Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, ՀԽՍՀ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, եղել է թիմի ավագը։ Հանդես է եկել գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան[1]։ Այժմ խաղում է Միլանի «Ինտերում»։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[2]։ Բազմիցս ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես «Բորուսսիայի» մասնիկ եմ ու երջանիկ եմ։ Ես փորձում եմ ամեն ինչ անել թիմի համար, ու կարծես թե հիմա գործերը լավ են ընթանում, այնպես որ ես երջանիկ եմ։ Փորձում եմ խաղալ այն խաղը, որը բոլորը սպասում են ինձնից։ Կարող եմ ասել, որ այս տարի բախտս էլ է բերում։ Գոլեր եմ խփում, փոխանցումներ կատարում, ուրախ եմ դրա համար։ Ինձ համար դա լավ է, բայց բավարար չէ, այնպես որ պետք է շարունակեմ աշխատել ու առաջ շարժվել։ Փորձելու եմ ավելի շատ խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, քանի որ դա լավ է թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Ես չեմ կարող բավարարվել ձեռք բերածով, պետք է շարունակեմ աշխատել ամեն օր[3]։
- Չգիտեմ, թե այդ գաղափարն ակումբում ինչպես է ծագել։ Բայց ինձ շատ հաճելի է, որ 50 հազարանոց մարզադաշտում ամեն գոլիցս հետո հնչում է «Սուսերով պարը», որովհետև ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին, հայ ժողովրդին։ Ինձ համար դա մեծ պատիվ է[4]։
- Ցանկացած մարդ ունի տաղանդ և պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է։ Եթե ֆուտբոլիստն օժտված է ֆուտբոլային տաղանդով, միայն դրանով չի կարող առաջ գնալ, պիտի կարողանա տաղանդը համատեղել աշխատանքի և նվիրվածության հետ։ Դա նույնն է, որ ինչ-որ նկարիչ լավ նկարի, բայց չգնա նկարչության։ Ամեն մարդ պիտի կարողանա գտնել իր ճիշտ ուղին[5]։
- Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացածի
- Դուք պետք է փորձեք ցույց տալ ձեր լավագույն որակները, այլապես դուք այդտեղ էլ չեք լինի
- Ես երբեք ոչինչ չեմ խոստանում։ Ես միշտ ասում եմ, որ կփորձեմ։ Քանի որ խոստանալուց և չկատարելուց հետո ճնշման տակ ես լինելու
- Ժամանակը, որն անցկացրել եմ հորս հետ, շատ նշանակալի էր ինձ համար, չնայած շատ կարճ էր։ Նրա մահից մեկ տարի անց սկսեցի զբաղվել ֆուտբոլով, նա իմ կուռքն էր։ Ինքս ինձ ասացի, որ պետք է աշխատեմ այնպես, ինչպես աշխատում էր հայրս։ Հավատում եմ, որ խաղն այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն է», արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանը, որ նա ինձ հաղորդեց
- Բավարար չէ տեխնիկապես պատրաստված լինել։ Պետք է սիրտդ տաս ակումբին և գործադրես բոլոր ջանքերը։ Երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հայտնվեմ «Մանչեսթեր Յունայթեդում», և այժմ ոչինչ չի խանգարի ինձ հասնել երազանքիս։ Այն պարզապես ակումբ չէ։ Լինել այդ ակումբի անդամ նշանակում է լինել մեծ պատմության մի մաս
- Պրեմիեր լիգայում ես այլ ֆուտբոլիստ եմ դարձել։ Պայքարում եմ ամեն գնդակի համար ու փորձում անել լավագույնը։ Փորձում եմ խաղադաշտում գիշատիչ լինել։ Սակայն խաղադաշտից դուրս հանգիստ եմ, ոչ մի ագրեսիա չկա
- Պետք է հաղթես յուրաքանչյուր մարտում, հաղթես ամեն մի մետրի վրա։ Միայն այդ դեպքում կարող ես հասնել հաղթանակի
- Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում։ Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, թե այն ինչ ես ասում էի, խելահեղություն էր։ Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին։ Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ
