Շուշանիկ Կուրղինյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Շուշանիկ Փոպոլճեանից)
Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան, 1876 — նոյեմբերի 24, 1927), հայ բանաստեղծուհի և իգապաշտպան։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երգը ժողովրդի կյանքի հայելին է լինելու, որ չմոռացվի, երգը կյանքի թարգմանն է լինելու, որ սիրվի, երգը ժամանակի արդյունքն է լինելու, որ չմեռնի[1]։
- Ամեն օր ապրել եմ ամեն օրվա հետ ու անցել իմ ճամփով․ իսկ կյանքից ետ չմնալու պատճառով շտապել եմ հույժ, ու որքա՜ն ծաղիկներ կորցրել ճանապարհին․ որքա՜ն նախշուն ծաղիկներ․․․[2]
- Սիրում եմ ես ինձ ու հիանում ինձանով ու օրհնում իմ անունը․․․ իսկ երբ կինը սիրում է ինքն իրեն՝ մենակ է հավիտյան[2]։
- Ասում են կյանքը կատակ է․ ո՛չ, կյանքը ծաղկոց է, ուր մենք փոխանակ վարդ քաղելու, միմոսություններ ենք անում, որ փշերին չդիպչենք[2]։
- Սուտ է, որ լսելիքը միայն ականջն է․ երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները[2]։
- Ազգը ատել անհնարին է ու դատապարտելի՝ նրան կուրորեն սիրելը[2]։
- Սեփականությունը փակում է մեր հոգու աչքերը ու բթացնում զգայարանները[2]։
- Ով հարգում է ժամանակը, նա չի ապրում անպտուղ[2]։
- Ես տեսա՝ հավատը փախչում էր եկեղեցուց։ Աղջիկս կտեսնի նրան քաղաքից դուրս, թոռս՝ չի տեսնի նրան[2]։
- Ասում են կնոջ ուղեղի քաշը պակաս է տղամարդու ուղեղի քաշից։ Ես միշտ այդ իմ պակասը լրացնում եմ իմ սրտից[2]։
- Որքա՜ն ափսոսում եմ, որ պիտի մեռնեմ մի օր ու նախանձում եմ ինձանից հետո ապրողներին, որոնց բաժին է ընկնելու նոր կյանքը, նոր բաղձանքները[2]։
- Պետք է լայն սիրտ ունենալ նեղ չապրելու համար[2]։
- Կինը կատարյալ՝ կուշանա, վասնզի տղամարդու հակումները դեպի նա դեռ չեն բյուրեղացած[2]։
- Ազատություն սիրողին բանտը դուռ չունի, շղթան՝ ծանրություն[2]։
- Գրողի վարած կյանքն ու երկերը չպիտի շփոթել, վասնզի առաջինը իրենն է, երկրորդը՝ մերը[2]։
- Պոետներից բախտավորն եմ ես, որ դեռ մթի միջից գուշակում էի լույս բերողների անհերքելի հաղթանակը[2]։
- Հարկավոր է հաշտվել, որ մեծ գործը մեծ սխալներ կունենա[2]։
- Ներել հեղափոխության թշնամուն, նշանակում է ընկերանալ նրան[2]։
- ներկա մամուլն ես հարգում եմ այն պատճառով, որ նա իր ցեխոտ տապանով փակել է հնի նեխված բերանը[2]։
- Մայրենի լեզուն չիմացողը նման է անտառը մտած մարդուն, որ ազատ կարողանում է շվացնելով նմանվել զանազան թռչունների[2]։
- Այդ մենք ենք գալիս՝
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գդակ, աղտոտ մազերով…[3] - Ապրել եմ ուզում, բայց ոչ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքույշ ու վտիտ,
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր,
Ով դուք, այր մարդիկ, ուժեղ ու համառ[3]։ - Քեզ կտամ օժիտ հոգուս խորքերից
Չար կյանքի խեղդած ազնիվ իդեաներ…[3] - Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած
կռվել եմ ուզում և բիրտ կյանքի դեմ[3]։ - Ինձ մի սիրիր ծաղկի նման,
Կուզեմ ապրել արժանի՝
Որպես հյուլեն՝ վշտի տիտան,
Որպես զավակ խուժանի[3]։ - Եվ քո կյանքի միակ պայման՝
Ուտել, քնել ու ծնել՝
Որպես կնիք ստրկության,
Այն, որ աղջիկ ես ծնվել[3]։ - Խղճում եմ ես ձեզ՝ շվայտ գերիներ,
Միտքը թավիշե ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունեք կեղծիքով ներկված…[3]
Քաղվածքներ Կուրղինյանի մասին
[խմբագրել]- Իր ողջությանը, իր մահէ ետքը եւ մինչեւ այսօր հանդիպած է ոչ թե անհասկացութեան, այլ ատկէ շատ ավելիին, իսկապէս ուզուած, գիտակից, կազմակերպուած ուրացումի մը։ Նախ ցարական գրաքննութեան կողմէ իր ընկերվարական եւ յեղափոխական բնանյութերուն պատճառով։ Ետքը սովետահայ մտավորականության կողմէ, որովհետեւ ըմբոստ մըն էր, ետքն ալ գրականագիտության կողմէ, որ անկարող էր զինքը հասկնալու։ Որովհետեւ ըմբոստ կին մըն էր, այսինքն բոլորին աչքին ամենեն անընդունելի եւ անըմբռնելի մարդկային տեսակը։
- Մարկ Նշանյան, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր[3]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 155.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Ջ․ Մ․ Միրզաբեկյան, ed (1981). Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան. Հայկական ՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան. էջ 136-138.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Վահան Իշխանյան (2006-03-10)։ Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ։ ԱրմենիաՆաու։ Վերստացված է՝ 2011-04-27։