Jump to content

Հակոբ Պարոնյան

Վիքիքաղվածք-ից
Հակոբ Պարոնյանը

Հակոբ Պարոնյան (օգոստոսի 6, 1843մայիսի 27, 1891), հայ գրող-երգիծաբան և լրագրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք[1]։
  • Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե[1]։
  • Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է։
    Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ[2]։
  • Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք[3]։
  • Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»[3]։
  • Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են[4]։
  • Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր[5]։
  • Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին[5]։
  • Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ[5]։
  • Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր[5]։
  • Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն[5][6]։
  • Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին[7]։
  • Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...
  • Մեծապատիվ մուրացկաններ, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 396[8]
  • Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ։
  • Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35[8]
  • Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք անոնց բաժինին։
  • Հոսհոսի ձեռատետր, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 455[8]
  • Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել[9]։
  • Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար[10]։
  • Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են[10]։
  • Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես[10]։
  • Գովեստն, մանավանդ չափազանցն, այնքան ախորժելի է, որ առյուծն կզիջանի ընդունել զայն նույնիսկ ճանճե մը[10]։
  • Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է[10]։
  • Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ կը թողու[11]։
  • Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա[11]։
  • Աղքատության դռնեն ալ երջանկություն կմտնի, եթե քիչ մը ծռի[11]։
  • Դարերուն մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է[11]։
  • Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն[11]։
  • Աշխարհիս վրա չկա այնքան ոչինչ ծիծաղելի, որքան այն ծիծաղն է, որուն մեջ արդարությունն կըպակասի[11]։
  • Մարդս որչափ ալ երջանիկ ըլլա, դարձյալ իր վիճակեն դժգոհ կըլլա[11]։
  • Ատոնք սուտ խոսալներուն լեզուն կըկտրեին. եթե այս սովորությունը նորեն մտնե, քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենան[12]։
  • Հայհոյանքը փաստի սով է[12]։

Քաղվածքներ Հակոբ Պարոնյանի մասին

[խմբագրել]
  • Եթե մենք Պարոնյանի գրական ստեղծագործության չմոտենանք միայն ծաղրելու նպատակով, կգտնենք այնտեղ այնպիսի պայծառատեսություն, որ կարող է լուսավորել մեր այն մտքերը, որոնք դեռևս համառում են շոշափել և չտեսնել։
Գրական հանճարի խոշորագույն արժանիքն այն է՝ ապրել իր ժամանակը, ըմբռնել ժամանակի ոգին և արտահայտել այն ուղիղ և հեռատես փիլիսոփայությամբ։
Պարոնյանի արժանիքը առավելապես կայանում է իր պայծառատեսության մեջ[13]։
Վահան Թոթովենց
  • Հակոբ Պարոնյանի գեղարվեստական երկերը ռեալիստական են թե՛ ձևի և թե՛ իր բովանդակության տեսակետից։ Հեղինակը վերցնում է կոնկրետ իրականություն և այդ իրականության ծնունդ դեմքերը, դեպքերը և տալիս է այդ բոլորը անպաճույճ և հստակ ոճով։ Նա զերծ է բոլորովին ռոմանտիկական ձևերից, որոնց դեմ պայքարում է բուռն կերպով[13]։
Զապել Եսայան
  • Պարոնյանից սկսվում է հայ սոցիալական երգիծանքը։ Ինքն անձամբ արծվի մագիլներ ունենալով, չնայած մարտիրոսանման կյանքին, բոլոր զրկանքներին և նյութական տվայտանքներին՝ մեծ երգիծաբանը նախ՝ աշխատել է իր մագիլներով զինել հայ ժողովրդական զանգվածներին և ապա՝ հասարակականորեն երբեք չի ընկել հոռետեսության գիրկը և միշտ էլ փայլել է իր սոցիալական օպտիմիզմով, գալիք հաղթանակի անխախտ համոզմունքով[13]։
Արսեն Տերտերյան
  • Պարոնյանը օգտագործում է երգիծական արվեստի ամենաբազմազան միջոցները՝ չափազանցություն, գրոտեսկ, այլաբանություն, առած, առակ, աֆորիզմ, պոլեմիկական երկխոսություն, բարոյախոսություն... Գեղարվեստական արտահայտչամիջոցների այս ամբողջ զինանոցից Պարոնյանն օգտվում է ազատորեն ու բնական կերպով, որովհետև նրա համար միշտ էլ որոշակի է այն նպատակակետը, որին անհրաժեշտ է հարված հասցնել, և նա հստակորեն պատկերացնում է այն խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել։ Իրոք, երգիծաբանությունը մեր գրողի հարազատ տարերքն է, և իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ նա, ինչպես ուրիշ և ոչ մեկը հայ գրականության մեջ, այդ ժանրի համար անսահմանափակ հնարավորություններ էր բաց անում[13]։
Հակոբ Սալախյան
  • Պարոնյանը տոկունության և եռանդի տիպար է, իսկական հրապարակախոսի ձիրքով օժտված մի մարդ։
Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները[10]։
Յուրի Վեսելովսկի

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  3. 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 154. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  6. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2008. 
  7. Լաուրա Բալայան. Ականջդ բեր ասեմ։ Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ. էջ 1. 
  8. 8,0 8,1 8,2 Հայկական ՍԱՌ ԳԱ թղթակից - անդամ Մ. Մ. Մկրյան. «Հոդվածներ և հաղորդումներ. Հակոբ Պարոնյան (Ծննդյան 120-ամյակի առթիվ)».
  9. Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 35:
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 36։
  12. 12,0 12,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 37։
  13. 13,0 13,1 13,2 13,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 34:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հակոբ Պարոնյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