Խոստովանանք կամ հարյուր նամակ Ստելլային

Վիքիքաղվածք-ից

«Խոստովանանք կամ հարյուր նամակ Ստելլային», Վազգեն Մնացականյանի գիրքը, որը նամակների կամ օրագրերի հավաքածու է և չորս տարի շարունակ գրվել է զինվորի կողմից պաշարված Լենինգրադում գտնվող իր երեքամյա դստերը` Ստելլային։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես արդեն զգում եմ, որ քանի մոտենում եմ խրամատներին, այնքան ավելի դաժան եմ դառնում։ Աստված իմ, ինչքան բարի ու անքեն եմ եղել, որ ցասումս այսքան ուշ է հասունանում։ Նաև այն իմացի'ր, որ ինչքան մոտենում է կռվի ժամը, այնքան ուժեղանում է իմ սարսափը։ Այո', այո', հենց սարսափը։ Սակայն ոչ թե զոհվելու, այլ թշնամու ջախջախումը չտեսած` աշխարհից հեռանալու։
  • Մեռնելն ի՞նչ, ամեն տեղ, ամեն ժամանակ, ամեն առիթով էլ կարելի է մեռնել, նույնիսկ հարսանիքի ժամանակ, բայց հիմա իսկական կյանքը թշնամու մահը տեսնելն է, «ով թրով գա, թրից էլ կզոհվի»...
  • Երբ սկսեցին ռումբեր պայթել Լենինգրադում, և սովը հասավ նաև տանիքներին ու գմբեթներին, աղավնիները կամաց-կամաց անհետացան։ Ու շատերը կարծեցին, թե նրանք նույնպես էվակուացվել են... Պաշարված աղավնիներ։ Տանիքների ու գմբեթների տակ մահ ընդունած անմեղներ։ Երբ պատերազմն ավարտվի, նաև լենինգրադյան աղավնուն են հուշարձան կանգնեցնելու. նա արժանի է այդ հավերժացմանը։
  • Ստելլա', արդեն մոտիկ իմ բալի'կ, վաղը Լենինգրադ ենք մտնելու, որ խենթանանք ուրախությունից։ Ախ, դու չգիտես, թե որքան խնդություններ ենք պահ տվել մեր չթափված արցունքներին, որ մի գեղեցիկ օր գարնան երկնքի նման անձրևենք, ու նորից մեր հոգու վրա փռվի երբեմնի կապույտ պարզությունը։ Քիչ առաջ էլ ես մի պարկ նամակներ պահ տվի կեչու բարձր ճյուղին։ Հարձակման ժամանակ ինչ անհրաժեշտ չէ, ծանրանում է ուսերիդ և դանդաղեցնում քայլերդ։
  • Հիշի'ր։
Ով թրով է եկել մեր հողը, թրից էլ զոհվելու է։ Իսկ հայկական առածն էլ ասում է. «Այն աքաղաղը, որ սովոր է մշտապես ծուղրուղու կանչել ուրիշի բակում, այն էլ միայն գիշերը, զրկվելու է գլխից»։
  • Կրծքաբաց է մահ ընդունում միայն նա, ում մեջ մարդկային սիրտ կա։ Իսկ ֆաշիստի համար ամեն ինչ հող է ու տարածություն։
  • Սենյակի մեջտեղում հսկայական մի ճամպրուկ էր` խնամքով կապկաված։ Բացում եմ, մեջը կանացի զգեստներ են, մուշտակ ու կոշիկ ու քո Նատաշան հիշեցնող մի տիկնիկ։ Նրա ճերմակ-ճերմակ օձիքի վրա արյան հետքեր կային։ Երևի երեխան ամուր գրկել էր, չէր ցանկացել հեշտությամբ ֆաշիստին զիջել իր մանկությունը։ Երբ դու հասակ առնես, երևի մեկ անգամ չէ, որ պիտի տեսնես երեխան ամուր գրկած մորը և կարդաս նրա ահեղ կոչը. «Պաշտպանի'ր»։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վազգեն Մնացականյան, Խոստովանանք կամ հարյուր նամակ Ստելլային, Երևան, 1985 թ.