Պատվի համար (դրամա)
Արտաքին տեսք
«Պատվի համար», Շիրվանզադեի դրամաներից, որ նա գրել է 1904 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա [Էլիզբարովի] կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ։ Եվ այդ շատ ճիշտ կարծիք է։ Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են։
- ՍԱՂԱԹԵԼ – ....Խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից։
- ....Փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին։
- ՍՈՒՐԵՆ – Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ։
- ԵՐԱՆՈՒՀԻ – Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք։ Երկուսն էլ Աստծու ճանապարհից դուրս են։ Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է։
- ՍԱՂԱԹԵԼ – Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել՝ իրանց այրված սիրտը մխիթարելու համար։
- ԱՆԴՐԵԱՍ – Բարությո՞ւնս որն է։ Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես։
- ՍՈՒՐԵՆ – Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ։ Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել։ Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ։ Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել։ Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է։ Ախ, Մարգարիտ, կյանքը շատ տխմար բան է։ (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր։ Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից։
- ՄԱՐԳԱՐԻՏ – (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում։
- ՍՈՒՐԵՆ – Քի՞չ է։ Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և շուտ ձանձրանում։ Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ։
- ԲԱԳՐԱՏ – Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը – տրամադրություն։ Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան։
- ՍԱՂԱԹԵԼ – Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է։
- ԲԱԳՐԱՏ – Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ։ Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում։ Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով։
- ԱՆԴՐԵԱՍ – Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում։
- ԱՆԴՐԵԱՍ – Աա, ոստիկանները գող են բռնում։ Երևի, խեղճերից մեկը քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր։
- ՍԱՂԱԹԵԼ – Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը։
Քաղվածքներ խիեսի մասին
[խմբագրել]- Շիրվանզադեի «Պատվի համարին» մեջ ժամանակակից պուրժուազին բոլոր թիպերը լիաբուռն սփռած է։ Բիեսին կազմվածը իր պարզությանը մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագետը շատ բարձր է Օքթավ Միրպոեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն մեկն է։
- ...Իսկ խոսակցությունը, դիալոգը, որ որևէ թատերական բիեսի հաջողության առաջի պայմանն է, երբեք այսքան ժողովրդական պարզությամբ և խիզախությամբ չէր փայլած, որքան այս բիեսին մեջ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 42: