Շախմատային նովել
Արտաքին տեսք
«Շախմատային նովել» (գերմ.՝ Schachnovelle), Ստեֆան Ցվայգի 1938-1941 թվականներին գրած նովելն է, որը պատմությունն է ֆաշիստական մենախցում բանտարկված մի մարդու, որ պատահաբար ձեռքն ընկած շախմատային խաղերի ժողովածուի շնորհիվ փրկվում է բթացումից և սեփական անհատականությունը կորցնելու անխուսափելի վտանգից։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սակայն մի՞թե «խաղ» նեղլիկ բնորոշումը վիրավորական չէ շախմատի համար։ Բայց և այնպես, դա ո՛չ գիտություն է, ո՛չ էլ արվեստ, ավելի շուտ ինչ-որ միջին մի բան է, որ պտտվում է այդ երկու հասկացողությունների միջև, ինչպես որ երկրի ու երկնքի միջև պտտվում է Մուհամեդի դագաղը։ Այդ խաղում համատեղվում են ամենահակասական հասկացողությունները. այն և՛ հին է, և՛ հավիտենապես նոր, իր հիմքով մեխանիկական է, բայց հաղթանակ է բերում միայն նրան, ով երևակայություն ունի, նեղ երկրաչափական տարածության մեջ սահմանափակված և միաժամանակ անսահման իր կոմբինացիաներում, անընդհատ զարգացող և միանգամայն անպտուղ, միտք՝ առանց հետևության, մաթեմատիկա՝ առանց արդյունքների, արվեստ՝ առանց ստեղծագործությունների, ճարտարապետություն՝ առանց քարի։ Եվ սակայն, այդ խաղն ավելի լավ է դիմացել ժամանակի փորձությանը, քան մարդկանց բոլոր գրքերն ու ստեղծագործությունները. դա միակ խաղն է, որ պատկանում է բոլոր ժողովուրդներին և բոլոր ժամանակներին, և ոչ մեկին հայտնի չէ այն աստծո անունը, որն այն երկիր է իջեցրել ձանձրույթը փարատելու, միտքը հղկելու, հոգին քաջալերելու համար։
- Ամբողջ կյանքում ինձ հետաքրքրել են մենագարների տարբեր տեսակները, այն մարդկանց, որոնց ուղեղում կա մի եզակի գաղափար, որովհետև որքան նեղ են այն շրջանակները, որոնցով իրեն սահմանափակում է մարդը, որոշակի իմաստով նա այնքան ավելի է մոտենում անսահմանությանը։ Հավանաբար, հենց այդպիսի՝ աշխարհում ամեն ինչի նկատմամբ անտարբեր մարդիկ են, որ համառորեն, ինչպես մրջյունները, ինչ֊որ հատուկ նյութից կառուցում են իրենց սեփական, ոչնչի չնմանվող փոքրիկ աշխարհը, որը նրանց համար տիեզերքի փոքրացված նմանությունն է։
- Մինչ այդ ինձ չէր վիճակվել անվանի շախմատիստների հանդիպել։ Ինչքան ավելի էի ձգտում հասկանալ այդ տիպի մարդկանց, այնքան ավելի անհասկանալի էր թվում ինձ մարդու ուղեղի այդ աշխատանքը, որն ամբողջապես կենտրոնացած է վաթսունչորս սև ու սպիտակ վանդակների բաժանված մի ոչ մեծ տարածության վրա։
- Շախմատը նույնպես, ինչպես սերը, խաղընկեր է պահանջում։
- Խեղճերի համար հպարտությունն անթույլատրելի պերճանք է։
- Ամեն տեղ այդպես է։ Ցանկացած գործում լավագույն մասնագետները միշտ էլ հրաշալի առևտրականներ են լինում։
- Դուք գիտեք, թե ով եմ ես, իսկ ինձ բնավ չի հետաքրքրում, թե ովքեր եք դուք։
- Գրոհե՛ք պաշտպանվելու փոխարեն։
- Մարդու հոգու վրա ամենից ավելի ազդում է մենակությունը։
- Մտքերին էլ ինչ-որ հենարան է պետք, այլապես նրանք կսկսեն անմտորեն պտտվել իրենք իրենց շուրջը։
- Ոչ ոքի չես կարող բացատրել, թե ինչպես է սպանում և ավերում մարդուն միայնությունը, երբ շուրջը միայն դատարկություն է։
- Այն միտքը, թե բառերը կարող են կազմել տողեր, տողերը՝ էջեր, տպագիր թերթեր և, վերջապես, գիրք, գի՛րք, որտեղ կարելի է գտնել և հիշել նոր, ինձ դեռևս անհայտ, հետաքրքիր մտքեր՝ այդ բոլորը գրգռում ու միաժամանակ շշմեցնում էին ինձ։
- Շախմատի հիանալի առանձնահատկությունն այն է, որ միտքը, խստորեն սահմանափակելով իր գործունեության սահմանները, չի հոգնում նույնիսկ շատ ուժեղ լարվածության տակ, ընդհակառակը, նրա էներգիան մեծանում է, դառնում ավելի ճկուն։
- Շախմատում, որպես զուտ բանական խաղում, ուր բացառված է պատահականությունը, ինքն իր դեմ խաղալն անհեթեթություն է։ Ըստ էության շախմատի գլխավոր հմայքն էլ հենց այն է առաջին հերթին, որ խաղի ստրատեգիան զարգանում է երկու տարբեր մարդկանց ուղեղներում միաժամանակ, ըստ որում նրանցից ամեն մեկն ընտրում է սեփական ճանապարհը
- Ըստ երևույթին ինչ-որ խորհրդավոր ուժեր կարգավորում են մարդու ուղեղի գործունեությունը և մեքենաբար ջնջում հոգու համար վտանգավոր հիշողությունները։
- Մտամոլության ենթարկված մարդու համար միշտ էլ մնում է կրկնության վտանգը։
- Խաղի ողջ իմաստն ու բովանդակությունը հենց խաղի մեջ է։
- Անկասկած, մարտերում կոփված այդ ստրատեգը վաղուց արդեն հասկացել էր, որ իր դանդաղկոտությունը հոգնեցնում ու գրգռում է հակառակորդին։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Jens Ahlers: Landesweit. Neuerwerbungen der Landesgeschichtlichen Sammlung aus 25 Jahren. Exhibition catalogue. Schleswig-Holsteinische Landesbibliothek. Kiel 2009. ISBN 978-3-941713-03-1
Աղբյուրներ
[խմբագրել]- Շախմատային նովել / Ս. Ցվայգ ; Թարգմ.՝ Լ. Հախվերդյան, Լ. Պողոսյան ; Կազմ.՝ Օ. Պապոյան; Նկ.՝ Վ. Մանդակունի. - Երևան ։ Լույս , 1986. - 207 էջ։