Jump to content

Երկվորյակների արևը

Վիքիքաղվածք-ից

«Երկվորյակների արևը», Հրաչյա Սարիբեկյանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պապի ընկերները հավաքվել էին նրա շուրջ, տղան նկատեց, որ նրանց ձեռքերի մեջ տերողորմյաներ կան, մտածեց, թե ինչու են ծերերը տերողորմյա սիրում։ Ինչո՞ւ են ծերերը տերողորմյա սիրում, ժամանակի համրի՞չ է, ի՞նչ է։ Երբ հորեղբայրը մտավ տուն, պապի ընկերներն անխոս ոտքի ելան, հարգանքով ողջունեցին նրան և, հոգոց արձակելով, հեռացան։ Մի չորացած ձեռք շոյեց իր քաչալ գլուխը, ինչ-որ մեկն ապավինեց նրա մանկությանը։ Ծերերը սիրում էին իրեն. վերջապես մանուկներից մեկն իրենցից էր։
Պապը փակ կոպերի տակ թաքցնում էր իր մեռած աչքերը, դեռ զսպում էր, դեռ խնայում էր իրենց։ Հորեղբայրը մորը հարցրեց. «Էս ոնց է եղել»։ Մայրը թափ տվեց ուսերը, դատարկ աղամանը ցույց տվեց։ «Ինքն է արել,- ասաց,- աչքերի մեջ աղ է լցրել ու նայել արևին»։ Տղան սարսափեց, մտքով անցավ, բայց վախեցավ, թե փորձի աչքերի մեջ աղ լցնել։ Հորեղբայրը նստեց պապի կողքին, երկու ձեռքով բռնեց նրա չորուկ ձեռքն ու նախ աղոթեց, և աղոթքից շշուկներ էին լսվում միայն։ Տղան սպասում էր, սպասում էր, որ հորեղբոր հետ պապն էլ պիտի բացի աչքերը, նկատեց, որ հորեղբայրը փակ աչքերով է դիմում Աստծուն, պապի կոպերը նույնպես փակ էին, ուրեմն, կռահեց տղան, կուրությունն Աստծու հետ խոսելու առավելություն է տալիս, փակ կոպերն իրեն պատկերացնելու հնարավորություն էին ընձեռում։
«Ամեն»,- եզրափակեց հորեղբայրն արդեն բարձրաձայն և բացեց աչքերը, բայց պապը չէր բացում, և նրանց խոսակցության ընթացքում տղան հասկացավ, որ հորեղբայրը պապին բուժելու համար չի նաղոթել, բա ինչի համար էր այդ նախաբանը։ «Հիմա ասա,-պահանջեց,- թե ինչի ես արել»։ Տղան հասկացավ, որ հորեղբայրը խոսել էր Աստծու հետ, և Աստված ընդամենը բացատրություն էր ուզել։ Հորեղբայրն ասաց, որ ինքն իրեն կուրացնելը ինքնասպանության կարգի մեղք է, որ Աստված չի ների։ Պապն ասաց. «Թող չների, ամենամեծ կույրն ինքն է»։ Տղան զարմացավ, որ Աստված կույր է։ Գիտեր, որ աստվածանարգ այդ խոսքերի հեղինակն անգիր է հիշում Սուրբ գիրքը և ցանկացած պահի, Աստվածաշնչից ճշգրիտ մեջբերում անելով, կարող է ապացուցել իր կուրության աստվածային գերազանցությունը բոլոր նրանց տեսողության հանդեպ, ովքեր ամբողջ կյանքում չեն կարդալու այն։ Եվ հորեղբայրը չառարկեց. «Եթե Աստված կույր է,- ասաց,- և մտահղացել ու ստեղծել է աշխարհը, ուրեմն մեզ ստեղծել է, որ մեր աչքերով տեսնի այս աշխարհը։ Մտածե՞լ ես սրա մասին։ Մտածել ես, որ աստված սկզբում աշխարհն է ստեղծել, հետո նոր` մարդուն։ Մտածե՞լ ես, որ Աստված ստեղծել է աշխարհը մեր տեսողությանն արժանացնելու համար»։ «Իսկ եթե հանկարծ ես էլ չեմ ուզում տեսնե՞լ, իսկ եթե հանկարծ հոգնել եմ նայելո՞ւց»,- ասաց պապը։
  • Որդին վերադարձել է համրացած, հայրը որոշել է համրության մատնել հետագա բոլոր լուսաբացները, կտրել իր կուրության և լուսաբացների թելը։
  • Մի՞թե կույր լինել նշանակում է չտեսնել ոչինչ։ Տղան փակեց աչքերն ու տեսավ Ոչինչը։ Այդ գիշեր մայրը չհիշեց իսկի, որ ինքը սոված է քնելու, և դրա համար արևից տաքացած վերմակի տակ արտասվեց, արցունքի աղիություն առավ ու մտածեց, որ մարդու մեջ աղ կա, իսկ պապն աղ է լցրել աչքի մեջ ու նայել արևին, և եթե աղը մարդու մեջ ավել չլիներ, դուրս չէր գա աչքով։ Մտածեց, որ պապը կուրացրել է իրեն, որ դառնա Աստված։
  • «Երբ մեծանամ,– մտածում էր տղան,– լարախաղաց եմ դառնալու, իսկական լարախաղաց, անցնելու եմ ժայռից ժայռ՝ անդունդի վրա ձգված պարանով»։ Պատկերացնում էր, երբ հանկարծ սայթաքեց, բացեց աչքերն ու տեսավ, որ ոտքը ցիրուցան գորտի վրա է։
«Մի՞թե գորտի արյունը կարմիր է լինում»,– մտածեց տղան...
  • «Գիտե՞ս՝ ինչքան է ապրում թիթեռը»,– հարցրեց պապը։
«Մի հարյուր տարի՞»,– ենթադրեց տղան։
«Ես գիտեմ,– բացականչեց եղբայրը` թիթեռի պես թափահարելով թևերը,– մի օր»։
Հարցական նայեց պապին։ «Մի օր,– հաստատեց պապը,– ընդամենը մի օր»։
Եվս մի տխուր բացահայտում։ Այդ գիշեր, անկողնում պառկած, տղան կտխրի, կափսոսա, որ թիթեռներն ընդամենը մի օր են ապրում։ «Թիթեռները գիտե՞ն, որ մի օր են ապրում»,– մտածում էր տղան. հանկարծ զարմացավ, որ ինքը թիթեռ չի։ Ինչո՞ւ է թիթեռը հենց թիթեռ, իսկ մարդը՝ ծնվում հենց մարդ։
«Մի՛ տխրիր,– սփոփեց պապը,– թիթեռները մարդկանց նման չեն մտածում, չեն տխրում, թևածում են միայն, մի օրում բույր են քաշում հազար ու մի ծաղկից և հազար ու մի ծաղկի գույն են հասցնում ճանաչել, մարդիկ չեն հասցնի նրանց ետևից. մի ամբողջ կյանք է հարկավոր։ Աստված մարդկանց ու թիթեռների ժամանակը հավասար է բաշխել. պարզապես թիթեռներն անմիտ կերպով են սպառում իրենց ժամանակը. անընդհատ թափահարում են իրենց թևերը։ Ինքնասպառման խենթ բնազդն է նրանց ստիպում անընդհատ թևածել, ինքնակործանման կույր բնազդը մղում է կրակների մեջ։
Ես համոզված եմ, որ եթե թիթեռները վերջապես ծաղկից ծաղիկ ոստոստելու փոխարեն մի ծաղկի վրա անշարժ նստելու համբերություն գտնեն, շատ երկար կապրեն, մինչդեռ ինչքան հաճախ ու արագ են թափահարում իրենց թևերը, այնքան շուտ է սպառվում հավերժությունից նրանց հատկացված կյանքի ժամանակը»։ Պապը լռեց։ Ինչո՞ւ են թիթեռները սիրում կրակը, ինչո՞ւ են այդքան թևածում։ Շոգ էր. քիչ էր մնում, որ սև թիթեռները բռնկվեն օդում։
