Գոյա
Արտաքին տեսք
Գոյա, Լիոն Ֆոյխտվանգերի վեպը` նվիրված իսպանական դպրոցի մեծ նկարիչներից մեկի` Գոյայի կյանքին ու գործունեությանը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նա նայում էր նկարին։ Լավ նկար էր։ Նա հասել էր իր ուզածին։ Կինը նկարի վրա նույնն է, ինչ կյանքում. նրանից առկայծում է լույսը. ինքը բռնել է այն անորսալին, որ կա նրա մեջ։ Սա նրա լույսն է, նրա օդը, նրա աշխարհը, ինչպես ինքը տեսնում է նրան։
- Ֆրանսիսկո Գոյան նկարել էր իսպանական համարյա բոլոր հարյուրտասնինը գրանդներին։ Նա գիտեր նրանց մեղքերը, նրանց մարդկային թուլությունները և նրանց հետ վարվում էր ինչպես հավասարների հետ, բայց և այնպես այժմ Մոնկլոայի ճանապարհին դքսուհի Ալբայի մոտ գնալիս նրան համակել էր այնպիսի մի երկչոտություն, որը նա զգացել էր մի ժամանակ, երբ դեռ փոքրիկ տղա էր։
- Եվ ահա թագավորը, թագուհին և արքայազունները շարք Էին կազմել, իսկ նրանց դիմաց կանգնել էր Գոյան։ Նա նայում էր, և նրա աչքերն անսանձ ագահությամբ քաշում ու ներծծում էին նրանց։ Նա երկար ժամանակ դիտում էր նրանց քննախույզ հայացքով։ Դահլիճում լռություն էր, և այն, ինչ տեղի էր ունենում այստեղ, այն, որ հպատակը այդպես երկար ու սևեռուն դիտում էր թագավորին ու նրա ընտանիքին, շքախմբին, թվում էր անպատշաճ, անթույլատրելի, հանդգնություն, ըմբոստություն։ Բացի այս բոլորից, Գոյան, նա ինքն էլ չէր կարող ասել ինչու, հակառակ էթիկետի և հակառակ հենց իր սովորության, բանվորական բլուզով էր[1]։
- Մարդկությունը հոգնել էր առավել կարճ ժամանակամիջոցում նոր կարգեր ստեղծելու բուռն ջանքերից։ Մեծագույն լարումի գնով ժողովուրդները ջանում էին հասարակական ու մասնավոր կյանքը ենթարկել բանականության հրամանին։ Հիմա նյարդերը չէին դիմանում, բանականության կուրացուցիչ պայծառ լույսից մարդիկ փախչում էին դեպի ետ, դեպի զգացմունքների աղջամուջը։ Ամբողջ աշխարհում նորից փառաբանվում էին հին, հետադիմական գաղափարները։ մտքի սառնությունից բոլորը փախչում էին դեպի հավատի, բարեպաշտության զգայականության ջերմությունը։ Շտապում էին ազատության բերած փոթորիկներից թաքնվել ճանաչված հեղինակությունների ու հնազանդության խաղաղ նավահանգստում։
- Հրապարակում երևաց մի կույր երգչուհի։ Մադրիդը հավատում էր կույրերին, խիստ շատերն էին կույր ձևանում, որպեսզի ավելի հեշտությամբ մտնեն ուրիշների գրպանները կամ լավագույն դեպքում խղճահարություն հարուցեն։ Մադրիդի բնակիչները սովորաբար կծու ծաղրում էին կույրերին` և' տեսնողներին, և' չտեսնողներին։ Գոյան շատ անգամ էր մասնակցել այդպիսի ծաղրի։ Բայց հիմա, կույրին տեսնելով, ցավագին զգաց իր. խլությունը։
- Երկար ժամանակ նա կարծում էր, թե անցյալը, չօգտագործվողը մեռյալ է, թե մնացել է միայն պալատական Գոյան։ Բայց այն ժամանակից վեր, երբ խլացավ, այն ժամանակից, երբ այդքան երկար ճանապարհ անցավ ջորեպան Քիլի հետ, սկսեց նկատել, որ հինը դեռ ապրում է իր մեջ, և դա ուրախացնում էր նրան։ Հիմա նա ուրիշ մարդ էր, նոր մարդ. շատ բան է սովորել գյուղացիների ու քաղաքացիների, պալատականների, սպասավորների և ուրվականների հետ շփվելով։
- Բոլոր մարդիկ են այդպես, այդպես է և նա ինքը։ Նա կարող է բարձրանալ մինչև երկնքի անաղարտ բարձունքը և խրվել կեղտոտ խորխորատը։ Նա մաքուր, պայծառ հրճվանք է ապրել ներկերի կախարդական ներդաշնակության առաջ և իսկույն էլ մի կողմ նետել վրձինը նույնիսկ առանց լվանալու։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Լիոն Ֆոյխտվանգեր, Գոյա, Երևան, 1989թ.