Պետրոս Դուրյան
Արտաքին տեսք
Պետրոս Դուրյան (մայիսի 20, 1851 — հունվարի 1, 1872), արևմտահայ բանաստեղծ և դրամատուրգ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ[1]։
- Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կսիրեմ։ Ես, որ աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա[2]։
- Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…[3]
- …Մարդու նշանաբանը երգն է։ Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ'է[2]։
- «Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ»։ Այս է կյանքը։ Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա. Սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»[3]։
- Ազգի մը դաստիարկության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ըստինն է[4]։
- ...Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իդեալականը շոշափելու քաղցրությունը չունի[2]։
- Անդուլ կերպով քնարս կըթոթվեմ անհուն «մնաք բարով»-ի մը համար անոնց, որոնք իրենց ծալքերը ինձ չբացին, այլ միայն դուրսեն ճաճանչեցին, նախ կնո՜ջ... երևակայությանս տրոհվույն... երազի այն երփներանգ աստղին... շողերի ու բույրերի թագուհվույն...[2]
- Մեռնի՜լ թարմ ու երազոտ... մեռնի՜լ առանց շուրթեր համբույրով մը բորբոքելու, առանց հոգին ժպիտով մը հրդեհելու, մեռնի՜լ... տխուր է այդ, սակայն...[3]
- Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու թշվառությունը տեսնելու և զգալու համար[3]։
- Արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին. «Ահա թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ»[3]։
- Ափսո՜ս։ Այո՛, ա՜հ մ' էր սկիզբս, վա՜խ մ'եղավ վախճանս[3]։
- Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ, անշուշտ, բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի[3]։
Մեջբերումներ Դուրյանի մասին
[խմբագրել]- Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը[5]։
- Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»[6]։
- Սա աշխարհ չպատկերեց։ Եվ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր անունով՝ դուրյանական[7]։
- Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս[8]։
- Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց[9]։
- Չեմ գիտեր մեր գրականության մեջ բանաստեղծություն մը անհատական կյանքե մը այնչափ ուղղակի բխած, որչափ Դուրյանինը, և միանգամայն այնչափ ընդհանուր, այնչափ անորոշ, այնչափ կարող մասնավոր եսի մը արտահայտությունն ըլլալե զատ՝ համամարդկային տեսակ մը տիպարի եսին արտահայտությունն ըլլալու[9]։
- Ների՛ր ինձ, Պետրոս Դուրյան, ների՛ր, որ անցա շիրիմիդ կողքով, բայց չխոնարհվեցի քո հողին, մի ծաղիկ անգամ չդրի։ Ների՛ր ինձ, գուցե մի օր կլինի նաև գերեզմանների հայրենադարձություն. դու տուն կգաս, և մենք քեզ կբերենք Հայաստանի բոլոր մեխակները[9]։
- Դուրյանի շատ երգերը ձևի տեսակներից էլ հասնում են մեծ կատարելության։ Առանձնապես նրբին ձևով էր կարողանում պոետը կառուցել բանաստեղծական տունը[9]։
- Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը, անմիջական ապրումների ուժը, որոնք հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրանում դրանցից[9]։
- Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր։ Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն։ Այդ քչերից մեկը Դուրյանն է[9]։
- Այս երիտասարդը պիտի գերազանցե զիս[8]։
- Ի դեմս Դուրյանի իտալական ժողովուրդը ծանոթանում է մի փաքրաքանակ ժողովրդի ներկայացուցչի, որն իր ժողովդրի գրության գաղափարներով ավելի քիչ չի ապրում, քան եվրոպական ուզածդ ժողովրդի բանաստեղծը[8]։