«Պապի՛, ես քանի՞ օր եմ ապրել»։ «Օ՞ր,– զարմացավ պապը,– կյանքն ախր օրերով չեն հաշվում, տղա՛ս. տարիներով են հաշվում»։ «Գիտեմ»,– ասաց տղան։ «Էդ դեպքում,– պապը մտքում բազմապատկման մի գործողություն կատարեց ու ստացավ երկու հազար քառասունյոթ թիվը, որովհետև օգոստոս էր, իսկ տղան` հինգ տարեկան,– երկու հազար քառասունյոթ թիթեռի կյանք ես ապրել արդեն»։ «Պապի,– հարցրեց տղան,– իսկ երկու հազար քառասունյոթը շա՞տ է»։ «Նայած ինչի համար. աստղերի համար քիչ է, լուսատտիկների համար՝ շատ»։ «Իսկ դո՞ւ քանի թիթեռի կյանք ես ապրել»։
Պապն իր ապրած տարիները բաժանեց թիթեռների. «Իմ թիկունքում երեսուն հազար անշնչացած թիթեռ կա։ Իմ դագաղի վրա կթևածի մի սև թիթեռ՝ իմ վերջին չապրած օրը»,– ասաց պապը։ «Երեսուն հազար անշնչացած թիթեռ»,– կրկնեց տղան, ամբողջ օրը մտքի մեջ պիտի կրկնի` երեսուն հազար անշնչացած թիթեռ, տեսնես ե՞րբ կկարողանա հաշվել մինչև երեսուն հազար։ Անթիվ-անհամար սև թիթեռներ էին պտտվում նրանց շուրջ` որպես թիթեռների փոխակերպված մարդկանց անորսալի ներկայություն, որպես սև մետաֆորներ, որպես մահվան թռուցիկ հիշեցումներ, և, վերջապես՝ որպես ունայնության վերաբերյալ թև առած մտքեր։
  • Հայրը շպրտեց կիսատ ծխախոտը, ողջագուրվեց մոր հետ, հետո պպզեց, ասես խոնարհվեց իրենց տարիքի առջև, իսկ իրենք ավելի շատ գնացքին, քան նրան էին նայում։ Եղբայրն ասաց. «Պա՛պ, մեզ համար երկուակնանի հեծանիվ կբերե՞ս»։ Հայրը գրկեց իրենց, խոստացավ. «Կբերեմ,– համբուրեց,– անպայման կբերեմ»։ Ու բարձրացավ գնացք։ Գնացքը, որ դատարկ էր երևում, ցնցվեց ու դանդաղ ընթացքով շարժվեց այն ուղղությամբ, ուր հետո գտան թունելը։
Տխուր էին և ուրախ, տխուր էին, որովհետև հանկարծ կարոտեցին նրան, և որքան հեռանում էր գնացքը, այնքան մեծանում էր կարոտը, ուրախ էին, որ հայրը հեծանիվ էր բերելու, և այսպես ուրախությունը զգայուն դարձավ իրենց տխրության հանդեպ։ Կառամատույցին նետած կիսատ ծխախոտը մխում էր դեռ։ Մաշված ճամպրուկի պարունակությունն այդպես էլ գաղտնիք մնաց։
Հայրը վերադարձավ անսպասելի` հագին զինվորական համազգեստ, ուսին՝ ինքնաձիգ։ Հեծանիվ չէր բերել։ Առաջին անգամ էին մորուքով տեսնում. մի տեսակ խորթ էր դարձել, հայրը չէր, բայց հայրն էր։ Նստեցրեց ծնկներին։ Զինվորական տաքացած հագուստի ու քրտինքի հոտ, մորուքը ծակծկում էր, և ծնկին նստած՝ մի տեսակ անհարմար էր։ Գլխարկը դրեց եղբոր գլխին, երևի, որ եղբայրն էր սիրում իր կոշիկների ու վերնաշապիկների մեջ մտնել, գերանդին բռնել, կամ հիշեց, որ ճամպրուկը նա էր տարել։ Ո՞նց էր հայրը տարբերում իրենց։ Մեկական փամփուշտ նվիրեց։ Իսկական փամփուշտներ։ Հետո թույլ տվեց, որ զննեն ինքնաձիգը, ուզում էր նորից ընտելացնել իրենց։ Մինչ այդ խաղալիք ինքնաձիգներ էին բռնել միայն, որ անհամեմատ թեթև էին։ Հոր ինքնաձիգը ծանր էր՝ անսպասելի ծանր, նույնն էր, թե խաղալիք գնացքն իսկական գնացքի ծանրություն ունենար, փոքրիկ խաղալիք գնացքը` իսկական գնացքի ծանրություն։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երկվորյակների արևը հոդվածը նաև Վիքիպեդիայում: