Jump to content

Կարամազով եղբայրներ

Վիքիքաղվածք-ից

«Կարամազով եղբայրներ» (ռուս.՝ Бра́тья Карама́зовы), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, որը գրվել է երկու տարի՝ 1879-1880 թվականների ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս «Ռուսական լրաբեր» (ռուս.՝ Русский вестник) ամսագրում։ Վեպը հայերեն է թարգմանել Կ․ Սուրենյանը 1983 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եթե Աստված կա և եթե իրոք նա ստեղծել է երկիրը, ապա ինչպես բացարձակորեն հայտնի է մեզ, ստեղծել է ըստ Էվկլիդյան երկրաչափության, իսկ մարդկային միտքը՝ տարածության լոկ երեք չափերի հասկացությամբ… Այնինչ եղել են երկրաչափներ ու փիլիսոփաներ, որոնք տարակուսում են, որ ամբողջ տիեզերքը կամ ավելի լայն առումով, ողջ գոյությունը ստեղծված լինի ըստ Էվկլիդյան երկրաչափության։ Նրանք նույնիսկ հանդգնում են երազել, թե երկու զուգահեռ գծեր, որոնք ըստ Էվկլիդի ոչ մի կերպ չեն կարող իրար հանդիպել երկրի վրա, գուցե հանդիպեն անհունության մեջ որևէ մի տեղ…Ես, սիրելիս, եկել եմ այն եզրակացությանը, որ եթե նույնիսկ ա՛յդ չեմ կարող հասկանալ, էլ ո՜ւր մնաց, որ Աստծո մասին որևէ բան հասկանամ… Եվ խոնարհաբար գիտակցում եմ, որ ոչ մի ընդունակություն չունեմ այսպիսի հարցեր լուծելու, իմ խելքը էվկլիդյան է, երկրային, ուստի մեր ինչ բանն են լուծել հարցեր, որոնք այս աշխարհին չեն պատկանում… Երեխայի նման հավատում եմ, որ տառապանքները կամոքվեն ու կհարթվեն, մարդկային հակասությունների ամբողջ վիրավորական զավեշտը կանհետանա ողորմելի միրաժի նման, իբրև մարդու սակավազոր և ատոմի չափ փոքր էվկլիդյան խելքի նողկալի հնարանք, և վերջապես աշխարհի ավարտին, հավերժական ներդաշնակության պահին, տեղի կունենա և կհայտնվի այնքա՜ն թանկագին մի բան, որ լիուլի կբավարարի բոլոր սրտերը, կհանսգտացնի բոլոր վրդովմունքները, կքավի մարդկանց բոլոր չարագործությունները, նրանց թափած ամբողջ արյունը, և հնարավոր կդարձնի ոչ միայն ներել, այլև արդարացնել ամեն ինչ, որ եկել է մարդկանց գլխին։
  • Բայց սիրահարվել չի նշանակում սիրել։ Սիրահարվել կարելի է անգամ ատելով։
  • Նրանք ընդամենը իրար սիրահարված թշնամիներ էին։
  • Ի դեպ հիստերիայից դեռ ոչ ոք չի մահացել։ Հետո ինչ որ հիստերիա է, Աստված կնոջը սիրելով է նրան հիստերիա ուղարկել։
  • Սերը այնպիսի անգին գանձ է, որ դրանով ամբողջ աշխարհը կարող ես գնել…
  • Ուրիշը երբեք չի կարող իմանալ ոնց եմ ես տառապում, որովհետև նա ուրիշ է, նա ես չեմ։
  • Եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայնակ կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի…
  • Կան պահեր, երբ մարդիկ սիրում են հանցանքը։
  • Դու հիմա ուրշին ես սիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյանս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ինձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը։ Լսու՞մ ես, սիրիր ինձ, քո ամբողջ կյանքում սիրիր ինձ…
  • Շատ հաճախ մարդու դեմքը` սիրո մեջ չհմտացած մարդկանց, խանգարում է սիրել։
  • Հասկացիր վերջապես, ես ոչ թե Աստծուն չեմ ընդունում, այլ չեմ ընդունում աշխարհը որ նա ստեղծել է…
  • Ամեն ինչ կատարյալ է, ամեն ինչ, բացի մարդուց. նա անմեղ է։
  • Հեգնողներին կարող ենք հարց տալ. եթե երազ է ձգտումը մեր, ապա դուք ինքներդ երբ պիտի բարձրացնեք ձեր կառույցը և արդար գոյավիճակ ստեղծեք՝ լոկ բանականությամբ ձեր, առանց Քրիստոսի։ Եվ եթե պնդում էլ են նրանք, թե իրենք են, որ առաջ են գնում դեպի միավորումը մարդկանց, ապա նրանցից լոկ ամենապարզամիտներն են, որ ճշմարտապես հավատում են այդ բանին։
  • Հասկանո՞ւմ ես արդյոք, որ լինում են ցնծության պահեր, երբ մարդ կարող է սպանել ինքն իրեն։
  • Իրատես մարդու մեջ ոչ թե հավատքն է ծնվում հրաշքից, այլ հրաշքն է ծնվում հավատքից։ Եթե իրատեսը մի անգամ հավատա, հենց իր իրատեսության շնորհիվ պետք է անպայման ընդունի նաև հրաշքը։ Թովմաս առաքյալը հայտարարեց, որ չի հավատա, մինչև չտեսնի, իսկ երբ տեսավ, ասաց․ «Տե՜ր իմ և աստված իմ»։ Միթե հրա՞շքը նրան ստիպեց հավատալ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ․ նա հավատաց միայն ու միայն այն պատճառով, որ ցանկանում էր հավատալ և գուցե լրիվ հավատում էր արդեն իր սրտի խորքում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ասաց․ «Չեմ հավատա, մինչև չտեսնեմ»։
  • Եղբա՛յր,- ասաց հանկարծ Ալյոշան փայլող աչքերով,- դու հենց հիմա ասացիր՝ ամբողջ աշխարհում կա՞ արդյոք մի էակ, որ կարողանար և իրավունք ունենար ներել։ Բայց կա՛ այդ էակը, և նա կարող է ամե՜ն ինչ ներել, ներել բոլորին և ամեն ինչի համար, որովհետև նա ինքը իր անմեղ արյունը տվեց բոլորի և ամեն ինչի համար։
  • Ես կարծում եմ, որ եթե սատանան գոյություն չունի և ուրեմն մարդն է ստեղծել նրան, ապա ստեղծել է իր կերպարանքով և իր նմանությամբ։
  • Անհեթեթությունները շատ ու շատ անհրաժեշտ են երկրի վրա։ Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած, և առանց դրանց գուցե ոչինչ էլ տեղի չունենար աշխարհում։
  • Բայց այդ աչքերում… այնպիսի մի բան կար, որը կարելի է սիրել իհարկե… սիրահարվել խենթի պես, բայց որը անկարելի է… երկար սիրել…
  • Մարդուն սիրելու համար պետք է, որ նա թաքնվի, իսկ հենց ցույց է տալիս դեմքը՝ վերջ, կորավ սերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 190. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կարամազով եղբայրներ հոդվածը նաև Վիքիպեդիայում: