Ռոդենի ձմեռը
Արտաքին տեսք
«Ռոդենի ձմեռը», հայ գրող Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքը «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո։
Քաղվածքներ
[խմբագրել]Մատներիցդ գրքի հոտ եմ առնում.
- ձեռքերդ չլվանաս․․․
- Եթե մարդուն ամեն օր հիշում ես, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն։
- – Ապագա․․․
- Ու ընդհանրապես, կյանքում ամենակարևոր բաներից երկուսն են առավել կարևորը՝ ցանկությունն ու սովորելը՝ իրավիճակին ընտելանալը։ Դժվար ենք վարժվում մարդկանց, իրավիճակներին, բայց պահ է գալիս, որ պետք է հետ վարժվենք։ Այ հենց այդ պահն է վճռականը, բեկում մտցնողը, քեզ ծնկի բերողը, հետագա քայլերդ ուղենշողը…
- Ամենավատը դավաճանություններից՝ երբ ինքդ քեզ ես դավաճանում` հանուն կամ պատճառով ինչ-որ բանի։
- Ճամփաներ կան, որոնց ամեն մի քարը հարազատ է, ճանապարհներ կան, որոնցում ճամփորդ չես, այլ վերադարձող մի հուշ։ Կան նաև ուղիներ, որ միշտ ճիշտ տեղ են տանում, սիրտդ ամոքում, նորից ապրեցնում, անցյալդ մաքրում։
- Հաճախ այդ ճանապարհներին հարազատներից շատերը դառնում են քարեր, անգամ նետվում ճանապարհից այն կողմ, երբեմն էլ սկսում են քարկոծել ու…
- Ու սիրտդ քար է դառնում․․․
- Հրաժեշտներ կան, որ լուռ են, հրաժեշտներ էլ կան՝ գրկախառնումով։ Երկու դեպքում էլ գրկում ես հիշողություններդ։ Հրաժեշտ կա ակամայից է ստացվում, հրաժեշտ էլ կա՝ անՀրաժեշտ է։ Երբեմն էլ այնպես արագ ու անսպասելի են լինում հեռացումները, որ չես հասցնում անգամ հրաժեշտ տալ։
- Սիրելուց ցերեկով պետք է սիրել, որ գիշերներդ Նրանով լցվեն, այլ ոչ թե գիշերն անցնելուց հետո առավոտներդ դատարկված մնան։
- – Իսկ ես վախենում եմ։
- – Ինչի՞ց։
- – Վախենում եմ սիրեմ մեկին, բա որ կոտրի՞ ներսս։
- – Բա որ դու կոտրե՞ս ինչ-որ մեկի ներսը…
- – Չէ՛, մե՛կ է, վախենում եմ։
- – Ուղղակի վախենում ես սերդ նվիրել, ոչ թե սիրել. սերն ու վախն անհամատեղելի են։
- Հաճախ պատահականությունները ներխուժում են մեր կյանք, սակայն մենք ենք որոշում այդ պատահականությունների ընթացքի տևողությունն ու վերափոխումները։ Պատահում է, որ պատահականն ու անսպասելին դառնում են ցանկալի։ Պատահում է, որ պատահականն ու ցանկալին հանդիպում են իրար։ Այդժամ զգում ես թրթիռն ու անհագ ցանկությունը՝ այդ նորն իմանալու, բացահայտելու, զգալու։ Սկսվում է մի անդառնալի գործընթաց. տալիս ես, դատարկվում, կիսում մտքերդ, հայացքդ, զգացողություններդ։ Ոմանք դա կոչում են սիրահարվածություն, որոշներն էլ` սեր, բայց երկուսի համար բնորոշ է մի երևույթ՝ տարվածություն․․․
- Սերը սառնարանում դրված կարագի պես բան է։ Պետք է հանել, թողնել մի քիչ հետ գա, հետո քսել հացին ու ուտել, վայելել։ Աստիճանաբար, ընթացքում պիտի զգաս համն ու օգտակարությունը։
