Ճերմակ գառների ամառը
Արտաքին տեսք
Ճերմակ գառների ամառը, Վահե Պողոսյանի վիպակը (1985)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդկային ուժը սահման չունի, այն անսպառ է:
- Եթե կարողացար կենտրոնացնել ուժդ, եթե կարողացար ի հայտ բերել բոլոր թաքնված հնարավորություններդ, եթե այդ բոլորը կարողացար կենտրոնացնել ու ենթարկել կամքիդ, մերկ ձեռքերով առյուծին անգամ կպատառոտես։
- Այդ մարդու կյանքի ամբողջ իմաստը փողն է, մեքենաները, ռեստորանները և ուրիշների կանայք։ Այդ մարդը կյանքում ոչ մի անգամ գլուխը չի բարձրացրել աստղերի նայելու համար։ Համոզված եմ, որ քեֆերի գնալիս էլ, երբ փռվել, թավալվել է խոտերի մեջ, շուրջը եղած ծաղիկների, թիթեռների գեղեցկությունը չի տեսել։ Այդպիսի մարդկանց համար ծաղիկը խոտ է, թիթեռը` միջատ։
- Այդպիսի մարդիկ ոչ մի անգամ չեն հետաքրքրվում` ինչ բան է տիեզերքը, որտեղի՞ց այդքան շատ ջրերը օվկիանոսներում, նրանց չի հետաքրքրում` ինչպես է, որ մարդը նախազգացումներ է ունենում, որ թիկունքով կանգնածը հանկարծ զգում է ուրիշ մեկի հայացքը իր վրա։ Կամ հրաշք չէ՞, որ ծառերի մերկ ճյուղերի միջով բարձրանալով սովորական ջուրը մեկի վրա թութ է դառնում, մյուսի վրա` ընկույզ, մեկ ուրիշի վրա` նուռ, որի հատիկներն այնքան կատարյալ շարված են կողք-կողքի, շերտերը իրարից բաժանված միջնորմներով և այդ անթերի կրկնվում է աշխարհի բոլոր նռների մեջ։
- Ասված է, չէ՞, որ աստված բոլոր կենդանիներին ստեղծելով նրանց բաժանեց երկու մասի` ասուն և անասուն։ Ասուն, այսինքն խոսող և բանական։ Այսինքն մարդ, որ արարի, որ եղածի վրա մի բան ավելացնի։ Որ տարբերվի միայն իր փորի մասին մտածող անասունից, որ նկատի ժայռից թափվող ջրվեժի գեղեցկությունը, հմայվի, հոգեկան բերկրանք ապրի և այդ զգացումը նրա համար ավելի թանկ լինի, քան համեղ պատառ ծամելու զգացողությունը։
- Դրա տիպի մարդկանց համար ջրվեժը ժայռից թափվող ջուր է, որի միակ օգուտն այն է, որ տակը կարելի է մեքենա լվանալ։
- Եթե նախապես նրանց ասող չլինի, որ ջրվեժը գեղեցիկ է, իրենք երբեք չեն նկատի։ Իսկ երբ բոլորն ասեն, որ հրաշք է, դրանք փոխանակ փորձելու ընկալել այդ գեղեցկությունը, կաշխատեն փողով գնել այն, տանել, պահել իրենց տանը, որ միայն իրենցը լինի, սեփականը, որպեսզի ուրիշներին ցույց տան ու հպարտանան։ Այդպիսի մարդկանց համար կա միայն նյութականը, հոգեկանը չկա։
- Նյութականն էլ կարևոր է, պիտի ուտես, հագնես։ Երեխաներիդ էլ պիտի կերակրես, որ մեծանան։ Բայց չէ որ մարդը մարդու կոչմանը հասնում է իր հոգևոր կատարելությամբ։ Առօրյա հոգսերի մեջ թաղված երբեմն պիտի նաև երկնքի կապույտին նայես, պիտի կարողանաս տեսնել մայրամուտի գույները։ Երեխաներիդ միայն սև խավիարով չէ, պիտի նաև հոգեկան սննդով կերակրես, որ մարդ-գազան չդառնան։ Չէ՞ որ ֆաշիզմը, երիտթուրքերի բարբարոսությունները հոգեկան սննդի պակասից առաջացան։
- Մարդը պետք է կարողանա նայել իր հոգու խորքերը, կարողանա գտնել իր կյանքի իմաստը։ Պիտի կարողանաս զսպել իր մեջ եղած անասնականը, հոգու մեջ փնտրի, գտնի, վեր հանի բարին։ Մարդը չպետք է մոռանա, որ բնությունն իրեն կատարյալ ստեղծելով, իր վրա նաև բարոյական պարտք է դրել և մահից առաջ ինքը պարտավոր է հաշվետու լինել` ինչու՞ եկավ, ինչո՞ւ է գնում։ Իր գալով ինչը փոխվեց աշխարհի վրա, ինչ մի շյուղ ավելացրեց եղածին, կամ ինչը ոտքերի տակ կոխկրտեց...