- Ես երբեք չեմ հանձնվում, երբ խոչընդոտների եմ բախվում։ Շարունակում եմ ճանապարհս դեպի իմ կարիերայի նպատակը
- Երբ երազանքները կատարվում են, սկզբում այն չես կարողանում իրական համարել
- Ամենակարևոր մրցումը հաջորդ հանդիպումն է
- Մարտավարությունը ֆուտբոլի մի մասն է, քանի որ խաղադաշտում խաղում են ֆուտբոլիստները
- Մեր կյանքն առանց դժվարությունների ոչինչ չարժե։ Յուրաքանչյուրն իր մեջ պետք է ուժ գտնի, որպեսզի հաղթահարի կյանքի դժվարությունները, և դա վերաբերում է նաև ինձ։ Բայց ինձ համար ՄՅՈւ-ում սկզբնական շրջանում այնքան էլ դժվար չէր, ես գիտեի, որ կարող եմ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Գիտեի, որ վաղ, թե ուշ ստանալու եմ իմ շանսը, ստացա և օգտագործեցի այն։ Շատ էի սպասում իմ շանսին, քրտնաջան աշխատում էի, և ամեն ինչ լավ դասավորվեց
- Ինձ դուր է գալիս դժվարություններ հաղթահարել, քանի որ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում
- Հայ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն այնքան էլ հաճախ չեն ստանում։ Ցանկանում եմ տպավորել երեխաներին, ովքեր հետևում են իմ խաղին
- Ամեն մարդ պետք է գիտակցի, որ կարող է հասնել բարձունքի անկախ նրանից, թե որտեղ է ծնվել։ Բոլորն էլ ունեն սեփական տաղանդն ու իր ժողովրդի մշակույթը ներկայացնելու հնարավորությունը
- Ամեն ինչ ձեզնից է կախված։ Դուք պետք է ձեզ ճիշտ ուղղության վրա դնեք։ Եթե դուք կամակոր եք, ապա ոչնչի չեք հասնի։ Եթե տխրում եք, ձեզ ոչինչ չի օգնի։ Դուք պետք է լավատես լինեք և լավ աշխատեք
- Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել
- Ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես կխաղայի շախմատ։ Դուք պետք է նախ և առաջ երկար մտածեք և կանխատեսեք, թե ինչ կկատարվի առաջին քայլից հետո
- Ես աստղ չեմ։ Աստղերը երկնքում են, ես սովորական մարդ եմ
- Ես չէի ուզում հեռանալ։ Ընտանիքիցս այդքան հեռու գտնվելն ինձ համար իսկական մարտահրավեր էր, բայց միևնույն ժամանակ երազում էի խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկում, լավագույն մարզադաշտերում, լավագույն մրցակիցների դեմ[6]
- Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած առաջին մրցաշրջանում խփեցի 11 գոլ, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս։ Առանց նրանց չէի կարող այսքան գոլ խփել։ Ավելի երջանիկ եմ, որ գոլ խփեցի եզրափակիչում։ Բոլորն անդադար ասում էին, որ պետք է անեմ դա։ «Սելտայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակիչում գոլի հեղինակ դառնալում մասին։ Եվ ես արեցի դա թիմակիցներիս շնորհիվ։ Շատ երջանիկ եմ ու ոգեւորված։ Ասելու շատ բան չունեմ, շատ հաճելի պահ է հիմա։
Քաղվածքներ Մխիթարյանի մասին
[խմբագրել]- Մեր թիմում՝ Մանչեսթեր յունայթեդում, գերազանց ֆուտբոլիստներ շատ կան եւ դա հիանալի է։ Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին։ Նրա հետ հարցեր լուծելը շատ բարդ է։ Նա անկանխատեսելի է, եւ աշխարհում ամեն մի պաշտպան գիտի, թե որքան դժվար է խաղալ այդ ֆուտբոլիստի դեմ։ Իմ բախտը բերել է, որ ես Մխիթարյանի դեմ չեմ խաղում։ Նա միշտ մեկ քայլ առաջ է մտածում եւ գերազանց տեխնիկա ունի։ Դա մեծ առավելություն է մեր թիմի համար։
Միշտ հաճելի է, երբ մարդիկ գիտեն քո ազգանունը և խոսում են եղբորդ մասին։ Նա մեր պարծանքն է՝ թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ։ Նա շատ օրինակելի է իր գործում ու շատ զգայուն մարդ, բայց խղճահարության նշույլ անգամ չունի խաղադաշտում։ Երբեմն նրան անվանում եմ «վարձու մարդասպան»։ Նա միշտ կամ մահացու փոխանցում է անում դեպի դարպասը կամ՝ նպատակային կրակոց։ Ինձ համար, իհարկե, նա իմ կրտսեր եղբայրն է, որի հետ ես կարող եմ խենթություններ անել ու հաճույք ստանալ։ Նա իմ լավագույն ընկերն է[7]։
- Հենոյին դեռ փոքր ժամանակվանից եմ ճանաչում։ Հետո եկավ Բարձրագույն խումբ։ Պատկերացրեք՝ ժամերով էր աճում որպես ֆուտբոլիստ։ Նա աշխատասեր է, իր գործում պրոֆեսիոնալ։ Ճանաչվածությունը նրան չի փոխել։ Նա շատ լավ տղա է, իսկ որպես ֆուտբոլիստ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսին է։ Որպես ֆուտբոլիստ Հենրիխը շատ աշխատասեր ու գրագետ է, իսկ խաղադաշտից դուրս կատակասեր է, անմիջական, կարևորն այն է, որ չի փոխվել, հետաքրքիր մարդ է, ում հետ չես ձանձրանա։ Աշխատասեր է, բարի, օրինակելի մարդ և ֆուտբոլիստ[8]։
- Նման ֆուտբոլիստը իսկական երազանք է։ Նրան մարզելուց հաճույք եմ ստանում։ Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել։ Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ[9]։
- Մենք վեց տարեկանից ճանաչում ենք միմյանց։ Ֆուտբոլային առաջին քայլերը միասին ենք կատարել։ Այս տարիների ընթացքում Հենրիխն ընդհանրապես չի փոխվել, նա նույն մարդն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ ճանաչում ձեռք չէր բերել։ Հենրիխը մնացել է նույն համեստ, խելացի, ընկերասեր տղան։ Նա խաղադաշտում շատ ագրեսիվ ու չզիջող է, իսկ կյանքում՝ համեստ։
- Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։ Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները։ Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս։ Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն։ Կարծում եմ՝ Հենրիխը սիրված անձնավորություն է։ Ցանկացած խաղի նա ցույց է տվել, որ ինքն առաջատար է։ Ցանկացած խաղի ժամանակ օգուտ է տվել թիմին, որպես առաջատար տարել է թիմին իր ետևից՝ թե խոսքերով, թե գործով։
- Այժմ նա գիտի՝ ինչպես թուլանալ, հանգստանալ, որպեսզի ճիշտ ժամանակին կարողանա ամբողջովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ Սակայն նրա բազմազբաղ առօրյայում կա մի կետ, որը Մխիթարյանը երբեք չի շրջանցում։ Անկախ նրանից, թե որքան հոգնած է՝ Մխիթարյանը ժամերով YouTube-ում հետևում է Հայաստանում ընթացող ֆուտբոլային հանդիպումներին։ Նա դա անում է ոչ թե հաճույքի, այլ՝ հավատարմության զգացումից դրդված։ Կապ չունի, թե ով է նա կամ ինչ է դարձել, Մխիթարյանի մի մասնիկը միշտ էլ տանն է՝ Հայաստանում
- Հենրիխը շատ հանգիստ բնավորության տեր մարդ է, կրթված է, հավասարակշռված, շատ ընկերասեր, մարդամոտ, ուրախ և հետաքրքիր։ Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել։ Փոքր տարիքում Հենոն շատ աշխատասեր էր և սովորելու մեծ ընդունակություն ուներ։ Կարելի է ասել՝ խաղադաշտում շատ էմոցիոնալ է, իսկ խաղադաշտից դուրս շատ հանգիստ ու հասարակ։ Նրա բնավորության գծերից մեկն այն է, որ ունի հաղթողի բնավորություն ու ամեն օր, ամեն ժամ սիրում է կատարելագործվել։ Հենրիխը միշտ ձգտում է խաղալ լավ ակումբներում և հույս ունեմ, որ օրերից մի օր նրան կտեսնենք ավելի լավ առաջնությունում, ինչպիսիք են Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները։ Իսկ Գերմանիայում նա միայն առաջընթաց է ապրում։ Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին։ Նա բոլոր խաղերում 100% նվիրվածությամբ է խաղացել։
- Հենրիխ Մխիթարյանը առաջնորդ է, և թիմում ոչ միայն առաջատար խաղացող է, այլ նաև՝ կոլեկտիվի հոգին։
- Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», եւ ազգային հավաքականին։ Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի։ Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը եւ աչքի է ընկնում գոլային հոտառությամբ։ Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է։ 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է։ Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում։ Այնքան լավ է, երբ նա գնդակով է[10]։
- Հենրիխը «Բորուսիայում» է եղել երեք տարի։ Եթե անկեղծ լինենք, մեկնարկային երկու մրցաշրջանները նրա համար հեշտ չէին։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ում վստահություն է հարկավոր սեփական ուժերի հանդեպ։ Նրան անհրաժեշտ է անընդհատ խաղալ, ինքնահաստատվել ու ավելի լավը դառնալ։ «Բորուսիան» այն ժամանակ լավ չէր խաղում, ու հարմարվելը Հենրիխի համար հեշտ չէր։ Մխիթարյանը որոշակի խնդիրներ ուներ։ Սակայն նախորդ մրցաշրջանում նա անհավանական խաղ ցուցադրեց։ Հնարավոր է՝ նա նախորդ 2015-2016 մրցաշրջանում «Բորուսիայի» ամենակարեւոր խաղացողն էր։ Եթե նա այդկերպ շարունակի, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա։ Նրան մաղթում եմ լավագույնը[11]։
- Հենրիխը խելացի որոշում էր կայացրել «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելիս, իսկ հետո Դորտմունդից՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա մի որակ ունի, որը չեմ տեսել ոչ մի այլ ֆուտբոլիստի մոտ։ Նա կարողանում է արագացում կատարել արագացումից հետո։ Երբ նա սկսում է վարել գնդակը, արագանում է, սակայն, երբ ինչ-որ մեկը փորձում է խլել այն, նա կարողանում է երկրորդ անգամ արագանալ։ Այդ հատկանիշը Մխիթարյանին յուրահատուկ է դարձնում։ Այդ տաղանդի շնորհիվ նրա դեմ շատ բարդ է պաշտպանվել, հատկապես՝ հակագրոհների ժամանակ[12]։
Ես և Հենրիխը հանդես ենք եկել Հայաստանի ընտրանու կազմում և ապրել ենք նույն սենյակում։ Շատ մոտ ընկերներ ենք եղել։ Նա շատ կարգապահ և ճիշտ տղա է։ Ժամանակին պառկում էր քնելու և ճիշտ ժամին էր սնվում։ Ժամանակին նա ստանում էր 200 դոլար, իսկ հիմա` միլիոն եվրո։ Մխիթարյանը կատարյալ է թե' ուսման, թե' ընկերության և թե' ֆուտբոլի մեջ։ Նրա մասին անչափ դժվար է մի պատմություն հիշել։ Նա չէր զբոսնում։ Պարզապես մարզումից գնում էր տուն։ Կարող էր երեկոյան ընկերների հետ դուրս գալ, սակայն այդ «երեկոն» 17:00-18:00-ն էր։ Հոր մահից հետո նա նպատակ դրեց և ամբողջովին նվիրվեց այդ նպատակին հասնելուն
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր ստորագրեց Դորտմունդի Բորուսիայի հետ (գերմ.)
- ↑ Ալ. Գրիգորյանին, Ռ. Վահանյանին և Հ. Մխիթարյանին հանձնվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ
- ↑ Հենրիխ Մխիթարյան. «Ուրախ եմ խփածս գոլերի ու կատարած գոլային փոխանցումների համար, բայց դա ինձ բավարար չէ
- ↑ Հենրիխ Մխիթարյան. «Ամենակարևորն այն է, որ երեխադ լավ մարդ մեծանա» - See more at: http://www.mediamax.am/am/news/off-the-record/3644/#sthash.IIfIc0KO.dpuf
- ↑ Հենրիխ Մխիթարյան. Չէ´, ես ոչ մի սոցցանցում չկամ
- ↑ [1] New York Times-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին
- ↑ [2] Մոնիկա Մխիթարյան. Հենրիխին երբեմն անվանում եմ վարձու մարդասպան
- ↑ Մեր Հենոն 27 տարեկան է
- ↑ Հայաստանի ամենատաղանդավոր և վառ ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, այսօր դառնում է 27 տարեկան
- ↑ Ժոզե Մոուրինյո. Ուրախ եմ, որ Մխիթարյանն ընտրեց Մանչեսթեր Յունայթեդը
- ↑ Գյունդողան. Մխիթարյանը մեծ ազդեցություն կունենա Մանչեսթեր Յունայթեդի խաղի վրա
- ↑ Վերհեյեն. Մխիթարյանը մի որակ ունի, որը երբեք չեմ տեսել այլ ֆուտբոլիստի մոտ