Jump to content

Սայաթ-Նովա

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Արութին Սայաթյանից)

Սայաթ-Նովա (Արութին Սայադյան, հունիսի 14, 1722սեպտեմբերի 22, 1795), հայ բանաստեղծ և աշուղ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե[1]։
  • Դուն էն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի անի[2]։
  • Ամեն մարթ չի կանա խըմե՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է[3]։
  • Սերըն սեր կու բերե[3]։
  • Աշխարհումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա,
Անմահական ջըրով լիքն ոսկե փընջան իս ինձ ամա[3]։

Քաղվածքներ Սայաթ-Նովայի մասին

[խմբագրել]
  • Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։
Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց[4]։
Հովհաննես Թումանյան
  • Երբ խարույկ են վառում, որոշ ժամանակից հետո բոցը հանգչում է, վառվող ածխափայտերը ծածկվում են մոխրի բարակ շերտով, և խարույկի կենտրոնում՝ ինչ-որ տեղ, աննշմարելի կերպով հուրհրում է բոցը, որն ասես վազվզում է ածխափայտերի վրայով, թռչկոտում։ Դա շատ թեթև բոց է, նրա գույնն էլ մի տեսակ արտասովոր է, թեթև։ Այդպիսի բոցով է վառվում Սայաթ-Նովայի պոեզիան[5]։
Համո Սահյան
  • Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն[4]։
Գ. Ախվերդյան
Սայաթ-Նովա, գործ՝ Վրույր Գալստյանի
  • Մենք նրանցից սովորում ենք ամենադժվար գիտությունը՝ ազնվորեն ապրելը, և դժվարագույն արվեստը՝ բոլորանվեր սիրելը։
Սայաթ-Նովան քայլող ազնվություն էր՝ իր հայրենի Սևանի պես, և նրա հոգսը սրընթաց ու մաքրահատակ էր՝ իր հայրենի Ազատ գետի նման։
Սայաթ-Նովան սոսկական բանաստեղծ չէ, այլ սահմանագծային բանաստեղծ։
  • ...Այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովուրդների գրականության մեջ։ Ոչ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի ու ապրող, կարդացվող ու երգվող։
  • Իր թիկունքով նա կանգնած է դեպի այ բազմադարյան անցյալը, որի մեջ են մխված իր արմատները։
Իսկ իր դեմքով տրտմության մեջ էր. մշտապես պայծառ իր դեմքով նա նայում էր մեզ։ Ուստի և նա ավելի նոր ժամանակինն է, քան հնինը։ Նորինն է՝ իր լեզվով, որ պիտի ծնունդ տար հայոց գրական նոր լեզվին։ Նորինն է՝ իր մտածողությամբ, որի մեջ ոչինչ չկա միջնադարյան։ Նորինն է իր մեծ սրտով, որ ունի ժամանակակից տրոփ, իր անտակ հոգով, որ ունի արդիական խորություններ, իր արդարախոս բերանով, որ կարող է ծառայել այսօրին էլ իր իմաստուն ուսուցչությամբ[4]։
Պարույր Սևակ
  • Սեր, մահ, երազանք, տենչեր, վիշտ, թախիծ, տիեզերական վիշտ, արևելյան երաժշտություն՝ հայկական անհատականության միջով անցած, հայկական մշակույթի միջով անցած... Արևելքը՝ հայկական բեկումով...
Նայել է՝ աշխարհը մի պատուհան է։ Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...[5]:
  • ...Նա կանգնել է մեր զարգացման ճանապարհի հանգույցներից մեկի գլխին և իր քնարով ներշնչում է մեզ «աղքատ սիրել, գիր սիրել»։ Նա մեր մթնոլորտն է, մեր սերը, մեզ ուրախություն ու թախիծ տվողը... Մեզ հետ է միշտ՝ մեր ուրախության ու վշտի պահերին։
Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից[5]։
Ավետիք Իսահակյան
  • Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է[5]։
Մարիետա Շահինյան
  • Նա մտավ համաշխարհային բանաստեղծների շարքը՝ որպես մի անկրկնելի ժողովրդական աշուղ։
Սայաթ-Նովան... որպես մեծ, ոչ մտացածին զգացմունքների երգիչ, գովաբանեց մարդկային գեղեցկությունը և մտածեց թեև ձգտումներով ապրող և շահերի ու արքաների քմահաճություններին ոչ ենթակա մարդու մասին[5]։
