպանվել է ՀՀ ԱԺ-ում ահաբեկիչների հարձակման ժամանակ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում[1]։
- Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով։ Շատ սիրողական բան եմ ասելու։ Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին։ Մեզ հրաշալի շանս է տված։ Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների։ Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ։
Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։- Երկրապահ, 3/21, 8 մայիսի 2008, էջ 4
- Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել[2][3]։
- Մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է։
- Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա։ Ու՞մ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով։
- Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 129. ISBN 99930-2-276-4.
- ↑ Յուրաքանչյուր ժողովուրդ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել. Վազգեն Սարգսյան
- ↑ «ՀԵՐՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ…»