- Որքան էլ չուզենաս, որքան էլ ընդդիմանաս, կյանքում պահեր են գալիս, որ հեղաշրջում են քեզ, ներսդ տակնուվրա անում։ Մինչ այդ իմացածդ, ընդունածդ ճշմարտությունները, սկզբունքները վայրկյանների ընթացքում բախվում են իրականությանն ու փշուր-փշուր լինում։ Ու միշտ դրանում «օգնում» են մարդիկ։
- Մեզ միշտ կյանքում թվում է, թե երջանիկ ենք, բայց պարզվում է` դատարկ բաների վրա ենք կառուցել մեր երջանկությունը։ Թվում է` դժբախտ ենք, բայց երջանիկ լինելու համար բավականին շատ բան ունենք։ Գրողը տանի այդ թվացյալ իրականությանը։
- Ու հօդս են կորում ինքդ քեզ տված բոլոր խոստումները, բոլոր սկզբունքները, երբ համբերությանդ բաժակը լցվում է, երբ գիտես, որ վերջին անգամ ես տեսնում մեկին, ով կարևոր է եղել քեզ համար երկար ժամանակ, հարազատ է մինչև վերջին շունչը, արտասանած վերջին բառն ու արտահայտած հայացքը։
- Չափն ու քանակը, դրա իմացությունը լավ բան է, բայց երբ մարդու առաջնային կարիքներն են չափավորում, այդժամ սկսվում է գոյապայքար ամեն դաշտում և ամեն ինչի համար։ Սրվում են մարդկային որակները։
- Այն ժամանակ ես խավարն ու խորհրդավոր մութն իրարից չէի տարբերում։ Միայն հետո հասկացա, որ մթությունն էլ իր խորհուրդն ունի՝ կուլ չգնալ դրան։
- Ամենուր սպիտակ է ու դատարկ, իսկ սպիտակը ցուրտ է, ինչպես անունդ, որը սառած օդում թափառող ձյան բյուրեղների հետ ինքնասպան է լինում անշունչ փողոցներում։ Անունդ անտեր է մնացել ու դարձել տառերի սառցակալած մի շարք, որ թափվում է բերանից ու փշրվում դատարկ փողոցներում` ինչպես տանիքներից կախված անգույն մի սառցախումբ։
- – Աշխարհը մի չգրված օրենք ունի. Շատ փող ունենալու համար պիտի մարդ չլինես։ Ձեռքդ ընկած ամեն բան պիտի գրպանդ դնես, իսկ խիղճդ՝ ծալես, բռիդ մեջ ճմրթես ու մի կողմ շպրտես։ Իսկ Դուք հիմա փորձում եք մարդկային արժանիքների մասին խոսել՝ միաժամանակ մեջբերելով օրենքներ, որոշումներ, որոնք հիմնված են շահերի վրա։
- Երեք տարի ձյուն չէր եկել։ Ուրախացել էր, որ «քյասիբի ձմեռ» էր անում, ու մոռացել, որ «քյասիբին» բախտը, լավագույն դեպքում, եղանակի հարցում է միայն ժպտում։
- Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար։
- Ինքա՞ն սրբեր կան մեր օրերում, երկիրը լցվել է չսրբադասված, բայց մերօրյա, մեր կողքին քայլող սրբերով. «մեր քուրը սուրբ ա», «կնիկը սրբություն ա», «մերը սրբություն ա»։
- Կարևորի գնահատման հարցում առաջնայնությունը պետք է տալ ոչ թե նրան, ինչ մենք ենք անում, փորձում անել, այլ նրան, ինչը մեզ հետ է կատարվում, ինչը հենց մեզ է փոխում ու հեղափոխում մեր ներքին աշխարհը։
- Ինձ քեզանից մնաց միայն մի եղանակ,
- մնացածը տարար հետդ․․․