Գրիգոր Նարեկացի
Արտաքին տեսք
Գրիգոր Նարեկացի (951—1003), հայ միջնադարյան հոգևորական, գրող-բանաստեղծ, փիլիսոփա։
Քաղվածքներ
[խմբագրել]- Վա՜յ, երկու ճամբաներու մէջտեղ շուարած մեղաւորիս[1]։
- Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից։
Ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային։
- «Տաղ Վարդավառի» (պարունակում է բաղաձայնույթ)[2]
- Շուշանն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգականն․․․
Շուշանն շաղով լցեալ,
Շող-շաղով և շար մարգարտով․․․
- «Տաղ Վարդավառի» (պարունակում է բաղաձայնույթ)
- Աչքն ծով ի ծոց ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն․․․
- «Տաղ Ծննդյան» (պարունակում է բաղաձայնույթ)
Քաղվածքներ Նարեկացու մասին
[խմբագրել]- Հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո հետ երես առ երես[3]։
- Այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք[3]։
- Ռուս կամ այլ ազգի գրասերը, ծանոթանալով Նարեկացու պոեզիայի միայն մի փոքրիկ հատվածի թարգմանությանը («Մատյան ողբերգության»)՝ վիթխարի հանքաշերտից պոկված ու հեռուներ տարած փոքրիկ այդ բեկորին, հիացմունքից քար է կտրում ու զարմանում, որ Հայաստանում, ահա 1000 տարի, ժամանակի ու տարածության հաստ շերտերի տակ ծածկված, հանգչում է մի այնպիսի անհավանական հարստություն, մարդկային մտքի ու հոգու մի այնպիսի տիտան[3]։
- Նարեկը ալեկոծություն մըն է, հոգեկան վրդով մրրիկ մը և ալեկոծություն մը՝ ուր բառերն ու կշռույթները ալիքներու բախումին չափակցությունը՝ անոնց ինքնակործման շաչումները՝ անոնց իրարահալած խաղացքն ու անկումներն ունին[3]։
- Նարեկացին Աստված տեսած է... Այո՛, Աստված երևացած է անոր։ Այրի մը մեջ, մենավորիկ աղոթած ատենը...[3]
- Իր մանրամասնություններում ու ամբողջական ներկայացումին մեջ ալ՝ այնքան հուժկու և իրախնդիր, որ նմանությունը հրաշալի կերպով կ'անձնացնե[3]։
- Մինչև այսօր էլ նրա աղոթագիրքը լայնորեն տարածված է հայ ժողովրդի մեջ և կոչվոմ է պարզապես «Նարեկ»։ Այդ տաղերի մեջ իրար են միանում հոգեկան ոգեշնչումն ու բանաստեղծական իսկական ոգևորությունը, և Գրիգորի շատ այլաբանություններ մնում են սքանչելի՝ անկախ իրենց աստվածաբանական մեկնությունից։ Գրիգորն ստեղծեց բանաստեղծների մի ամբողջ դպրոց, որը կոչվում է Նարեկի, և որի ստեղծագործությունները մասամբ պահպանվել են «Շարական» ժողովածուի մեջ, իսկ սրա վերջնական խմբագրությունը վերաբերում է արդեն հաջորդ շրջանին և որը շատ տեսակետներից ավետաբերն էր քնարական ստեղծագործության ծաղկման այն բացառիկ հարստության, որով նշանավորված է միջին դարերի վերջի հայ գրականությունը[4]։
- Կրակոտ հոգի ուներ Նարեկ։ Զարմանալի լեզու է գործածել նա։ Նա ուներ ազատություն։ Արվեստը չափ է։ Եթե չափ չունես, կփչանաս[5]։
- Անոր պես լեզու, ահագին գրություն, ահագին պահանջարկ։ Որևէ մարդ չմոռնար անոր գրություն։ Նարեկացին հոգ չէ, թե ժողովրդական ձևով չէ, մեզի ահագին կարևոր բանաստեղծ մըն է։ Եվ ես շատ կսիրեմ, թե յուր ամբողջ ուժեր տվավ մոտենալ Աստծո։ Մոտենալ Աստծո, ըսել է մոտենալ, ձգտել մարդ ըլլալ։ Բայց այնչափ կրակ կար յուր հոգիի մեջ, այնչափ փափագ, որ յուր լեզու, յուր գրություն զորացան և եղավ բան մը, որ մենք ուզենք-չուզենք պիտի ուրախանանք, հպարտ զգանք, թե այդ տեսակ մեկ մը ունինք։ Եվ ուրիշներ ալ ունին։ Բայց անի ահագին անձ մըն է մարդկանց պատմության մեջ։ Մենք բախտավոր ենք, որ ունենք Նարեկ[5]։
- Նարեկացին, որ կգրե, խոսք կգտնե։ Ատ խոսք անոր միտք չի լմնցուցեր։ Անի ուրիշ զորավոր խոսք մը կուզե ու կերթա, կերթա... Կուզե յուր միտք բռնվի խոսքին մեջ ու նորեն կերթա[5]։
- ...Ժողովուրդը զանիկա «հրեշտակական» կոչած է, ու անոր գիրքը իրեն համար դարերու ընթացքին, աղոթքի մատյանե ավելի բան մը, հրաշքի աղբյուր մը դարձած է. ամենեն թաքուն ախտերու բուժիչը, փորձությանց դեմ էն ուժով վահանը, և այն հզոր խոսքը, որմե դևերը ահաբեկ կհալածվին...[5]
- Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված ու հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության պես արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել...[6]
- Հայ բանաստեղծներից առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր մեծերի մեջ մեծագույնը։
- Միայն մի քանի տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը, բայց նա կերտեց նաև «Մատյանը», որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես[7]։
- Բոլորը խոսում են նրա մասին, ինչպես Դանթեի և Շեքսպիրի մասին են խոսում, առաջին, որ անթարգմանելի է, երկրորդ, որ անսպառ է։ Եվ Նարեկացու անունը ինձ համար սկսեց հնչել որպես կախարդանք։ Նրա մոտ ամեն ինչ հսկայական է, ամեն ինչ տիեզերքի ու հոգու չափով, որովհետև հոգին ընդգրկում է տիեզերքը[7]։
- Կյանքը և մահը, ահա Նարեկացու բանաստեղծական դրամայի երկու հերոսները։ Ինքը այդ երկուսի արանքում է։ Հանճարի մատները նա դնում էր մարդու և մարդկության վերքերի վրա[7]։
- Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում, պոեմ, որ նման է փիլիսոփայական խարհրդածությունների մի փառահեղ տաճարի[7]։
- Նարեկացին մեծ է. նրան պետք է թարգմանել աշխարհի բոլոր լեզուներով։ Նարեկացին սյուն է, որը Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք է պահում։ Այս աշխարհում Նարեկացին հայերի համար հսկայական տարածություն կստեղծի։ Թարգմանելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Նա Արարատ է. սովորական ալպինիստի չի հանձնվի[7]։
- Եվ որքան շատ էի կարդում, այնքան բռնվում էր շունչս։ Վրա էր հասել կյանքի այն երջանիկ պահերից մեկը, երբ կախարդվում ես ու հպարտանում մարդկային հանճարով[8]։
- Մարդկային և աստվածային փոխադարձ կապը Նարեկացու պոեզիայում կորցրել է իր աստվածաբանական բնույթը։ Նա փառաբանել է խելացի կամքն ու լուսավոր խիղճը այն մարդու, որը չի ցանկանում ճնշվել ինչ-որ ամենակարող, չգիտակցված ուժերից[8]։
- Նարեկացին համաշխարհային գրականության մեջ մարդկայնորեն դրականի ու կատարյալի մեծ երգիչներից է[8]։
- Նախնի մատենագիրը /Նարեկացին/ գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը, գիտեր ծիծաղախիտ ժպտեցնել բառերը. «Աչքն ծով ի ծիծաղախիտ ծավալանայր...»[8]։
- Մենք՝ իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այնպիսի մեկը, անունը՝ Գրիգոր Նարեկացի։
- Նա նման չէ նույնիսկ... Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է։
- Նա նման է... հորիզոնի. որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող։ Ուստի և իր հանդեպ մշտարծարծվող մեր զգացմունքը հար և նման է իր զգացմունքին առ Աստված. «Հետապնդում եմ ու չեմ հասնում»[8]։
- «Մատյանը» մի սքանչելի կոթող է՝ բարձրացված Նարեկի վանքի մեծ տեսանողի կողմից։ Այն անժամանց, բոլոր հետագա ժամանակներին հասցեագրված մի ստեղծագործություն է[8]։
- «Մատյան ողբերգությունը» հրաբխի ժայթքում է... Ասես ընկնում ես հրաշեկ լավայի հեղեղի մեջ, որ թավալվում է քարեղեն լանջով։ Նա քեզ տանում է, պտտում, շպրտում դեն, և քեզ մնում է ենթարկվել նրա հոսանքին, որ մինչև վերջ չմոխրացնի քեզ[9]։
- Վլ. Ռոզով
- Նարեկացու այդ վիթխարի ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» պոեմի գլուխները թարգմանության մեջ անգամ հզոր են հնչում, այնպիսի ուժով ու այնքան լուրջ, որ ակամա սկսում ես համեմատել Բախի հետ, հիշում նրա ստեղծագործությունների կատարումը փառահեղ տաճարներում[9]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Նիկողոս Թահմիզյան (1982). Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում. Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 5։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 5-6։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 6։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 6-7։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 7:
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 8։
- ↑ 9,0 9,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 9։