- Ե՛վ համոզմունքներով, և՛ խառնվածքով լինելով ռոմանտիկ՝ Դուրյանը համեմատաբար սակավաթիվ իր տաղերում աղաղակում էր աշխարհին իր կրքոտ սերը դեպի հարազատ ժողովուրդը, հավատն իր իսկ հանդեպ, իր տառապանքները, որոնք ամեն մի մտածող մարդու տառապանքը կարող էին լինել բանաստեղծի շրջապատում, և վերջապես՝ մարտակոչ նետեց աստծուն... որ թեև մի քիչ ռոմանտիկորեն չափազանցված է, սակայն զգացմունքի անկեղծությամբ հափշտակում է հոգին...[8]
- Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն իր ցավովը ցաված, տառապանքովը տառապած եմ երկարորեն, իր տենդերը, իր տագնապները տարիներու միջեն եկած հասած են ինծի, և կարծես մատներով դիպած եմ անոնց և ականջովս լսած, ինչպես պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնել իր նվիրական հյուղակին ճամփան ու լսել իրեն, թե ինչպես իր ցավերը կարձագվին և կթրթռան իմ հոգվույս մեջ...[8]
- «Իմ ցավը» վեհաշուք ու միանգամայն ցավատանջ ու ձևով կատարյալ պաշտելի հուշակերտ մըն է, անստույգ պալատ մը, զոր կարծես Դուրյան շարադրած է իբրև ցուցակ մը այն մյուս հրաշակերտին, որ է՝ «Իմ մահը»։ «Իմ ցավը» տաղին մեջ կմիանան Դուրյանի քնարին բոլոր լարերը, սիրո կարոտ ու կյանքի այդ արևեն զուրկ մնացած իր սրտի հառաչը, աղքատության որդեն կրծված իր թշվառ կյանքին մռայլ տեսիլը և իր շղթայակապ տարաբախտ հայրենիքին համար իր գորովագին սերը ու անոր ծառայություն մատուցել չկարանալու կսկիծը։
- Ոսկի ճարմանդ մըն է «Իմ ցավը» տաղը[10]։
- Քանի առաջացավ կյանքի մեջ, քանի մահվան մոտեցավ, այնքան ավելի սիրեց զայն, ինչու՞, որովհետև ամենեն ավելի անիկա զինքը կհասկանար[11]։
- Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, կհանդիպի գինովի մը, որ անոր դժգույն դեմքը և դանդաղկոտ քայլվածքը տեսնելով՝ կըսե. «Աս ալ երթալոց է»։ Դուրյան այդ խոսքին տպավորության տակ կնստե ու կգրե իր զմայլելի «Լճակը»[11]։
- Մի անգամ Իսկուտար թատրոնում դերասանուհիների հետ խոսելու միջոցին ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևաց, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Բա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»[11]։
- Դուրյանի տրտունջը հայ հոգու տրտունջն է, որի հնչյունները, սակայն, հայ իրականությունից ծնվելով ու պոկվելով այդ իրականությունից, իրենց արձագանքն են թողնում համամարդկային ոլորտներում[11]։
- Հավատանք, որ առանց ցավի կհամաձայնի «ցամքիլ ծաղիկ հասակի մեջ» այդ երիտասարդը, որ հիվանդության մահճում, մարդկանց ստվերից վախեցած՝ այնքան հուժկու հայտնեց իր «Տրտունջը», այնքան խրոխտաց յուր աստծու դեմ...
- Մի տեղ ասում է՝ ցավ չէ ինձ համար, թե զրկվիմ սերից ու կյանքից, մյուս տեղ սիրո և կյանքի համար ծառս է լինում աստծո դեմ։
- Եվ երկուսն էլ ճշմարիտ են. վկան են մահը ու սերը, երկուսն էլ անկեղծ են. վկա է նրանց միջի ոգևորության հուրը[12]։
- Այստեղ պետք է ներսը նայել։ Մի ծանր հոգեկան կռիվ կա, մի դրամա կա բանստեղծի հոգում։ Այնտեղ կռվում, մրցում են զգայուն բանաստեղծն ու հայրենասեր քաղաքացին։ Երկու տարբեր զգացումներ հոշոտում են բանաստեղծի սիրտը. մի երևակայութուն է առաջ գալի, և նա այս էլ ասում է, այն էլ[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 315.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 32։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 33։
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 135. ISBN 99930-2-263-2.
- ↑ Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 34։
- ↑ Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 37։
- ↑ Սևակը Պետրոս Դուրյանի մասին։ Վերստացված է՝ Հոկտ․ 19, 2012։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 30։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 29։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 30-31:
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 31։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 31-32: