Նավը լեռան վրա
Արտաքին տեսք
«Նավը լեռան վրա», Կոստան Զարյանի վեպերից։ Առաջին անգամ լույս է տեսել Բոստոնում, 1943 թվականին[1]։ Հետագայում վեպը վերամշակվել է կոմունիստական գրաքննության կողմից և 1963 թվականին աղավաղված հրատարակվել Երևանում[2]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այն, ինչ դու անվանում ես մենակություն՝ կյանքը իսկ է։ Մենք մենակ չենք՝ մենք մենակություն ենք։ Իսկ մենակությունը ամբողջություն է։ Ինչքան նա լերկացած լինի արտաքին աշխարհից, այնքան կատարյալ է։
- Բա՛ց սրտիդ դուռը վշտիդ առջև և ընդունիր նրան խոնարհությամբ, ինչպես վայել է կորովի մարդկանց։ Վիշտը, որ թափվում է երեսիդ վրա, ձեռքերիդ վրա, ինչպես անցնող ամպի միջից լույսը, նախանշան է մեծ դեպքերի, որոնք պատրաստվում են քո ներսում։ Այդ նշանակում է, որ կյանքը քեզ չի մոռացել, որովհետև վիշտը և չարչարանքը և մահը բուն կյանքի էությունն են, նրա գոյության և նրա գոյանալու ամենակատարյալ զենքերը։
- Միայն դժվարության բովից անցնելով է, որ կարելի է հասնել ներքին հարստության և ներքին անկախության։
- Սերը դժվարին է։
- Որովհետև սերը էության էությունն է։ Սերը վերջին և կատարյալ մենակությունն է. նա ոչ տալ է և ոչ միություն է, այլ վշտերով ցանված դաշտ է, որի միջից մարդ անցնում է ինքը իրեն հետ հանդիպելու համար։
- Ջահել սրտերը սպասել չեն իմանում։ Նրանք խենթանում են ուրիշի սիրո համար և կորցնում են իրենց և այդ ուրիշին։ Սրտերը այրվում են, իսկ հոգիները պատրաստ չեն։
- Սերը ոչ տալ է և ոչ առնել է. սերը ամբողջովին լինել է։ Նա մահ է և կյանք է և այնքան է մեծ, որ մեր մարմինը նրան չի հասնում։ Նրան հասնում է մեր հոգին, երբ պատրաստ է։ Իսկ քանի՞ հոգիներ կան, որ պատրաստ են։
- Սերը գոյանալու համար պետք ունի երկու մենակությունների, որոնք մեկը մյուսին ամբողջացնում են, սահմանում, մեկը մյուսի առջև խոնարհում։
- Եթե այդ մյուս մենակությունը, որին դու անհամբեր սպասում էիր, քեզ ընդառաջ չի գալիս` թող լինի այդպես։ Ակա՛նջ դիր. լսի՛ր լռության մեջ այցելող անհայտին և թող մարմնիդ հետ նա լինի մարմին և հոգուդ հետ հոգի։
- Եղիր մենակ և հետևիր կյանքիդ մինչև վերջ։
- Ի՜նչ տարօրինակ բան է կյանքը։ Մարդը ապրում է այնպես՝ կարծես ամեն ինչ անվերջ է, հավիտենական։Ապրում է առանց հավատալու մահին։ Առանց հավատալու այն ուժերին, որոնք աշխարհի չորս կողմից եկած քամիների նման, երկնքի մի որոշ ծայրում համախմբվում են, հսկայական հոսանքներ կազմում և կուրորեն հարձակվում խաղաղ պառկած երկրամասերի վրա։ Մարդ այդ չի տեսնում։ Սահում է նախօրոք դարսված երկաթագծերի վրայից․ թաշկինակը հանում բարև է տալիս լինելիության տեսարաններին, մինչև ահա՝ տեսարանները տակնուվրա են եղել, երկիրները ցնցվել են, պառվել, բաց արել խորխորատներ։
- Իսկական մարդը պետք է հնարի իր ուժերին համապատասխան դեպքեր։ Ներքին իմաստով լուսավորի իր օրերը։ Մշտապես ծարավ լինի իր ուժերով և ծարավ լինի իր հոգու խորքում երգող կյանքով։ Լինի իր էության ամբողջ էությունով։
- Այն ինչից զրկված են ՝ միշտ էլ դրախտի մի կտոր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Կոստան Զարյան, Երկեր, Լիտոպեդիա հանրագիտարան
- ↑ «Մենք և ժամանակը», 16.07.2015 թողարկում
Աղբյուրներ
[խմբագրել]- Նավը լեռան վրա (վեպ), Երևան, տպարան «Փրինթինֆո», 2015, 777 էջ։ Մեջբերումներն արված են Երևանի հրատարակությունից, որը, սակայն, դասական ուղղագրությամբ է լույս տեսել։