  • Սայաթ-Նովայի բանաստեղծություններն առաջին անգամ կարդալիս կամ լսելիս պոետն ընկալում է որպես ձևի վիրտուոզ և դառն ու քաղցր սիրո երգիչ։ Իսկապես, նրա երգերը ամենից ավելի խոսում են սիրո մասին, բայց երբ ուշիուշով ու խորանալով ես կարդում, քո առջև կանգնում է մեծատառով գրվող Մարդը...[6]
Վերա Զվյագինցևա
  • Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին[6]։
  • Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
  • Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ[6]։
Վալերի Բրյուսով
  • Կարելի է ապշել Սայաթ-Նովայի ոչ միայն բանաստեղծական ձիրքի, այլև այդ ձիրքի դրսևորման հմտության վրա։ Դրանով էլ է Սայաթ-Նովան բարձրանում իր և հետագա ժամանակների աշուղներից ու բանաստեղծներից և ձեռք մեկնում աշխարհի մեծահռչակ բանաստեղծներին[6]։
Հրաչյա Հովհաննիսյան
  • Սայաթ-Նովան պատկանում է ամբողջ Կովկասին, որովհետև երգել է հավասար կերպով՝ թե՛ հայերեն, թե՛ վրացերեն, թե՛ ադրբեջաներեն[7]։
Գևորգ Բաշինջաղյան
  • Ա՜խ, թե գայիր, քեզ կտայինք՝ փառքի հազար դարեր վրան՝
Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայա՛թ-Նովա[7]։
Հովհաննես Շիրազ
Սայաթ-Նովայի հուշարձանը Երևանում
  • Քանի տարի մեջլիսներում տաղ ես ասել, Սայա՛թ-Նովա,
Քանի տարի դու սրտերի հետ ես խոսել, Սայա՛թ-Նովա.
Կարոտ բլբուլ, ամեն գարուն եկել ես դու վարդերի հետ,
Ու սիրելով, ու սիրվելով՝ մեզ ես հասել, Սայա՛թ-Նովա[7]։
Սիլվա Կապուտիկյան
  • Անմահ երգի շող ու շարբաթ ու ադամանդ այնքան գտար,
Գյոզալների գովքը արիր, ոչ մի գյոզալ քեզ չգթաց,
Ձայնդ հասավ Հինդ ու Հաբաշ, Արաբստան ու Չինմաչին,
Բայց ոչ մի տեղ վառվող վերքիդ դեղ ու դարման դու չգտար[7]։
Համո Սահյան
  • Խաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան։
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան։
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան։
Սիրով մնաց Սայաթ-Նովան։
Հովհաննես Թումանյան
  • Սայաթ-Նովան մոդա չէ, որ ձանձրացնի ու փոխվի... Գեղեցիկ ձևի մեջ մի մշտական հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհի հարազատ շնչի նման խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա...[7]
Հովհաննես Թումանյան
  • Շատ մեծ է Սայաթ-Նովան։ Այսպիսի մեծություններ աշխարհում քիչ են ծնվում։ Հայ ժողովուրդն իրոք կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակով։ Սայաթ-Նովային մեր ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով, բայց ամենամեծ ժառանգությունը, որ թողել է այդ հանճարը, դա նրա անմահ երաժշտությունն է։ Նա իր երգերով կարող է խոսել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ[8]
Մարտիրոս Սարյան
  • Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել ես դու,-
Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վառել ես դու:-
Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայա՛թ-Նովա,-
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՛ նոքար, Սայա՛թ-Նովա։
Եղիշե Չարենց

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 133. 
  2. Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
  3. 3,0 3,1 3,2 Թևավոր Խոսքեր
  4. 4,0 4,1 4,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 10։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 11։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 12։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 13։
  8. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 14։


Տես նաև

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սայաթ-Նովա հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