- Ի՞նչ կլինի աշխարհի վիճակը, եթե բոլորը քաղքենիներ ու ընչաքաղցներ դառնան։ Ախր մարդիկ կուտեն իրար։ Ո՞վ կտեսնի աշխարհի գեղեցկությունը, որ կտավին հանձնի։ Ո՞վ բնության և մարդու ներդաշնակությունը երաժշտության կվերածի։ Ո՞վ կվարի հողը, որ հաց արարի բոլորի համար։ Ո՞վ մյուսի պատառը խլելու փոխարեն գիշերներն անքուն կմնա, որ փրկի հիվանդի կյանքը։
- Առաջ գնալու համար պասիվ ջանասիրությունը քիչ է, առավոտից գիշեր, շաբաթ, կիրակի օրերն էլ հետը տված հանձնարարությունները տեղը տեղին կատարելն էլ քիչ է։ Այդպես բոլորն են անում։ Կարևորը տված հանձնարարությունները կատարելու ձևն ու որակն է, որ պետք է էապես տարբերվի մյուսների նույնատիպ հանձնարարությունների կատարումից, որպեսզի արտասովորությամբ ու հնարավոր հնարամտությամբ քեզ քաշի, դուրս հանի ընդհանուր գորշ մակարդակից, քեզ վրա հրավիրի պետերիդ ու դրանց պետերի ուշադրությունը։
- Ինչքան կարող ես վեր բարձրացիր,- ասում էր պապը` Հաբեթը,- ձգտիր քեզնից վերևներին, որպեսզի նրանք քեզ վեր բարձրացնեն։ Քեզնից ներքև կանգնածներին ձեռք մի մեկնիր, որովհետև որքան դու նրանց վեր բարձրացնես, այնքան նրանք քեզ կքաշեն ու ոտքդ քարին կառնի...
- Քեզնից վերև կանգնածներին քար մի գցիր,- ասում էր Հաբեթ պապը,- նետածդ քարը ցած կընկնի ու կկոտրի գլուխդ։
- Եթե այդպես ազնիվ ու բարձր չափանիշներով դատելու լինենք բոլորի մասին, կնշանակի այլևս ոչ մի անկարգություն, գողություն, սպանություն չպետք է լինի։ Ցավոք սրտի, դրանք դեռևս կան և իրենց` այսինքն օրենքի պաշտպանների գործը դժվարանում է հենց նրանով, որ հանցանք կատարող մարդիկ արտաքուստ, ինչպես նաև իրենց նիստ ու կացով մյուս մարդկանցից էապես չեն տարբերվում, որովհետև ճակատներին մյուսներից տարբերվող նշաններ չունեն, որպեսզի կարողանան հենց այն գլխից դրանց առանձնացնել ամբողջ հասարակությունից, փակել մի տեղ և ասեն. հոշոտեք իրար, որքան ուզում եք, իսկ մյուսներին` ազնիվ մարդկանց, մի խանգարեք նորմալ ու խաղաղ ապրել։
- Սրանք ախր 60-ական թվականների աշակերտներն են, սրանք դպրոցում դեռ մաքուր էին։ Ո՞նց եղավ, որ այսպիսին դարձան և նոր եկող սերունդն էլ տարան իրենց ետևից։ Որն է սրանց ուսմունքի առավելությունը, որ Մակարենկոն ու Կամենսկին դրա հանդեպ անզոր եղան։ Եվ ոչ միայն աշակերտներին տարան իրենց ետևից, այլև` այսօրվա ուսուցիչների մի մասին։ Նրանց, որոնք ուսուցիչ են աշխատում ոչ թե նրա համար, որ մանկավարժ են, որ սիրում են երեխաներին, որ նրանց տալու բան ունեն, այլ նրանց` ովքեր ուսուցիչ են աշխատում, որովհետև ավելի հարմար աշխատանք չեն ճարել և մի կերպ յոլա են տանում դասաժամի քառասունհինգ րոպեները, որպեսզի մնացած ամբողջ ժամանակը գանգատվեն աշակերտներից, դպրոցից ու աշխարհից և հարմար գործ փնտրեն։
Աղբյուրներ
[խմբագրել]- Վահե Պողոսյան, Ճերմակ գառների ամառը, Երևան, 1985: