Գևորգ Աբաջյան
Արտաքին տեսք
Գևորգ Աբաջյան (դեկտեմբերի 25, 1920, Շնող — հոկտեմբերի 8, 2003, Երևան), հայ թատերագետ, գրականագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինքն իրեն տեսնելը մարդկային հոյակապ առաքինություն է, որովհետև այդ է մարդու ինքնահղկման, բյուրեղացման ու սրբագործման լավագույն միջոցը[1]։
- Մարդկային լեզուն, որքան էլ հարուստ, չի կարող բառաձևել այն բյուրավոր անանուն զգացմունքները, որոնցով լցված է մարդկային սիրտը[2]։
- Րոպեական դադարը իր մահացու քարացումով իսկ բացատրում է հավիտենական շարժումը կյանքի[2]։
- Հինը պետք է նորի ավետողը լինի, ինչպես երեկոն՝ վաղվա շեփորողը։ Հինը մեծ է այն չափով, ինչ չափով ընդունակ է պատրաստել, հղկել ճանապարհը նորերի առաջ, այդ պայմանով միայն ամեն հին հիմք է, միևնույն ժամանակ սուրբ է և բարի[3]։
- Որքան էլ դյուրավառ լինի կայծն անհատի հոգում, չի բռնկի, եթե չզարնվի մեկ այլ կամ կայծ ունեցող բազում հոգիների հետ[3]։
- Ամեն ինչ մարդու մեջ է, մահը նույնիսկ մեզանից է և մերը, քանի որ ամեն շնչավոր էակի յուրաքանչյուր րոպեն մի անխուսափելի մոտեցում է այն վախճանին, որ չունի հետադարձ ճանապարհ[4]։
- Բնությունը մարդ արարածի սկզբնական ու անեղծելի պատկերն է, մարդը լինելով բնության ստեղծագործությունը, ինքն ստեղծողն է ամեն ստեղծագործության[4]։
- Այն ճարտարությունը, որով մեղուն պատրաստում է մեղրամոմը, պարզապես սքանչելի է, բայց պատրաստում է ոչ նախօրոք հղացած գաղափարով, պատրաստում է բնազդով միայն, որը բնության մեծագույն պարգևն է անլեզու արարածներին։ Մինչդեռ ասուն արարածը՝ մարդը, նախքան որևէ բան պատրաստելը «կառուցում» է իր ուղեղում[5]։
- Գաղափարն է կենդանի շունչը, որ ստեղծում է իր սեփական ձևակերպումը ըստ ժամանակի, ըստ պայմանների, և առանց որոնց ինչ մեծ արվեստով էլ հորինված լինի ձևավորումը, ապարդյուն, ամուլ ձև կմնա միշտ[6]։
- Ստեղծագործող միտքը միշտ ձգտում է լավին ու լավագույնին, որն իրագործել կարելի է նոր մտահղացման, նոր գաղափարի շնորհիվ[7]։
- Աստվածության գաղափարը միշտ եղել է այն հնամենի հնարանքը, որն ամեն ըմբոստի հնազանդության է բերում[8]։
- Մարդկությունը մի գոյավիճակ չէ, որին պետք է ենթարկվել ակամայից ծննդի մեղքով, այլ մի կոչում է դա, որին պետք է սակայն տիրանալ գերմարդկային մաքառումով[9]։
- Մարդկային անթիվ զգացմունքների շարքում սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքի[10]։
- Գերազնիվ հոգիները հասնելով սեփական ողբերգության գագաթնակետին կամովին գահավիժում են անդունդ՝ մահը փրկություն համարելով[11]։
- Որքան էլ զորավոր լինի մարդկային հիշողությունը, ժամանակը սպիացած վերքեր է թողնում նույն այդ հիշողության մատյանի թերթերում[12]։
- Բնածին գործունեությունը բռնադատում է մարդուն՝ որոնել այլ միջոցներ, ասելիքն ասելու համար[13]։
- Ամեն վերջակետ միևնույն ժամանակ սկիզբ է, որն իր հերթին հանգելու է վերջակետի[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 18։
- ↑ 2,0 2,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 40։
- ↑ 3,0 3,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 62։
- ↑ 4,0 4,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 65։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 67։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 68։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 73։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 91։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 113։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 218։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 330։
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 343։